ՀԽՍՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության նախարարություն ՀՍՍՀ, պետական կառավարման կենտրոնական մարմին։ Կազմակերպվել է ՀՍՍՀ Հեղկոմի կողմից, 1920 թվականի, դեկտեմբերի 12-ին, որպես Արդարադատության ժողովրդական կոմիսարիատ։ Գործել է ՀՍՍՀ ԿԳԿ-ի նախագահության՝ 1923 թվականի, դեկտեմբերի 29-ին ընդունած կանոնադրությամբ։ Նրան կից էր դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվել է և վերստին ստեղծվել 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և գերագույն դատարանը։ 1936-ին արդարադատության ժողկոմատից անջատվել են դատախազական և քննչական մարմինները, որոնք անմիջականորեն ենթարկվել են ՍՍՀՄ դատախազությանը։ 1936 թվականին ժողկոմատը վերակազմվել է Ա․ մ-յան և գործել մինչև 1959 թվականի ապրիլի 13-ը։ 1959 թվականից (Ա․ մ․ վերացվելուց հետո) մինչև 1970 թվականը նրա ֆունկցիաները կատարել են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը (ստեղծվել է 1959 թվականի ապրիլի 3-ին)։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով վերստեղծվել է ՀՍՍՀ Ա․ մ․։ Նրա հիմնական խնդիրներն են՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը։ Ա․ մ․ մասնակցում է նաև գործող օրենսդրության համակարգմանը։

ՀՍՍՀ արդարադատության ժողկոմներ են եղել Ս․ Բադդատյանը (1920—1921), Ա․ Կարինյանը (1921), Ա․ Շահվերդյանը (1921), Դ․ Շահվերդյանը (1922-1923), Լ․ Վարդապետյանը (1924—1927), Զ․ Աշրաֆյանը (1927—1929), Ա․ Հովսեփյանը (1929, 1936—1937), Ս․ Խանոյանը (1929—1930), Պ․ Թորոսյանը (1933-1936), Ալի Մահմեդով Մաֆար Հուսեին Զաղեն (1937—1941), Գ․ Նազարյանը (1941—1946),մինիստրներ՝ նույն Գ․Նազարյանը (1946—1948), Հ․ Մեղավորյանը (1948—1951),Ա․ Կարապետյանը (1951—1959)։ 1970 թվականից մինիստր է Ա․ Գևորգյանը։ Ա․ Լալայան:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 8 CC-BY-SA-icon-80x15.png