Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան

Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան (ղազ.՝ Әбілхан Қастеев атындағы Қазақстан Республикасының мемлекеттік өнер музейі), Ղազախստանի ամենախոշոր կերպարվեստի թանգարանն է և առաջատար գիտահետազոտական, մշակութային ու կրթական կենտրոնը կիրառական արվեստի բնագավառում։ Գտնվում է Ալմաթիում։ Կազմակերպվել է 1976 թվականին[1]։

Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ղազախստան
ՏեղագրությունԱլմաթի
Հիմնադրվել է1976
ՏնօրենԳուլմիրա Շալաբաևա
Կայքgmirk.kz
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1935 թվականին «Ղազախական ԽՍՀ կազմավորման 15-ամյակին» նվիրված ցուցահանդեսի անցկացումից հետո կազմակերպվել է Ղազախստանի Տարաս Շևչենկոյի անվան պետական գեղարվեստական պատկերասրահը։ Պատկերասրահը սկսել է աշխատանքներ տանել ղազախ, ինչպես նաև արտասահմանցի նկարիչների ստեղծագործությունների հավաքագրման ուղղությամբ[2]։ 1936 թվականին Ալիբի Ջանգիլդինի անձնական խնդրանքով Մոսկվայի կերպարվեստի պետական ​​թանգարանից պատկերասրահին են փոխանցվել արևմտաեվրոպական հեղինակների մոտ 100 ստեղծագործություններ։ Ռուսական թանգարաններից ստացումների երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1950-ական թվականներին, հիմնականում Էրմիտաժից[3]։

1966 թվականին Դրեզդենի պատկերասրահին է վերադարձվել գերմանացի նկարիչ Կառլ Բեգասի «Վիլհելմինա Շրյոդեր-Դևրիենտի դիմանկարը» կտավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բերվել է Գերմանիայից որպես պատերազմական ռազմավար[4]։

1970 թվականին կազմակերպվել է Ղազախստանի ժողովրդական կիրառական արվեստի թանգարանը, որը հավաքել, պահպանել, ուսումնասիրել և ցուցադրել է ղազախական ժողովրդական կիրառական արվեստի ստեղծագործությունները[5]։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին Ղազախստանի Տ. Գ․ Շևչենկոյի անվան պետական գեղարվեստական պատկերասրահի և Ղազախստանի ժողովրդական կիրառական արվեստի թանգարանի հավաքածուի հիման վրա կազմակերպվել է Ղազախական ԽՍՀ արվեստի պետական ​​թանգարանը[6]։ Նույն թվականից թանգարանը գտնվում է ժամանակակից շենքում[7]։

1984 թվականին Ղազախական ԽՍՀ արվեստի պետական ​​թանգարանն անվանակոչվել է տաղանդավոր ղազախ նկարիչ, ղազախական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Աբիլխան Կաստեևի անունով[7]։

ԽՍՀՄ-ից Ղազախստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո խորհրդային տարիներին ռուսական թանգարաններից ստացված բազմաթիվ գործեր չեն վերադարձվել։ 2024 թվականի դրությամբ այդ աշխատանքները պահվում են ֆոնդերում և կազմում են Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ժամանակակից պետական ​​թանգարանի մշտական ​​ցուցադրության «մարգարիտը»։

2014 թվականին բացվել է Կաստեևի տուն-թանգարանը, որը վարչականորեն համարվում է Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական ​​թանգարանի մի մաս։

2024 թվականի դրությամբ թանգարանի հիմնական ֆոնդը բաղկացած է թանգարանային ցուցանմուշների ավելի քան 25000 միավորից։

Թանգարանի շենք

խմբագրել

Խորհրդային մոդեռնիզմի ոճով շենքը կառուցվել է հատուկ թանգարանի համար 1976 թվականին՝ Վեսնովկա գետի ափին։ Նախագծի հեղինակներն են Էլազա Կոնստանտինովնա Կուզնեցովան, Օլգա Նիկոլաևնա Նաումովան և Բ. Մ. Նովիկովը, կոնստրուկտորները՝ Զ. Ա. Սուխանովան, Մ. Լ. Կաշարսկին և Բ. Ցիգելմանը։

