Տարաս Շևչենկո
Տարաս Գրիգորևիչ Շևչենկո (ուկրաիներեն՝ Тарас Григорович Шевченко, մարտի 9, 1814[2][3][4][…], Մորինցի, Zvenigorodka County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[5][6][7] - մարտի 10, 1861[2][4][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][8]), ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ։ Ռուսաստանի Արքայական գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Տարաս Շևչենկո ուկրաիներեն՝ Тарас Григорович Шевченко | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Тарас Григорьев сын Шевченко[1] |
Ծնվել է | մարտի 9, 1814[2][3][4][…] |
Ծննդավայր | Մորինցի, Zvenigorodka County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[5][6][7] |
Վախճանվել է | մարտի 10, 1861[2][4][3][…] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][8] |
Գերեզման | Taras Hill |
Գրական անուն | Т. Ш.[9], К. Дармограй[9] և Кобзарь Дармограй[9] |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, մարդաբան, արվեստագետ, գրող, դրամատուրգ, ազգագրագետ, արձակագիր և փիլիսոփա |
Լեզու | ուկրաիներեն և ռուսերեն |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1844) |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Կոբզար |
Աշխատավայր | Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան |
Տարաս Շևչենկո Վիքիքաղվածքում | |
Taras Shevchenko Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԾնվել է ճորտ գյուղացու ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ 14 տարեկանից ծառա է եղել կալվածատիրոջ մոտ, սկզբում՝ գյուղում, այնուհետև՝ Վիլնո (Վիլնյուս) քաղաքում, 1831-ից՝ Պետերբուրգում։ Նկատելով Շևչենկոյի նկարչական ձիրքը՝ կալվածատերը նրան սովորելու է տվել։
1836 թվականին Շևչենկոն ծանոթացել է նկարիչներ Ի․ Սոշենոյի, Կարլ Բրյուլովի, բանաստեղծ Վասիլի Ժուկովսկու և ռուսական ու ուկրաինական մշակույթի այլ գործիչների հետ։ Սրանց ակտիվ աջակցությամբ էլ 1838 թվականին փրկագնվել է ճորտությունից և նույն տարում ընդունվել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, որն ավարտել է 1845 թվականին։
Այդ տարիներին բուռն զարգացում է ապրել Շևչենկոյի գրական ու նկարչական ստեղծագործությունը, ձևավորվել են նրա հասարակական–քաղաքական ու գեղագիտական հայացքները։
1840 թվականին Պետերբուրգում լույս է տեսել Շևչենկոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կոբզար»-ը (հայերեն հրատ․ 1939), որը նոր դարագլուխ է ուկրաինական գրականության պատմության մեջ։ Այս գրքում Շևչենկոն հանդես է գալիս որպես աշխատավորական զանգվածների մտորումների ու իղձերի արտահայտիչ, կենդանի պատկերում անցյալ ու ժամանակակից Ուկրաինան։ Ժողովրդի երջանիկ ապագայի ուղիներ որոնելիս՝ Շևչենկոն դիմել է իր ժողովրդի պատմությանը, նրա մեջ գտնելով ազատության և անկախության համար նվաճողների ու ճնշողների դեմ հերոսական պայքարի օրինակներ։ «Հայդամակներ» (1841) պոեմում ռեալիստորեն պատկերված են լեհական շլյախտայի դեմ ուղղված 1768 թվականի մեծ ապստամբության իրադարձությունները։ Հերոսական անցյալին դիմելով՝ բանաստեղծը ձգտել է իր ժամանակակիցներին ոգեշնչել ազատագրական պայքարի։
