Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակով (օգոստոսի 22, 1894(1894-08-22)[1][2][3][…], Հաջիշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][5] - հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4][3][5]), Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, զինհրամանատար, գիտնական, գրող։ Սովետական Միության հերոս (մայիսի 7 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։ Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի՝ հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում։

Հովհաննես Իսակով
օգոստոսի 22, 1894(1894-08-22)[1][2][3][…] - հոկտեմբերի 11, 1967(1967-10-11)[4][1][2][…] (73 տարեկան)
ԾննդավայրՀաջիշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[3][5]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4][3][5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[3]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
ԿոչումAdmiral of the Fleet of the Soviet Union?[3][5]
Հրամանատարն էրRussian Baltic Fleet?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունQ4339470? (1917)[3] և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա (1928)[3]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Ուշակովի շքանշան, Order of Ushakov, 1st class, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ, Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ», Գրյունվալդի խաչի 1-ին աստիճանի շքանշան,
, Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ,
, Գրյունվալդի Խաչ շքանշան, Ժողովրդական ազատագրության շքանշան,
, Ստալինյան մրցանակ,
, Պարտիզանական աստղի շքանշան և

Վերքի շերտագիծ

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 22-ին Կարսի մարզի Հաջիշեն գյուղում՝ երկաթուղային բանվորի ընտանիքում։ Հայրը կամավոր մասնակցել է 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմին, որից հետո երկար տարիներ որպես ճանապարհաշինարար-տեխնիկ աշխատել է Հայաստանում, Գանձակում, Բաքվում։

Հովհաննես Իսակովը 1906 թվականին ընդունվել է Թիֆլիսի ռեալական դպրոցը, 1913 թվականին բարձր ցուցանիշներով ավարտել է այն և մեկնել Պետերբուրգ, ընդունվել տեխնոլոգիական ինստիտուտ։ Այստեղ ուսումնառության տարիներին մի քանի անգամ փորձել է ընդունվել ծովային կորպուս, բայց նրան մերժել են ազնվական ծագում չունենալու պատճառով։ Ինստիտուտում սովորելը, սակայն, երկար չի տևում։ Այնուհետև Իսակովը զորակոչվել է զինվորական ծառայության և ցանկություն հայտնել ծառայել ռազմածովային նավատորմում։ Նրա երազանքը իրականանում է, նա ընդունվում է Պետերբուրգի «Նավատորմի յունկեր» դպրոցը, ապա 1914-1917 թվականներին սովորում Գարդեմարինյան դասընթացներում։ 1917 թվականին ստանալով սպայի կոչում՝ ծառայության Է անցել Վլադիվոստոկում՝ «Վլաստնի» ռազմական ականակրի վրա։

Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմական նավերի վրա[6]։ 1918 թվականից մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին։ 1920 թվականից տեղափոխվել է Կասպից ծով և ծառայել որպես "Դյատելնըստ" հեծելավաշտային ականակիրի հրամանատար։ 1922-23 թվականներին ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը։

1921 թվականին նշանակվել է Բալթիական նավատորմի «Իզյասլավ» ականակրի հրամանատար։ Ծառայել է նաև Սևծովյան նավատորմում. եղել է «Կորֆու»[7] ականակրի հրամանատար, ապա` նավատորմի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ 1929 թվականին նշանակվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի գլխավոր շտաբի ծովային բաժնի պետ, 1932 թվականին՝ ՌԾԱ ռազմարվեստի ամբիոնի դասախոս, 1937 թվականին՝ Բալթիական նավատորմի հրամանատար։ 1938–46 թվականներին ԽՍՀՄ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) շտաբի պետն էր, ՌԾՈւ-ի ժողկոմի տեղակալը, ապա՝ առաջին տեղակալը (1938–39 թվականներին համատեղել է ՌԾԱ-ի պետի պաշտոնը)։ Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939–40 թվականներին) ժամանակ համակարգել է Բալթիական նավատորմի և Կարմիր բանակի գործողությունները։ 1940 թվականին ստացել է ծովակալի կոչում։

1923-27 թվականներին Իսակովն աշխատել է սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ։ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները։ 1932 թվականից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում՝ մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը։ Նա իր ժամանակի մեծ մասը հատկացրել է ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակման, որոնք շատ են օգտագործվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում։ 1938 թվականին ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը։ 1942 թվականի հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել։ Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում։ Մահացել է 1967 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Մոսկվայում։

Հուշարձանը տեղադրվել է Շահումյանի շրջանում, որտեղ Իսակովը վիրավորվել է։ Ծովակալի հուշարձանի բացման համար մեծ ներդրում է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքը։ ՀՀ-ից 2 պատվիրակություն է մասնակցել՝ 1-ինը գլխավորում էր ՀՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, 2-րդը՝ ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը։

Բացմանը ներկա էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, հայազգի բարձրաստիճան զինվորականներ, Տուափսեի երկրամասի ղեկավարի տեղակալ Օքսաննա Կոչեգարովան, Շահումյանի համայնքի ղեկավար Լաերտ Քոչյանը, Տուափսեի շրջանի հեռուստառադիոպետկոմի ու մամլո ղեկավար Վալերի Թորոսյանը, քրիստոնեական ու մուսուլմանական կրոնական գործիչներ։ Ընդգծվել է, որ Իսակովը հռչակվել է ոչ միայն ԽՍՀՄ ծովակալ, այլեւ՝ 2-րդ համաշխարհային պատերազմի նավատորմի գիտնական ու զորավար։ Իսակովը մեծ ներդրում է ունեցել նաեւ հայ ծովակալ Լազար Սերեբրյակովի անունն արժեւորելու գործում, իսկ Նելսոն Ստեփանյանին նա միշտ փառաբանել ու անվանել է «քաջերի քա­ջ»[8]։

