Խորհրդային գրականություն (ամսագիր)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Խորհրդային գրականություն, գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական ամսագիր։ Հայաստանի գրողների միության վարչության օրգան։ Լույս է տեսնում 1934 թվականից, Երևանում։ Մինչև 1940 թվականը՝ «Խորհրդային գրականություն», 1940-1943 թվականներին՝ «Սովետական գրականություն», 1943-1955 թվականներին՝ «Խորհրդային գրականություն և արվեստ»։ «Վերելք» (Երևան) և «Նոր ուղի» (Երևան) գրական հանդեսների օրգանական շարունակությունն է։
Խորհրդային գրականություն | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
ԽմբագիրներԽմբագրել
Ականավոր խմբագիրներից են՝ Հ․ Մկրտչյան, Ն․ Դաբաղյան, Հմայակ Սիրաս, Ռուբեն Զարյան, Էդուարդ Թոփչյան, Հ․ Մելիքյան, Մ․ Սողոմոնյան, Հրաչյա Քոչար, Վազգեն Մնացականյան, Էդվարդ Ջրբաշյան, Ստեփան Կուրտիկյան, Հրաչյա Հովհաննիսյան։
ԳործունեությունԽմբագրել
Ուղեցույց ունենալով ՄՄԿԿ և ՀԿԿ կենտկոմների գրականության հետագա զարգացման և գրական կազմակերպությունների վերակառուցման մասին որոշումները (1932)՝ ամսագիրը գրականության կուսակցականության դիրքերից նպաստել է խմբակայնության ու անցյալի գրական ժառանգության թերագնահատման դրսևորումների վերացմանը, Հայաստանի գրական կազմակերպությունների աշխատանքները ժամանակի ոգով վերակառուցելուն, սովետահայ գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի ուղղության հաստատմանը, հայ ժողովրդի կյանքի վերափոխումները գեղարվեստական պատշաճ մակարդակով ներկայացնելուն։ Ելնելով գեղագիտության մասին մարքս-լենինյան տեսական դրույթներից՝ գրականագիտական, տեսական հոդվածներով բարձրացրել է գրականության, արվեստի ու կյանքի սերտ կապի, նոր ժամանակների մարդու կերպարի բազմակողմանի բացահայտման, գրական ժանրերի բազմազանության ու կատարելագործման հարցերը։ Այս շրջանում ամսագիրը շոշափել է նաև հայ ժողովրդի պատմության և գրականության, գրական լեզվի մաքրության, հին շրջանի գրականության արժեքավորման խնդիրներ, ներկայացրել ռուս և խորհրդային մյուս ժողովուրդների գրականության ընտիր էջերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամսագրում տպագրվող ակնարկների, պատմվածքների, նովելների, չափածո գործերի, հրապարակախոսական հոդվածների հիմնական թեման դարձել են հայրենիքի պաշտպանությունը, թիկունքի հնրոսական աշխատանքը, ԽՍՀՄ, ժողովուրդների անխախտ բարեկամությունն ու եղբայրությունը, հայ ռազմիկների սխրանքը։ 1943-1955 թվականներին «Սովետական գրականություն և արվեստ»-ը լուսաբանել է կերպարվեստի, երաժշտության, թատրոնի, ճարտարապետության հարցերը, կուլտուր-լուսավորական հիմնարկների աշխատանքը։ Հանդիսանալով հանրապետության ամենախոշոր գրական հանդեսը, Սովետական գրականությունը զգալի դեր է կատարում սովետահայ գրականության զարգացման, նրա գաղափարական-գեղարվեստական բարձր մակարդակը ապահովելու գործում։ ժամանակակից արձակին, դրամատուրգիային, պոեզիային, հայ գրաքննադատությանը, գրական լեզվին, երիտասարդական պոեզիային նվիրված բանավեճերը, գրական ընթացիկ խնդիրներին վերաբերող տեսական-քննադատական հոդվածները օգնում են ճիշտ որոշելու գրական ընթացքի հետագա ուղիները, հայ սովետական գրողներին առաջադրում նոր ծրագրեր։ Ամսագրում տպագրվում են վեպեր, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ, պոեմներ, բանաստեղծություններ, պիեսներ, գրախոսություններ, հրապարակախոսական հոդվածներ, հուշագրություններ, հայ դասականների նամակներ ու անտիպ գործեր, արխիվային նյութեր, լուրեր, «Եռաժանի» խորագրով՝ երգիծանք և հումոր։ Զգալի տեղ է հատկացվում սփյուռքահայ գրողների ստեղծագործությանը։ Սովետական գրականությունը կանոնավորապես ներկայացնում է երիտասարդ գրողներին, օգնում նրանց գրական աճին ու հասունացմանը։ Ամսագիրն իր էջերը տրամադրում է նաև եղբայրական ժողովուրդների գրականությանը։
Ամսագրում լույս տեսած հեղինակներԽմբագրել
Տարբեր ժամանակներում լույս են տեսել Ալեքսանդր Պուշկինի, Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Տարաս Շևչենկոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Միխայիլ Շոլոխովի, Իլյա Էրենբուրգի, Ա․ Սաբիրի, Կոնստանտին Գամսախուրդիայի, Ի. Դրիշաշվիլու, Իվան Ֆրանկոյի, Չինգիզ Այթմատովի, Էդուարդաս Մեժելայտիսի, Ռասուլ Համզաթովի և ուրիշների գործերը։ Ընթերցողին են ներկայացվել նաև Ռոմեն Ռոլանի, Լուի Արագոնի, Ն․ Տիքմեթի, Անրի Բարբյուսի և այլոց ստեղծագործությունները։
Ամսագրում լույս տեսած հայ հեղինակներԽմբագրել
Ամսագիրը նշանակալի ավանդ ունի Վիլյամ Սարոյանի երկերը հայերեն ներկայացնելու գործում։ Տարբեր տարիների ամսագրի խմբագրական կազմի աշխատանքներին աջակցել են Ալեքսանդր Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Հրաչյա Քոչարը, Պարույր Սևակը, Վիգեն Խեչումյանը, Հովհաննես Շիրազը, Վախթանգ Անանյանը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ա․ Ինճիկյանը, Սուրեն Աղաբաբյանը, Վ․ Մնացականյանը, Տ․ Թամրազյանը և ուրիշներ։ Ամսագրի էջերում լայն տեղ է հատկացվել պատմահայրենասիրական գործերին («Վարդանանք», «Պապ թագավոր» և այլն)։ Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Մարիետա Շահինյանի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի, Հովհաննես Շիրազի, Հրաչյա Քոչարի և ուրիշների բոցաշունչ խոսքը ոգևորել ու համախմբել է հայ աշխատավորությանը, նրա մեջ ամրապնդել խոր հավատ վերջնական հաղթանակի նկատմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 518)։ |