Ավստրո-Հունգարիայի բաժանում, Ավստրո-Հունգարիայի կայսրության տարբեր հատվածների սոցիալական հակասությունների և յուրահատկությունների աճի արդյունքում տեղի ունեցած աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություն։ Պետության բաժանման պատճառ հանդիսացան Առաջին համաշխարհային պատերազմը, 1918 թվականի ոչ բերքատու տարին և տնտեսական ճգնաժամը։

Ավստրո-հունգարիական կայսրության էթնիկ տեղաբաշխման քարտեզ

1918 թվականի հոկտեմբերի 17-ին Հունգարիայի ազգային ժողովը լուծարեց Ավստրիայի հետ կնքած համաձայնագիրը և հռչակեց երկրի անկախությունը։ Հոկտեմբերի 28-ին կազմավորվեց Չեխոսլովակիան, որին հոկտեմբերի 29-ին հետևեց սլովենների, խորվաթների և սերբերի պետությունը։ Նոյեմբերի 3-ին անկախություն հռչակեց Արևմտա-ուկրաինական ժողովրդական Հանրապետությունը։ Նոյեմբերի 6-ին Կրակովում հայտարարվեց Լեհաստանի վերստեղծումը։ Կայսրության անկման ընթացքում այնուհետև առաջացան Տարնոբժեսկի, Գուցուլյան, Լեմկովների ռուսական ժողովրդական, Կոմանչայի, Պրեկմուրի, Հունգարիայի Խորհրդային, Սլովակիայի Խորհրդային, Բանատի և Ֆիումեի հանրապետությունները։

Բաժանված բնակչությամբ բնակեցված մնացած տարածքները հայտնվեցին գոյություն ունեցող կամ նոր կազմավորված պետությունների կազմի մեջ։ Կայսրության բաժանումը իրավականորեն հարթության մեջ կայացավ Ավստրիայի հետ կնքված Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրով, որով նաև հանդես եկավ որպես խաղաղության համաձայնագիր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Պատճառներ խմբագրել

 
Ֆրանց Յոզեֆ I

Հաբսբուրգյան կայսրությունը, որը Եվրոպայում զբաղեցնում էր բավականին ընդարձակ տարածքներ և ներառում էր մոտ 20 ազգությունների, 20-րդ դարի սկզբում կայսրության տարբեր հատվածներում տեղի ունեցած ազգամիջյան կեսդարյա վեճերի ու հակասությունների պատճառով էապես թուլացել էր։ Գալիցիայում իրար հետ հակամարտության մեջ էին լեհերն ու ուկրաինացիները, Տրանսիլվանիայում՝ ռումինացիների և հունգարների միջև, Սիլեզում՝ չեխերի և գերմանացիների[1], Կարպատներում՝ հունգարների և ռուսինների միջև։ Բոսնիացիները, սերբերը և խորվաթները պայքարում էին Բալկանյան թերակղզում անկախ պետություններ ստեղծելու համար[2]։

Կապիտալիզմի զարգացմամբ և ձեռնարկությունների քանակի աճին զուգահեռ ձևավորվեց աշխատավոր դասակարգը, որը սկսեց պաշտպանել այն ժողովրդի շահերը, որին պատկանում էր[2]։ Այսպիսով, տարեցտարի կայսրության ծայրամասերում աճեց անջատողականության վտանգը։ 1948-1949 թվականներին ստրկացված ժողովուրդների կողմից նախաձեռնվեց անկախության նվաճման փորձեր, կայսրության որոշ տարածքներում սկսվեցին մարտական գործողություններ։ Նույնիսկ Հունգարիան փորձ կատարեց առանձնանալ Հաբսբուրգյան կայսրությունից։ Պատերազմից հետո այդ փորձերը դադարեցվեցին։

Հեղափոխության ձախողումից հետո երկրում միայն վատթարացավ՝ չնայած այն հանգամանքին, որ ժողովուրդների ռազմական հակամարտությունը վերափոխվեց քաղաքական պայքարի։ Երբեմն տեզի ունեցող զինված ընդհարումներն էլ ճնշվում էին կայսերական զորքերի կողմից[2]։ 1867 թվականին համակայսերական նոր սահմանադրության ընդունմամբ և Ավստրո-հունգարական համաձայնագրի ստորագրմամբ կայսրությունը ավելի շատ թուլացավ, քանի որ բաժանվեց երկու մասի՝ Ավստրիայի և Հունգարիայի։ Այդ համաձայնագրով երկու երկրները իրավունք ունեցան ունենալ իրենց բանակները, սեյմերը, ներկայացուցչական մարմինները և այլն, իսկ սեփական բյուջեներ ունենալն արդեն գոյություն ուներ մինչ այդ։ Նոր սեյմ ունեցավ Բոսնիա և Հերցեգովինան։ Այն ստացավ նաև բյուջեի մի մասը։

Երկար ժամանակ կայսրությունը ղեկավարում էր Ֆրանց Յոզեֆ I կայսրը, որն իր շուրջը հավաքել էր իր կողմնակից-ինտերնացիոնալիստներին, ինչն էլ թույլ չտվեց Ավստրո-Հունգարիայի բաժանումը միատար և ազգային պետությունների։ Միևնույն ժամանակ իշխող վերնախավի մեջ նկատվում էին տարաձայնություններ։ Ժամանակի ընթացքում ազդեցիկ պաշտոնյաների միջև վերաճեց անվստահության և բաց հակամարտության։ Նույնիսկ փոխհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը սկսեց ատելությամբ վերաբերվեր հունգարներին, որպես ազգայնականների՝ խախտելով նրանց իրավունքները։ Հունգարների նկատմամբ Ֆրանց Ֆերդինանդի ատելությունը արտահայտվում է նրա կատարած մի արտահայտությունով՝ «Նրանք ինձ համար անտանելի են նույնիսկ հենց լեզվի համար»։ Այս արտահայտությունը նա ասել է հունգարերեն լեզուն սովորելու հերթական փորձեից հետո[2]։

Այդ պայմաններում նույնիսկ Ավտսրո-հունգարական բյուրոկրատական համակարգը, որը թվաքանակով գերազանցում էր Ավստրո-Հունգարիայի բանակին, սկսում է «ազգայնացումը» և տեղական ղեկավար մարմինները բաժանում ըստ ազգային և կրոնական պատկանելության, ինչը առանց արյունահեղության տեղի չէր ունենում։ Այդժամ անջատողականության գաղափարները թափանցում են հասարակության բոլոր շերտեր, բացի բուրժուազիայից, որը շարունակում էր սատարել կայսրին և կայսրության ամբողջականությանը՝ հույսը դնելով Ֆրանց Իոսիֆի վրա որպես Ավստրո-Հունգարիայի փրկչի։ Ֆրանց Իոսիֆը ինքն էլ էր հասկանում, որ ինքը միայնակ չի կարող կանխել։ Այդ իսկ պատճառով նա ասում էր «իմ դժբախտությունների պատճառն այն է, որ ես չեմ կարողանում գտնել պետական գործչի»։ Ֆրանց Ֆերդինանդը, չնայած հունգարների հանդեպ ունեցած ատելության, փորձ արեց կայսրությունը վերափոխել դաշնության, որը սակայն ավարտվեց կայսեր անհաջող միջամտությամբ, ով վախենում էր կորցնել իր իշխանությունը[2]։

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Ռազմաճակատի և թիկունքի ընդհանուր ճգնաժամ խմբագրել

1918 թվականի հունվար-փետրվար ամիսներին երկրի տարածքուվ անցնում է գործադուլների ալիք։ Հիմնական պահանջներն էին Ռուսաստանի հետ ցանկացած պայմանով հաշտությունը, ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը, սննդի մատակարարման բարելավումը[3]։ Տարեսկզբի համընդհանուր գործադուլները, հեղափոխական գաղափարների տարածումը բացասաբար էին ազդում Ավստրո-Հունգարիայի բանակի զինծառայողների հոգեբանության վրա և վերջնականապես բարոյալքեցին նրան։ Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժերում առաջին ապստամբությունը տեղի ունեցավ Կոտորում[3]։ Այն սկսվեց 1918 թվականի փետրվարի 1-ին Ադրիատիկ ծովում գտնվող Կոտորյան ծովածոցում «Սանկտ Գեորգ» հածանավի վրա։ Հետագայում ապստամբներին միացան ևս 42 նավի անձնակազմի անդամներ և նավամատույցի բանվորներ։ Ապստամբում էին հիմնականում կայսրության կազմում գտնվող ազգային փոոքրամասնությունների ներկայացուցիչները՝ սլովենները, սերբերը, խորվաթները, հունգարները։ Նրանց ղեկավարում էին Ֆ.Ռաշը, Մ.Բրինչևիչը, Ա.Գրաբարը և Ե.Շիշգորիչը։ Նավերի վրա ստեղծվում էին հեղկոմներ։ Ապստամբները պահանջում էին Ռուսաստանի հետ խաղաղության արագ կնքում վերջինիս պայմաններով, այսինքն՝ Ավստրո-Հունգարիայի ժողովրդի ինքնորոշում։ Փետրվարի 3-ին Պուլայի ռազմածովային բազայից ծովախորշին են մոտենում մի քանի սուզանավեր, իսկ ցամաքից՝ հետևակի ստորաբաժանումներ։ Նույն օրը ապստամբությունը ճնշվեց։ Ձերբակալվեց շուրջ 800 հոգի, իսկ ապստամբության բոլոր ղեկավարները գնդակահարվեցին[3]։

 
Ավստրո-Հունգարական զորքերի վերադարձը ռազմաճակատից

Արևելքում իրադրությունն ավելի վատթար էր։ Չնայած ավստրո-հունգարական քաղաքական գործիչների պնդումների, որոնք վերաբերում են դեպի Ուկրաինա արշավ սկսելու աննպատակահարմարությանը՝ ավստրիական բանակը արունակում էր հարձակումը։ Փետրվարին Ուկրաինական ժողովրդական Հանրապետության կողմից ստորագրվեց անջատողական խաղաղության համաձայնագիրն, ինչպես նաև որոշ այլ պայմանագրեր, որոնք վերաբերում էին տնտեսական ոլորտին։ Ապրիլի 29-ին Ուկրաինական Կենտրոնական ռադան փոխարինվեց Սկորոպատկինի կառավարությունով։ Միևնույն ժամանակ կայսրության հետ Գալիցիայում կայսրության հետ Ուկրաինայի Ժողովրադվարական Հանրապետության մերձեցման համատեքստում ակտիվանում են տեղի ուկրաինացիները, ովքեր հուլիսի 16-ին Լվովում անցկացնում են համազգային համագումար։

Մայիսի 1-ին մաբողջ Ավստրո-Հունգարիայում անցկլացվում են մասսայական ցույցեր։ Մայիսի 5-ին գերմանացիները բռնում են հեղափոխություն քարոզող 18 ավստրիացի զինվորի և գնդակահարում։ Նույն ամսում կայսրության խորը թիկունքում՝ Ռումբուրկ քաղաքում ապստամբեց տեղի կայազորը։ Ապստամբությունը ճնշվեց; Հունիսի 17-ին Վիեննայում անցկացվեց սովի հետ կապված բունտ, իսկ հունիսի 18-ին սովի պատճառով սկսվեց համընդհանուր գործադուլ։

Կայսրության գոյության վերջին ամիսներին ավստրո-հունգարական բանակից փախան շուրջ 150.000 զինծառայող[3]։ Որպես համեմատություն՝ պատերազմի սկզբից մինչև 1918 թվականի օգոստոսը բանակից փախել էին 100.000 զինծառայող, իսկ օգոստոսից մինչև հոկտեմբեր այդ ցուցանիշը հասավ 250.000-ի։ Օգոստոսի 20-ին Մոգիլյով-Պոդոլսկում տեղի ունեցավ զինվորների հերթական ապստամբությունը։ Այս անգամ պատճառը իտալական ռազմաճակատ ուղևորվելու հրամանն էր։ Իտալական ռազմաճակատում վերջին ժամանակներում դաժան մարտեր էին տեղի ունենում։ Այդ նույն օրը 12 ժամյա մարտից հետո ապստամբությունը ճնշվեց, իսկ կենդանի մնացած ապստամբները փախան պարտիզանների մոտ։ Սեպտեմբերին Օդեսայում տեղի ունեցավ ավստրո-հունգարական զորքերի ապստամբությունը։ Պատճառը Բալկանյան ռազմաճակատ ուղևորվելու հրամանն էր[3]։ Որոշ ժամանակ անց կրկին սկսվեցին համազգային գործադուլներ կայսրության տարբեր շրջաններում, որոնք ղեկավարվում էին տեղական կոմիտեների կողմից։ Այն հանդիսացավ Ավստրո-Հունգարիայի անկման պատճառ։

Ավստրիա խմբագրել

 
Կառլ I կայսր

Հաբսբուրգների կայսրության մեջ Ավստրիան հանդիսանում էր տիտղոսավոր պետություն, որի շուրջը միավորվում էին երկրի մնացած հատվածները։ Վիեննայում էին գտնվում կառավարությունն ու երկրի կառավարման այլ մարմինները։ Ընդհանուր առմամբ, Ավստրիան դուրս չի եկել կայսրությունից և չի հռչակել իր անկախությունը՝ չնայած այնտեղ տեղի ունեցած հակամարտություններին, որոնք տեղի էին ունենում իտալացիների և ավստրիացիների ու սլովենների ու ավստրիացիների միջև։ Երկու հակամարտություններն էլ լուծվեցին խաղաղ ճանապարհով։

1918 թվականի նոյեմբերի 3-ին Ավստրո-Հունգարիան Անտանտի հետ ստորագրեց զինադադար[4]։ Կայսրությունն այդ ժամանակ ապակենտրոնացված էր և փաստորեն անկում ապրեց։ Գալիցիայի ափերին արդեն երկու օր մարտեր էին ընթանում, իսկ Չեխոսլովակիան հռչակեց անկախություն։ Նոյեմբերի 6-ին Լեհաստանը հռչակեց իր անկախությունը։

Նոյեմբերի 12-ին Կառլ I-ը վայր դրեց Ավստրիայի ու Բոհեմիայի կայսրի իր լիազորությունները՝ չնայած պաշտոնապես չհրաժարվեց գահից[4]։ Ավստրիայում հռչակվեց Հանրապետություն Գերմանիայի կազմում։ Հետագայում հաղթելով պատերազմում՝ Անտանտը արգելեց այդպիսի միությունը։ Ստեղծվեց սահմանադրական ժողով։ Նշանակվեցին ընտրություններ, որոնք կայացան 1919 թվականի փետրվարի 18-ին։ Հաղթեց Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքելով ընտրողների 1.200.000 ձայն կամ ընտրություններին մասնակցածների 41.6 տոկոսը[4]։ Ռեյխսկանցլեր ընտրվեց Կառլ Ռենները։ Ապրիլի 3-ին սահմանադրական ժողովը Հաբսբուրգներին Ավստրիայից վտարելու որոշում ընդունեց։

Հանրապետության ստեղծման առաջին ամիսներին երկրում տեղի են ունենում սովի հետ կապված ապստամբություններ, գյուղացիական ապստամբություններ և բանվորների գործադուլներ։ Այն կապված էր Ավստրո-Հունգարիայի բոլոր շրջաններում տիրող համընդհանուր ճգնաժամի և համաշխարհային պատերազմի պատճառով սննդամթերքի անբավարարության հետ։ 1919 թվականին Հունգարական Խորհրդային Հանրապետության հռչակումից հետո Ավստրիայում ակտիվացան կոմունիստները[4]։ Կոմունիստների կազմակերպած ցույցերից մեկի ժամանակհունիսի 15-ին Վիեննայում տեղի ունեցավ բանկի վրա գրոհի փորձ։ Ոստիկանությունը կանգնեցրեց ցուցարարներին՝ կիրառելով զենք։ Զոհվեց 17 մարդ, հարյուրից ավել մարդ ստացան տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ[4]։

1920 թվականին Ավստրիայում իրավիճակը կայունացավ, ընդունվեց սահմանադրություն, անցկացվեցին բարեփոխումներ[4]։ Առաջին Ավստրիական Հանրապետությունը գոյատևեց մինչև 1938 թվականը, երբ բռնակցվեց Երրորդ Ռեյխին։

Հունգարիա, Տրանսիլվանիա և Բուկովինա խմբագրել

 
Հունգարիան Ավստրո-Հունգարիայի կազմում (ներկված է կանաչ գույնով)

1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնգրի արդյունքում Ավստրիան և Հունգարիան Հաբսբուրգների կայսրության մեջ համարվում էին երկու առանձին պետություններ։ Կայսրության անկման սկսվելուց հետո 1918 թվականի հոկտեմբերի 17-ին Հունգարիայի ազգային ժողովը չեղարկեց Ավստրիայի հետ ունեցած միությունը և հռչակեց երկրի անկախությունը։ Չնայած այդ հանգամանքին՝ Հունգարիան փաստացի շարունակում էր մնալ Ավստրո-Հունգարիայի կայսրության կազմում։ Հոկտեմբերի 30-ին Բուդապեշտում բռնկվեց ժողովրդական ապստամբություն[3]։ Նույն օրը Սլովակիայի ազգային ժողովը ընդունեց «Մարտինյան հռչակագիրը», որով Սլովակիան առանձնացավ Հունգարիայից և մտավ վերջերս ձևավորված Չեխոսլովակիայի կազմի մեջ։

Հունգարիայում իշխանության եկավ Միհալի Կարոլիի ազգային կառավարությունը։ Նույն օրը Տրանսիլվանիայում տեղի ունեցավ համընդհանուր գործադուլ[5]։ Բուդապեշտում փողոցային անկարգությունները տևեցին մինչև նոյեմբերի 2-ը։ Նոյեմբերի 3-ին Բուկովինայում կազմավորվեց Բուկովինայի կոմունիստական կուսակցությունը, որը պահանջում էր շրջանը միացնել Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ Միաժամանակ նոյեմբերի 5-ին Բուդապեշտում Կարլը հրաժարվեց հունգարական գահի լիազորություններից։ Նոր կառավարությունը գլխավորեց Միխայիլ Կարոյը։ Նա ղեկավարեց երկիրը մի քանի ամիս՝ այնուամենայնիվ չկարողանալով իրականացնել երկրի համար կենսական բարեփոխումներ և Անտանտի հետ հաստատել բարեկամական հարաբերություններ[5]։

Հունգարիայի դրությունը վատթարացավ Ռումինինական զորքերի Տրանսիլվանիա մտնելու և այն Ռումինիային բռնակցելու հետևանքով։ Երկրում իրենց գործունեությունը ակտիվացրին սոցիալ-դեմոկրատներն ու կոմունիստները։ 1919 թվականի փետրվարի 20-ին Բուդապեշտում տեղի ունեցավ կոմունիստների կողմից սոցիալ-դեմոկրատական «Վյորոշ Ույշագ» թերթի գրասենյակի ջարդը[3]։ Զոհվեց 7 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Այդ դեպքը պատճառ հանդիսացավ Հունգարիայի կոմունիստական կուսակցության անդամների մասայական ձերբակալություններ իրականացնելու համար։ Չնայած այդ հանգամանքին՝ բնակչության համակրանքը կոմունիստների հանդեպ աճեց և մարտի 1-ին հասարակական ճնշման հետևանքով հունգարական կառավարությունը ստիպված եղավ գրանցել կոմունիստական կուսակցությունը։ Մարտի 11-ին Սեգեդում տեղի ունեցավ բանվորների և զինվորականների հակակառավարական ցույց։ Մարտի 18-ին ցույցերի ժամանակ Չեպելովսկի գործարանում հնչեց երկրում սովետական իշխանություն հաստատելու կոչեր։ Մարտի 19-ին Բուդապեշտում ԱՆտանտի ներկայացուցիչը կառավարության ղեկավար Միխայլ Կարոյին հանձնեց Հունգարիայի քարտեզը նոր սահմաններով և թույլտվություն խնդրեց Հունգարիա մտցնել Անտանտի զորքերը և կանխել մասսայական անկարգությունները։

 
Տրանսիլվանիայում ռումինական զորքերի շարժը, 1919 թ.

1919 թվականի մարտի 20-ին երկրում ծայրահեղ իրավիճակ ստեղծվեց։ Կոմունիստները Բուդապեշտում սկսեցին գրավել բոլոր կառավարական շենքերը։ Կարոյի կառավարությունը հրաժարական տվեց։ Մարտի 21-ին ձևավորվեց նոր կոմունիստական կառավարություն Բելա Կունի գլխավորությամբ և հռչակվեց Հունգարական Խորհրդային Հանրապետությունը։ Մարտի 22-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը առաջինը ճանաչեց նոր պետությունը և Բուդապեշտ ուղարկեց ողջույնի ուղերձ[5]։ Մարտի 22-ին Անդրկարպատներում հռչակվեց սովետական իշխանություն՝ չնայած այդ տարածքին հավակնում էր Արևմտա-Ուկրաինական ժողովրդական Հանրապետությունը։ Մարտի 25-ին կազմավորվեց Հունգարիայի կարմիր բանակը, իսկ մարտի 26-ին հայտարարվեց կոմունիստական կուսակցության կողմից ձեռնարկությունների ազգայնացման մասին։ Մարտի 29-ին հունգարա-չեխոսլովակյան վիճելի տարածում երկու երկրների զինված ուժերի միջև տեղի ունեցան մի քանի խոշոր ընդհարումներ[5]։ Հունգարիան պատերազմ հայտարարեց Չեխոսլովակիային։ Ապրիլի 16-ին ռումինական զորքերը անցան ռումինա-հունգարական սահմանազատման գիծը Տրանսիլվանիայում և սկսեցին հարձակում Սոլնոկ, Տոկայ, Դեբրեցեն, Օրադյա, Կեչկեմետ, Մուկաչևո, Խուստ քաղաքների վրա[5]։ Միաժամանակ սերբերի, խորվաթների և սլովենների նոր ստեղծած թագավորության սահմանին սկսվեցին սերբական զորքերի տեղաշարժեր, իսկ չեխոսլովակյան բանակը հարձակում սկսեց հյուսիսային ռազմաճակատի ուղղությամբ։

1919 թվականի մայիսի 1-ին Չեխոսլովակիան ամբողջությամբ բռնազավթեց Անդրկարպատները և Սլովակիայի մի մասը։ Հունգարական կարմիր բանակին հաջողվեց կանգնեցնել ռումինական զորքերին Տիսա գետի մոտ։ Սկսվեց Հունգարիայի կարմիր բանակի մասսայական զորակոչ։ Մայիսի 30-ին ռումինական և չեխոսլովակյան զորքերի հարձակումը կանգնեցվեց և սկսվեց Հունգարիայի կարմիր բանակի հարձակում հյուսիսային ռազմաճակատում, որը ստացավ «Հյուսիսային քայլարշավ» անվանումը։ Արդյունքում հունգարացիներին հաջողվեց ներխուժել Սլովակիա և հռչակել Սլովակիայի Խորհրդային Հանրապետություն։ Անդրկարպատները հռչակվեցին Մերձկարպատյան Ռուս Հունգարիայի կազմում՝ չնայած փաստացի շարունակում էր գտնվել չեխոսլովակյան բանակի վերահսկողության ներքո։ Միևնույն ժամանակ հունիսին Հունգարիայում սկսվեցին հակասովետական ապստամբություններ[5]։

 
Միկլոշ Հորթիի ելույթը Բուդապեշտում 1919 թվականին

Արդեն հուլիսին սկսվեց Հունգարիայի կարմիր բանակի զորամասերի դուրս բերումը Սլովակիայից։ Հուլիսի 20-ին սկսվեց հունգարական հարձակումը ռումինական ճակատում։ Հունգարական կարմիր բանակի շարքերում դավաճանների գործունեության պատճառով Հունգարիայի ռազմական պլանը հայտնվեց ռումինացիների մոտ, և հուլիսի 30-ին հարձակումը ձախողվեց։ Ռումինացիները ռազմաճակատի ամբողջ երկայնքով անցան հարձակման։ Օգոստոսի 1-ին կոմունիստները դուրս եկան կոալիցիոն կառավարությունից։ Նոր կառավարությունը արձակեց Հունգարիայի կարմիր բանակը և կասեցրեց Հունգարական Սովետական Հանրապետության սահմանադրությունը[5]։ Այսպիսով կոմունիստական օրակարգը տապալվեց։ Օգոստոսի 4-ին ռումինական բանակը մտավ Բուդապեշտ։ Օգոստոսի 6-ին ռումինացիները Հունգարիայի առաջնորդ նշանակեցին արքեպիսկոպոս Ժոզեֆին։ Նա ղեկավար պաշտոնին նշանակվեց օգոստոսի 23-ին Անտանտայի պահանջով[5]։ Հունգարիայի Սովետական Հանրապետության անկումից հետո Իշտվան Բետլեն ու Միկլոշ Հորթին իրենց վերահսկողության տակ վերցրեցին Արևմտյան Հունգարիան։ Նոյեմբերին 11-ին նրանց զորքերը մտան Բուդապեշտ՝ այն հետ վերցնելով ռումինացիներից։ Հորթին դարձավ Հունգարիայի բռնապետը՝ պաշտոնապես կրելով ռեգենտ տիտղոսը։ Նա կառավարեց երկիրը մինչև 1944 թվականը։

1920 թվականի հունիսի 4-ին Հունգարիայի և հաղթող երկրների միջև ստորագրվեց Տրիանոնյան պայմանագիրը, որով հաստատվեց Հունգարիայի ժամանակակից սահմանները։ Ռումինիային անցավ Տրանսիլվանիան և Բանատի մի մասը։ Ավստրիան ստացավ Բուրգենլանդը, Չեխոսլովակիան՝ Անդրկարպատները և Սլովակիան, Հարավսլավիային՝ Խորվաթիան և Բաչկան[6]։ Ռումինիան նաև վերցրեց Բուկովինան՝ չնայած այն չէր մտնում Հունգարիայի կազմի մեջ։ Պայմանագրի ստորագրման պահին այդ տարածքներից ոչ մեկը Հունգարիայի կողմից չէր վերահսկվում։ Պայմանագրի ստորագրման և հսկայական տարածքային կորստից հետո Հունգարիայում հաստատվեց ռևանշիզմ[6]։ Բանը հասավ այն իրավիճակին, որ երկրում հայտարարվեց սուգ։ Ընդհուպ մինչև 1938 թվականը Հունգարիայի բոլոր դրոշները խոնարհված էին, իսկ ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր օր սկսվում էր նախկին սահմաններով երկրի վերադարձմանն ուղղված աղոթքով[6]։

Չեխոսլովակիա և Անդրկարպատներ խմբագրել

Անկախ Չեխիայի և Սլովակիայի կազմավորման համար հանդես եկան մտավորականներն ու ուսանողները։ Ձևավորվեցին ազատագրական շարժման երկու ճյուղեր։ Առաջին խումբը Թոմաշ Մասարիկի, Էդվարդ Բենեշի և Միլան Ռաստիսլավ Ստեֆանիկի գլխավորությամբ մեկնեց արտերկիր և հիմնեց Չեխոսլովակյան ազգային կոմիտե, իսկ մյուսը մնաց երկրում, որտեղ քարոզում էր։ Առաջին խումբը աճակցություն էր ստանում Անտանտի կողմից։ Վերջինիս օգնությամբ եվրոպական երկրներում և հենց Ավստրո-Հունգարիայում իրականացնում էր քարոզչական աշխատանք։ 1918 թվականի հունվարի 6-ին չեխական և զեմյան կայսերական գլխավոր սեյմի պատգամավորների կողմից ընդունվեց հռչակագիր չեխերին և սլովակներին ինքնավարություն շնորհելու պահանջով[3]։

