ՀԽՍՀ Գերագույն դատարանը Հայկական ԽՍՀ դատական բարձրագույն մարմինն է։ Նրա վրա է դրված ՀԽՍՀ բոլոր դատական մարմինների գործունեության հսկողությունը։ Ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք։ Իբրև Գերագույն դատարան կազմավորվել է 1925 թվականի հունվարին, 1923 թվականի մայիսի 5-ից Երևանում գործող հանրապետության վճռաբեկ դատարանի փոխարեն։ ՀԽՍՀ Գերագույն դատարանի կազմումը, գործունեությունը և կառուցվածքը որոշվում է ՀԽՍՀ Սահմանադրությամբ և համանման է ԽՍՀՄ Գերագույն դատարանին։ Ունի քաղաքացիական գործերի և քրեական գործերի դատական կոլեգիաներ, նախագահություն և պլենում։ Քաղաքացիական գործերի դատական կոլեգիային իրավունք է վերապահված ժողովրդական դատարանից վերցնել ցանկացած քաղաքացիական գործը և այն վարել՝ որպես առաջին ատյանի դատարան։ Քրեական գործերի դատական կոլեգիան, որպես առաջին ատյանի դատարան, քննում է պետական, սոցիալիստական տնտեսության, արդարադատության, անձի դեմ ուղղված և այլ ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր։ Իբրև վճռաբեկ ատյանի դատարաններ, կոլեգիաները քննում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած վճիռների, դատավճիռների և որոշումների դեմ տրված վճռաբեկ գանգատները։ ՀԽՍՀ բարձրագույն դատական ատյանը ՀԽՍՀ Գերագույն դատարանի պլենումն է՝ կազմված նախագահից, տեղակալներից և անդամներից։ Պլենումը նիստեր է գումարում առնվազն 3 ամիսը մեկ անգամ։ Քննում է Գերագույն դատարանի նախագահության քրեական և քաղաքացիական գործերով կայացրած որոշումների դեմ տրված գանգատները, դատական պրակտիկայի ուսումնասիրության նյութերը, դատարաններին ղեկավար պարզաբանումներ է տալիս ՀԽՍՀ օրենսդրությունը կիրառելու հարցերով, միջնորդություն է հարուցում ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության առջև այն հարցերով, որոնք պահանջում են օրենսդրական լուծում և օրենքների մեկնաբանում, հաստատում է դատական կոլեգիաների կազմերը, լսում նրանց հաշվետվությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։