Թանգարանի գավիթը համապատասխանում է ղազախական ազգային ճարտարապետության ավանդական ծավալատարածական տեխնիկային, պլաստիկ և գունագեղորեն հագեցած է քանդակագործության, գեղանկարչության գունային շեշտադրումներով և թաղիքե պտտվող դեկորատիվ կառուցվածքներով։ Մուտքը, որը գտնվում է կողային ճակատին, ընդգծված է քիվով, որը հենված է քառակուսի մարմարե սյուների վրա։ Առանձնահատուկ արտահայտչություն է հաղորդում տանիքի քառանիստ ապակե բուրգը, որով լուսավորվում է շենքի կենտրոնական մասը, ինչպես նաև երկմակարդակ «Պարբերական» սրահի վերին շրջանցիկ պատկերասրահները։ «Լապտերների» բրգաձև ծավալները լուսավորում են երրորդ հարկի սրահները։

Կենտրոնում տեղակայված է ծառերով, ծաղկանոցներով և դեկորատիվ լողավազաններով բակը, որը ծառայում է որպես «թանգարանային հոգնածությունը» թեթևացնելու արդյունավետ միջոց[8]։

1979 թվականի ապրիլի 4-ին ընդունվել է Ալմաթիի Ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի թիվ 139 որոշումը «Ալմաթի քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցանկը հաստատելու մասին», որտեղ նշված է եղել նաև թանգարանի շենք[9]։ Որոշումը նախատեսել է պաշտպանական պարտավորության պաշտոնականացում և հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում։

1982 թվականի հունվարի 26-ին շենքն ընդգրկվել է Ղազախական ԽՍՀ հանրապետական ​​նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում[10]։

Աբիլխան Կաստեևի հուշարձան

խմբագրել

Նկարչի հարյուրամյակի կապակցությամբ 2004 թվականին Աբիլխան Կաստեևի հուշարձանը տեղադրվել է Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական ​​թանգարանի շենքի դիմաց։ Հուշարձանի քանդակագործը Նուրլան Դալբաևն է։

Հուշարձանը ձուլված է բրոնզից նստած նկարչի պատկերով՝ գունապնակն ու վրձինը ձեռքին։ Կոմպոզիցիան ներկայացված է կարմիր-շագանակագույն մարմարից պատրաստված պատվանդանի վրա։ Պատկերի կերտարվեստական լուծումն աչքի է ընկնում պարզությամբ, բարությամբ ու իմաստությամբ, ինչով էլ միշտ վարպետը դեպի իրեն է գրավել շատերին։ Կոմպոզիցիայի հեղինակն այդ վստահելի ինտոնացիան ուժեղացնում է նկարի շրջանակով և վարագույրով, որոնք նկարչի արհեստանոցի մշտական ​​բնորոշ ատրիբուտներն են եղել[11]։

Հուշարձանը տեղադրվել է Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական ​​թանգարանի մուտքի և շատրվանների ձախ կողմում՝ Սաթպաևի փողոցին ավելի մոտ։ Հուշարձանը նայում է Մուսրեպովայի բուլվարին։

2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվել է Ալմաթի քաղաքի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների նոր ​​ցուցակը, որով անվավեր են ճանաչվել բոլոր նախկին որոշումները[12]։ Այդ որոշմամբ պահպանվել է Աբիլխան Կաստեևի հուշարձանի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Պաշտպանական գոտիների սահմանները հաստատվել են 2014 թվականին[13]։

Թանգարանային ֆոնդ

խմբագրել

Ղազախստանի արվեստ

խմբագրել

Թանգարանը ներառում է ղազախ վարպետների գեղանկարների, քանդակների և գրաֆիկայի ամենամեծ հավաքածուն՝ ներառյալ առաջին ղազախ նկարիչ Աբիլխան Կաստեևի, ինչպես նաև Աիշա Գալիմբաևաի, Գուլֆայրուս Իսմաիլովայի, Մոլդախմետ Կենբաևի, Լեոնիդ Լեոնտևի, Սաբուր Մամբեևի, Քամիլ Մուլլաշևի, Խակիմժան Նաուրիզբաևի, Եվգենի Սիդորկինի, Մ. Տ. Տելժանովի, Բակի Ուրմանչեի, Ռուստամ Խալֆինի, Աբրամ Չերկասսկու և այլ վարպետների աշխատանքներ։

Թանգարանում պահվում է հայտնի ռուս ավանգարդիստ նկարիչ Սերգեյ Կալմիկովի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն (ավելի քան 1100 աշխատանք), որն ընդգրկում է նրա ստեղծագործության ինչպես ռուսական, այնպես էլ ղազախական ժամանակաշրջանները, այդ թվում՝ հանրահայտ «Կարմիր ձիեր» կտավը (1911), որը ենթադրաբար ծառայել է որպես Կուզմա Պետրով-Վոդկինի «Կարմիր ձիու լողացնելը» գլուխգործոցի նախատիպ (1912)։ Թանգարանում պահվում է նաև 1938 թվականին Ռուսաստանից Ղազախստան աքսորված հրեա քանդակագործ Իսաակ Իտկինդի փայտե քանդակների նշանակալի հավաքածուն։

 
Աբիլխան Կաստեև, «Հարսնացուի առևանգում», ԽՍՀՄ, Մոսկվա, Ն. Կ. Կրուպսկայայի անվան գեղարվեստական ​​ստուդիա, 1937

Թանգարանն ունի Ղազախստանի դեկորատիվ և կիրառական արվեստի տպավորիչ հավաքածու։ Թանգարանում պահվում են նաև թաղիքե և խավավոր գորգերի, կաշվե և փայտե արտադրանքների հավաքածու։

Արտասահմանյան արվեստ

խմբագրել

Արտասահմանյան արվեստի հավաքածուն ամենամեծն է Կենտրոնական Ասիայում և ներառում է արվեստի շուրջ 7500 միավոր գեղարվեստական ստեղծագործություն Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ֆլանդրիայից, Գերմանիայից, Անգլիայից, Հայաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, ինչպես նաև դեկորատիվ և կիրառական արվեստի աշխատանքներ և գրաֆիկա Հնդկաստանից, Չինաստանից, Կորեայից և Ճապոնիայից։

18-20-րդ դարերի ռուսական արվեստի հավաքածուն ներառում է ռուսական ուղղափառ սրբապատկերներ, Հովհաննես Այվազովսկու, Լեոն Բակստի, Վիկտոր Բորիսով-Մուսատովի, Վլադիմիր Բորովիկովսկու, Իսահակ Բրոդսկու, Ֆեոդոր Բրոննիկովի, Վասիլի Վերեշչագինի, Ալեքսանդր Դեյնեկայի, Նիկոլայ Դոսեկինի, Օրեստ Կիպրենսկու, Պյոտր Կոնչալովսկի, Պավել Կորինի, Բորիս Կուստոդիևի, Իսահակ Լևիտանի, Դմիտրի Լևիցկու, Կոնստանտին Մակովսկու, Վասիլի Մաքսիմովի, Նիկոլայ Նովիկովի, Կապիտոն Պավլովի, Ալեքսեյ Պարիգինի, Կուզմա Պետրով-Վոդկինի, Արկադի Պլաստովի, Իլյա Ռեպինի, Օլգա Ռոզանովայի, Ֆեոդոր Ռոկոտովի, Ալեքսեյ Սավրասովի, Վասիլի Տրոպինինի, Նիկոլայ Խլուդովի, Իվան Շիշկինի, Կոնստանտին Յուոնի և մյուսների աշխատանքներ։

Հավաքածուում առկա են Ռեմբրանդտի օֆորտը, հայ պերեդվիժնիկ նկարիչ Վարդգես Սուրենյանցի «Լքվածը» կտավը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Համիդյան ջարդերին, Սեբաստիան Բուրդոնի, Շառլ-Ֆրանսուա Դոբինյիի, Գասպար Դյուգեի, Ալբրեխտ Դյուրերի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Ֆրանս Պուրբուս Կրտսերի, Մարտիրոս Սարյանի, Ֆրանս Հալսի, Մարտին Շոնգաուերի, Տատյանա Յաբլոնսկայայի աշխատանքներից։

Թանգարանում ցուցադրված են Ժան Անտուան Հուդոնի, Անտուան Կուազևոքսի և Գուլիելմո Պուջիի քանդակները։

Գործունեություն

խմբագրել

Թանգարանի հիմնական խնդիրներից են համարվում հավաքել, պահել, գրանցել և ցուցադրել ղազախական և համաշխարհային արվեստի գործերը։

Թանգարանի 14 սրահներից 11-ն ունեն մշտական ​​ցուցադրություններ՝ Ղազախստանի ժամանակակից քանդակ, Աբիլխան Կաստեևի հուշահամալիր, ղազախական ժողովրդական կիրառական արվեստ, Ղազախստանի կերպարվեստ, ռուսական արվեստ, արևմտաեվրոպական արվեստ, խորհրդային շրջանի արվեստ, Արևելքի արվեստ, Ժամանակավոր ցուցադրությունների համար հատկացված է երեք սրահ։

Թանգարանի աշխատանքի կարևոր ուղղություններից է արվեստի պատմության տեսության, թանգարանագիտության և արվեստի գործերի պահպանման ու կոնսերվացիայի մեթոդների կիրառական և հիմնարար գիտական ​​հետազոտությունները։ Թանգարանն ունի 9 գիտական ​​բաժին՝ ֆոնդ, ռեստավրացիա, Ղազախստանի կերպարվեստ, Ղազախստանի կիրառական արվեստ, ռուսական և արտասահմանյան արվեստ, խորհրդային շրջանի արվեստ, ցուցահանդեսներ և ցուցադրություններ, էքսկուրսիոն մասսայական աշխատանքներ, նորարարական տեխնոլոգիաների և հրատարակչական աշխատանքների բաժին։ Տարբեր տարիների ընթացքում թանգարանում աշխատել են՝ Լ. Գ. Պլախոտնայան, Ե. Բ. Վանդրովսկայան, Ն. Մ. Վուլը, Կ. Տ. Տելժանովը, Ս. Բ. Կումարովան, Ռ. Տ. Կոպբոսինովան, Լ. Ֆ. Մարչենկոն, Լ. Պ. Ուսաչևան, Գ. Ն. Խրեյը, Մ. Ռ. Բայմուհամմեդովան, Բ. Կ. Բարմանկուլովան, Վ. Ս. Բուչինսկայան, Կ. Վ. Լին, Լաուրա Ուրազբեկովան, Շ. Տոխտաբաևան, որոնք եղել են թանգարանային գործունեության կազմակերպման և Ղազախստանի արվեստի պատմության ձևավորման ակունքներում։ Թանգարանում անցկացվում են միջազգային գիտական ​​կոնֆերանսներ, որոնցում քննարկվում են արվեստի պատմության տարբեր տեսական և գործնական հարցեր՝ «Քոչվորների մշակույթը դարասկզբին՝ սկզբնավորման և ձևափոխման խնդիրները», «Ղազախստան 2030։ Մշակույթը կայուն զարգացման ռազմավարությունում», «Մշակույթի էվոլյուցիոն դերը 21-րդ դարում մտածողության ձևավորման գործում», «Ղազախստանի թանգարանը և գեղարվեստական ​​կյանքը ներկա փուլում», «Ղազախստանի արվեստը 3-րդ հազարամյակի շեմին», «Անկախ Ղազախստանի արվեստը», «Դարի ժառանգությունը», «Արվեստի թանգարանը և նրա դերը ժամանակակից մշակույթի համատեքստում», «Նկարիչը և դարաշրջանը։ Աբիլխան Կաստեևը և Կենտրոնական Ասիայի կերպարվեստը 19–20-րդ դարերում»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Государственный музей искусств им. А. Кастеева // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2005. — Т. II. — ISBN 9965-9746-3-2. (CC BY-SA 3.0)
  2. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 589. — 31 300 экз. — ISBN 5-89800-023-2.
  3. «Откуда родом наши сокровища?». ТОО "Агентство Kazakhstan Today", медиа портал «Караван». Автор: Марина Хегай. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Как «Дама в черном» вернулась в Дрезден». ТОО "Агентство Kazakhstan Today", медиа портал «Караван». Автор: Марина Хегай. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 391. — 31 300 экз. — ISBN 5-89800-023-2.
  6. Алма-Ата. Энциклопедия / Гл. ред. Козыбаев М. К.. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1983. — С. 372. — 608 с. — 60 000 экз.
  7. 7,0 7,1 Казахская ССР: краткая энциклопедия / Гл. ред. Р. Н. Нургалиев. — Алма-Ата: Гл. ред. Казахской советской энциклопедии, 1991. — Т. 4: Язык. Литература. Фольклор. Искусство. Архитектура. — С. 184. — 31 300 экз. — ISBN 5-89800-023-2.
  8. «Достопримечательности Алматы :: Музеи». dostoprim.almaty.kz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Решение Исполнительного комитета Алма-Атинского городского Совета народных депутатов от 4 апреля 1979 года № 139 «Об утверждении списка памятников истории и культуры города Алма-Аты» (с изменениями от 21.05.1999 г.) (утратило силу)». Информационная система ПАРАГРАФ. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Постановление Совета Министров Казахской ССР от 26 января 1982 года № 38 «О памятниках истории и культуры Казахской ССР республиканского значения»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  11. «Кастееву памятник | Энциклопедия». web.archive.org. 2017 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы - ИПС "Әділет"». adilet.zan.kz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «Об утверждении границ охранных зон, зон регулирования застройки и зон охраняемого природного ландшафта объектов историко-культурного наследия города Алматы - ИПС "Әділет"». adilet.zan.kz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազախստանի Հանրապետության Աբիլխան Կաստեևի անվան արվեստի պետական թանգարան» հոդվածին։