Նիկոլայ I-ի ժամանակների ցարիզմն է մերկացված ու ձաղկված «Երազ» (1844) երգիծական պոեմում։ Ցարական ու կալվածատիրական կամայականության զարհուրելի պատկերը տալով՝ բանաստեղծը Ռուսական կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդներին կոչել է համատեղ պայքարի ընդհանուր ճնշողների դեմ։ Նույնպիսի կոչ է հնչում նաև «Կովկաս» (1845) պոեմում, որը տոգորված է ժողովուրդների եղբայրության ու բարեկամության գաղափարով։
1850-1860-ական թվականներ
խմբագրել«Կիրիլ–Մեֆոդյան եղբայրություն» հակաճորտատիրական գաղտնի ընկերությանը պատկանելու և հեղափոխական բանաստեղծություններ գրելու համար Շևչենկոն 1847 թվականին ձերբակալվել է և որպես շարքային զինվոր ուղարկվել Օրենբուրգյան հատուկ կորպուս՝ «խստագույն հսկողության տակ արգելելով գրել և նկարել»։ Նիկոլայ I-ի մահից հետո Շևչենկոն ներումով ազատվել է և 1858 թվականին վերադարձել Պետերբուրգ։ Այստեղ նա մերձեցել է ռուս հեղափոխական դեմոկրատների, մասնավորապես Ն․ Չեռնիշևսկու հետ։ Շևչենկոյի ստեղծագործությունը զարգացել է ռուս առաջադիմական գրականության հետ սերտ առնչությամբ։ Նրա գրական ժառանգության մի մասը՝ ինը վիպակ, երկու պոեմ և օրագիրը, գրված է ռուսերեն։
1857–1961 թվականների ստեղծագործությունները Շևչենկոյի պոեզիայի բարձրակետն են։ Դրանցից առավել նշանակալի են «Նորահավատներ» (1857), «Դիվահարը» (1857), «Մարիա» (1859) պոեմները։ Այդ շրջանի քնարերգության գլուխգործոցներից են «Օ՜, խեղճ մարդիկ, կույր մարդիկ․․․», «Եվ Արքիմեդն ու Գալիլեյը», «Ոչ մի բանում խնդում չկա», «Թեև ընկածին չեն խփում» (բոլորն էլ՝ 1860) բանաստեղծությունները։ Շևչենկոյի շատ ստեղծագործությունների համար գրվել է երաժշտություն։ «Խոհեր իմ, խոհեր իմ», «Կտակ», «Մռնչում ու հառաչում է Դնեպրը լայնարձակ» բանաստեղծությունները դարձել են ժողովրդական երգեր։
Շևչենկոն` նկարիչ
խմբագրելՇևչենկոն հայտնի է նաև որպես նկարիչ։ Նրա ստեղծագործության ռեալիստական ուղղվածությունը դրսևորվել է վաղ շրջանի գործերում («Կատերինա», 1842, Տ․ Շևչենկոյի թանգարան, Կիև, «Գեղատեսիլ Ուկրաինա», օֆորտների շարք, հրատ․ 1844) և մերկացնող սրության հասել աքսորում ստեղծած նկարներում («Անառակ որդու առակը», «Պատիժ՝ ճիպոտներով», 1856–1957, և այլն)։ Աքսորից վերադառնալուց հետո Շևչենկոն շատ է աշխատել որպես փորագրիչ (1860 թվականին նրան շնորհվել է պղնձի վրա փորագրության ակադեմիկոսի կոչում)։ Նա ստեղծել է նաև մի շարք հոգեբանական դիմանկարներ, Ուկրաինայի և Ղազախստանի բնանկարներ։
Ստեղծագործություններ
խմբագրելՇևչենկոն ուկրաինական նոր գրականության հիմնադիրն է և քննադատական ռեալիզմի ու հեղափոխական–դեմոկրատական ուղղությաև սկզբնավորողը ուկրաինական գրականության ու գեղանկարչության մեջ։ Նրա ստեղծագործության հետ են կապված ուկրաինական գրականության լավագույն ավանդույթները։ Նա եղել է մեծ նորարար, համարձակորեն փշրել է բանաստեղծության հնացած ձևերը, լեզուն հարստացրել նոր բառերով ու դարձվածքներով։ Նրա ստեղծագործության մեջ ուկրաիներենն առաջին անգամ երևացել է իր ամբողջ հարստությամբ, գեղեցկությամբ ու ճկունությամբ։
Շևչենկոյի ստեղծագործությունը մեծ դեր է խաղացել ինչպես ուկրաինական, այնպես էլ համառուսաստանյան ազատագրական շարժման զարգացման մեջ, լայնորեն օգտագործվել հեղափոխական քարոզչությունում։ Դեռևս հեղինակի կենդանության օրոք նրա երկերը թարգմանվել են ռուսերեն, լեհերեն, չեխերեն։ Հետագայում դրանք դարձել են աշխարհի շատ ուրիշ ժողովուրդների սեփականությունը։
Շևչենկոն՝ հայերեն
խմբագրելՇևչենկոյի պոեզիան հայերեն առաջին անգամ հնչել է 1879 թվականին, երբ Վենետիկում լույս տեսնող «Բազմավեպ» հանդեսը (հ․ 37) Քերովբե Քուշներյանի թարգմանությամբ տպագրել է հատվածներ Շևչենկոյի մի շարք բանաստեղծություններից ու պոեմներից, ինչպես նաև նրա մի հոդվածը բանաստեղծի կյանքի ու գործունեության մասին։
Շևչենկոյի նկատմամբ հայկական մամուլի հետաքրքրությունն առանձնապես մեծացել է 1905 թվականի հեղափոխության շրջանում, իսկ այնուհետև՝ 1911 թվականին, երբ նշվել է բանաստեղծի մահվան 50-րդ տարելիցը։ Այդ տարիներին բանավեճ է ծավալվել Շևչենկոյի գրական ժառանգության շուրջ, բոլշևիկները հանդես են եկել մեծ կոբզարին խեղաթյուրելու և պարզունակացնելու դեմ։ Ի պաշտպանություն Շևչենկոյի հանդես է եկել Սուրեն Սպանդարյանը։ «Տարազ» հանդեսում տպագրվել է Հովակիմ Սոլովյանի «Ուկրաինական Պրոմեթևսը» հոդվածը Շևչենկոյի մասին։ 1914 թվականին, Շևչենկոյի ծննդյան 100-ամյակի առթիվ, «Հասկեր» հանդեսը տպագրել է Ա․ Խնկոյանի հոդվածը՝ «Անմոռանալի Տարասը»։
Գեղամ Սարյանի թարգմանությամբ 1964 թվականին առանձին գրքով լույս են տեսել Շևչենկոյի պոեմները։ Որոշ բանաստեղծություններ հայերեն թարգմանվել են մի քանի անգամ, իսկ հռչակավոր «Կտակ»-ն ունի մեկ տասնյակի հասնող թարգմանություն։
Հիշատակ
խմբագրելԽորհրդային շրջանում գրականագիտության մեջ առաջացել է մի հատուկ ճյուղ՝ շևչենկոյագիտություն։
Շևչենկոյի թանգարաններ կան Կիևում, Կանևում, Մորինցիում, Սանկտ Պետերբուրգում և այլուր։
Նրա անունն են կրում Ուկրաինայի ԳԱ գրականության ինստիտուտը և Կիևի համալսարանը։
Ուկրաինայում սահմանված է Շևչենկոյի անվան պետական մրցանակ։
Աշխարհի տարբեր քաղաքներում տեղադրված են Շևչենկոյի հուշարձաններ։ Երևանի Կենտրոն համայնքում տեղադրված արձանի հեղինակը քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանն է։
-
Տարաս Շևչենկոյի արձանը Երևանում
-
Տարաս Շևչենկոյի արձանը Վաշինգտոնում
-
Տարաս Շևչենկոյի արձանը Օտտավայում
-
Տարաս Շևչենկոյի արձանը Վարշավայում
Երկեր
խմբագրել- Poetry, by Taras Shevchenko
- Կոբզար, Ե․, 1961
- Պոեմներ, Ե․, 1964
Գրականություն
խմբագրել- Սալախյան Հ. Զինված մարգարեն, Ե․, 1964
- Տարաս Շևչենկո։ 1814–1939. Բիբլիոգրաֆիական տեղեկատու, Ե․, 1939
- Шагинян М․, Тарас Шевченко, 4 изд․․ М., 1964
- Кирилюк Е․, Тарас Шевченко, Киев, 1979
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://izbornyk.org.ua/shevchenko/docum02.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 համացանցային հանրագիտարան
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Шевченко Тарас Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Historic Oakville statue stolen // Toronto Star — Canada: 2007. — ISSN 0319-0781
- ↑ 7,0 7,1 7,2 Ukraine’s regions
- ↑ 8,0 8,1 8,2 encyclopedia.com — HighBeam Research.
- ↑ 9,0 9,1 9,2 http://litopys.org.ua/shevchenko/shev113.htm
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Շևչենկո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Շևչենկո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |