Սերբիա և Չեռնոգորիա (սերբախորվաթերեն՝ Србија и Црна Гора, СЦГ), պաշտոնապես՝ Սերբիա և Չեռնոգորիայի պետական միություն[1] (Државна Заједница Србија и Црна Гора), նախկին պետություն Հարավարևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզու կենտրոնական հատվածում՝ ստեղծված Հարավսլավիայի բաժանումից մնացած 2 պետություններից։ 1992 թվականին Սերբիան և Չեռնոգորիան միասին հիմնեցին Հարավսլավիայի Միութենական Հանրապետությունը (ՀՄՀ կամ Հարավսլավիայի ՄՀ, Савезна Република Југославија): Միությունն այսպես կոչվեց մինչև 2003 թվականը, երբ այն վերանվանվեց Սերբիա և Չեռնոգորիայի պետական միություն։

Սերբիա և Չեռնոգորիայի պետական միություն
Државна Заједница Србија и Црна Гора
 Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն 1992 - 2006 Չեռնոգորիա 
Սերբիա 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բելգրադ
Լեզու Սերբախորվաթերեն
(1992–1997)
Սերբերեն (1997–2006)
Հիմն Հեյ, սլավոններ
Хеј, Словени
Իշխանություն
Պետական կարգ Համադաշնություն (2003–2006)
Դաշնային հանրապետություն (1992–2003)
Պատմություն
- Սահմանադրություն ապրիլի 27, 1992
- Հաստատում ապրիլի 28, 1992
- ՄԱԿ-ի անդամակցություն նոյեմբերի 1, 2000
- Պետական միություն փետրվարի 4, 2003
- Լուծարում հունիսի 3, 2006

ՀՖՀ-ն ձգտում էր ճանաչվել Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության միակ իրավահաջորդ, բայց այս պնդումները մերժվեցին մնացած նախկին պետությունների կողմից։ ՄԱԿ-ը նույնպես մերժեց նրանց դիմումը շարունակել նախկին պետության անդամակցությունը։ Ի վերջո, 2000 թվականին, երբ Սլոբոդան Միլոշևիչը հրաժարական տվեց դաշնային միության նախագահի պաշտոնից, երկիրը չեղյալ հայտարարեց նախկին դիմումները և ընդունեց ընդհանուր իրավահաջորդության մասին կարծիքը։ Ապա՝ հոկտեմբերի 27-ին այն նորից դիմեց ՄԱԿ-ի անդամակցության համար, և վերջինս ընդունվեց նոյեմբերի 1-ին։

ՀՖՀ-ն սկզբից կառավարվում էր Սլոբոդան Միլոշևիչի կողմից՝ սկզբից որպես Սերբիայի նախագահ (1989-1997), ապա որպես Հարավսլավիայի նախագահ (1997-2000)։ Միլոշեվիչը ներդրեց և պարտադրեց մի քանի ֆեդերատիվ նախագահների ու վարչապետների հեռացումը։ Այնուամենայնիվ, Չեռնոգորիայի կառավարությունը, որը ի սկզբանե Միլոշեվիչի եռանդուն կողմնակիցներից էր, սկսեց աստիճանաբար հեռվանալ նրա քաղաքականությունից։ Սա իր գագաթնակետին հասավ 1996 թվականի իշխանափոխության ժամանակ, երբ իր նախկին դաշնակից Միլո Ջուկանովիչը փոխեց իր վարած քաղաքականությունը, դարձավ Չեռնոգորիայի իշխող կուսակցության առաջնորդ և հետագայում նաև հեռացրեց Չեռնոգորիայի նախկին առաջնորդ Մոմիր Բուլատովիչին, ով հավատարիմ էր մնացել Միլոշեվիչի կառավարությանը։ Բուլատովիչին այդ ժամանակ Բելգրադում կենտրոնական դիրքեր տրվեցին, իսկ Ջուկանովիչը շարունակեց կառավարել Չեռնոգորիան՝ ավելի մեկուսացնելով այն Սերբիայից։ Այսպես 1996-ից 2006 թվականներին Սերբիան և Չեռնոգորիան միայն անվանապես էին 1 երկիր, իսկ կառավարումը բոլոր մակարդակներում յուրաքանչյուր երկիրն իրականացնում էր առանձին՝ մյուսից անկախ։

Փխրուն միությունը՝ Սերբիա և Չեռնոգորիան միավորված էր միայն որոշ բնագավառներում, ինչպիսին էր օրինակ՝ պաշտպանությունը։ Դաշնային հանրապետության օրոք երկու երկրները առանձին էին գործում՝ իրագործելով տարբեր տնտեսական քաղաքականություններ։ Անգամ ազգային արժույթը տարբեր էր (եվրոն միակ օրինական վճարելու միջոցն էր Չեռնոգորիայում)։ 2006 թվականի մայիսի 21-ին անցկացվեց Չեռնոգորիայի անկախության մասին հանրաքվե, որում ընտրողների 55.5%-ը քվեարկեց Չեռնոգորիայի անկախության համար։ Պետական միությունը լուծարվեց, երբ 2006 թվականի հունիսի 3-ին Չեռնոգորիան ֆորմալ հայտարարություն արեց իր անկախության համար, իսկ հունիսի 5-ին Սերբիան իր հերթին հայտարարեց իր անկախության մասին։ Լուծարումից հետո Սերբիան դարձավ միության իրավահաջորդը, իսկ Չեռնոգորիան նորից դիմեց միջազգային կազմակերպություններ անդամակցության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BBC NEWS | Europe | Belgrade flag flap reveals identity crisis». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել