Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխով (ռուս.՝ Михаил Александрович Шолохов, մայիսի 11 (24), 1905[1], Կրուժիլինսկի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1984(1984-02-21)[1][2][3][…], Վյոշենսկայա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)՝ «Խաղաղ Դոն» վեպի համար։

Միխայիլ Շոլոխով
ռուս.՝ Михаил Шолохов
Ծնվել էմայիսի 11 (24), 1905[1]
ԾննդավայրԿրուժիլինսկի, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 21, 1984(1984-02-21)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՎյոշենսկայա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎյոշենսկայա
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, բանաստեղծ, արձակագիր, լրագրող և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ, պատմվածք և ակնարկ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՄարդու ճակատագիրը, Խաղաղ Դոն և Հերկած խոպան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱմուսինMaria Petrovna Gromoslavskaia?
ԶավակներMikhail Mikhailovich Sholokhov? և Սվետլանա Շոլոխովա
Изображение автографа
Միխայիլ Շոլոխով Վիքիքաղվածքում
 Mikhail Sholokhov Վիքիպահեստում

Ծնվել է գյուղացու ընտանիքում, Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի Կրուժիլին խուտորում։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1922 թ.-ին մեկնել է Մոսկվա, աշխատել որպես բեռնակիր, որմնադիր, հաշվետար։

Նրա առաջին պատմվածքները տպագրվել են մամուլում ու ամփոփվել «Դոնի պատմվածքներ» և «Լազուր տափաստան» ժողովածուներում (1926)։ Դրանք նշանակալից երևույթ էին 20-ականների խորհրդային գրականության մեջ։

1924 թվականին Շոլոխովը վերադարձել է Դոն և ձեռնամուխ եղել «Խաղաղ Դոն» վեպ-էպոպեայի ստեղծմանը, որը հեղինակին ապահովեց համաշխարհային ճանաչում։ Շոլոխովի հաջորդ վեպը «Հերկած խոպանն» էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շոլոխովը, որպես «Պրավդա»-ի թղթակից, եղել է ռազմաճակատի շատ տեղամասերում, հրապարակել հոդվածներ ու ակնարկներ («Դոնում», «Հարավում», «Կազակները» և այլն)։ Լայն ճանաչման է արժանացել հեղինակի «Ատելության գիտությունը» (1942) հրապարակախոսական պատմվածքը։ 1943-1944 թվականներին «Պրավդա» և «Կրասնայա զվեզդա» թերթերում տպագրվել են «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» վեպի առանձին գլուխներ։

