Բոլոնիայի համալսարան (իտալ.՝ Università di Bologna, UNIBO), Եվրոպայի անընդհատ գործող ամենահին համալսարան[9][10][11][12]։ Գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում[13]։ Արաբական աշխարհում մրցակիցն է Ֆես քաղաքում գտնվող Ալ-Կարաուին համալսարանը, որն առանց ընդհատումների գործող ամենահին համալսարանն է աշխարհում։ Բայց ի տարբերություն եվրոպականի՝ արաբական հոգևոր դպրոցները (մեդրեսե) հաստատության կողմից ավարտական վկայականներ չեն տվել։ Բոլոնիայի համալսարանը մտնում է Ուտրեխտի և Europaem համալսարանական միությունների մեջ։

Բոլոնիայի համալսարան
իտալ.՝ Università di Bologna, UNIBO
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
ԿարգախոսAlma Mater Studiorum
Հիմնադրված է1088
ՆախագահԻվանո Դիոնիջի
ՌեկտորGiovanni Molari?[1]
Ընդհանուր անձնակազմ7688 մարդ (2018)[2]
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, ORCID[3][4], Եվրոպաեում, Եվրոպայի համալսարանների միություն[5], Guild of European Research-Intensive Universities?[6], Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?, Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7], European Open Science Cloud Association?[8] և ELIXIR Italy?
ԿամպուսԲոլոնիա, Ֆորլի, Չեզենա, Ռավեննա, Ռիմինի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԲոլոնիա
Կայքunibo.it/en/homepage
Իտալիա Իտալիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Իտալիա Իտալիա|տեղորոշման քարտեզներ]].
 University of Bologna Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Իրավական դպրոցի հիմնադրում

խմբագրել

Բոլոնիայում, ինչպես նաև իտալական խոշոր այլ կենտրոններում, հնուց ուսանել են հռոմեական իրավունք և կիրառել այն կյանքում։ Համալսարանի հիմնադրման ճիշտ տարեթիվը հայտնի չէ, բայց, անկասկած, Բոլոնիայում գործել է ազատ արվեստների դպրոց, որը հայտնի է եղել 10-11-րդ դարերում, և որտեղ աշակերտները սովորել են հռետորություն և հռոմեական իրավունք։

Հիմնավոր կրթությունը սկզբնավորել է Իրներիոսը 11-րդ դարի վերջին։ Նա դասավանդել է ազատ արվեստների դպրոցում. ինքնուս յուրացնելով Հուստինիանոսի իրավունքի դրույթները՝ ձեռք է բերում իրավագետի հռչակ։ Տոսկանայի և Լոմբարդիայի կոմսուհի Մաթիլդայի խնդրանքով՝ Իրներիոսը բացում է իրավաբանական հատուկ դպրոց։ Միանգամայն հնարավոր է, որ կոմսուհին, լինելով Հռոմի պապի կողմնակից, դեմ էր դատերին Ռավեննայից իրավաբաններ կանչելուն, քանի որ նրանք սովորաբար թշնամաբար էին տրամադրված լինում Պապի հանդեպ։

Իրներիոսը հրապարակային դասախոսություններ է սկսում 1088 թվականին, որն էլ համարվում է համալսարանի հիմնադրման տարեթիվը[9]։ Ինքն էլ ղեկավարում է ամբիոնը մինչև իր մահը։

