Օջախ
Ակութ, օջախ (ուզբ.՝ o'choq, ղրղզ.՝ очок, ղազ.՝ ошақ, ռուս.՝ очаг, անգլ.՝ hearth), պատմական և ժամանակակից գործածությամբ՝ աղյուսաշեն կամ քարաշեն կրակատեղի՝ վառարանով, կամ առանց դրա, որն օգտագործվել է տունը տաքացնելու կամ կերակուր պատրաստելու նպատակով։ Դարեր շարունակ օջախը հանդիսացել է տան անբաժանելի հատվածը՝ համարվելով դրա կենտրոնական և ամենակարևոր տեղը և ըստ այդմ, «օջախ» եզրը ընդհանրապես առնչվել է «տուն» հասկացության հետ, ինչպես օրինակ «օջախի ծուխը ծխալ», «օջախի կրակը վառ պահել» դարձվածքներում կամ «օջախդ շեն մնա» օրհնանքում։ Միջնադարյան տների նախագծերում օջախին հատկացվում էր սրահի կենտրոնական մասը՝ որտեղից ծուխը վեր բարձրանալով, դուրս էր գալիս երդիկից (տանիքի վրա բացված ծխատար անցք)։ Հետագայում օջախը տեղափոխեցին սենյակի մի անկյունը, իսկ երդիկը փոխարինվեց ծխնելույզով։ Բուխարու հետ համատեղելիս, օջախը բուխարու կենտրոնական մասն է, որտեղ վառվում է կրակը, սովորաբար հատակի բարձրությամբ կամ քիչ բարձր՝ բուխարու երեսպատված մասի ներքևում։
Հնագիտական առանձնահատկություններ
խմբագրելՕջախ (կրակ) բառը առաջացել է հնդեվրոպական *ker- արմատից, որը նշանակում է այրում, ջերմություն, կրակ (նույն արմատից է ծագել նաև կարբոն՝ բնածուխ, ածխածին բառը)[1]։ Հին ժամանակներում օջախ կառուցում էին գետնի մեջ փորված փոսերում կամ փոքր բուխարիանման անկյուններում։ Օջախները բնորոշ են շատ դարաշրջանների, սկսած նախապատմական ժամանակաշրջանից, երբ օջախներ են հայտնաբերվել հնագույն ճամբարատեղիներում, որտեղ դրանք ակոսված են եղել զանազան նյութերից, ինչպես օրինակ քարից։ Օջախներն օգտագործվել են եփելու, տաքանալու, քար կամ փայտանյութ մշակելու, կենդանիներ կամ բույսեր խորովելու նպատակով։ Երբեմն, հատկապես քարանձավային բնակավայրերում, օջախներն այնքան ձևափոխված և ցրված են, որ դժվար է դրանք զանազանել առանց հնագիտական մանրազնին ուսումնասիրության։ Ակոսված օջախները հեշտ է տարբերել այնտեղ առկա թրծված ապարներից, որոնք առաջանում են, երբ օջախի ներսի կրակը քիմիապես ազդում է ապարի վրա՝ դրա վրա առաջացնելով ճաքեր։ Հնագույն օջախների շուրջբոլորը հայտնաբերվել են ձկան և կենդանիների մասնատված ոսկորներ, կենդանիների ածխացած խեցիներ, փայտածուխ, մոխիր և այլ թափոններ՝ ամբողջովին թաղված հողի շերտի տակ, որը կուտակվել է դարերի ընթացքում։ Առանց ակոսների օջախները, որոնց բացահայտելը շատ ավելի դժվար է, նույնպես պարունակում են վերը թվարկված նյութերը։ Այդ նյութերի մեծամասնության օրգանական բաղադրության ռադիոածխածնային վերլուծության գործընթացի շնորհիվ, կարելի է հստակ մատնանշել այն ամսաթիվը, երբ օջախը օգտագործվել է վերջին անգամ։ Այդ վերլուծությունը, չնայած օջախում այրված հին փայտի կամ ածխի պատճառով կարող է ունենալ որոշակի սխալներ, դարձյալ բավականին հավաստի է։ Օջախի գործածությունը հնագույն ժամանակներում ոչ միայն օգնել է սնունդ պատրաստել, այլև տաքացնել կացարանների ներսը՝ տարվա ցուրտ եղանակներին։
Օջախի հարկ