 
Իսակովի պատկերով սովետական փոստային նամականիշ

Իսակովը ռազմական գիտության տեսաբան խմբագրել

Հովհաննես Իսակովի գրչին են պատկանում 100-ից ավելի աշխատություններ, որոնց մի մասը հրատարակվել է մի քանի անգամ և թարգմանվել օտար լեզուներով։ Դեռևս 1928 թվականին լույս է տեսել նրա «Գիշերային ականազերծում» աշխատությունը, ուր ընդհանրացված էր դարասկզբի ռուս-ճապոնական և առաջին համաշխարհային պատերազմի փորձը։

1932-33 թվականներին նա մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուներ կազմելու և խմբագրելու աշխատանքներին։ 1933 թվականին Պետերբուրգում լույս են տեսել Ա. Ալեքսանդրովի, Հ. Իսակովի և Վ. Աբելինի «Սուզանավերի ռազմական գործողությունները» մեծածավալ աշխատության երկու հատորները։

1936 թվականին Իսակովի հրատարակած «Ճապոնացիների գործողությունները ընդդեմ Ցինդաոյի, 1914 թ.» ուսումնասիրությունը համարվում է ռազմածովային արվեստի պատմության կարևոր նվաճումներից մեկը[9]։ 1937 թվականին պաշտպանել է որպես թեկնածուական դիսերտացիա և ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան։

Իսակովի «ԽՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական պատերազմում» ծավալուն աշխատությունը թարգմանվել է մի քանի լեզուներով և մինչև այժմ օգտագործվում է ռազմածովային ակադեմիաներում որպես դասագիրք։ Դասագրքեր են հանդիսանում նաև Իսակովի «Ռազմածովային նավատորմի հրամանատարի տեղեկատու», «Ուղեցույց ծովային ռազմական գործողությունների համար», «ԽՍՀՄ ռազմածովային ուժերի մարտական կանոնադրությունը» և այլ աշխատություններ։ 1950-ական թվականներին լույս տեսած «Ծովային ատլասի» հատորները խոշոր ներդրում էին համաշխարհային ծովագնացության և պատմաաշխարհագրական գիտությունների բնագավառում։

Կոչումներ խմբագրել

1944 թվականի մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների։ 1965 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի առթիվ նրան շնորհվել է Խորհրդային Միության Հերոսի կոչում։

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան մի խումբ նշանավոր ակադեմիկոսների առաջադրմամբ 1958 թվականի Հովհաննես Իսակովին ընտրել է թղթակից անդամ։ Նույն թվականին Մեքսիկայի ռազմական հետազոտությունների ակադեմիան նրան ընտրել է պատվավոր անդամ, իսկ 1967 թվականի մարտին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովը Իսակովին ընտրել է Հայաստանի ակադեմիայի պատվավոր անդամ։ 1958 թվականից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել։

Երկեր խմբագրել

  • Իսակով Իվան «Հայ ծովայինները Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 56 էջ։
  • Իսակով Իվան «Սովետական Հայաստանի զավակները Լենինգրադի պաշտպաններ», Երևան, 1946։
  • Իսակով Իվան «ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 181 էջ։
  • Իսակով Իվան «Պատմվածքներ նավատորմի մասին», Երևան, 1963, 324 էջ։
  • Իսակով Իվան «Ակնարկներ», Երևան, 1970, 336 էջ։
  • Իսակով Իվան «Պատմվածքներ նավատորմի մասին», Երևան, 1984, 236 էջ։

Գրականություն խմբագրել

  • Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գործիչները», Երևան, 1965, էջ 244-265։
  • Վարդապետյան Արշակ «Հ. Ս. Իսակով (կյանքն ու գործունեությունը)», Երևան, 1973, 156 էջ։
  • Հարությունյան Աշոտ «Սովետական Միության նավատորմի ծովակալ Ի. Ս. Իսակով (ռազմագիտական ակնարկ)», Երևան, 1975, 192 էջ։
  • Հարությունյան Արտեմ «Խորհրդային Միության ծովակալ Իվան Իսակով», Երևան, 1975։
  • Կորսունսկի Մ. Ա. «Իսակովը Էստոնիայում», Երևան, 1984, 120 էջ։
  • Խաչատրյան Տիգրան «Ձեր Հովհաննես Իսակով», Երևան, 1985, 184 էջ։
  • Վարդապետյան Արշակ «Հ. Իսակովի ռազմագիտական գործունեությունից», Երևան, 1985։
  • Գուրգեն Գեղամյան «Հայ ժողովրդի ականավոր զավակը» (Հովհաննես Իսակովի ծննդյան 100-ամյակի առթիվ), «Պատմաբանասիրական հանդես», Երևան, ԳԱԱ, 1995, №1, էջ 225-229։
  • Մկրտչյան Վահան «Ծովակալ Հովհաննես Իսակով (կյանքն ու գործունեությունը)», Երևան, 2004, 48 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 TracesOfWar
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Исаков Иван Степанович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  6. http://www.historyofarmenia-am.armin.am/am/Encyclopedia_of_armenian_history_Tcovakal_Isakov
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
  8. http://www.hayary.org/wph/?p=3461
  9. http://www.hayzinvor.am/22061.html

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 389