Հայերը Հայրենական մեծ պատերազմում

Հայրենական մեծ պատերազմը 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։

Պատերազմի սկիզբը խմբագրել

1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան Ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թվականի օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու հարձակվում է Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել մի քանի շաբաթվա ընթացքում պատերազմի միոցով ոչնչացնել կարմիր բանակը, գրավել՝ Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։

Պատերազմը սկսելու հենց առաջին օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, ոտքի կանգնեց պաշտպանելու իր հայրենիքը։ Պատերազմը սկսելու պահին կարմիր բանակի շարքերում ծառայում էր շուրջ 60 հազար հայ։ 1941 թվականի հունիսի 23-ից հանրապետությունում սկսված զանգվածային զորահավաքի արդյունքում Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300 հազար, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ 200 հազար հայեր։ Պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 200 հազար հայ զինվոր։

1941-1942 թվականներին Խորհրդային Հայաստանի տարածքում կազմավորվեցին Հայկական 89-րդ, 408-րդ, 409-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Ավելի վաղ՝ 1920-1922 թվականներին Հայաստանում կազմավորված Հայկական 76-րդ լեռնաձգային դիվիզիան, 1941 թվականի հունիսի 22-ից հուլիսի 22-ը համալրվելով հանրապետության մարդկային և նյութական միջոցներով՝ սեպտեմբերին մեկնեց ռազմաճակատ։ Դիվիզիայի 16 հազարանոց զինվորներից ավելի քան 14 հազարը հայեր էին։

Հայերը ռազմաճակատում խմբագրել

Մարդկության պատմության մեծագույն աղետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը, խլել է 60 միլիոնից ավելի մարդկային կյանքեր՝ փլատակների վերածելով անթիվ բնակավայրեր։ Աշխարհակործան այս պատերազմում Հայաստանը ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձավ։ Բայց այն նաև մեր պատերազմն էր, քանի որ անմիջականորեն առնչվել է նաև հայ ժողովրդի կենսական շահերին, որովհետև նրա մասնակից դարձավ հայ Սփյուռքը, ողջ աշխարհասփյուռ հայությունը՝ ի դեմս իր 600 հազար ռազմիկների, որից Խորհրդային Հայաստանից բանակ մեկնեցին ավելի քան 300 հազար, իսկ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝ ևս 200 հազար հայեր։ Պատերազմի ընթացքում ռազմաճակատներում զոհվեց ավելի քան 200 հազար հայ զինվոր[1]։

«Խորհրդային Միության հերոսի» կոչում են ստացել 108 հայ, որից 4-ը՝ Խորհրդա-ֆիննական պատերազմում, 101-ը՝ Հայրենական մեծ պատերազմում, 3-ը՝ հետպատերազմյան խաղաղ շինարարության տարիներին կատարած սխրանքների համար։ Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքների համար Խորհրդային Միության մարշալ Հ. Բաղրամյանը և գրոհային օդաչու, գվարդիայի փոխգնդապետ Ն. Ստեփանյանն այդ բարձր կոչմանն արժանացել են կրկնակի, իսկ 26 հայ ռազմիկներ պարգևատըրվել են «Փառքի շքանշանի» բոլոր երեք աստիճաններով՝ դառնալով «Փառքի շքանշանի լրիվ ասպետներ», որոնց իրավունքները հավասարեցված են «Խորհրդային Միության հերոսի» կոչում ունեցողներին[2]։

Պատերազմի տարիներին գիտության և արդյունաբերության բնագավառում կատարած ակնառու ծառայությունների համար 8 հայորդիների շնորհվել է «Սոցիալիստական աշխատանքի հերոսի» կոչում (Հ. Յոլյան, Ա. Միկոյան, Ի. Թևոսյան, Բ. Հարությունով, Ն. Նարինյան, Բ. Սալամբեկով, Ա. Խաչատրյան և Լ. Օրբելի)։ Պատերազմի մասնակից երեք հայ ականավոր գիտնականների՝ «Միգ» կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր, ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանին, հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր, պրոֆ. Սամվել Քոչարյանցին և ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին այդ բարձր կոչումը շնորհվել է կրկնակի։ Խորհրդային զինված ուժերի քաջարի մարտիկները Հայրենական մեծ պատերազմի արյունահեղ մարտերում հայրենասիրության, հերոսության, անձնազոհության հրաշալի օրինակներ են ցույց տվել։

Հայերի սխրագործությունները առաջին մարտերում խմբագրել

Պատերազմի առաջին օրերին գերմարդկային սխրանք կատարեցին Բրեստի ամրոցի կայազորի պաշտպանները։ Նրանց թվում կար ավելի քան 200 հայ, որոնց կեսից ավելին զորակոչվել էր Կապանի շրջանից։ 1941 թվականի հունիսի 22-ից հուլիսի 20-ը ամրոցի պաշտպանները դիմագրավեցին հակառակորդի թվապես մի քանի անգամ գերակշռող ուժերին՝ խոչընդոտելով նրանց առաջխաղացումը։ Ամրոցի հայ պաշտպաններից էին Սամվել Մաթևոսյանը, Սոս Նուրինջանյանը, Վահան Գրիգորյանը և ուրիշներ։ Մարտերում կատարած սխրանքի համար հայերից առաջինը կառավարական բարձր պարգևի արժանացավ ավագ լեյտենանտ, օդաչու Պատրիկ ԳազազյանըԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1941 թվականի հուլիսի 8-ի հրամանագրով նա պարգևատրվեց մարտական կարմիր դրոշ շքանշանով։

 
Կարմիր դրոշի շքանշան

1941 թվականի հունիսի 24-ին Սարգիս Հայրապետյանն իր այրվող ինքնաթիռը գիտակցաբար մխրճեց հակառակորդի տանկային շարասյան մեջ՝ կատարելով մարտական առաջադրանքը։ Պատերազմի առաջին տարում կատարած սխրանքների համար հայազգի օդաչու՝ Լազար Չափչախովին, Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերի օդաչու՝ Նելսոն Ստեփանյանին, գումարտակի հրամանատար լեյտենանտ՝ Խաչատուր Մելիքյանին և հրետանային մարտկոցի հրամանատար լեյտենանտ՝ Սերգեյ Օգանովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում[3]։ 1941 թվականի սեպտեմբերի 10-ից հետո ստեղծվում է խորհրդային գվարդիան։ Առաջին գվարդիականների թվում էր 395-րդ հրաձգային գնդի հրամանատար մայոր Համազասպ Բաբաջանյանը, որը գվարդիականի պատվավոր կոչման արժանանալու հետ մեկտեղ պարգևատրվել է նաև կարմիր դրոշ շքանշանով։ Հակրենական պատերազմի առաջին օրերին իր ռազմավարական ունակություններով աչքի ընկավ ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի առաջին տեղակալ՝ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյանը)։ Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի պետն էր գնդապետ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), որի շնորհիվ իր օդաչուները ոչնչացրեցին հակառակորդի 100 ինքնաթիռ։ Հայրենական մեծ պատերազմի առաջին մարտերում իրենց մարտավարական հմտությամբ աչքի ընկան Հովհաննես Բաղրամյանը, Միքայել Պարսեղովը, Իվան Վեքիլովը, Բագրատ Առուչանյանը և ուրիշներ։

Պատերազմի գլխավոր ճակատամարտերում խմբագրել

1941 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 1942 թվականի ապրիլի 20-ը տեղի է ունեցել Մոսկվայի ճակատամարտը։ Ճակատամարտին ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ մասնակցեցին նաև մի քանի հազար հայեր, որոնց թվում էր նաև Հովհաննես Բաղրամյանը։ Այդ ճակատամարտում իրենց ավանդը ներդրեցին նաև դիվիզիիայի հրամանատար՝ Սարգիս Մարտիրոսյանը և 239-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար-գնդապետ՝ Հայկ Մարտիրոսյանը։ Հայերը մասնակցեցին նաև Ստալինգրադի ճակատամարտին (1942 թվականի հուլիսի 17-ից 1943 թվականի փետրվարի 2-ը)։ Կարմիր բանակը տարավ հաղթանակ, իսկ հակառակորդը այստեղ կորցրեց ավելի քան 1,5 միլիոն մարդ։ Ստալինգրադի ճակատամարտում կատարած սխրանքների համար Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվեց ավագ լեյտենանտ Սերգեյ Բուռնազյանին, որը օդային մարտերում ցած գցեց հակառակորդի 22 ինքնաթիռ։ Իր խիզախությամբ աչքի ընկավ նաև գվարդիայի մայոր Մաթևոս Մադաթյանը, որը պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Նման պարգևի արժանացավ նաև տանկային բրիգադի կոմիսար Գրիգոր Գալուստովը, որը Ստալինգրադի մատույցներում ոչնչացրեց հակառակորդի 218 տանկ։

Հայ ռազմիկները մասնակցություն ունեցան նաև Հայրենական մեծ պատերազմի՝ Կուրսկի ճակատամարտին, որը տեղի է ունեցել 1943 թվականի հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը։ Մարտերում իրենց խիզախությամբ առավել աչքի ընկած գնդապետ Գրիգոր Գալուստովին և լեյտենանտ Վլադիմիր Իոնիսյանին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։ Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց գեներալ-գնդապետի կոչում։

Ավելի քան 100 հազար հայ զինվորներ մասնակցել են Կովկասի համար մղվող մարտերին, որոնք սկսվել էին 1942 թվականի հուլիսի 27-ին և ավարտվել 1943 թվականի հոկտեմբերի 9-ին։

1943 թվականի հոկտեմբեր` 1944-ի մայիս ամիսներին ազատագրվեցին Կերչ և Ղրիմ թերակղզիները։ Թամանյան թերակղզին գերմանաֆաշիստական զորքերից մաքրելու գործողությանը մասնակցություն է ցոււցաբերել Հայկական 89-րդ դիվիզիան՝ գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Դիվիզիայի երեք մարտիկների՝ Հունան Ավետիսյանին, Սուրեն Առաքելյանին և Ջահան Կարախանյանին հետմահու շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։

50 հազար հայ ռազմիկներ մասնակցեցին Բելոռուսիայի ազատագրմանը, որոնցից 15 հազարը զոհվեց մարտերում։ Նրանցից շատերը սխրանքների համար պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով, իսկ 11 զինվորներ արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանց թվում էր կրկին Հովհաննես Բաղրամյանը։

Բեռլինի գրավման մարտերին ակտիվորեն մասնակցեց Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Դիվիզիայի զորամասերը հասնելով Բեռլինի կենտրոն՝ Ռայխստագի շրջան, գերի են վերցնում հակառակորդի 5112 զինվոր ու սպա։ Բեռլինի ճակատամարտում ցուցաբերած սխրանքների համար դիվիզիան պարգևատրվում է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով և դառնում եռակի շքանշանակիր։

1945 թվականի մայիսի 9-ին ավարտվում է Հայրենական մեծ պատերազմը։ Ընդհանուր առմամբ հայերից Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել 106 զինվոր, որոնցից 4-ը՝ Խորհրդա-ֆիննական պատերազմում (1939-1940), 99-ը՝ Հայրենական մեծ պատերազմում (1941-1945), 3-ը՝ հետպատերազմյան տարիներին։ 26 հայ շարքային զինվորներ դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Պատերազմին մասնակցել է 68 հայ գեներալ։ Հետագայում՝ 1946-1997 թվականներին գեներալի կոչման են արժանացել ևս 94, ծովակալի կոչման՝ 8 հայեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. ՀՐ․ Ռ․ Սիմոնյան «Հայոց պատմություն», էջ 650-669