Մոսկվայի ճակատամարտ

Մոսկվայի ճակատամարտ 1941-1942, սովետական զինված ուժերի ռազմական գործողությունները Հայրենական մեծ պատերազմի (1941—1945) ժամանակ՝ Մոսկվան գերմանա-ֆաշիստական զորքերից պաշտպանելու և նրանց ջախջախելու նպատակով։

Մոսկվայի ճակատամարտը բաժանվում է երկու շրջանի՝ պաշտպանական (1941 թվականի սեպտեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը) և հարձակողական (1941 թվականի դեկտեմբերի 5-ից 1942 թվականիի ապրիլի 20-ը)։ Պատերազմի առաջին օրերին Մոսկվան արագորեն զավթելու գերմանա-ֆաշիստական պլանի ձախողումից հետո գերմանական հրամանատարությունը նախապատրաստեց խոշոր հարձակողական օպերացիա, որը պայմանականորեն կոչեց «Թայֆուն»։ Այն պետք է իրականացներ «Կենտրոն» (հրամանատար՝ գեներալ-ֆելդմարշալ Ֆ․ Բոկ) բանակախումբը (75 դիվիզիա, 1․800 հզ մարդ, 1700 տանկ, ավելի քան 14 հզ հրանոթ ու ականանետ, 1390 ինքնաթիռ)։

Սովետական զորքերի համար կացությունը խիստ անբարենպաստ էր ռազմական, տնտեսությունը դեռևս չէր բավարարում գործող բանակի պահանջները։ Թշնամուն դիմադրելու էին Արևմտյան (հրամանատար՝ գեներալ-գնդապետ Ի․ Կոնև), Բրյանսկի (հրամանատար՝ գեներալ-գնդապետ Ա․ Երյոմենկո), Պահեստային (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Ս․ Բուդյոննի), Կալինինի ռազմաճակատների զորքերը։ Մոսկվայի հեռավոր մատույցներն էին ուղարկվում լավագույն զորամասեր ու միավորումներ։ Արևմուտքի ուղղությամբ զորքերի թիվը կազմում էր 1․250 հզ մարդ, 990 տանկ, 7600 հրանոթ ու ականանետ, 677 ինքնաթիռ։ Թշնամին ուներ որակական և քանակական առավելություն ռազմական, տեխնիկայի գծով։

Գերմանացիները հարձակման անցան սեպտեմբերի 30-ին Բրյանսկի և հոկտեմբերի 2-ին Վյազմայի ուղղություններով։ Չնայած սովետական զորքերի համառ դիմադրությանը, թշնամին ճեղքեց պաշտպանությունը և առաջացավ 40—50 կմ Օրյոլի, Ցուխնովի և Վյազմայի ուղղություններով, հոկտեմբերի 3-ին գերմանական զորքերը մտան Օրյոլ, հոկտեմբերի 4-ին գրավեցին Սպաս-Դեմենսկը և Կիրովը, հոկտեմբերի 5-ին՝ Ցուխնովը, հոկտեմբերի 6-ին՝ Բրյանսկը, 7-ին դուրս եկան Վյազմայի շրջան։ Համառ դիմադրությամբ, շրջապատման մեջ, սովետական զորքերը կաշկանդեցին թշնամու 28 դիվիզիա, ոչնչացրին մեծ քանակությամբ զորք և ռազմական տեխնիկա։ Բայց մեծ վտանգ էր ստեղծվել Մոսկվայի համար։ Ամուր պաշտպանություն ստեղծելու նպատակով Գերագույն գլխավոր հրամանատարությունը միավորեց Արևմտյան և Պահեստային ռազմաճակատները Արևմտյան ռազմաճակատի մեջ (հրամանատար՝ բանակի գեներալ Գ․ Ժուկով)։ Ամրացվեցին Մոսկվա տանող կարևոր ուղղությունները՝ Վոլոկոլամսկի, Մոժայսկի, Մալոյարոսլավեցի և Կալուգայի, քաղաքի մատույցներում կառուցվեցին պաշտպանական բնագծեր։ Մոսկվայից էվակուացվեցին կուսակցական և կառավարական հիմնարկությունները, ռազմական գործարանները, գիտական և մշակութային հաստատությունները։ Գերագույն գլխավոր հրամանատարը, պաշտպանության պետական կոմիտեի և ռազմակայանի մի մասը մնացին Մոսկվայում։