խմբագրելԲյուզանդական կայսրությունում օջախի դիմաց հարկվող տուրքերը հայտնի էին կապնիկոն անունով և դրանք առաջին անգամ որոշակիորեն հիշատակվել են Նիկիֆորոս I-ի տիրապետության տարիներին (802-811 թվականներ), թեպետ գրագրության տեքստերից պարզ է, որ այդ տուրքերը ավելի վաղուցվանից են սահմանված եղել։ Կապնիկոնը հարկվում էր բոլոր տնային տնտեսություններից, առանց բացառելու աղքատներին[2]։ Անգլիայում օջախի դիմաց հարկվող տուրքերը սահմանվել են 1662 թվականի մայիսի 19-ին։ Տնային տնտեսությունների տերերը տարեկան յուրաքանչյուր օջախի դիմաց վճարում էին երկու շիլինգ, կեսը՝ Ս. Միքայելի տոնին, կեսը՝ Ս. Տիրամոր։ Հարկային արտոնություններից օգտվում էին այն չունևորները, որոնք ընդգրկվել էին 1662 թվականի անգլիական պառլամենտի սահմանած ցանկում, այսինքն որոնց տունը գնահատվում էր 20 շիլինգից պակաս, կամ որոնք հնարավորություն չունեին վճարելու եկեղեցական կամ այլ բնույթի հարկեր։ Այդ արտոնությունները տարածվում էին նաև դպրոցների, բարեգործական հաստատությունների, ինչպես օրինակ՝ անկելանոցների և արդյունաբերական օջախների վրա՝ բացառությամբ դարբինների հնոցների և հացթուխների փռերի[3]։ 1664 թվականին օրենքը վերանայվեց, որի արդյունքում բոլոր նրանք,ովքեր ունեին երկուսից ավելի ծխնելույզ, ստիպված էին վճարել օջախի հարկ։ 1689 թվականին Վիլհելմ III Օրանացին վերացրեց հարկը, իսկ օջախի հարկի վերջին հավաքագրումը գրանցվեց այդ տարի։ Շոտլանդիայում հարկը վերացվեց 1690 թվականին[3]։ Օջախի հարկի մասին գրառումները կարևոր են այն անգլիացի պատմաբանների համար, ովքեր զբաղվում են այդ ժամանակների գրանցված տների չափերի ուսումնասիրությամբ։ Օջախների չափերը հիմնականում համեմատական էին տան չափերին։ Գնահատումները կարող են օգտագործվել որոշելու համար տարբեր չափերի տները և դրանց գտնվելու վայրերը։ Սակայն ոչ բոլոր սենյակներն ունեին օջախ և նույն չափերի ոչ բոլոր տներն ունեին ճիշտ նույն թվով օջախներ, այնպես որ դրանք չէին կարող ցույց տալ տան իրական չափերը։ Օջախի հարկի մասին ամենաշատ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը վերաբերվում են 1662-1666 և 1669-1674 թվականներին։
Կրոն
խմբագրելՀունական դիցաբանության մեջ օջախի աստվածուհին էր Հեստիան, մինչդեռ հռոմեական դիցարանում միևնույն դերը կատարում էր Վեստա դիցուհին[4]։ Հնագույն Պարսկաստանում, համաձայն զրադաշտական ավանդույթների, յուրաքանչյուր տուն պետք է օջախ ունենար՝ զոհաբերությունների և երկրպագության համար[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Online Etymology Dictionary
- ↑ Haldon, John F. (1997). Byzantium in the Seventh Century: the Transformation of a Culture. Cambridge University Press.
- ↑ 3,0 3,1 Gibson, Jeremy (1990). The Hearth Tax, other later Stuart Tax Lists, and the Association Oath Rolls. Federation of Family History Societies.
- ↑ Hansen, William F.. Handbook of classical mythology. Santa Barbara, Calif.: ABC-CLIO, 2004. 202. 1576072266
- ↑ Boyce, Mary. A history of Zoroastrianism. 2nd impression with corrections. ed. Leiden: E.J. Brill, 1989. 154. 9004088474