Կլավդիոս
Տիբերիոս Կլավդիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուս (լատին․՝ Tiberius Claudius Caesar Augustus Germanicus, օգոստոսի 1, մ. թ. ա. 10, Lugdunum, Հռոմեական կայսրություն - հոկտեմբերի 13, 54, Հռոմ, Հռոմեական կայսրություն[1]), ծնունդով՝ Տիբերիոս Կլավդիոս Դրուզոս (Tiberius Claudius Drusus), հռոմեական կայսր Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից (41-54 թթ.), Տիբերիոս կայսեր զարմիկը և Կալիգուլայի հորեղբայրը։ 41 թ. կայսր է հռչակվել զորքի կողմից այն հանգամանքի բերումով, որ Կալիգուլայի սպանությունից հետո նա Հուլիոսների-Կլավդիոսների տոհմի միակ չափահաս շառավիղն էր։
Կլավդիոս | |
---|---|
Ծնվել է՝ | օգոստոսի 1, մ. թ. ա. 10 |
Ծննդավայր | Lugdunum, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | հոկտեմբերի 13, 54 (63 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական կայսրություն[1] |
Օգոստոսի դամբարան | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Հուլիոս Կլավդիոսներ և Claudii Nerones? |
քաղաքական գործիչ, պատմաբան, Ավգուրներ և գրող | |
Հայր | Nero Claudius Drusus?[2] |
Մայր | Անտոնիա կրտսեր |
Երեխաներ | Tiberius Claudius Drusus?, Claudia Julia?, Claudia Antonia?, Claudia Octavia?[3], Britannicus? և Ներոն |
Հավատք | հին հռոմեական կրոն և Ստոիցիզմ[4] |
Առողջական վիճակ | Կակազություն |
Երիտասարդ տարիքից Կլավդիոսը քիչ էր ներգրավված հասարակական-քաղաքական գործունեության մեջ, քանի որ աչքի չէր ընկնում քաջառողջությամբ։ Ընտանիքում անգամ կասկածում էին նրա մտավոր ընդունակությունների վրա։ Բացի դրանից նա կաղում և կակազում էր։ Այդ պատճառով նրան հանգիստ թողեցին՝ թույլ տալով զբաղվել այն բանով, ինչը նրա սրտով էր։ Դրա շնորհիվ Կլավդիոսը մասնագիտացավ պատմագիտության բնագավառում՝ գրելով մի շարք աշխատություններ, այդ թվում Կարթագենի և էտրուսկների պատմության վերաբերյալ, որոնք ցավոք մեզ չեն հասել։
Հիսուն տարեկանում դառնալով կայսր՝ Կլավդիոսը լուրջ մոտեցավ իր պարտականություններին՝ ձգտելով դրանք կատարել ամենայն բարեխղճությամբ։ Նրա գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել Բրիտանիայի նվաճումը (մ.թ. 43 թ.), գործողություն, որը չէր հաջողվել անգամ Հուլիոս Կեսարին։ Բացի դրանից` Կլավդիոսի օրոք հռոմեական նահանգներ դարձան Մավրիտանիան (41–42 թթ.), Լիկիան (43 թ.) և Թրակիան (46 թ.)։ Կլավդիոսի իշխանության օրոք սկսվեց ձևավորվել կայսերական վարչական ապարատը, կայսրին կից ստեղծվեց խորհուրդ, որում պաշտոնները նա վստահեց իր ազատարձակներին։ Կլավդիոսն իրականացնում էր հռոմեական քաղաքացիության իրավունքի աստիճանական ընդլայնման քաղաքականություն, նրա օրոք հռոմեական սենատի կազմում ընդգրկվեցին գաղիացիները։ Միևնույն ժամանակ նա ուժեղացրեց վերահսկողությունը հռոմեական պրովինցիաների ֆինանսների և կուսակալների առօրյա գործունեության վրա։
Կլավդիոսը ամուսնացած էր չորս անգամ։ Երրորդ կինը՝ Մեսալինան աչքի էր ընկնում իր անառակ բարքով։ Այն բանից հետո, երբ Մեսալինան բացեիբաց ամուսնական արարողություն կատարեց հռոմեացի ազնվական ոմն Գայոս Սիլիոսի հետ, Կլավդիոսը մահապատժի ենթարկեց նրան (48 թ.)։ Արդեն մյուս տարի Կլավդիոսը ամուսնացավ իր զարմուհու՝ Ագրիպինա Կրտսերի հետ, որը կայսերական ընտանիք բերեց իր որդուն՝ Ներոնին, համոզելով կայսրին որդեգրել նրան ի վնաս սեփական որդու՝ Բրիտանիկոսի։ Ընտրելով հարմար պահը, երբ Ներոնի գահակալական իրավունքներն ապահովված էին, Ագրիպինան 54 թ. հոկտեմբերի 13-ին թունավորում է Կլավդիոսին խնջույքի ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.britannica.com/topic-browse/History/Ancient-World/Rome-Ancient/2
- ↑ Internet Archive — 1996.
- ↑ Любкер Ф. Octavii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 940—941.
- ↑ https://www.academia.edu/44894940/Augusto_lo_stoico_Come_la_filosofia_influenzò_il_primo_imperatore_di_Roma
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլավդիոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 476)։ |