Մոժայսկի ուղղությամբ ծանր մարտերում սովետական զորքերը համառ դիմադրությամբ մի քանի օր կասեցրին թշնամու առաջխաղացումը։ Սակայն հոկտեմբերի 13-ին ֆաշիստական զորքերը գրավեցին Կալուգան, հոկտեմբերի 16-ին՝ Բորովսկը, հոկտեմբերի 18-ին՝ Մոժայսկը և Մալոյարոսլավեցը, հոկտեմբերի 17-ին՝ Կալինինը։ Թշնամու հարձակումը կասեցվեց Տուլայի ուղղությամբ։ Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում և նրա հարակից շրջաններում մտցվեց պաշարողական դրություն։ ՀՕՊ-ի զորքերը լարված պայքարում էին թշնամու դեմ օդում՝ պաշտպանելով քաղաքը ավերածությունից։ Սովետական զորքերի հակագործողությունները գնալով դառնում էին ավելի համառ ու կազմակերպված, բայց թշնամին նորանոր ուժեր էր նետում մարտի մեջ և պահպանում առավելությունը։ Ծանր մարտերը շարունակվում էին Մոժայսկի և Կալինինի ուղղություններով։ Կուտակելով նորանոր ուժեր՝ թշնամին (որի նպատպկն էր մինչև ձմեռ ինչ գնով էլ լիներ գրավել Մոսկվան) վերսկսեց հարձակումը նոյեմբերի 15-18։ Հակառակորդը հանդիպեց հուժկու դիմադրության։ Մահվան դեմ հանդիման կանգնած էին գեներալ-մայոր Ի․ Պանֆիլովի, Ա․ Բելոբորոդովի, Լ․ Դովատորի, գնդապետ Մ․ Կատուկովի և ուրիշների զորամիավորումները։ «Ռուսաստանը մեծ է, բայց նահանջելու տեղ չկա․ ետևում Մոսկվան է»՝ այսպիսին էր մայրաքաղաքի պաշտպանների նշանաբանը։ Մեծ կորուստների գնով թշնամուն հաջողվեց զավթել Կլինը, Սոլնեչնոգորսկը, Իստրան, դուրս գալ Մոսկվայի անվան ջրանցք Ցախրոմայի շրջանում, գրավել Կրասնայա Պոլյանան (Մոսկվայից՝ 27 կմ վրա)։ Այստեղ թշնամու գրոհը կասեցվեց, և նա հարկադրված անցավ պաշտպանության։ Ծանր մարտեր էին մղվում Կաշիրայի և Տուլայի շրջաններում, որտեղ գործողությունների նախաձեռնությունն անցավ սովետական զորքերին։ Սովետական զորքերի հակահարվածները ձախողում էին թշնամու՝ Մոսկվա հասնելու վերջին փորձերը։ Մայրաքաղաքի պաշտպանության ընթացքում ընկճվեցին գերմանա-ֆաշիստական բանակի ոգին և ուժերը։ Նախադրյալներ էին ստեղծվում սովետական զորքերի հակահարձակման համար։ Սովետական զորքերը համալրեցին ուժերը, դեկտեմբերի 5-6 հակահարձակման անցան Կալինին-Ելեց ռազմաճակատում և հենց առաջին օրերին ճեղքեցին թշնամու պաշտպանությունը։ Թշնամու «Կենտրոն» բանակախումբը ընկավ ծանր կացության մեջ։

Դեկտեմբերի 8-ին Հիտլերը հրաման տվեց ամբողջ գերմանական ճակատում պաշտպանության անցնելու և գրաված կարևոր շրջանները պահելու մասին։ Դեկտեմբերի 9-ին սովետական զորքերն ազատագրեցին Ռոգաչևոն, Վենյովը, Ելեցը, դեկտեմբերի 11-ին՝ Ստալինոգորսկը, դեկտեմբերի 12-ին՝ Սոլնեչնոգորսկը, 13-ին՝ Եֆրեմովը,15-ին՝ Կլինը, 16-ին՝ Կալինինը, 20-ին՝ Վոլոկոլամսկը, 26-ին՝ ՆարոՖոմինսկը, Մալոյարոսլավեցը, Բորովսկը և արդեն 25-ին լայն ճակատով դուրս եկան Օկա գետը։ 1942 թվականի հունվարի սկզբին հակահարձակումն ավարտվեց, որի շնորհիվ ջախջախվեց թշնամու 38 դիվիզիա։ Հիտլերը պաշտոնից հեռացրեց ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ-ֆելդմարշալ Վ․ ֆոն Բրաուխիչին, Ֆ․ Բոկին, տանկային բանակների հրամանատարներ Հ․ Գուդերիանին, Ա․ Շտրաուսին և ուրիշների։

1942 թվականի հունվարի սկզբին սովետական զորքերը բոլոր կարևոր ստրատեգիական ուղղություններով անցան ընդհանուր հարձակման՝ «Կենտրոն» բանակախմբի գլխավոր ուժերը ջախջախելու նպատակով։ Սակայն միջոցները և հնարավորությունները չբավարարեցին նպատակին հասնելու համար, արդյունքում ազատագրվեցին մի շարք բնակավայրեր (հաջողությամբ էին ընթանում Կալինինի և Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատների ռազմական գործողությունները), չհաջողվեց շրջապատել թշնամու խմբավորումը Վյազմայի շրջանում։ Ապրիլի 20-ին սովետական զորքերը հրաման ստացան Ռժև, Գժատսկ, Կիրով, Ժիզդրա սահմանագծով պաշտպանության անցնելու մասին։ Ընդհանուր առմամբ, հարձակումը արմ․ ուղղությամբ պսակվեց խոշոր հաղթանակով։ Հակահարձակման հետևանքով թշնամին ետ մղվեց Մոսկվայից 100—250 կմ։ Ամբողջովին ազատագրվեցին Մոսկվայի, Տուլայի, Ռյազանի մարզերը, Կալինինի, Սմոլենսկի, Օրյոլի մարգերի շատ շրջաններ։ Թշնամին կորցրեց ավելի քան 500 հզ մարդ, 1300 տանկ, 2500 թնդանոթ, 15 հզ մեքենա ևն։ Մոսկվայի ճակատամարտում սովետական զորքերն առաջինն էին երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որ պարտության մատնեցին ֆաշիստական Գերմանիայի բանակը և ցրեցին նրա անպարտելիության առասպելը։ Ձախողվեց «կայծակնային պատերազմի» հիտլերյան պլանը։ Սովետական զորքերն իրենց ձեռքը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը։ Այն նշանավորեց ռազմական գործողությունների շրջադարձ հօգուտ ՍՍՀՄ-ի և մեծ ազդեցություն ունեցավ պատերազմի ամբողջ հետագա ընթացքի վրա։ Հաղթանակը ձեռք բերվեց սովետական ռազմիկների մասսայական հերոսությամբ և սովետական մարդկանց աշխատանքային խիզախումներով։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 110 զինվոր (այդ թվում 28 պանֆիլովականներ)։ Մարտական վարպետություն ցուցաբերեցին բանակների հրամանատարները, մեծ օգնություն ցույց տվեցին պարտիզանները։ 1944 թվականին սահմանվեց «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, 1965 թվականին քաղաքին շնորհվեց հերոս քաղաք կոչումը։ Մոսկվայի ճակատամարտին մասնակցել են մեծ թվով հայեր։ Արևմտյան ռազմաճակատում աչքի ընկավ գնդապետ Հ․ Մարտիրոսյանի գլխավորած 239-րդ հրաձգային դիվիզիան, որը մարտեր մղեց Նովոմոսկովսկ, Ուզլովայա, Դոնսկոյ, Եպիֆան և այլ քաղաքների շրջանում։ Մայոր Ն․ Բաչոյանը (մոտոհրաձգային գնդի, ապա՝ 146-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար) մասնակցեց Նարո-Ֆոմինսկի ազատագրմանը։ Վոլոկոլամսկի և Մոժայսկի ուղղությամբ էին գործում գնդապետ Ա․ Գինոսյանի դիվիզիան, գնդապետ Հ․ Ղազարյանի և փոխգնդապետ Հ․ Մելիքյանի գնդերը։ Ալեքսին քաղաքի ազատագրմանը մասնակցեց գնդապետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորած դիվիզիան։ Մոսկվայի ճակատամարտում հվ-արմ․ ուղղության զորքերի հրետանու հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Մ․ Պարսեղովը, ռազմաճակատի հրետանու հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ի․ Վեքիլյանը։ 1941-ի դեկտեմբերին Ելեցի շրջանում մղված մարտերին մասնակցեց գեներալ-լեյտենանտ Հ․ Բաղրամյանը, որը զորքերի հատուկ շարժական խմբի շտաբի պետ էր։ Մոսկվայի հայերից մարտերում աչքի ընկան Հ․ Ալիբեկյանը, Գ․ Կուլօղլյանը, Ա․ Մանուկյանը (հրետանային դիվիզիոնի հրամանատար) և շատ ուրիշներ։ Վնուկովո կենտրոնական օդանավակայանի պարետն էր գնդապետ Վ․ Մելիքյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 36 CC-BY-SA-icon-80x15.png