Գավիթ (ճարտարապետություն)

Գավիթը (լատին․՝ atrium, հոգնակի թիվը թե՛ բրիտանական և թե՛ ամերիկյան անգլերենում՝ atria կամ atriums[1]) ճարտարապետության մեջ կառույցի ընդարձակ, բացօթյա կամ երդիկանման հավելումն է[2]։ Հին հռոմեական ճարտարապետության մեջ գավիթը եղել է ընդհանուր առանձնահատկություն՝ կառույցի ինտերիերին հաղորդելով լույս և օդափոխություն։ Ժամանակակից գավիթները, կատարելագործվելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարում, հաճախ ունեն մի քանի հարկ բարձրություն, կղմինդրե կամ հախճասալե տանիք կամ ընդարձակ պատուհաններ։ Դրանք հաճախ կառուցվում են գլխավոր մուտքի շուրջը։

Գավիթը լայն տարածում գտած ճարտարապետական կցակառույց է, քանի որ այն կառույցին հաղորդում է «լույսի և տարածության զգացողություն»[3]։ Վերջին տարիներին գավիթը դարձել է շատ շենքերի գլխավոր առանձնահատկություն[4]։ Թե՛ նախագծողների և թե՛ շահագործողների համար գավիթը նախընտրելի տարածք է, քանի որ այն ստեղծում է դինամիկ ինտերիեր շենքից դուրս, արտաքին միջավայրից պաշտպանություն և, միևնույն ժամանակ, սահուն, տեսողական կապ է ստեղծում ներքին և արտաքին միջավայրերի միջև։ Նախագծողները հաճույքով օգտվում են շենքին նոր տարածք ավելացնելու հնարավորությունից, իսկ սեփականատերերը գավիթը դիտարկում են որպես շենքի հեղինակավոր հարմարություն, որը կարող է մեծացնել դրա համբավն ու կոմերցիոն արժեքը[5]։

Հնագույն գավիթներ

խմբագրել
 
Գավիթ Պոմպեյում՝ 19-րդ դարավերջի նկարչի մտահղացմամբ

Հին հռոմեական ճարտարապետության մեջ գավիթը գտնվում էր տան կամ կառույցի կենտրոնական մասում՝ փակելով ներքին բակը, որի բոլոր կողմերում գտնվում էին փակ սենյակներ։ Գավիթի ամենավերին հատվածը սովորաբար բաց էր լինում, իսկ դրա տակ, ներքին բակի կամ սրահի կենտրոնական մասում կառուցված էր լինում փոքրիկ ավազան՝ անձրևաջրերի կուտակման համար։ Լինելով տան կենտրոնական սրահը՝ գավիթը տան ամենակարևոր և ամենաշատ կահավորված հատվածն էր։ Այստեղ նաև տեղադրվում էր նախնյաց հոգիների համար փոքրիկ մատուռ, մասունքների պահոց, օջախ, իսկ երբեմն էլ՝ տան նահապետի կիսանդրին։ Հանրային և կրոնական մի շարք կառույցներ ևս ունեին գավիթ, որը կառուցվում էր հիմնականում կամարաշարերով սրահներին և գմբեթավոր շինություններին կից։ Բյուզանդական և հայկական եկեղեցիների (նաև շատ մզկիթների) մուտքը հաճախ անցնում է գավիթի միջով, թեև իսլամական ճարտարապետության մեջ «գավիթ» եզրույթը չի գործածվում։

19-րդ դար. փակ գավիթ

խմբագրել

19-րդ դարն իր հետ բերեց արդյունաբերական հեղափոխություն՝ երկաթե և ապակե շինանյութերի շահագործման տեխնոլոգիական առաջընթացով։ Սրահներն արդեն կարող էին ունենալ հորիզոնական, ապակեպատ կամ կղմինդրե գավիթներ, որոնք սրահները կամ ներքին բակերը պաշտպանում էր վատ եղանակի դրսևորումներից։ Այսպիսով ծնունդ առան ժամանակակից գավիթները։

Ժամանակակից գավիթ

խմբագրել

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Ֆեդերացիայի հրապարակի գլխավոր հանրային տարածքը կոչվում է Գավիթ (The Atrium): Դա ճեմուղու նմանվող տարածք է, ունի հինգ հարկ բարձրություն, արծնապատ պատեր և տանիք։ Կառույցը և ֆրակտալ համակարգով ձևավորված արծնապատ նախշերը համադրվում են հրապարակի մնացած ճակտոնների հետ։ 2016 թվականի տվյալներով՝ Դուբայի Բուրջ ալ-Արաբ հյուրանոցի 180 մետրանոց գավիթն ամենաբարձրն է աշխարհում։ Լաս Վեգասի Լուքսոր հյուրանոցի գավիթն ամենամեծն է աշխարհում՝ ըստ ծավալի։ Այն զբաղեցնում է 820.000 մ3 տարածք։

Գավիթների օրինակներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «atrium». Cambridge English Dictionary.
  2. «Atrium». The Free Dictionary. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  3. Driscoll, Matt (2013). Model Making for Architects. Ramsbury, UK: Crowood Press. էջ 69.
  4. Steemers, Koen (2000). Architecture, City, Environment. Cambridge, UK: Earthscan Press. էջ 292.
  5. Sharples, S.; Shea, A. D. (Dec 1999). «Roof obstructions and daylight levels in atria: a model study under real skies». Lighting Research and Technology. SAGE Publications. 31 (4): 181–185. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.