Հոկտեմբերի 12-ին Պրահայում անհնազանդությունների և ապստամբությունների անցկացման համար ստեղծվեց «գործելու կոմիտե»։ Հոկտեմբերի 14-ին Մլադա Բոլեսլավ, Բրանդիս, Պիսեկ, Բռնո, Օստրավա, Կրալուպի և Լաբա քաղաքներում անցկացվեցին ցույցեր։ Այդ ժամանակ էլ հրապարակայնորեն հնչեցին Ավստրո-Հունգարիայից չեխերի և սլովակների հողերի առանձնացման կոչեր։ Չեխիայում կայսերական զորքերը առաջին իսկ օրը ճնշեցին ցույցերը, իսկ Մորավիայում բողոքի ցույցերը ճնշվեցին միայն հոկտեմբերի 16-ին[3]։ Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Չեխոսլովակիայի անկախության մասին հռչակագիրը։ Հոկտեմբերի 24-ին Անտանտում, որը քաղաքական ապաստան էր տվել Մասարիկին և նրա կողմնակիցներին, պաշտոնապես Չեխոսլովակիայի կառավարությունը ճանաչեց որպես Չեխոսլովակիայի ազգային կոմիտե։ Կարելի է ասել, որ այդ քայլի շնորհիվ ստեղծվեց Չեխոսլովակիան։

Հոկտեմբերի 28-ին Ավստրո-հունգարական կառավարությունը Անտանտին նոտա ուղարկեց, որում ասվում էր, որ կայսրության կապիտուլացիայի մասին[1]։ Նոտան կայսրական կառավարության կողմից հրապարակվեց ամբողջ երկրով մեկ, այդ թվում՝ նաև Պրահայում։ Մարդիկ այդ քայլը ընկալեցին որպես ռազմական գործողությունների ավարտ՝ չնայած մարտերը դեռ ընթանում էին։ Ժողովուրդը դուրս եկավ Պրահայի փողոցներ՝ տոնելով այդ իրադարձությունը։ Չեխական ազգային կոմիտեն, օգտվելով կատարվածից, իշխանությունը քաղաքում առանց արյունահեղության վերցրեց։ Նախ և առաջ իրենց վերահսկողության ներքո վերցրեցին մթերային պահեստները, այնուհետև տեղական Ավստրո-հունգարական Դզանանտոնի կայազորի հրամանատարության հետ տարվեցին հաջող բանակցություններ, որպեսզի ուժային գործողություններ չկատարվի։

 
Չեխոսլովակիան 1919 թվականին

Իմանալով, որ քաղաքում իշխանությունը անցել է ազգային կոմիտեին, մարդիկ դուրս եկան փողոցներ, պոկեցին ավստրիական և հաբսբուրգյան դրոշներն ու խորհրդանիշները՝ փոխարինելով դրանք Չեխոսլովակիայի խորհրդանիշներով։ Նրանք ավստրո-հունգարական զինվորների համազգեստից պոկեցին նաև ավստրիական տարբերանշանները։ Այդ քայլը զայրացրեց զինվորականներին, և արյունահեղությունից հազիվ հնարավոր եղավ խուսափել դեպքի վայր եկած ազգային խորհրդի անդամների միջամտությամբ[1]։ Սակայն Սլովակիան նախկինի պես վերահսկվում էր կայսերական զորքերի կողմից, իսկ Չեխիայի սահմանին իրադրությունը սրվում էր ավելի վաղ հռչակված Ավստրիական Հանրապետության և Գերմանիայի հետ, քանի որ տեղի գերմանացիները չէին ցանկանում ապրել իրենց թշնամի համարվող Չեխոսլովակիայում[1]։ Նոյեմբերի 14-ին Պրահայում կազմակերպվեց ազգային հավաք, որինժամանակ Չեխոսլովակիայի նախագահ ընտրվեց Տոմաշ Մասարիկը։

Քանի որ Լեհաստանի հետ սահմանը հստակ չէր սահմանազատված, 1919 թվականի ձմռանը առաջացավ Տեշինյան հակամարտությունը։ Չեխոսլովական բանակին հաջողվեց ոչնչացնել լեհական թույլ զորամասերը և անցնել հարձակման, սակայն հակամարտությանը միջամտեց Անտանտան՝ պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Չեխոսլովակյան զորքերը վերադարձան ելման դիրք։

Հաբսբուրգյան կայսրության անկումից անմիջապես հետո Անդրկարպատների համար սկսվեց պայքար ուկրաինամետների, հունգարամետների և չեխոսլովակամետների միջև։

Հունգարիան չէր ցանկանում կորցնել Անդրկարպատները, ինչի համար դեկտեմբերի 26-ին հռչակեց Կարպատյան Ռոսիայի ինքնավարությունը Հունգարիայի կազմում «Ռուսիա Կրաինա» անվամբ և Մուկաչևո կենտրոնով։ Սակայն 1919 թվականի սկզբին չեխական զորքերը գրավում են Անդրկարպատներն ու Սլովենիան[1], իսկ հունվարի 15-ին մտնում են Ուժգորոդ։ Հունգարիայում սովետական կարգերի հաստատումից հետո Չեխոսլովակիան ու Ռումինիան պատերազմ սկսեցին նրա դեմ։ Չեխոսլովակներն ու ռումինացիները նաև ստիպված էին պայքարել Ուկրաինայի Ժողովրդավարական Հանրապետության դեմ, որը Հունգարիայում ապրող ռուսինների հավաքի ժամանակ ընդունված որոշումից հետո բացահայտ հավակնություններ ներկայացրեց տարածաշրջանի նկատմամբ և զորքերը մտցրեց այնտեղ։ 1919 թվականի մայիսի 8-ին «Ռուսինների կենտրոնական ազգային խորհուրդը» չեխոսլովակյան զորքերի գրաված Ուժգորոդում հայտարարեց ՉՐեխոսլովակիային միանալու որոշման մասին։ Հունգարիան օկուպացրել էր Սլովենիայի հարավ-արևելյան շրջանները՝ այնտեղ հռչակելով Սլովակյան Սովետական Հանրապետություն և Անդրկարպատները անջատելով Պրահայից։ Հուլիսի 30-ին ռումինական բանակը անցավ ռումինական ռազմաճակատում անցավ հաղթական առաջխաղացման և գրավեց Բուդապեշտը։ Հունգարական Սովետական Հանրապետությունը տապալվեց, իսկ Չեխոսլովակիան վերականգնեց իր սահմանների նախկին տեսքը։ Տրիանոնյան համաձայնագրի ստորագրմամբ Անտանտայի միջամտությամբ 1919 թվականի սեպտեմբերի 10-ին Անդրկարպատները անցան Չեխոսլովակիային։

Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն խմբագրել

 
«Լվովյան արծիվները» Լվովի գերեզմանոցի ինքնապաշտպանության ժամանակ, հեղ.՝ լեհ գեղանկարիչ Վ.Կոսակ

Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորությունը, որը կազմավորվել էր Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից անմիջապես հետո, որտեղ հավաքվել էին մի քանի ազգություններ, որոնցից գերակշռողը լեհերն ու ուկրաինացիներն էին։ Թագավորության կազմավորման սկզբից արդեն հակամարտության մեջ էին գտնվում լեհերն ու ուկրաինացիները։ Գաբսբուրգների աջակցությամբ լեհերին երկար ժամանակ հաջողվում էր տարածաշրջանում պահպանել իշխող դիրք, որը վիճարկվում էր ուկրաինացիների կողմից։ Այդ իրավիճակը հանգեցրեց գրեթե մեկդարյա քաղաքական-մշակութային պայքարի։

20-րդ դարի սկզբներին Գալիցիայում մասսայաբար ձևավորվեցին ինչպես ուկրաինական, այնպես էլ լեհական երիտասարդական ռազմական կազմակերպություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց անմիջապես հետո գալիցիական ուկրաինացիները իրենց նպատակ հռչակեցին Գալիցիայի և Ուկրաինայի միավորումը Հաբեսբուրգների իշխանության ներքո։ Երբ պատերազմի ընթացքում՝ 1918 թվականի կայսերական կառավարությունը դե ֆակտո ճանաչեց Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը, տեղացի ուկրաինացիները ակտիվացան։ 1918 թվականի հուլիսի 16-ին Լվովում տեղի ունեցած համագումարում ուկրաինացիները որոշեցին, որ «կայսրության անկումը հատկապես ուժեղ է վերջին երեք ամիսների ընթացքում»։

Լեհերը ակտիվացան աշնան սկզբում։ 1918 թվականի հոկտեմբերի 7-ին լեհական Ռեգենյան խորհուրդը Վարշավայում հայտարարեց Լեհաստանի անկախության վերականգնման ծրագրի մասին։ Հոկտեմբերի 9-ին որոշում ընդունվեց վերածնել Լեհաստանը Ռեչ Պոսպոլիտայի սահմաններով, ինչը գրեթե անհնար էր։ Ուկրաինացիների կողմից հետևեց պատասխան քայլը, և հոկտեմբերի 10-ին ուկրաինական ֆրակցիան Եվգենի Պետրուշևիչի գլխավորությամբ որոշում ընդունեց Լվովում ստեղծել Ուկրաինական ազգային խորհուրդ։ Այն ստեղծվեց հոկտեմբերի 18-ին։ Նախագահ դարձավ Կոստ Լևիցկին։

Հոկտեմբերի վերջին իրադրությունը ավելի սրվեց, քանի որ լեհերը ստեղծեցին «լուծարման հանձնաժողով», որի հիմնական նպատակն էր Գալիցիայի միացումը վերածնվող Լեհաստանի հետ։ Հանձնաժողովը ձևավորվեց Կրակովում և պատրաստվում էր տեղախոխվել Լվով, որտեղից էլ նախատեսում էր ղեկավարել տարածաշրջանը։ Այդ քայլը ստիպեց ուկրաինացիներին հռչակել Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ Նախատեսվում էր անկախությունը հռչակել նոյեմբերի 3-ին։

 
Յուզեֆ Պիլսուդսկի

Ուկրաինական զորամասերը, որոնք նախկինում մտնում էին Ավստրո-Հունգարիայի բանակի կազմում, նոյեմբերի 1-ի գիշերը իրենց վերահսկողության տակ են վերցնում Լվով, Տերնոպոլ, Ստանիսլավով, Զոլոչև, Ռավա-Ռուսկայա, Սոկոլ, Պեչենեժինե, Կոլոմիա և Սնյատին քաղաքների բոլոր պետական հաստատությունները։ Լվովում Ավստրո-Հունգարիայի նշանակած նահանգապետը իր լիազորությունները փոխանցում է ազգությամբ ուկրաինացի փոխնահանգապետ Վլադիմիր Դեդկևիչին։ Նույն օրվա առավոտյան փողոցային մարտեր սկսվեցին լեհ աշխարհազորայինների և ուկրաինական զորամասերի միջև, որը պաշտոնապես համարվում է Լեհ-ուկրաինական պատերազմի սկիզբ։ Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետությունը պաշտոնապես ստեղծվեց նոյեմբերի 10-ին, իսկ Լեհաստանը՝ նոյեմբերի 11-ին։ Նոյեմբերի 12-ին Եվգենի Պետրուշևիչը դարձավ Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության նախագահ։ Լեհաստանը գլխավորեց Յուզեֆ Պիլսուդսկին։

Գործնականում Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության իշխանությունը տարածվում էր միայն Արևելյան Գալիցիայում և որոշ ժամանակ Բուկովինայում՝ չնայած հանրապետութոյունը հռչակված է Անդրկարպատնեևրի վրա, որտեղ ուկրաինացիներ հետաքրքրությունները բախվում էին հունգարացիների և չեխոսլովակների շահերին։ ԱՈւԺՀ-ի իշխանությունը տարածվում էր նաև ամբողջ Գալիցիայում, որի արևմտյան մասը մերթընդմերթ հերթով անցնում էր հակառակորդ կողմերին։ Վոլինը, որը մտավ Լեհաստանի կազմի մեջ։

Նոյեմբերի 21-22-ին կարճատև զինադադարից հետո Լվովում ընթանում էին փողոցային լայնամասշտաբ մարտեր։ Արդյունքում լեհերը իրենց վերահսկողությունը հաստատեցին ամբողջ քաղաքի նկատմամբ, սիկ ուկրաինական զորքերը ստիպված նահանջեցին դեպի քաղաքից դուրս։ Նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին լեհերը վերահսկողություն հաստատեցին Արևմտյան Գալիցիայի ռազմավարական քաղաքներն ու անցան պաշտպանության։ Միաժամանակ Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետությունում ձևավորվեց Ուկրաինական Գալիցիայի կանոնավոր բանակը, որը ձմռանը մի շարք սահմանային անհաջող գրոհներ իրականացրեց։

 
Ուկրաինական չպայթած արկ, որը մնացել է Լվովի վերափոխման եկեղեցու պատին

1918 թվականի վերջին Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության իշխանությունները բանակցություններ սկսեցին Սիմոն Պետլյուրի հետ։ 1919 թվականի հունվարի 3-ին պետությունները հայտարարեցին միավորման մասին, իսկ հունվարի 22-ին ստորագրեց միավորման ակտը, այսպես կոչված «Акт злуки»-ն, որի համաձայն Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետությունը մտավ Ուկրաինական պետության կազմի մեջ՝ դառնալով վերջինիս վարչատարածքային բաժանման սուբյեկտ։ Սակայն այդ քայլը հակամարտությունը կարգավորելու գործին որևէ արդյունք չտվեց։ Լեհերը շարունակեցին հաջողությամբ հարձակվել արևմուտքում։ Երկրում նկատվում էր ռազմամթերքի սակավություն, իսկ Սիմոն Պետլյուրան չէր շտապում օգնության։

Հակամարտությանը բազմիցս միջամտում էր Անտանտը՝ առաջարկելով հաշտություն Լեհաստանի ու Արևմտա-Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության միջև սահմանի հստակեցում, սակայն տարբեր պատճառներով կողմերը չէին գալիս համաձայնության։

Միայն հոկտեմբերի 1-ին լեհերն ու ուկրաինացիները կնքեցին հաշտության պայմանագիր ու որոշակիորեն հստակեցրեցին իրենց սահմանները։ Ամառվա վերջում ուկրաինական զորամիավորումները ոչնչացվեցին դեպի արևմուտք շարժվող խորհրդային զորքերի կողմից։ Լեհ-ուկրաինական պատերազմից հետո սկսվեց սովետա-լեհական պատերազմը։ Լեհերը իրենց առջև նպատակ էին դրել վերածնել Լեհաստանը 1772 թվականի սահմաններով։ 1921 թվականին Ռիգայի պայմանագրով Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը և Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Գալիցիան ճանաչեցին Լեհաստանի մաս։

Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն խմբագրել

 
Ավստրո-Հունգարիայի Բալկանյան թերակղզու քարտեզը 20-րդ դարի սկզբին

Դեռևս 1914 թվականի՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, Բալկանների սլավոնական բնակչությունն աջակցում էր Սերբիային։ Երբ սկսվեց պատերազմը, Ավստրո-Հունգարիայից սերբական զորքեր հեռացավ 35.000 մարդ[7]։ Ավստրո-Հունգարական բանակի հերթական պարտությունից հետո սերբական, խորվաթական, սլովենական և բոսնիական մտավորականույթունն ու քաղաքաքագետները սկսեցին կանխագուշակել պատերազմում Անտանտայի երկրների հաղթանակը։ 1915 թվականին Փարիզում ստեղծվեց Հարավսլավիայի կոմիտեն, որը շուտով տեղափոխվեց Լոնդոն։ Նրա նպատակն էր Բալկաններում սլավոնական բնակչության շրջանում իրականացնել հակաավստրիական արշավ։ Կոմիտեն գլխավորում էր Անտի Տրուբիչը։ Նա հռչակեց սերբերի, խորվաթների և սլովենների միասնությունը և հույս հայտնեց միասնական հարավսլավական պետության ստեղծումը[7]։ Ավստրո-Հունգարիայի ներսում նույնպես նկատվում էին հարավային սլավոնների միավորման գործընթացներ, բայց այս դեպքում Հաբսբուրգների իշխանության ներքո։ 1917 թվականի մարտի 30-ին սլովենական ազգային կուսակցությունը պահանջեց Խորվաթիայի և Սլովենիայի միավորում Ավստրո-Հունգարիայի կազմում։ Կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ նոր կազմավորումը վտանգ չի ներկայացնում և որ «անջատողականության գաղափարներից կարող է օգտվել միայն սերբական քարոզչությունը»[7]։

Ռուսաստանում հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Բոսնիայում և Հերցոգովինայում, Խորվաթիայում և Սլովենիայում սկսեցին տեղի ունենալ լուրջ փոփոխություններ։ Աշնան վերջին թերթերում սկսեցին երևալ կոչեր իշխանություններին դադարեցնելու պատերազմը և անցկացնել։ Աճեց կայսրության մնացած ժողովուրդների նկատմամբ ավստրիացիների գերիշխանության հանդեպ դժգոհությունը։ Նույն թվականի դեկտեմբերի 8-ին Անտոն Կորոշեցը Վիեննայում ավստրիական ազգային ժողովում բարձրագոչ հայտարարություն արեց. - «Կարելի՞ է համարել, որ Ավստրիայում գոյություն ունի հավասարություն և ազատություն, եթե ավստրիացիները, որոնք կազմում են բնակչության փոքրամասնությունը, ունեն մանդատների մեծամասնությունը, իսկ սլավոնները զրկված են ներկայացվածությունից՝ չնայած նրանք թվաքանակով գերազանցում են ավստրիացիներին»[7]։

Երկրում սկսվեց ճգնաժամ։ 1918 թվականի հոկտեմբերին լարվածությունը հասավ գագաթնակետին։ Ավստրո-Հունգարիան պարտվեց, իսկ Սերբիան, ընդհակառակը՝ վերականգնվեց։ 1918 թվականի սեպտեմբերի 15-ին սերբական զորքերը անցան հարձակման։ Միաժամանակ ավստրո-հունգարական բանակի թիկունքումբ՝ Սերբիայում և Չերնոգորիայում սկսվեց ժողովրդական-ազատագրական շարժում։ Նոյեմբերի 1-ին սերբական զորքերը մտան Բելգրադ, իսկ արդեն հաջորդ օրը նրանք լայնամասշտաբ հարձակման անցան Վոյեվոդինայի ուղղությամբ։ Հարավում սերբերը շարժվեցին դեպի Խորվաթիա։ Այդ ընթացքում Սերբիայում ավարտվեց հարավսլավական հարցի լուծման ծրագրի մշակման աշխատանքները։ Նախատեսվեծ միավորել սերբերով, խորվաթներով, սլովեններով և բոսնիացիներով բնակեցված հողերը միասնական թագավորության մեջ Կարագեորգիևիչների գլխավորությամբ։ Բացի այդ ծրագրից, որը կոչվեց Կորֆսկյան հռչակագիր, կային նաև այլ նախագծեր, որոնք համեմատաբար քիչ արմատական էին[7]։

Աշնանը Ավստրո-Հունգարիայի հարավսլավական տարածքներում ձևավորվեցին տեղական և կենտրոնական կառավարություններ։ Երկար ժամանակ նրանք չէին անցնում իրենց պարտականությունների կատարմանը՝ անկախության հռչակման համար սպասելով ավելի բարենպաստ պահի։ Հոկտեմբերի 29-ին վերջերս ստեղծված սերբերի, խորվաթների և սլովենների ժողովրդական վեչեն հյտարարեց իր պատրաստ լինելը տարածաշրջանում իշխանությունը ամբողջությամբ իր ձեռքում կենտրոնացնելու մասին։ Տեղական սլավոնական կազմակերպությունները հայտարարեցին Ավստրո-Հունգարիայի կառավարության հետ համագործակցության դադարեցման մասին, և նույն օրը հռչակվեց Սլավոնների, խորվաթների և սերբերի պետությունը։ Պատմագրության մեջ այդ իրադարձությունը ներկայացվում է որպես պետական հեղաշրջում[7]։

 
Պյոտր I Կարագեորգիևիչ

Նոր պետությունում ժողովրդական վեչեի կողմն անցան Ավստրո-Հունգարական բանակի բազմաթիվ սպաներ, ինքնակառավարման տեղական կազմակերպություններ, դատարաններ, բանակը և այլ ն։ Այդպիսով, իշխանությունը թագավորության մեջ վեչեի ձեռքն անցավ առանց արյունահեղության։

Հոկտեմբերի 31-ին թագավորությունը հայտարարեց պատերազմում չեզոքության մասին, սակայն Ավստրիան ընդհուպ մինչև Ավստրիայի կապիտուլացիան դեռևս շարունակում էր ռազմական գործողությունները[7]։

Նոր պետությունը գոյույթուն ունեցավ ընդամենը մեկ ամիս։ Միջազգային ճանաչում հաջողվեց ստանալ միայն Սերբիայի և Հունգարիայի կողմից, որոնք ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին թագավորության մայրաքաղաք Զագրեբ։ Շուտով սկսվեց տեղական վեչեի խորհուրդների անհնազանդություն, ձևավորվեցին ապստամբական ջոկատներ, պետությունում սկսվեց ամենաթողություն։ Դրությունը վատթարացավ հյուսիսում իտալացիների հարձակումով։ Նրանք գրավեցին խոշոր նավահանգստային քաղաքներ Դալմաթիայում և Սլովենիայում, որտեղ տեղակայվեցին Ավստրո-Հունգարիայի նախկին ամբողջ նավատորմը, որը հայտնվել էր Սերբերի, խորվաթների և սլովենների պետության հսկողության ներքո։

Սերբերի, խորվաթների և սլովենների պետությունը խնդրանքով դիմեց ԱՄՆ-ին, Սերբիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային՝ օգնելու կանխել իտալական զորքերի կողմից երկրի բռնազավթումը։ Սերբիան Սերբերի, խորվաթների և սլովենների պետություն ուղարկեց Դուշան Սիմովիչին։ Նա հարավսլավական բանակի ջոկատներ կազմավորեց, որոնք մասնակցեցին Իտալիայի և Ավստրիայի դեմ մարտերին։

Նոյեմբերի 6-ին Ժնևում Սերբերի, խորվաթների և սլովենների պետության և Սերբիայի միջև տեղի ունեցան բանակցություններ։ Քննարկվեցին միացյալ կառավարության ձևավորման և այդ երկրների հետագա միավորման հարցեր։ Նոյեմբերի 10-ին Փարիզում բանակցություններն ավարտվեցին ընդհանուր կառավարության ձևավորման պայմանավորվածությամբ։ Սակայն մեկ շաբաթ անց երկու կողմն էլ հրաժարվեց այդ գաղափարից։ Նոյեմբերին Սերբերի, խորվաթների և սլովենների պետության կենտրոնական իշխանությունների ենթակայությունից դուրս եկան 12 կոմիտեներ, իսկ Բոսնիայում հռչակվեց ինքնուրույն պետություն Բանյա Լուկա մայրաքաղաքով։ Ավստրիայից դեպի Սերբիա և հակառակ ուղղությամբ մշտապես գործում էր երկաթուղային հաղորդակցությունը։ Վոեվոդինայի Նովի Սադ քաղաքը դարձավ կարևոր երկաթուղային հանգույց։ Չնայած այդ հանգամանքին՝ երկրում սննդամթերքի մարդասիրական փոխադրումն անհնարին էր տրանսպորտային երթուղիների ծանրաբեռնվածության և երկաթուղու որոշ հատվածների ոչնչացման պատճառով։ Նոյեմբերի 19-ին Դալմացիայի կառավարությունը Սերբերի, խորվաթների և սլովենների պետության կառավարությանը ներկայացրեց վերջնագիր սննդամթերքի հարցը լուծելու պահանջով, հակառակ դեպքում այն կենթարկվի Սերբիային։ Դալմացիայինց հետո նմանատիպ վերջնագիր ներկայացրեցին երկրի այլ տարածաշրջաններ։ Կայսրության ծովափնայ հատվածների անհնազանդությունը հանգեցրեց Սերբերի, խորվաթների և սլովենների պետության շրջափակման, և այդ իրավիճակից ելնելով, իրադրության վատթարացման առանց այդ էլ բարոյալքված երկրում։

Նոյեմբերի 24-ին կենտրոնական ժողովրդական հավաքի ժողովում որոշում ընդունվեց միավորվել Սերբիայի հետ։ Նոյեմբերի 29-ին Սերբերի, խորվաթների և սլովենների պետության պատվիրակությունը ժամանեց Բելգրադ։ Բանակցություններից հետո միավորման վերջնական որոշում ընդունվեց. Սերբիայի իշխան-ռեգենտ Պյոտր I Կարագեորգիևիչը միավորման մասին համաձայնություն տվեց։ Դեկտեմբերի 1-ի երեկոյան Բելգրադում տեղի ունեցավ ժողով, որի ժամանակ հռչակվեց հարավսլավական պետությունը։ Բնակչությունը, իմանալով տեղի ունեցածի մասին, փողոց դուրս եկան հանդիսավոր հանրահավաքի։ Տոնակատարությունները տևեցին մի քանի օր։ Սերբիայի մայրաքաղաքի փողոցներում բարձրացվեցին սերբական, սլովենական և խորվաթական դրոշները։

Հարավային սլավոնների՝ մեկ պետության մեջ միավորվելու իրողությունը միջազգային հանրության կողմից տարբեր գնահատականների արժանացավ։ Այսպես, Ամն-ն, Ֆրանսիան և Իտալիան բացասական դիրքորոշում որդեգրեցին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը խորհրդարանի առջև ունեցած իր ելույթում ասա, որ «Ավստրո-Հունգարիայի անկումը չի համապատասխանում մեր պլաններին»։ Սակայն, վերջիվերջո, Անտանտի երկրներն ու մյուս գերտերությունները ճանաչեցին Հարավսլավիան։

Հարավսլավիան գոյություն ունեցավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ այն բռնակցվեց իտալա-գերմանական զորքերի կողմից։ Ազատագրումից հետո երկիրը դարձավ հանրապետություն։

Տնտեսություն խմբագրել

 
Ավստրո-Հունգարական կրոն 10.000 անվանական արժեքով, որը թողարկվել է 1918 թվականին

Ավստրո-Հունգարական կրոնը, որը շրջանառվում էր նախկին կայսրության տարածքում նաև վերջինիս անկումից հետոո, արժեզրկվեց։ Ինֆլացիայի պատճառ հանդիսացավ շրջանառության մեջ արժեթղթերի ավելացումը։ Պատերազմի ամբողջ ընթացքում դրանց թիվը աճեց 13.17 անգամ[8]։ 1914 թվականին կրոնը 30 տոկոսով էէր ապահովված ոսկով, իսկ կայսրության գոյության վերջին ամիսներին նրա ապահովվածությունը կազմեց 1 տոկոս։ Այդ ամենի հետևանքով կրոնի արժեքը ԱՄՆ դոլարի համեմատ անկում գրանցեց 3.5 անգամ, իսկ կյանքի կենսաապահովման մակարդակը աճեց 16.4 անգամ[8]։

Կենսաապահովման մշտապես անկումը ապրանքային տնտեսության վրա բացասաբար էր անդրադառնում։ Ապրանքներ արտադրողները չէին վստահում ազգային արժույթին և նրա դիմաց հրաժարվում էին ապրանքք մատակարարել։ Այս ամենի հետևանքով հաճախակիացան բարտերային գործարքները։ Բացի այդ, ավանդների իրական տոկոսը դարձավ կտրուկ բացասական, և մարդիկ սկսեցին բանկերից ետ վերցնել իրենց խնայողությունները։ Այս ամենի պատճառ կրոնի անկայությունն էր[8]։

Կարևորագույն խնդիրը, որը պետք է լուծեին նորաստեղծ պետությունները, արժույթի կայունացումն էր և հետագա արժեզրկման կանխումը։ Չեխոսլովակիան իրադրությունը փրկելու նախաձեռնությունը վերցրեց իր վրա։ Երկրի կառավարությունը նախ և առաջ դեռևս գոյություն ունեցող Ավստրո-Հունգարական բանկից պահանջեց դադարեցնել ռազմական պարտատոմսերի վճարումը և Ավստրիայի ու Հունգարիայի կառավարությունների վարկավորումը։ Ավելի ուշ բանակցություններ անցկացվեցին կայսերական կենտրոնական բանկի և նոր կազմավորված պետությունների միջև, որի ժամանակ որոշում ընդունվեց թույլատրել բոլոր նոր պետություններին դրամի թողարկումը վերահսկելու գործընթացի վերահսկողներ նշանակել։ Կենտրոնական բանկն իր կողմից պարտավորվեց առանց բոլոր թողարկողներիիմացության չտրամադրել փոխառություններ[8]։

 
Ավստրո-Հունգարական կրոն 200 անվանական արժեքով, որը թողարկվել է 1918 թվականին

Սակայն կայսերական կենտրոնական բանկը շուտով խախտեց նոր պետությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սկսելով փոխառություններով վճարում և Ավստրիայի կառավարության վարկավորում։ Կորցնելով վստահությունը Կենտրոնական բանկի նկատմամբ՝ նորաստեղծ պետությունները սկսեցին իրենք ապահովել իրենց տնտեսությունը։ 1919 թվականի հունվարի 8-ին Խորվաթիայում ստորագրվեց կարգադրություն, որի համաձայն պետք է բոլոր կրոնները դրոշմակնքել, որոնք շրջանառության մեջ էին:, որպեսզի առանձնացնեին նախկին կայսրության մնացած դրամներից։ Փետրվարի 25-ին Չեխոսլովակիայում տեղի ունեցավ Ազգային ասամբլիայի գաղտնի հանդիպում։ Որոշում ընդունվեց ֆինանսների նախարարին շնորհել Չեխոսլովակիայում բոլոր կրոնները դրոշմակնքելու իրավունք։ Նույն գիշերը սահմանները զորքի կողմից փակվեց, մի քանի շաբաթով դադարեցվեցին այլ երկրների հետ փոստային փոխանցումները։ Այդ միջոցառումները իրականացվեցին, որպեսզի կանխվեն թղթադրամների մաքսանենգույունը։ Մարտի 3-ից մինչև մարտի 9-ը իրականացվեց կրոնի դրոշմակնքում, որից հետո ընդունվեց օրենք, որի համաձայն Չեխոսլովակիայում օրինականորեն կարող են օգտագործել միայն չեխոսլովակյան դրամները։ Երկրում կայսերական կենտրոնական բանկի բոլոր բաժանմունքները ազգայնացվեցին[8]։

Չեխիայում և Հարավսլավիայում արժույթի դրոշմակնքումը սպառնում էր Ավստրիային, քանի որ դրոշմակնքված կրոնները հասնում էին այդ երկրներ, ինչն էլ կարող էր հանգեցնել արժեզրկման արագացման։ Այդ իրավիճակը Ավստրիայի կառավարությանը ստիպեց իրակիանացնել դրոշմակնքում իր երկրում։ Հունգարիան իր տեղական դրամը դրոշմակնքեց Ռումինիայի և Չեխոսլովակիայի հետ պատերազմից հետոո, իսկ Լեհաստանը այդ քայլին դիմեց 1920 թվականին[8]։

Ավստրո-Հունգարիայի արտաքին պարտքը հավասարապես բաշխվեց բոլոր նոր կազմավորված պետությունների միջև։ Պարտատոմսերը փոխարինվեցին նորերով. յուրաքանչյուր երկրում իր սեփականը թողարկվեց։ Բոլորը թողարկվում էին այն երկրի անվանական արժեքով, որտեղ թողարկվել էին։ Երկրներից մեկում նախկին կայսրության պարտքի գերաճի առաջացման դեպքում այն հավասարապես պետք է բաշխվեր մնացածների միջև։ Այսպիսով, ազգային տնտեսությունները ձևավորված էին և արդեն գործում էին։ Խաղաղության համաժողովում, որը անցկացվեց համաշխարհային պատերազմից հետո, դրանք օրինականացվեցին։ 1924 թվականի հուլիսի 31-ին կայսերական Կենտրոնական բանկը դադարեց իր գործունեությունը։ Այսպիսով յուրաքանչյուր նորաստեղծ պետություն վարում էր մյուսներից առանձնանալու քաղաքականություն։ Մի մասը արագորեն կարողացավ վերականգնել տնտեսությունը, իսկ մյուսները՝ ճգնաժամ ապրեցին։

Հետևանքներ խմբագրել

 
Ավստրո-Հունգարիայի փլուզման գործընթացները պատկերող քարտեզ, 1919 թվականի իրադրություն

Ավստրո-Հունգարական կայսրության բաժանվեց, երբ հազիվ նոր էր ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմը։ Կայսրության տարածքները բաշխվեցին Ավստրո-Հունգարիայի հարևանների և երկրի տարածքի վրա ստեղծված նոր պետությունների միջև։ Կայսրության ամբողջական փլուզումը Անտանտի հետպատերազմյան պլաններից չէր, և այն միանշանակ չէր ընդունում փլուզման գործընթացները։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կատարվածին վերաբերվում էին ափսոսանքով։ Արևմուտքի կարծիքով կայսրությունը պաշտպանական սահման էր Արևելյան Եվրոպայում, որը պետք է այն պաշտպաներ Ռուսաստանից և Թուրքիայից։ Նոր պետությունների ստեղծումը Արևմուտքին նույնպես դուր չէր գալիս։ Սերբերի, խորվաթների և սլովենների պետության (հետագայում՝ Հարավսլավիան) ստեղծումը ցավագին ընդունեց Իտալիան՝ որպես տարածաշրջանի հավանական հակառակորդ։ Բայց կայսրության անկումն Անտանտի համար նաև դրական կողմ ուներ։ Այժմ Ավստրո-Հունգարիան չէր պատնեշում դեպի Բալկաններ ուղին, որտեղից կարելի է անցնել դեպի թուլացող և անկում ապրող Օսմանյան կայսրություն և Մերծավոր Արևելք։ Անտանտը, ի դեմս վերականգնվող Լեհաստանի, Եվրոպայի արևելյան մասում գտավ ռազմավարական դաշնակցի։ Եվրոպայում ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր համակարգ՝ Վերալպյանը, որով Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև եվրոպական դաշնակիցները ամբողջ Եվրոպայում հաստատեցին իրենց գերիշխանությունը։ Այդ երկրների խոշորագույն հակառակորդները ոչնչացվել էին[9]։

Կապված Ավստրո-Հունգարիայի անկման հետ՝ անհրաժեշտ էր կնքել պայմանագիր վերջինի տարածքների վրա նոր ձևավորված յուրաքանչյուր երկրի հետ։ 1919 թվականի սեպտեմբերի 10-ին Սեն-Ժերմեն քաղաքում Ավստրիայի Հանրապետության հետ կնքվեց Սեն Ժերմենի հաշտության պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի՝ Ավստրիան պետք է ընդունի Ավստրո-Հունգարիայի անկումը և նորաստեղծ պետությունների անկախությունը, ինչպես նաև ընդունի նոր ձևավորված պետական սահմանները։ Անտանտի երկրների կողմից իրենց հերթին ճանաչվեց Ավստրիայի Հանրապետության անկախությունը, որը հռչակվել էր դեռևս 1918 թվականի նոյեմբերի 12-ին։ Քանի որ Ավստրո-Հունգարիային տարբեր տարածքներ էին պատկանում, ապա Ավստրիայի տարևածքային կորուստները սահմանափակվում էին Ցիսլեյտանիայով։ Արդյունքում Ավստրիան կորցրեց[9].

 
Ցիսլեյտանիա (կարմիր գույնի), Տրանսիլվանիա (կապույտ գույնի) և Բոսնիա և Հերցոգովինա (կանաչ գույնի)
  1. Չեխիան, որը մտավ Չեխոսլովակիայի կազմի մեջ,
  2. Սլովենիան, Բոսնիան և Հերցոգովինան, Դալմաթիան և Իստրիան, որոնք մտան Հարավսլավիայի կազմի մեջ,
  3. Հարավային Տիրոլը, որը դարձավ Իտալիայի մաս,
  4. Գալիցիայի և Լոմբարդիայի թագավորությունը, որը դարձավ նորաստեղծ Լեհաստանի մաս։

Բացի այդ ամբողջ ավստրիական բանակը լուծարվեց, իսկ նորը ստեղծվեց պայմանագրայիններից, որի թվաքանակը չպետք է գերազանցեր 30.000-ըԼ Երկրին նաև արգելվեց ունենալ նավատորմ և ավիացիա։ Ամբողջ երկրում զենքը պետք է արտադրեր միայն մեկ գործարան, որը պետք է լիներ պետական սեփականություն։ Ավստրիան նաև պետք է վճարեր ռազմատուգանք և առանց նորաստեղծ Ազգերի լիգայի համաձայնության չպետք է խախտեր սեփական ինքնավարությունը, այսինքն՝ միանալ այլ պետություններին։ Դրանից հետո լուծարվեց Ավստրիայի և Գերմանիայի դաշինքը[9]։