Կյանք և կարիերա խմբագրել

Շոլոխովը ծնվել է Ռուսաստանի կազակական Կրուժիլին գյուղակում։ Ծնվելիս ստացել է Կուզնեցով ազգանունը, որը 1912 թ.-ին փոխել է Շոլոխովի։ Հայրը՝ Ալեքսանդր Շոլոխովը, կազակ չէր, եկել էր Ռյազանի նահանգից, եղել է ագարակապան, ջրաղացպան, զբաղվել է խոշոր եղջերավոր անասունների վաճառքով։ Մայրը՝ Անաստասիա Չերնիկովան, սերում էր ուկրաինական գյուղական ընտանիքից։ Պատանեկան տարիներին զրկվելով ծնողներից՝ Չեռնիգովի նահանգում ծառայության էր անցել կալվածատիրուհի Պանովայի մոտ, որը նրան բռնությամբ կնության էր տվել կազակ ատաման Կուզնեցովի որդուն, բայց որոշ ժամանակ անց լքել էր ամուսնուն, միացել Ալեքսանդր Շոլոխովին։ Նա այնքան ժամանակ կրթություն չստացավ, մինչև որ հարկ եղավ որդու հետ շփվելու համար ձեռնամուխ լինել կրթվելու։ Շոլոխովը տառաճանաչ է դարձել Կառգին ստանիցայում, ուր նոր աշխատանքի էր անցել հայրը, ապա մեկ տարի սովորել Մոսկվայի արական գիմնազիայի նախապատրաստական դասարանում, այնուհետև ուսումը շարունակել Վորոնեժի նահանգի Բոգուչարի քաղաքի գիմնազիայում մինչև 1918 թ., երբ միացավ բոլշևիկյան կողմին ռուսական քաղաքացիական պատերազմի ժամանակ. նա այդ ժամանակ 13 տարեկան էր։ Հաջորդող տարիներին մասնակցել է պատերազմական գործողություններին։ Գրել սկսել է 17 տարեկանից։ Իր առաջին գրական ստեղծագործությունը («Ծննդանշան») ավարտել է 19 տարեկան հասակում։ 1922 թ. տեղափոխվում է Մոսկվա՝ լրագրող դառնալու նպատակով. նա ինքն էր իր ծախսերը հոգում։ 1922-1924 թվականներին աշխատել է որպես նավահանգստային բեռնորդ, քարտաշ, հաշվապահ։ Միաժամանակ մասնակցել է գրողների սեմինարներին։ Նրա կյանքի պատմությունն ուսումնասիրողներից ոմանք պնդում են, որ այդ ընթացքում նա աշխատել է բանվորական «Օրինա՛կ վերցրեք» բնակշինկոոպերատիվի բնակվարչությունում, որի ղեկավարը Լևոն Գալուստի Միրումովը /Միրումյան/ էր. վերջինիս հետ Շոլոխովը ծանոթացել էր դեռ նախքան Մոսկվա գալը, Վյոշենսկայայում։ Դեռևս նախահեղափոխական տարիներից բոլշևիկյան կուսակցությանն անդամագրված այս պաշտոնյան զգալի դեր է խաղացել մոսկովյան ժամանակաշրջանի առաջին տարիներին Շոլոխովի կյանքը դասավորելու, նրա առաջին ստեղծագործությունների լույսընծայումն ապահովելու գործում։ Նրա առաջին տպագիր գործը ֆելիետոն էր՝ «Փորձարկումը» (1923)[6]: 1924 թ. Շոլոխովը, վերադառնալով Վյոշենսկայա, ամբողշովին նվիրվում է ստեղծագործական աշխատանքին։ Նույն տարում ամուսնանում է Մարիա Գրոմոսլավսկայայի հետ (1901-1992)։ Նրանք ունենում են երկու դուստր և երկու որդի։ Նրա առաջին գիրքը «Դոնի պատմվածքներ»-ն է։ Այստեղ զետեղված են նրա պատմվածքները ռուսական քաղաքացիական պատերազմի և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իր հայրենի եզերքի մասին։ Գիրքը հրատարակվել է 1926 թ.։ "Նախալյոնոկ" պատմվածքի հիման վրա, որը մասամբ իր մանկության մասին էր, ավելի ուշ նկարահանվել է ֆիլմ։ Նույն տարվա ընթացքում սկսում է գրել «Խաղաղ Դոնը», որի համար ստանում է Ստալինյան մրցանակ։ Գիրքը ավարտել է 14 տարում (1926–1940)։ "Խաղաղ Դոնը" դարձավ ամենաշատ ընթերցվող խորհրդային գիրքը և կարծես սկիզբ դրեց սոցիալիստական ռեալիզմին։ Այս գրքի համար Շոլոխովը 1965 թ. ստացել է նոբելյան մրցանակ գրականության բնագավառում։ Գրքում նկարագրվում է Առաջին համաշխարհային և ռուսական քաղաքացիական պատերազմների ընթացքում կազակների կյանքը։ Ի դեպ, Շոլոխովին Նոբելյան մրցանակը տրվեց այն բանից հետո, երբ ֆրանսիացի նշանավոր գրող և փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը հայտարարեց, որ ինքը կհրաժարվի Նոբելյան մրցանակից, քանի դեռ Շոլոխովն այդ մրցանակին չի արժանացել։ «Հերկած խոպանը» գրել է 28 տարում։ Այս գրքի համար ստացել է Լենինյան մրցանակ։ Այն բաղկացած է երկու մասից՝ «Վաղվա սերմերը» (1932) և «Բերքահավաքը Դոնում» (1960«Մարդու ճակատագիրը» կարճ պատմվածքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։ Կիսատ է մնացել «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» վեպը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ում տեղի ունեցած կռիվների մասին է։ 1930-ականներին նա բազմաթիվ նամակներ էր գրում Ստալինին Դոնի շրջանի կոլտնտեսություններում և սովխոզներում առկա սարսափելի իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով աջակցել ագարակատերներին[7]։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Շոլոխովը տարբեր լրագրերի համար հոդվածներ էր գրում պատերազմական իրադարձությունների մասին։ Նա նաև լուսաբանում էր նացիստների կողմից Դոնում կատարված ավերածությունները։ Մայրը մահանում է 1942 թվականին Վյոշենսկայայում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով։ Շոլոխովի երկերի ժողովածուն հրատարակվել է 8 հատորով 1956-1960 թթ.։

Գրվածքների հեղինակության հիմնահարցը խմբագրել

Շոլոխովը մեղադրվում էր իրեն միջազգային հռչակ բերած «Խաղաղ Դոն» վեպի գրագողության մեջ։ Շոլոխովի քննադատները պնդում էին, որ այն գրել է կազակ և հակաբոլշևիկ Ֆյոդոր Կրյուկովը, ով մահացել էր 1922 թվականին[8][9]։ 1928 թ. սկսված մեղադրանքների պատճառով Շոլոխովը խնդրում է «Պրավդա» թերթին՝ հնարավորություն ընձեռել ապացուցելու իր՝ վեպի հեղինակ լինելը։ Նա ներկայացնում է գրքի 3 հատորների ձեռագիր տարբերակները, ինչպես նաև 4-րդ գլխի նախագիծը։ 1929 թ. ձևավորված հատուկ հանձնաժողովը հաստատում է գրողի հեղինակային իրավունքները։ Մեղադրանքները շարունակվեցին 1960-ականներին, այս անգամ Ալեքսանդր Սոլժենիցինի կողմից։ Հավանաբար Ալեքսանդրը մեղադրում էր Շոլոխովին, քանի որ ցանկանում էր վրեժխնդիր լինել իր մի ստեղծագործության մասին վերջինիս արտահայտած բացասական կարծիքի համար[8][9]։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Շոլոխովի արխիվը ոչնչացվեց ռմբակոծության հետևանքով, միայն 4-րդ գլուխը պահպանվեց։ Այն գտնվում էր Շոլոխովի ընկերոջ՝ Վասիլի Կուդաշովի մոտ։ Վերջինիս մահից հետո այն անցավ Կուդաշովի այրուն։ Ձեռագիրը հայտնաբերվեց միայն 1999 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից՝ ռուսական կառավարության աջակցությամբ։ Ձեռագրերը թվագրված են 1920-ական թվականներով։ 605 էջ գրված են Շոլոխովի ձեռքով, իսկ մնացած 285-ը նրա կնոջ և քույրերի[10]։ 1999 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Խաղաղ Դոն» վեպը գրել է Շոլոխովը։

Գործունեությունը կոմունիստական կուսակցության և խորհրդային պետական մարմիններում խմբագրել

1932 թ. Շոլոխովը անդամակցում է ԽՄԿԿ-ին, իսկ 1937 թ. ընտրվում է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1959 թ. նա ուղեկցում է Նիկիտա Խրուշչովին Եվրոպա և Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության ժամանակ։ 1961 թվականին դառնում է ԽՄԿԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ։ Երկու անգամ նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։ Նա ավելի ուշ դառնում է ԽՍՀՄ գրողների միության նախագահ։

Ժառանգություն խմբագրել

Նրան անունով գոյություն ունի աստերոիդ՝ (2448) Շոլոխով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1965/
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. Ermolaev, Herman. Mikhail Sholokhov and his art. Princeton: Princeton UP, 1982. 9.
  7. ФЭБ: Переписка – 1997 (описание)
  8. 8,0 8,1 BOOKEND; The Don Flows Again by Michael Scammell, New York Times
  9. 9,0 9,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  10. http://www.trud.ru/issue/article.php?id=200005250940801

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Աղբյուրներ խմբագրել

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 66-67։
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Շոլոխով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Շոլոխով» հոդվածին։