Ճանաչման սկիզբ

խմբագրել
 
Բոլոնիայի՝ ազգությամբ գերմանացի ուսանողներ, մանրանկար, 15-րդ դար

Իրներիոսը շատ աշակերտներ է ունեցել, որոնցից առավել հայտնի էին իրավունքի չորս դոկտորները՝ Մարտին Բուլգարը, Գոզիան, Գուգ և Ժակ դե լա Պորտե Ռեվենանտեները։ 12-րդ դարում Բոլոնիայի՝ իրավունքի դպրոցը առավել հայտնի էր Ռավեննայի դպրոցից։ Նույն դարի վերջին Բոլոնիայի՝ իրավունքի պրոֆեսորները ավելի հայտնի էին այլ ոլորտների գիտնականներից և եվրոպական ճանաչում էին ձեռք բերել։ Դրա համար երկու նախադրյալ կար. դասավանդման մեթոդները գիտական էին, և Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Առաջինը, որ նաև Լոմբարդիայի թագավորն էր, հետաքրքրված էր հռոմեական իրավունքով և հովանավորում էր դրա ուսուցումը։ 1158 թվականի Սեյմից հետո, որին ներկա էին Բոլոնիայի պրոֆեսորները, և որում կարգավորվեցին կայսրի և իտալական քաղաքների իրավական հարաբերությունները, Ֆրիդրիխը պարտավորվեց Բոլոնիայում հռոմեական իրավունք սովորող բոլոր ուսանողներին առավելություններ տալ։ Նախ ուսանողները իր ենթակայության տարբեր երկրներ ազատ ճանապարհորդելու իրավունք ստացան, ապա քաղաքի դատերը հանձնվեցին բացառապես պրոֆեսորներին և եպիսկոպոսներին[14]։

Օտարերկրացի ուսանողներին քաղաքը գրավեց նաև իր հրաշալի կլիմայով և զարգացվածությամբ։ Սովորելու էին գալիս ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակ, ընտանիք ունեցող մարդիկ, որոնց թվում Կոպեռնիկոսը, Ուլրիխ ֆոն Գուտենը։ Այն ժամանակների համար զարմանալի էր, որ համալսարան հնարավոր չէր ընդունվել միայն հասարակական դիրքի շնորհիվ (գիտելիք էր պահանջվում և արհեստավորի որդուց, և թագավորի),և որ համալսարանում կարող էին սովորել և դասավանդել նաև կանայք։

Համալսարանի առանձնահատկություններ

խմբագրել

Բոլոնիայի համալսարանը, որը Եվրոպայի հնագույն՝ Փարիզի համալսարանի հետ հիմնադրվել է նույն ժամանակաշրջանում, հենց հիմնադրման ժամանակից ունեցել է երկու առանձնահատկություն։ Առաջին հերթին այն դասախոսների միություն չէր (universitas magistrorum), ուր նրանց իշխանությանը աներկբայորեն պիտի ենթարկվեին ուսանողները, այլ ուսանողների միություն էր (universitas scholarium), որն ընտրում էր ղեկավարություն, որին կենթարկվեին դասախոսները։ Համալսարանի ուսանողները բաժանվում էին երկու մասի, որից յուրաքանչյուրը ընտրում էր ռեկտորին և խորհուրդը, որոնց հետ էլ իրականացնում էր համալսարանի կառավարումը։ Պրոֆեսորները (doctores legentes) ընտրվում էին ուսանողների կողմից որոշակի ժամկետով, պայմանի համաձայն ստանում էին հոնորարներ և պարտավորվում չդասավանդել մեկ այլ տեղ։ Այդպիսով նրանք հեղինակություն կարող էին ձեռք բերել միայն իրենց մանկավարժական տաղանդի և անձնական բարձր հատկանիշների շնորհիվ։

Բոլոնիայի համալսարանի երկրորդ առանձնահատկությունն այն էր, որ այն իրավաբանական էր և հակադրվում էր Փարիզի համալսարանին, որը աստվածաբանական էր։ Հռոմեական իրավունքը համալսարանում դասավանդվող գլխավոր առարկան էր[15]։ Չնայած դասավանդվում էին նաև բժշկություն և ազատ արվեստներ, միևնույն է, ուսանողները իրենց համարում էին իրավաբանական համալսարանի ուսանողներ՝ իրավաբաններ։ Միայն 14-րդ դարում ձևավորվեցին ևս երկու համալսարաններ՝ 1. բժշկության և փիլիսոփայության, 2. աստվածաբանության։ Իրավաբանական ուղղվածություն ունենալու դրական հետևանքն էր և այն, որ Բոլոնիայի համալսարանը, ի տարբերություն Փարիզի համալսարանի, չէր ենթարկվում Հռոմի պապին։ Այնուամենայնիվ, 13-րդ դարից սկսած՝ պապերը, որոնք սատարում էին համալսարանը քաղաքային իշխանությունների հետ ունեցած տարաձայնություններում, համալսարանում ձեռք բերեցին բարոյական իշխանություն և հասան այն բանին, որ Բոլոնիայի արքեպիսկոպոսը հսկում էր քննությունները և վկայականների հանձնումը՝ դրանց վավերականությանը հավաստիանալու պատրվակով։

 
Բոլոնիայի համալսարանի անատոմիական թատրոնը

Ծաղկման շրջան

խմբագրել

Բոլոնիայի համալսարանի ծաղկման շրջանը 12-րդ դարի սկզբից 13-րդ դարի երկրորդ կեսն է եղել։ Այսշրջանում լայն տարածում է ստացել ուսուցման նոր մեթոդը, որը կիրառվել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դասախոսություններում։ Այս շրջանի ամենանշանավոր դասախոսներից են եղել Պլացենտինը, Բուրգունդիոն, Ռոժերը, Ժան Բասիենը, Պիլիուսը, Ազոն։ Այս շրջանում բացի իրավագիտությունից զարգանում են այլ գիտություններ ևս՝ փիլիսոփայություն, լատիներեն, հունական գրականություն, բժշկություն։ Հունարենի ուսումնասիրումը այստեղ ավելի վաղ է դրսևորվել, քան իտալական այլ համալսարաններում և 15-րդ դարից ամրապնդվել է Բոլոնիայում, որը կարող էր հպարտանալ այն հանգամանքով, որ այստեղ ապրել է փիլիսոփա Էրազմ Ռոտերդամցին։

Մեծ զարգացում է ապրել բժշկությունը՝ շնորհիվ Լուցիի ներմուծած մեթոդի՝ մարդակազմություն ուսումնասիրել մարդու մարմնի և կենդանիների դիակների միջոցով։ Հատկապես աչքի են ընկել կին դասախոսները՝ Դորոթեա Բուկան, Լաուրա Բասին, Գաետանա Անեզին, Աննա Մոանդին, Մարիա Դոնեն։

Փառքի անկման շրջան

խմբագրել

Հոգևոր և բարոյական հեղինակությունը, որ վայելում էին համալսարանի պրոֆեսորները, ազդում էր ոչ միայն հաջողությունների, այլև քաղաքում և համալսարանում ունեցած իրենց դիրքի վրա։ Նրանք ազատված էին հարկերից, զինվորական ծառայությունից. նույնիսկ քաղաքում ծնված չլինելու դեպքում օգտվում էին քաղաքացիների բոլոր իրավունքներից։ Նրանցից շատերը գործուն մասնակցություն էին ունենում հասարակական կյանքում։ Բոլոնիան հաճախ մոռանում էր, որ իր փայլով պարտական է համալսարանին, և երբեմն վեճեր էր ունենում նրա հետ։ Իտալիան երկու թշնամական բանակի բաժանած ուժերը ազդեցին նաև Բոլոնիայի վրա։ Չնայած այս հանգամանքներին՝ համալսարանը ծաղկում էր մինչև 13-րդ դարի երկրորդ կեսը՝ հասնելով իր զարգացման գագաթնակետին։ Հենց այս շրջանից էլ սկսվում են փոփոխություններ կառավարման համակարգում։ Հռոմեական իրավունքը օգտագործելու փոխարեն՝ ժամանակի պրոֆեսորները ավելի շատ կենտրոնանում էին իրենց նախորդների գործերը մեկնաբանելուն։

Վիճակի վատթարացմանն ազդեցին այլ հանգամանքներ ևս։ Դեր ունենալով հասարակական կյանքում՝ պրոֆեսորները ակամա ազդում էին քաղաքական, կուսակցական կյանքին՝ կորցնելով իրենց ունեցած բարոյական հեղինակությունը։ 13-րդ դարի վերջին քաղաքը հիմնեց հրապարակային դասախոսության ամբիոն. շուտով պրոֆեսորները ուսանողներից ստացած հոնորարների փոխարեն կախվածություն ունեցան քաղաքային իշխանություններից։ Իսկ հաջորդ դարում արդեն ընդունվեց նոր մեթոդ, որը մահացու դարձավ Բոլոնիայի դպրոցի համար. քաղաքը ղեկավարող կուսակցությունը օրենք հռչակեց, որի համաձայն համալսարանում կարող էին սովորել միայն Բոլոնիայի քաղաքացիները՝ այն էլ հասարակական բարձր դիրք ունեցող։ Շուտով համալսարանը զիջեց իր դիրքերը իտալական այլ համալսարանների դիրքերին։

Համալսարանի ազդեցությունը

խմբագրել
 
Հրապարակ Բոլոնիայի հին քաղաքի կենտրոնում

Իր գոյության ընթացքում Բոլոնիայի դպրոցը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն Իտալիայում, այլև ողջ Եվրոպայում։ Ընդունված կարծիքի համաձայն՝ միայն այստեղ կարեի էր խորապես ուսումնասիրել հռոմեական իրավունքը։ Ահա ինչու էր այստեղ ձգտում Եվրոպայի առաջադեմ երիտասարդությունը. շատերը, ավարտելով ուսումը, իրենց հայրենիքներում տարածում էին դասախոսների ուսմունքն ու մեթոդները։

12-րդ դարի վերջից Բոլոնիայի դասախոսների և նրանց սաների շնորհիվ արևմուտքում լայն տարածում է գտնում հռոմեական իրավունքի գաղափարախոսությունը, որը, շատերի կարծիքով, պետք է դառնար համընդհանուր իրավունք (ratio scripta)։ Այդ ժամանակ Եվրոպայում քարոզվում էր կանոնիկ իրավունքը, որի հիմքը դրվել էր Բոլոնիայի համալսարանում։

Այժմյան համալսարանը, որը 1859 թվականին ազատվեց Հռոմի պապի ազդեցությունից, շատ քիչ է հիշեցնում նախկին համալսարանը։ 19-րդ դարի վերջին այն ուներ 4 ֆակուլտետ և մի շարք այլ ինստիտուտներ։ Ռեկտոր նշանակվում է պրոֆեսորներից, որոնց թիվը 1888 թվականին 200 էր։ 2010 թվականի դրությամբ համալսարանը 176-րդ հորիզոնականում էր ամբողջ աշխարհում[16]։ Իտալիայում համալսարանը վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականն է զբաղեցնում[17]։

Համալսարանն այսօր ունի 85.500 ուսանող իր 11 դպրոցներում[18]։ Ունի մասնաճյուղեր Ռավեննայում, Ֆորլիում, Չեզենայում, Ռիմինիում, Բուենոս Այրեսում[19]։ Համալսարանի հարուստ գրադարանը ունի շուրջ 200.000 հատոր գիրք։ Համալսարանը բաղկացած է 33 մասնաշենքերից[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.unibo.it/sitoweb/giovanni.molari/cv-en
  2. http://ustat.miur.it/dati/didattica/italia/atenei-statali/bologna
  3. https://orcid.org/members/001G000001qivlwIAA-universita-degli-studi-di-bologna-alma-mater-studiorum
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://eua.eu/about/member-directory.html
  6. https://www.the-guild.eu/members/
  7. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  8. https://eosc.eu/members/
  9. 9,0 9,1 Nove secoli di storia - Բոլոնիայի համալսարան
  10. Top Universities Արխիվացված 2008-01-15 Wayback Machine World University Rankings Retrieved 2010-1-6
  11. Our History - Università di Bologna
  12. Paul L. Gaston (2010). [https://books.google.am/books?id=wyjnHZ1IIlgC&pg=PA18&dq=the+oldest+university+in+the+world+Bologna&hl=en&ei=lFy-TtitBY3RrQflnNnjAQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=3&ved=0CDsQ6AEwAg#v=onepage&q=the%20oldest%20university%20in%20the%20world%20Bologna&f=false The Challenge of Bologna]. էջեր 18. ISBN 1-57922-366-4. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  13. Նուրիա Սանզ Սյուր Բերգման։ «Եվրոպական համալսարանների ժառանգություն», 2nd edition, Higher Education Series No. 7, Council of Europe, 2006, ISBN, p.136
  14. A University Built by the Invisible Hand, by Roderick T. Long. This article was published in the Spring 1994 issue of Formulations, by the Free Nation Foundation
  15. See Corpus Juris Civilis#Recovery in the West|Corpus Juris Civilis: Recovery in the West
  16. «QS World University Rankings 2010 Results».
  17. Alma Mater superstar: stacca le concorrenti tra le mega università, by Ilaria Venturi.
  18. «Դպրոցներ». Բոլոնիայի համալսարան. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  19. «Մասնաճյուղեր և կառուցվածք». University of Bologna. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  20. List of the Departments of the University of Bologna

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոնիայի համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 511