Հունգարիայի հետ, որպես համաշխարհային պատերազմի մասնակցի, նույնպես կնքվեց պայմանագիր։ Այն ստորագրեցին 1920 թվականի հունիսի 4-ին Վերսալում՝ Տրիանոնյան պալատում, որից էլ ստացել է իր անվանումը՝ Տրիանոնյան պայմանագիր։ Հունգարիայն Ավստրիայի պես լուծարեց իր բանակը, և իրավունք ուներ պահել միայն մինչև 35.000-անոց բանակ։ Բացի այդ, Հունգարիային նաև արգելվեց ունենալ նավատորմ, ավիացիա, ծանր հրետանի և տանկեր։ Երկիրը նաև պարտավոր էր վճարել ռազմատուգանք։ Հունգարիայի՝ նախկին Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող տարածքները նույնպես վերանայվեցին։ Սեն Ժերմենի պայմանագրի համաձայն Հունգարիան կորցրեց[9]. Տրանսիլվանիան, որը մտավ Ռումինիայի կազմի մեջ, Խորվաթիան, որը դարձավ Հարավսլավիայի մաս, Սլովակիան և Անդրկարպատները, որոնք անցան նորացտեղծ Չեխոսլովակիային, Ռիեկայի նավահանգիստըմ որը գտնվում էր Ադրիատիկի ափերին, անցավ Անտանտի վերահսկողությանը, որպեսզի հետագայում պետք է վերաձևափոխվեր ազատ քաղաքի։ Սակայն 1920 թվականին քաղաքը գրավվեց իտալացի բանաստեղծ Գաբրիելե դը Անունիցիոյի կողմից։ Գաբրիելեն հռչակեց Ֆիումեի հանրապետություն, որը նույն թվականին լուծարվեց իտալական ռազմա-ծովային ուժերի կողմից։

 
Սեն-Ժերմենի հաշտության պայմանագրի ստորագրման արարողությունը։ Ավստրիայի կանցլեր Ռենները դիմում է պատվիրակներին

Ավստրո-Հունգարիայի անկումից հետո առաջացած սահմանները հետագայում փոփոխվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, սակայն պատերազմի ավարտից հետո վերականգնվեցին, բացառությամբ Բուկովինայի, Անդրկարպատների և Գալիցիայի, որոնք անցան ԽՍՀՄ-ին։ Երկրորդ անգամ այդ սահմանները փոփոխվեցին Չեխոսլովակիայի բաժանումից և Հարավսլավիայի անկումից հետո, բայց Հունգարիան և Ավստրիան ամբողջությամբ գտնվում են 1919 և 1920 թվականների սահմաններում։

Կայսրության անկման էական նշանակությունը հանդիսացավ նորաստեղծ երկրներում ազգայնականության աճը և որպես հետևանք՝ կայսրության գաղափարախոսության փոխարինումը ազգայինով, ինչպես նախկին կայսրության տարածքում ապրող ժողովուրդների միջև մշակութա-գաղափարական տարբերությունների ի հայտ գալը։ Շատ ժողովուրդներ այդպես էլ չհասան ինքնորոշման։ Այդպիսիններից էին ուկրաինացիները, որոնց պետությունը լուծարվեց, իսկ նրա տարածքը մտավ Լեհաստանի կազմի մեջ։ Չեխերը, սլովակները և ռուսինները ապրում էին նույն պետության մեջ։ Այդպիսով, բազմաթիվ ժողովուրդնեի դրությունը վատթարացավ։ Եթե Ավստրո-Հունգարիայի կազմում նրանք ունեին ինչ-որ ինքնակառավարում և ազգային ժողովում իրենց ներկայացուցիչները ունենալու իրավունք, ապա նորաստեղծ պետությունների կազմի մեջ լուծարվեցին նրանց ինքնակառավարման մարմինները։ Հետագայում յուրաքանչյուր նոր երկիր գնաց զարգացման իր ուղիով, և նրանց միջև տարբերությունները աստիճանաբար աճեցին։

Այլընտրանքային առաջարկություններ խմբագրել

 
ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոն

19-րդ դարից սկսած մինչև Ավստրո-Հունգարիայի անկումը, կայսրության հարավում ապրող սլավոնները պանսլավոնիզմի գաղափարների ազդեցության հետևանքով բազմիցս բարձրացրել էին դուալիստական միապետությունից դաշնային պետության անցնելու հարցը։ Ըստ նրանց՝ այդ պետությունը պետք է կազմված լիներ երեք մասից[7]։ Այդ մասերը պետք է լինեին Ավստրիան, Հունգարիան և Սլավիան, որը պետք է ձևավորվեր սլավոն գերակշիռ բնակչություն ունեցող տարածքներից։ Սլավիան պետք է մտներ դաշնության մեջ Ավստրիայի և Հունգարիայի հետ հավասարության սկզբունքով։ Գործնականում այդ գաղափարն այդպես էլ չիրականացավ՝ չնայած Բոսնիան և Հերցեգովինան ստացան իրենց առանձին բյուջեն և սեյմը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկու կռվող կողմերն էլ կարծիք հայտնեցին Ավստրո-Հունգարիայի պահպանման մասին։ Նախատեսվել էր այն վերակազմավորել և նոր պետություն ստեղծել, որտեղ բոլոր ժողովուրդները կունենային հավասար իրավունքներ։ Այդ գաղափարը չհաջողվեց իրականություն դարձնել պատերազմի և կայսրությունում անհանդուրժողականության ալիքի պատճառով։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ավստրո-Հունգարիայի՝ դաշնային պետության վերափոխման գաղափարը արտահայտեց նաև ԱՄՆ-ի նախագահ Վ.Վիլսոնը կոնգրեսին ուղղված իր առաջարկությամբ։ Նրա ծրագիրը համաշխարհային պատերազմի կարգավորման մասին էր, որը ուներ 14 կետ։ Այն ներառում էր Ավստրո-Հունգարական կայսրության ժողովուրդներինինքնավարության տրամադրումը[3]։ Բայց Ավստրո-Հունգարիայի լեհական տարածաշրջանները պետք է մտնեին լեհական պետության կազմի մեջ։ Հոկտեմբերի 18-ին Վ.Վիլսոնը հայտարարեց, որ «պետք չէ ֆեդերալիզմ խաղալ. կայսրության ժողովուրդները ցանկանում են ստանալ լիակատար անկախություն»[7]։

Հոկտեմբերի 16-ին Կարլ I կայսրը հրապարակեց հրովարտակ, որի մեջ ասվում էր Ավստրո-Հունգարիայի կայսրության՝ նքնուրույն պետությունների դաշնության վերափոխման մասին[3].

Ավստրիան, իր ժողովուրդների ցանկության համաձայն, պետք է դառնա դաշնային պետություն... Ժովովուրդներին, որոնց ինքնորոշման հիման վրա կհիմնվի նոր կայսրություն, դիմում եմ ես. մասնակցեք այս մեծ գործին ազգային խորհուրդների միջոցով, որոնք պետք է ներկայացնեն ժողովուրդների շահերը իրար միջև հարաբերություններում և իմ կառավարությամբ։ Թող դուրս գա մեր հայրենիքը ռազմական փոթորկից որպես անկախ ժողովուրդների դաշինք:

Ազգային խորհուրդները, որոնց ստեղծման կոչ էր անում միապետը, առաջացան, բայց նրանք զբաղվեցին ոչ թե Ավստրո-Հունգարիայի դաշնայնացմամբ, այլ սատարեցին իրենց ժողովուրդների անկախության գործընթացին, որն էլ վերջիվերջո, վերջնականապես փլուզեց մասնատված կայսրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Крушение империи: как создавалась Чехословакия» (ռուսերեն). UA-Reporter.com. 28.10.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 7 ноября 2008-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Шапошников Б. М. Мозг армии. — Военная мысль.(ռուս.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Революция и распад Австро-Венгрии 1918 г.» (ռուսերեն). ХРОНОС. 04.12.2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 8 ноября 2008-ին.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Австрия в XX веке» (ռուսերեն). ХРОНОС. 15.12.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 15 ноября 2008-ին.(ռուս.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Венгерская Советская республика 1919 г.» (ռուսերեն). ХРОНОС. 04.12.2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 8 ноября 2008-ին.(ռուս.)
  6. 6,0 6,1 6,2 Мерников А. Г., Спектор А. А. Всемирная история войн. — Минск, 2005.(ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Писарев Ю.А. (1992). Создание Югославского государства в 1918 г.: уроки истории. Новая и новейшая история.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Pasvolsky L., Economic Nationalism of Danubian States, pp. 38—47.(անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 Б. М. Меерсон, Д. В. Прокудин. «Версальская система международных отношений». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 16-ին.(ռուս.)

Գրականություն խմբագրել

  • Sked Alan The Decline And Fall of the Habsburg Empire, 1815–1918. — London: Longman, 1989.(անգլ.)
  • József Botlik Csehszlovákia nemzetiségi politikája Kárpátalján 1919 — 1938-1939.(հունգարերեն)
  • Під прапором Великого Жовтня: збірник документів. — Ужгород, 1959.(ուկր.)
  • Wandycz P.S. The Lands of Partitioned Poland, 1795-1918. — London: Seattle & London, 1996.(անգլ.)
  • Трайнин И.П. Национальные противоречия в Австро-Венгрии и её распад. — Москва-Ленинград, 1947.(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել