Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ), մարդասիրական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1863 թվականի հունիսի 24-ին Ժնևում և հանդիսանում է Նոբելյան մրցանակի եռակի դափնեկիր։ 1949 թվականի Ժնևյան չորս կոնվենցիաների և 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների (Արձանագրություն 1, Արձանագրություն 2) անդամ երկրները (ներքոստորագրյալները) ԿԽՄԿ-ին տվել են միջազգային և ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք և այլ ոչ կոմբատանտներ[4]։

Կարմիր խաչի միջազգային կոմիտե
ԿԽՄԿ-ի խորհրդանիշը
Изображение логотипа
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
Հապավումանգլ.՝ ICRC
հայերեն՝ ԿԽՄԿ
ԿարգախոսNeutrality, Independence, Impartiality, Humanity, Universality, Unity, Voluntary Service
ՀիմնադրվածՀունիսի 24, 1863 (1863-06-24)
Գլխադասային գրասենյակԺնև, Շվեյցարիա
Տարածաշրջանամբողջ աշխարհ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[1] և ֆրանսերեն[1]
Գլխավոր քարտուղարMirjana Spoljaric Egger?[2]
ՆախագահՊետեր Մաուրեր
Վերադաս կազմակերպությունԿարմիր խաչի և կարմիր մահիկի շարժում
Բյուջե1 576 700 000 CHF (2016)[3]
Անձնակազմ15 448 (2016)[3]
ՀիմնադիրԱնրի Դյունան, Գիլյոմ-Անրի Դյուֆուր, Գուստավ Մուանիե, Լուի Ապիա և Թեոդոր Մոնուար
Պարգևներ
Կայքicrc.org
46.12°N 6.09°E

ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը[5]։ Այն շարժման ամենահին և ամենապատվավոր կազմակերպությունն է, որն աշխարհում ամենալայն ճանաչումն ունեցող կազմակերպություններից է և երեք անգամ՝ 1917, 1944 և 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի[6]։

Ի սկզբանե ԿԽՄԿ-ն բաղկացած էր 5 անդամներից, ովքեր Ժնևի ազդեցիկ ընտանիքների ներկայացուցիչներ էին։ Նրանք կազմակերպեցին կոնֆերանս, որի ընթացքում ներկայացրեցին իրենց առաջարկները։ Դրանով էլ դրվեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմքը։

Պատմություն խմբագրել

Սոլֆերինո, Անրի Դյունան և ԿԽՄԿ-ի հիմնադրում խմբագրել

 
Անրի Դյունան

Ընդհուպ մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը գոյություն չունեին բանակային տուժածների բուժքույրական խնամքի կազմակերպված և զարգացած համակարգեր, ինչպես նաև ռազմի դաշտում վիրավորվածների տեղավորման ու բուժման անվտանգ և պաշտպանված հաստատություններ։ 1859 թվականի հունիսին շվեյցարացի գործարար Անրի Դյունանը այցելեց Իտալիա՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ի հետ հանդիպելու և այդ ժամանակաշրջանում Ֆրանսիայի կողմից շրջափակման մեջ գտնվող Ալժիրում գործարարության իրագործման բարդությունները քննարկելու նպատակով։ Երբ Դյունանը հունիսի 24-ին ժամանեց փոքրիկ Սոլֆերինո քաղաք, նա դարձավ ավստրիական և ֆրանկո-իտալական բանակների միջև տեղի ունեցող Սոլֆերինոյի ճակատամարտի ականատեսը։ Մեկ օրվա ընթացքում երկու կողմերից շուրջ 40 000 զինվորներ զոհվեցին կամ վիրավոր լքվեցին մարտի դաշտում։ Անրի Դյունանը ցնցված էր՝ տեսնելով ահեղ ճակատամարտի սարսափելի հետևանքները՝ վիրավոր զինվորների տառապանքները և բժշկական ներկայության ու տարրական խնամքի գրեթե բացակայությունը։ Նա կազմակերպեց տեղի բնակչության կողմից օգնության և աջակցության ցուցաբերում առանց որևէ խտրականության։

Վերադառնալով Ժնև՝ Դյունանը գրում է «Հուշեր Սոլֆերինոյի մասին» աշխատությունը[7] և 1862 թվականին հրատարակում է այն իր սեփական միջոցներով։ Նա գրքի մի քանի օրինակներ ուղարկեց Եվրոպայի առաջատար քաղաքական և ռազմական գործիչներին։ Ի լրումն Սոլֆերինոյում ունեցած իր փորձի պատկերավոր նկարագրությանը՝ նա հստակորեն պաշտպանեց ազգային կամավորական օգնության կազմակերպությունների ձևավորման գաղափարը, որոնք պետք է աջակցեին բուժքույրերին պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին խնամելու հարցում։

 
Ժնևյան առաջին կոնվենցիայի բնօրինակը, 1864

1863 թվականի փետրվարի 9-ին Դյունանը հիմնադրեց «Հնգյակի կոմիտե»-ն (Ժնևի չորս այլ հայտնի ընտանիքների ներկայացուցիչների հետ միասին)` որպես «Ժնևյան հասարակությունը հանուն հանրային բարեկեցության» հետազոտական հանձնաժողով[8]։ Նրանց նպատակն էր ուսումնասիրել Դյունանի գաղափարների իրագործելիությունը և դրանց հնարավոր իրագործման վերաբերյալ կազմակերպել միջազգային համաժողով։ Դյունանից բացի այս կոմիտեի մյուս անդամներն էին՝ «Ժնևյան հասարակությունը հանուն հանրային բարեկեցության» հանձնաժողովի նախագահ և իրավաբան Գյուստավ Մուանիեն, բժիշկ Լուի Ապպիան, ով ուներ ռազմադաշտում աշխատանքի հսկայական փորձ, Ապպիայի ընկեր և գործընկեր Թեոդոր Մոնյուան, ով Ժնևի Հիգիենայի և առողջության հանձնաժողովից էր և Շվեյցարիայի բանակի հանրահայտ գեներալ Գիյոմ Անրի Դյուֆուրը։ Ութ օր անց հնգյակը որոշեց վերանվանել հանձնաժողովը՝ «Վիրավորներին օգնության միջազգային կոմիտե»։ 1863 թվականի հոկտեմբերի 26-29-ին հանձնաժողովի կողմից Ժնևում կազմակերպվեց միջազգային կոնֆերանս, որի նպատակն էր զարգացնել ռազմադաշտում բժշկական ծառայությունների որակը։ Կոնֆերանսին մասնակցեցին 36 անձինք՝ ազգային կառավարությունների 18 պաշտոնական պատվիրակներ, ոչ կառավարական կազմակերպությունների 6 պատվիրակներ, 7 ոչ պաշտոնական օտարերկրյա պատվիրակներ և Միջազգային կոմիտեի 5 անդամները։ Պաշտոնական պատվիրակների կողմից ներկայացվող պետությունները և թագավորություններն էին Բադենը, Բավարիան, Ֆրանսիան, Բրիտանիան, Հանովերը, Իտալիան, Հեսսենը, Նիդերլանդները, Ավստրիան, Պրուսիան, Ռուսաստանը, Սաքսոնիան, Շվեդիան և Իսպանիան։ 1863 թվականի հոկտեմբերի 29-ին ընդունված կոնֆերանսի վերջնական բանաձևերի շարքում էին հետևյալները.

  • վիրավոր զինվորներին օգնության ազգային միությունների հիմնադրում,
  • վիրավոր զինվորների պաշտպանություն և սննդով ապահովում,
  • ռազմադաշտում կամավորական ուժերի օգտագործում ի աջակցություն օգնություն ցուցաբերողներին,
  • լրացուցիչ կոնֆերանսների կազմակերպում սահմանված հասկացություններն իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագրերում ամրագրելու համար,
  • ռազմադաշտում բժշկական անձնակազմի ընդհանուր տարբերակիչ պաշտպանական խորհրդանիշի ներդրում, մասնավորապես՝ կարմիր խաչով սպիտակ թևնոց։
 
Դյուբելի ճակատամարտի ընթացքում զինված հակամարտության հիշատակման հուշահամալիր, որի վրա առաջին անգամ օգտագործվել է Կարմիր Խաչի խորհրդանիշը, Դանիա, 1864: Կանգնեցվել է Դանիայի և Գերմանիայի Կարմիր Խաչի ազգային միություների համատեղ ուժերով 1989 թվականին:

Ընդամենը մեկ տարի անց շվեյցարական կառավարությունը հրավիրեց եվրոպական մյուս երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Մեքսիկայի կառավարություններին մասնակցելու միջազգային դիվանագիտական կոնֆերանսին։ 16 երկրներ Ժնև ուղարկեցին 26 պատվիրակների։ 1864 թվականի օգոստոսի 22-ին կոնֆերանսն ընդունեց ժնևյան առաջին կոնվենցիան՝ «Ռազմադաշտում վիրավորվածների վիճակի բարելավման մասին»։ 12 պետությունների և թագավորությունների ներկայացուցիչներ ստորագրեցին կոնվենցիան. Բադեն, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Հեսսեն, Իտալիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Պրուսիա, Շվեյցարիա, Իսպանիա, Վյուրտեմբերգ։ Կոնվենցիան ներառում էր 10 հոդվածներ, որոնք առաջին անգամ իրավաբանորեն երաշխավորում էին վիրավոր զինվորների պաշտպանությունը և սննդով ապահովումը, ռազմադաշտում բժշկական անձնակազմի առկայությունը և զինված հակամարտություններում մարդասիրական առանձնահատուկ հաստատությունների ձևավորումը։ Ավելին, կոնվենցիան սահմանում էր Միջազգային կոմիտեի կողմից ազգային միությունների ճանաչման երկու հիմնական պահանջ.

  • Ազգային միությունը պետք է ճանաչված և ընդունված լիներ ազգային կառավարության կողմից՝ որպես օգնության միություն՝ համաձայն կոնվենցիայի,
  • համապատասխան պետության ազգային կառավարությունը պետք է լիներ Ժնևյան կոնվենցիայի անդամ պետություն։

Ժնևյան առաջին կոնվենցիայի ընդունումից անմիջապես հետո Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Օլդենբուրգում, Պրուսիայում, Իսպանիայում և Վյուրտեմբերգում ստեղծվեցին առաջին ազգային միությունները։ 1864 թվականին Լուի Ապպիան և հոլանդական բանակի կապիտան Շառլ վան դե Վելդեն դարձան զինված հակամարտությունների ընթացքում Կարմիր խաչի խորհրդանիշի ներքո աշխատող առաջին անկախ և չեզոք պատվիրակները։ Երեք տարի անց՝ 1867 թվականին, գումարվեց Պատերազմում վիրավորվածների բուժօգնության ազգային միությունների առաջին միջազգային կոնֆերանսը։

 
Կարմիր խաչի գործունեությունը, 1864

Նույն թվականին Անրի Դյունանը ստիպված էր հայտարարել իր սնանկության մասին, որի պատճառը Ալգերիայում ունեցած գործածարար անհաջողությունները և մասամբ նաև կոմիտեի անխոնջ գործունեության ընթացքում իր սեփական գործերի նկատմամբ հետաքրքրության կորուստն էր։ Դյունանի գործերի շուրջ պտտվող բանավեճերը, հասարակության բացասական վերաբերմունքը, Գյուստավ Մուանիեի հետ կոնֆլիկտը հանգեցրեցին նրան, որ Դյունանը հեռացվեց քարտուղարի և կոմիտեի անդամի պաշտոններից։ Նա մեղադրվեց կեղծ սնանկության մեջ և ստացավ իր ձերբակալման օրդերը։ Այդպիսով, նա ստիպված էր լքել Ժնևը և այլևս երբեք չէր կարող վերադառնալ իր հայրենի քաղաք։ Հետագա տարիներին ազգային միություններ ստեղծվեցին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ 1876 թվականին կոմիտեն վերանվանվեց՝ «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»՝ պաշտոնական անվանում առ այսօր։ Հինգ տարի անց Կլարա Բարտոնի ջանքերով ստեղծվեց Ամերիկյան Կարմիր խաչը։ Բազմաթիվ երկրներ ստորագրեցին Ժնևյան կոնվենցիան։ Կարճ ժամանակահատվածում Կարմիր խաչը ձեռք բերեց մեծ հզորություն՝ որպես միջազգայնորեն հարգված շարժում, և ազգային միությունները դարձան կամավորական աշխատանքի աճող հանրաճանաչություն ունեցող վայր։

Երբ 1901 թվականին հանձնվեց Նոբելյան առաջին մրցանակը, Նորվեգական նոբելյան կոմիտեն որոշում ընդունեց համատեղ մրցանակ շնորհել Անրի Դյունանին և Ֆրեդերիկ Պասսիին՝ որպես միջազգային առաջատար խաղաղասերներ։ Մրցանակի պատվից առավել դարձավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական շնորհավորանքը, որում մատնանշվում էր Դյունանի վերականգնումը և Կարմիր խաչի հիմնադրման գործում նրա առանցքային դերը։ Անրի Դյունանը մահացավ 9 տարի անց շվեյցարական առողջարանային փոքրիկ քաղաքում։ Դրանից ընդամենը երկու ամիս առաջ մահացել էր նրա վաղեմի հակառակորդ Գյուստավ Մուանիեն, ով կոմիտեի պատմության մեջ մնաց որպես դրա՝ երբևէ ամենաերկար գործող նախագահ։

1906 թվականին 1864 թվականի Ժնևյան կոնվենցիան առաջին անգամ վերանայվեց։ Մեկ տարի անց Հաագայի 10-րդ կոնվենցիան, որն ընդունվել էր Հաագայում միջազգային խաղաղության երկրորդ համաժողովի ժամանակ, ընդլայնեց Ժնևյան կոնվենցիայի շրջանակը՝ ավելացնելով ծովային պատերազմները։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը՝ 1914 թվական, կոմիտեի հիմնադրումից և Ժնևյան առաջին կոնվենցիայի ընդունումից 50 տարի անց ամբողջ աշխարհում արդեն առկա էին 45 ազգային օգնության միություններ։ Շարժումը Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից տարածվել էր մինչև Կենտրոնական և Հարավային Ամերիկա (Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, Պերու, Էլ Սալվադոր, Ուրուգվայ, Վենեսուելա), Ասիա (Չինաստանի հանրապետություն, Ճապոնիա, Կորեա, Սիամ) և Աֆրիկա (Հարավային Աֆրիկա

Առաջին համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կարմիր խաչի բուժքույրերի դերակատարությունը ներկայացնող ֆրանսիական բացիկ, 1915

Առաջին համաշխարհային պատերազմի պոռթկմանը զուգընթաց ԿԽՄԿ-ն բախվեց հսկայան մարտահրավերների, որոնք այն կարող էր հաղթահարել միայն Կարմիր խաչի ազգային միությունների հետ սերտ համագործակցության միջոցով։ Կարմիր խաչի բուժքույրերը աշխարհի տարբեր ծայրերից համախմբվել էին պատերազմի մասնակից երկրներին բժշկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 1914 թվականի հոկտեմբերի 15-ին՝ պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ԿԽՄԿ-ն ստեղծեց Պատերազմի ռազմագերիների միջազգային գործակալությունը, որը մինչև 1914 թվականի ավարտն ուներ շուրջ 1200 հիմնականում կամավոր անդամներ։ Մինչև պատերազմի ավարտը գործակալությունը փոխանցեց շուրջ 20 միլիոն նամակներ և հաղորդագրություններ, 1,9 միլիոն ծանրոցներ և մոտ 18 միլիոն շվեյցարական ֆրանկ տուժած բոլոր երկրների ռազմագերիների համար։ Ավելին, գործակալության միջամտության շնորհիվ շուրջ 200 000 ռազմագերիներ փոխանակվեցին պատերազմող կողմերի միջև, ազատվեցին գերությունից և վերադարձան իրենց հայրենիք։ Գործակալության կազմակերպական քարտացուցակը 1914-1923 թվականների ընթացքում կուտակել է շուրջ 7 միլիոն գրառումներ. յուրաքանչյուր քարտ ներկայացնում է մի ռազմագերու կամ անհետ կորած անձի։ Քարտային ինդեքսի շնորհիվ նույնականացվեցին շուրջ 2 միլիոն ռազմագերիներ, որի շնորհիվ կապ հաստատվեց նրանց ընտանիքների հետ։ Ամբողջական նույնականացումը ներկայումս ԿԽՄԿ-ի կողմից հանձնված է ցուցադրման Ժնևում Միջազգային կարմիր խաչի և Կարմիր մահիկի թանգարանում։ Դրա հասանելիության իրավունքը առ այսօր խստորեն սահմանափակված է ԿԽՄԿ-ի կողմից։

Ամբողջ պատերազմի ընթացքում ԿԽՄԿ-ն դիտարկել է պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը 1907 թվականի Ժնևյան կոնվենցիաների վերանայումներին և հետագայում արձանագրված խախտումները հանձնել է համապատասխան երկրին։ Երբ այս պատերազմում պատմության մեջ առաջին անգամ գործածվեցին քիմիական զենքեր, ԿԽՄԿ-ն վճռականորեն բողոքեց պատերազմի վարման այս նոր ձևի դեմ։ Անգամ Ժնևյան կոնվենցիաների կողմից մանդատի բացակայության պայմաններում ԿԽՄԿ-ն փորձեց մեղմել քաղաքացիական հասարակության տառապանքները։ Այն տարածաշրջաններում, որոնք պաշտոնապես գտնվում էին շրջափակման մեջ, Հաագայի 1907 թվականի «Ցամաքում պատերազմի օրենքներ և սովորույթներ» կոնվենցիայի հիմքով ԿԽՄԿ-ն կարող էր աջակցություն ցույց տալ քաղաքացիական հասարակությանը։ Այս կոնվենցիան ևս պատերազմի ռազմագերիների օգտին աշխատելու իրավական հիմք էր ԿԽՄԿ-ի համար։ Սա, ի լրումն ռազմագերիների միջազգային գործակալության գործունեությանը, ներառում էր հսկման այցելություններ ռազմագերիների ճամբարներ։ Մինչև պատերազմի ավարտը ԿԽՄԿ-ի 41 պատվիրակներ այցելեցին շուրջ 524 ճամբարներ ամբողջ Եվրոպայում։

1916-1918 թվականների ընթացքում ԿԽՄԿ-ն հրատարակեց ռազմագերիների ճամբարների տեսարաններով բազմաթիվ փոստային բացիկներ։ Նկարները ներկայացնում էին ռազմագերիների ամենօրյա գործողությունները, այդ թվում՝ նամակների փոխանցումը ընտանիքներին։ ԿԽՄԿ-ի նպատակն էր ռազմագերիների ընտանիքներին տալ ինչ-որ հույս և թեթևացնել նրանց անորոշությունն իրենց սիրելիների ճակատագրի վերաբերյալ։ Պատերազմի ավարտից հետո ԿԽՄԿ-ն կազմակերպեց շուրջ 420 000 ռազմագերիների վերադարձը հայրենիք։ 1920 թվականին հայրենադարձման խնդիրը փոխանցվեց նոր հիմնադրված Ազգերի լիգային, որը նորվեգացի դիվանագետ և գիտնական Ֆրիտյոֆ Նանսենին նշանակեց «Պատերազմի ռազմագերիների հայրենադարձման գերագույն հանձնակատար»։ Նրա իրավական մանդատը հետագայում ընդլայնվեց՝ ներառելով պատերազմի փախստականներին և տեղահանված անձանց, և նրա գրասենյակը դարձավ Ազգերի լիգայի «Փախստականների գերագույն հանձնակատարի» գրասենյակ։ Նանսենը, ով ստեղծեց Նանսենյան անձնագիրը քաղաքացիություն չունեցող փախստականների համար և 1922 թվականին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի, որպես իր տեղակալներ նշանակեց ԿԽՄԿ-ի երկու պատվիրակների։

Պատերազմի ավարտից մեկ տարի առաջ՝ 1917 թվականին, ԿԽՄԿ-ն պատերազմական շրջանում իր կատարած ակնառու աշխատանքի համար արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 1914-1918 թվականների ընթացքում դա շնորհված միակ Նոբելյան մրցանակն էր։ 1923 թվականին կոմիտեն ընդունեց անդամների ընտրման քաղաքականության մեջ կատարված փոփոխությունը։ Մինչ այդ միայն Ժնևի քաղաքացիները կարող էին ընտրվել որպես կոմիտեի անդամներ։ Այս սահմանափակումը սկսեց ընդգրկել Շվեյցարիայի քաղաքացիներին։ Որպես Առաջին համաշխարհային պատերազմի ուղղակի հետևանք 1925 թվականին ընդունվեց Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն, որն արգելում էր խեղդող կամ թունավոր գազերի և կենսաբանական նյութերի գործածումը որպես զենք։ 4 տարի անց նախնական կոնվենցիան վերանայվեց և ստեղծվեց Ժնևյան երկրորդ կոնվենցիան։ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները և ԿԽՄԿ-ի համապատասխան գործողությունները զգալիորեն ընդլայնեցին կոմիտեի հեղինակությունը և ազդեցությունը միջազգային համայնքում ու նպաստեցին դրա իրավասությունների ընդլայնմանը։

Դեռևս 1934 թվականին Կարմիր խաչի միջազգային կոնֆերանսի կողմից ընդունվեց զինված հակամարտությունների ընթացքում քաղաքացիական հասարակության պաշտպանության լրացուցիչ կոնվենցիայի ստեղծման առաջարկը։ Դժբախտաբար, շատ կառավարություններ հետաքրքրված չէին այս կոնվենցիայով, և դրա ուժի մեջ մտնելը կանխվեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

Չակոյի պատերազմ խմբագրել

Միջպատերազմական շրջանում Բոլիվիան և Պարագվայը վիճում էին Գրան Չակոյի սեփականության շուրջ։ Վերջինս այդ երկու պետությունների միջև գտնվող անապատային տարածք է։ 1932 թվականին վիճաբանությունը վերաճեց լայնամասշտաբ հակամարտության։ Պատերազմի ընթացքում ԿԽՄԿ-ն այցելեց 18 000 բոլիվացի ռազմագերիների և 2 500 պարագվայցի կալանավորների։ ԿԽՄԿ-ի օգնությամբ երկու երկրները բարելավեցին ռազմագերիների կեցության պայմանները[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

 
Կարմիր խաչի հաղորդագրությունը Լոձից, Լեհաստան, 1940

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Կարմիր խաչի դերակատարության ամենավստահելի առաջնային աղբյուրը «Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (սեպտեմբերի 1, 1939 - հունիսի 30, 1947) Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործողությունների մասին զեկույցի» երեք հատորներն են՝ գրված հենց ԿԽՄԿ-ի կողմից[10]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԿԽՄԿ-ի աշխատանքի իրավական հիմքը Ժնևյան կոնվենցիայի 1929 թվականի վերանայումն էր։ Կոմիտեի գործողությունները նման էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դրա իրականացրած աշխատանքին. ռազմագերիների ճամբարներ այցելություն և դիտարկում, քաղաքացիական հասարակությանն աջակցության կազմակերպում, ռազմագերիների և անհետ կորած անձանց վերաբերյալ հաղորդագրությունների փոխանակման կազմակերպում։ Մինչև պատերազմի ավարտը 179 պատվիրակներ 41 երկրներում իրագործեցին ռազմագերիների ճամբարների 12 750 այցելություն։ Պատերազմի ռազմագերիների կենտրոնական տեղեկատվական գործակալությունը ուներ 3 000 աշխատակիցներ, վարում էր 45 միլիոն նույնականացման քարտեր և դրա միջոցով փոխանակվել են շուրջ 120 միլիոն հաղորդագրություններ։ Միակ հիմնական խոչընդոտն այն էր, որ նացիստների կողմից վերահսկվող գերմանական Կարմիր խաչը հրաժարվեց համագործակցել Ժնևի հետ՝ արձանագրելով այնպիսի կոպիտ խախտումներ, ինչպիսիք էին Գերմանիայից հրեաների արտաքսումը և համակենտրոնացման ճամբարներում գերմանական կառավարության կողմից իրագործվող մասսայական սպանությունները։ Ավելին, հակամարտության երկու այլ հիմնական կողմեր՝ Սովետական Միությունը և Ճապոնիան, չէին հանդիսանում 1929 թվականի Ժնևյան կոնվենցիաների անդամներ և իրավաբանորեն պարտադրված չէին հետևելու դրանց կանոններին։

Պատերազմի ընթացքում ԿԽՄԿ-ին չհաջողվեց համակենտրոնացման ճամբարներում կալանավորների վերաբերյալ համաձայնության գալ նացիստական Գերմանիայի հետ և այն ի վերջո հրաժարվեց ճնշում կիրառել՝ խուսափելով պատերազմի ռազմագերիների հետ կապված իր աշխատանքի խաթարման հնարավորությունից։ ԿԽՄԿ-ն ձախողվեց նաև Եվրոպայի հրեաների մասսայական սպանությունների և բնաջնջման ճամբարների մասին հավաստի տեղեկատվության և արձագանքի մշակման հարցում։ Դա մինչ օրս համարվում է ԿԽՄԿ-ի պատմության ընթացքում ամենամեծ ձախողումը։ 1943 թվականի նոյեմբերից ԿԽՄԿ-ն թույլտվություն ստացավ հայտնի անուններով և ուղղությամբ ծանրոցներ ուղարկել համակենտրոնացման ճամբարներ։ Քանի որ ծանրոցների ստացման ծանուցումները հաճախ ստորագրվում էին այլ անձանց կողմից, ԿԽՄԿ-ին հաջողվեց հաշվառել բնաջնջման ճամբարների շուրջ 105 000 կալանավորների տվյալներ և առաքել 1,1 միլիոն ծանրոցներ, գլխավորապես դեպի Դախաու, Բուխենվալդ, Ռավենսբրուք և Զակսենհաուզեն[11]։

 
ԿԽՄԿ-ի պատվիրակ Մարսել Ժյունոն Գերմանիայի ռազմագերիներին այցելության ժամանակ

Շվեյցարացի պատմաբան Ժան-Կլոդ Ֆավեզը, ով 8 տարի վարել է Կարմիր խաչի գրառումները, ասում է, որ չնայած մինչև 1942 թվականի նոյեմբերը Կարմիր խաչը տեղյակ էր հրեաների ոչնչացման վերաբերյալ նացիստների պլանների մասին և անգամ քննարկել էր դրանք ԱՄՆ-ի իշխանությունների հետ, այն ոչինչ չարեց հասարակությանը տեղեկացնելու ուղղությամբ՝ պահպանելով լռություն անգամ եվրոպական խմբերի խնդրանքների պայմաններում[12]։

Քանի որ Կարմիր խաչը հիմնադրվել էր Ժնևում և մեծ մասամբ ֆինանսավորվում էր շվեյցարական կառավարության կողմից, այն չափազանց զգայուն էր պատերազմի շրջանում շվեյցարական մոտեցումների և քաղաքականության նկատմամբ։ 1942 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի կառավարությունը և Կարմիր խաչի խորհրդի անդամները վետո կիրառեցին Կարմիր խաչի խորհրդի որոշ անդամների՝ նացիստների կողմից քաղաքացիների հետապնդումների դատապարտման վերաբերյալ ներկայացված առաջարկի նկատմամբ։ Մինչև պատերազմի ավարտը մնացած ժամանակահատվածում Կարմիր խաչը Շվեյցարիայից ստացավ համապատասխան ցուցումներ նացիստների հետ առճակատման, նրանց դիմադրելու քայլերից խուսափելու վերաբերյալ[13]։

 
Ողջ մնացած վատառողջ լեհը համակենտրոնացման ճամբարում դեղորայք է ստանում Գերմանական Կարմիր խաչի աշխատակցի կողմից, ապրիլ 1945

1945 թվականի մարտին ԿԽՄԿ-ի նախագահ Յակոբ Բուրկհարդը Նացիստական Գերմանիայի գեներալ Էրնստ Կալտենբրունների կողմից հաղորդագրություն ստացավ, որով ընդունվում էր ԿԽՄԿ-ի պատվիրակներին համակենտրոնացման ճամբարներ այցելության թույլտվության վերաբերյալ պահանջը։ Այս համաձայնությունը ուներ պայման՝ այդ պատվիրակները պետք է մնային ճամբարներում մինչև պատերազմի ավարտը։ 10 պատվիրակներ, նրանց շարքում Լուի Հեֆլիգերը (Մաութհաուզեն-Գուսեն համակենտրոնացման ճամբար), Փոլ Դյունանը (Թերեզինի համակենտրոնացման ճամբար) և Վիկտոր Մաուրերը (Դախաու համակենտրոնացման ճամբար), ընդունեցին այս պայմանը և այցելեցին ճամբարներ։ Լուի Հեֆլիգերը կանխեց Մաութհաուզեն-Գուսենի ուժային վերաբնակեցումը կամ պայթեցումը՝ ամերիկյան զորքերին նախազգուշացնելու միջոցով։ Դրա արդյունքում նա փրկեց շուրջ 60 000 կալանավորների։ Նրա գործողությունները դատապարտվեցին ԿԽՄԿ-ի կողմից, քանի որ դրանք դիտվեցին որպես սեփական նախաձեռնությամբ լիազորությունների չարաշահում և ԿԽՄԿ-ի չեզոքության վտանգում։ Միայն 1990 թվականին նրա հեղինակությունը վերջապես վերականգնվեց ԿԽՄԿ-ի նախագահ Կորնելիո Սումարուգայի կողմից։

1944 թվականին ԿԽՄԿ-ն ստացավ իր երկրորդ Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Ինչպես և Առաջին աշխարհամարտի տարիներին, այս անգամ ևս այն ստացավ 1939-1945 թվականներին տրված միակ խաղաղության մրցանակը։ Պատերազմի ավարտին ԿԽՄԿ-ն սկսեց համագործակցել Կարմիր Խաչի ազգային միությունների հետ առավել տուժած երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում։ 1948 թվականին կոմիտեն հրատարակեց պատերազմական շրջանի (սեպտեմբերի 1, 1939 - հունիսի 30, 1947) իր գործողությունների մասին պատմող զեկույց։ 1996 թվականի հունվարից ԿԽՄԿ-ի այս շրջանի արխիվները բաց են գիտական և հասարակական ուսումնասիրությունների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

 
ԿԽՄԿ-ի գլխամասային գրասենյակը Ժնևում

1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունվեցին գոյություն ունեցող երկու Ժնևյան կոնվենցիաների վերանայումները։ «Ծովում զինված ուժերի վիրավոր, հիվանդ և նավաբեկության ենթարկված անդամների վիճակի բարելավման վերաբերյալ» լրացուցիչ կոնվենցիան, որը ներկայումս կոչվում է Ժնևյան երկրորդ կոնվենցիա, անցավ Ժնևյան կոնվենցիայի հովանու ներքո՝ որպես 1907 թվականի Հաագայի 10-րդ կոնվենցիայի իրավահաջորդ։ 1929 թվականի Ժնևյան կոնվենցիան պատմական տեսանկյունից պետք է որ համարվեր Ժնևյան երկրորդ կոնվենցիան, քանի որ այն ձևակերպվել էր Ժնևում, սակայն 1949 թվականից հետո այն հայտնի դարձավ որպես Ժնևյան երրորդ կոնվենցիա, քանի որ ժամանակագրության տեսանկյունից այն ընդունվել էր Հաագայի կոնվենցիայից հետո։ Ի պատասխան Երկրորդ աշխարհամարտի փորձառությանը՝ ընդունվեց Ժնևյան չորրորդ կոնվենցիան՝ «Քաղաքացիական անձանց պաշտպանություն պատերազմի ժամանակ»։ 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրությունները նախատեսված էին կոնվենցիաները այնպիսի ներքին հակամարտությունների նկատմամբ կիրառելի դարձնելու համար, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմները։ Այսօր չորս կոնվենցիաները, ինչպես նաև դրանց լրացուցիչ արձանագրությունները ներառում են ավելի քան 600 հոդվածներ և 1864 թվականի առաջին կոնվենցիայի համեմատ արձանագրում են ուշագրավ ընդլայնում։

 
Խաղաղության Նոբելյան մրցանակ, 1963: Ձախից աջ՝ Նորվեգիայի թագավոր Օլավ, ԿԽՄԿ-ի նախագահ Լեոպոլդ Բուասյե, Լիգայի նախագահ Ջոն ՄաքՕլեյ:

ԿԽՄԿ-ն իր հարյուրամյակի տոնման տարում՝ 1963 թվականին, Կարմիր խաչի միությունների միջազգային լիգայի հետ միասին արժանացավ իր երրորդ Խաղաղության Նոբելյան մրցանակին։ 1993 թվականից ոչ շվեյցարացի անձանց թույլատրվում է ծառայել որպես կոմիտեի արտասահմանյան պատվիրակներ։ Իսկապես, այդ ժամանակից սկսած Շվեյցարիայի քաղաքացիություն չունեցող անձանց մասնաբաժինը աշխատակազմում աճել է մինչև 35%։

1990 թվականի հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշեց ԿԽՄԿ-ին շնորհել իր նիստերի և ենթահանձնաժողովի հանդիպումների դիտորդի կարգավիճակ՝ մասնավոր կազմակերպությանը շնորհված առաջին դիտորդի կարգավիճակը։ 1993 թվականի մարտի 19-ին Շվեյցարիայի կառավարության հետ ստորագրված համաձայնությունը հաստատեց արդեն երկար ժամանակ գործող՝ Շվեյցարիայի հնարավոր միջամտությունից կոմիտեի լիարժեք անկախության քաղաքականությունը։ Համաձայնությունը պաշտպանում է Շվեյցարիայում ԿԽՄԿ-ի սեփականության, այդ թվում՝ գլխամասային գրասենյակի և արխիվի, դրամաշնորհների անդամների և աշխատակազմի իրավաբանական իմունիտետի անձեռնմխելիությունը, ԿԽՄԿ-ին բոլոր տեսակի հարկերից և վճարներից ազատումը, երաշխավորում է ապրանքների, ծառայությունների և գումարի անվտանգ ու առանց մաքսերի փոխանցումը, ապահովում է ԿԽՄԿ-ին ապահով հաղորդակցման առավելություններով այնպես, ինչպես արտասահմանյան դեսպանություններին, դյուրացնում է Շվեյցարիա կոմիտեի մուտքը և ելքը։

ԿԽՄԿ-ն շարունակեց իր գործողությունները 1990-ական թվականների ընթացքում։ Այն խախտեց իր սովորութային լրատվամիջոցային լռությունը, երբ 1994 թվականին դատապարտեց Ռուանդայի ցեղասպանությունը։ Այն պայքարեց 1995 թվականին Սրեբրենիցայի ներսում և դրա շուրջ տեղի ունեցող հանցագործությունների կանխման համար, սակայն ընդունեց, որ. «Մենք պետք է գիտակցենք, որ չնայած քաղաքից ուժով արտաքսվող քաղաքացիներին օգնելու մեր ջանքերին և այնտեղ մեր գործընկերների անձնազոհությանը, ԿԽՄԿ-ի ազդեցությունը ողբերգության բացահայտման գործում խիստ սահմանափակ էր»[14]։ Այն ևս մեկ անգամ հայտարարությամբ հանդես եկավ 2007 թվականին՝ դատապարտելով Բիրմայի ռազմական կառավարության կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները, որոնք ներառում էին հարկադիր աշխատանք, սովամահություն, տղամարդկանց, կանանց և երեխաների սպանություններ[15]։

Հոլոքոստ խմբագրել

 
Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի փոքրիկները՝ ազատագրված Կարմիր բանակի կողմից, հունվար 1945

1995 թվականին մասնակցելով Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման հիշատակի արարողությանըէ ԿԽՄԿ-ի նախագահ Կորնելիո Սումարուգան ձգտում է ցույց տալ, որ կազմակերպությունը լիովին տեղյակ է Հոլոքոստի վտանգավորության և դրա մասին հիշատակը կենդանի պահելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նպատակ ունենալով կանխել նմանատիպ դեպքի կրկնման ցանկացած հնարավորություն։ Նա հարգանքի տուրք մատուցեց բոլոր նրանց, ովքեր տառապել կամ կորցրել են կյանքը պատերազմի ընթացքում և հրապարակավ ափսոսանք հայտնեց համակենտրոնացման ճամբարներում զոհվածների նկատմամբ Կարմիր խաչի կողմից նախկինում թույլ տրված սխալների և թերությունների համար[16]։

2002 թվականին ԿԽՄԿ-ն պաշտոնապես ընդգծեց դասերը, որ կազմակերպությունը քաղել էր այդ ձախողումից.

  • Իրավական տեսանկյունից՝ աշխատանք, որը հանգեցրեց Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության վերաբերյալ Ժնևյան կոնվենցիայի ընդունմանը
  • Բարոյական տեսանկյունից՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ընդունում
  • Քաղաքական մակարդակում՝ Շվեյցարիայի հետ ԿԽՄԿ-ի հարաբերությունների վերամշակում՝ անկախությունը ապահովելու նկատառումով
  • Հիշողություններըը կենդանի պահելու տեսանկյունից՝ 1955 թվականին ԿԽՄԿ-ն համաձայնվեց ստանձնել համակենտրոնացման ճամբարների գրառումների հետ կապված որոնման միջազգային ծառայության իրագործումը
  • Դեպքի պատմական փաստերը ամրագրելու նպատակով ԿԽՄԿ-ն հրավիրեց Ժան-Կլոդ Ֆավեզին նացիստական հալածանքի զոհերի անունից կոմիտեի գործողությունների անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով։ Նրան տրվեց անկապտելի հասանելիություն այդ շրջանին վերաբերող արխիվների նկատմամբ։ Թափանցիկության ապահովման նպատակով ԿԽՄԿ-ն որոշեց 50 տարվա վաղեմության արխիվների հասանելիություն ապահովել բոլոր պատմաբանների համար։ Ուսումնասիրելով Ֆավեզի աշխատանքի եզրահանգումները՝ ԿԽՄԿ-ն գիտակցեց իր նախկին ձախողումները և այդ առիթով հայտնեց իր ափսոսանքը[17]։

Օսվենցիմի ազատագրման 60-րդ տարելիցի կապակցությամբ 2005 թվականի հունվարի 27-ին ԿԽՄԿ-ի կողմից արված պաշտոնական հայտատության մեջ ասվում է.

  Օսվենցիմը ևս ներկայացնում է ԿԽՄԿ-ի պատմության մեծագույն ձախողումը, որը սրվեց նացիզմի զոհերին օգնության ցուցաբերման վճռական քայլերի բացակայության հետևանքով։ Այս ձախողումը կմնա ԿԽՄԿ-ի հիշողության մեջ այնպես, ինչպես կոմիտեի անհատ պատվիրակների՝ նույն շրջանի խիզախ գործողությունները[18]։  

Բնութագիր խմբագրել

 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խորհրդանիշը

ԿԽՄԿ-ի նախնական նշանաբանն էր «Բարեգործություն պատերազմի ընթացքում» (ֆրանս.՝ Inter Arma Caritas)։ Այն պահպանել է այս նշանաբանը, մինչդեռ Կարմիր խաչի մյուս կազմակերպությունները ընդունել են իրենց սեփականը։ Քանի որ Ժնևը տեղակայված է Շվեյցարիայի ֆրանսախոս հատվածում, ԿԽՄԿ-ն հայտնի է նաև իր նախնական ֆրանսերեն անվամբ՝ Comité international de la Croix-Rouge (CICR): Այնուամենայնիվ, ԿԽՄԿ-ն ունի չորս պաշտոնական լեզուներ՝ արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և իսպաներեն։ ԿԽՄԿ-ի պաշտոնական խորհրդանիշը սպիտակ ֆոնով կարմիր խաչն է (Շվեյցարիայի դրոշի շրջված տարբերակ), որի շրջագծով գրված են «Ժնևի միջազգային կոմիտե» (ֆրանս.՝ COMITÉ INTERNATIONAL GENÈVE) բառերը։

Չեզոք և բազմազանությանն ապավեն (անգլ.՝ Neutrality and Embracing the diversity)

Ժնևյան կոնվենցիայի ներքո Կարմիր խաչի, Կարմիր մահիկի և Կարմիր բյուրեղի խորհրդանշաններն ապահովում են ռազմաբժշկական ծառայությունների ու օգնության աշխատողների պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ և պետք է առկա լինեն մարդասիրական և բժշկական տրանսպորտային միջոցների ու շինությունների վրա։ Բնօրինակ խորհրդանշանը՝ սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչը, իրենից ներկայացնում է չեզոք Շվեյցարիայի դրոշի հակառակ տարբերակը։ Այն հետագայում համալրվեց մյուս երկու խորհրդանշաններով՝ Կարմիր մահիկ և Կարմիր բյուրեղ։ Կարմիր մահիկը ներդրվեց Օսմանյան կայսրության կողմից ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, իսկ Կարմիր բյուրեղը՝ 2005 թվականին կառավարությունների կողմից՝ որպես լրացուցիչ խորհրդանշան, որը զերծ կլինի որևէ ազգային, քաղաքական կամ կրոնական նշանակությունից[19]։

Առաքելություն խմբագրել

Կոմիտեի պաշտոնական առաքելությունն ասում է.

  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների զոհերի կյանքն ու արժանապատվությունը և աջակցել նրանց:  

Այն նաև ուղղորդում և համակարգում է միջազգային օգնությունն ու աշխատում է մարդասիրական իրավունքի և համամարդկային մարդասիրական սկզբունքների խթանման ու ամրապնդման ուղղությամբ[20]։ Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնևյան կոնվենցիաներից և նրա սեփական կանոններից, հետևյալն են[21].

  • Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնևյան կոնվենցիաների դրույթներին,
  • Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը և խնամքը,
  • Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը և պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
  • Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
  • Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն և խնամք,
  • Պատերազմող կողմերի միջև հանդես գալ որպես չեզոք միջնորդ։

ԿԽՄԿ-ն 1965 թվականին մշակել է 7 հիմնարար սկզբունքներ, որոնք ընդունվել են Կարմիր խաչի ամբողջ շարժման կողմից[22]։ Դրանք են՝ մարդասիրություն, անկողմնակալություն, չեզոքություն, անկախություն, կամավորություն, միասնություն և համընդհանրություն[23]։

Իրավական կարգավիճակ խմբագրել

ԿԽՄԿ-ն միակ հաստատությունն է, որը Միջազգային մարդասիրական իրավունքի ներքո հստակորեն անվանվում է վերահսկող մարմին։ ԿԽՄԿ-ի իրավական մանդատը բխում է 1949 թվականի Ժնևյան 4 կոնվենցիաներից, ինչպես նաև իր սեփական կանոններից։ ԿԽՄԿ-ն հանձն է առնում նաև խնդիրներ, որոնք ըստ այդ իրավունքի չեն բխում իր մանդատից, ինչպիսիք են՝ այցելություն քաղբանտարկյալներին և օգնության ցուցաբերում բնական աղետների ժամանակ։

ԿԽՄԿ-ն մասնավոր միություն է, որը գրանցված է Շվեյցարիայում։ 1993 թվականի մարտի 19-ին Շվեյցարիայի կառավարության և ԿԽՄԿ-ի միջև ընդունվեց այդ երկրի տարածքում կոմիտեի նկատմամբ հատուկ վերաբերմունքի իրավական համաձայնություն։ Այն պաշտպանում է Շվեյցարիայում ԿԽՄԿ-ի սեփականության, այդ թվում՝ գլխամասային գրասենյակի և արխիվի, դրամաշնորհների անդամների և աշխատակազմի իրավաբանական անձեռնմխելիությունը, ԿԽՄԿ-ին բոլոր տեսակի հարկերից և վճարներից ազատումը, երաշխավորում է ապրանքների, ծառայությունների և գումարի անվտանգ ու առանց մաքսերի փոխանցումը, ապահովում է ԿԽՄԿ-ին ապահով հաղորդակցման առավելություններով այնպես, ինչպես արտասահմանյան դեսպանություններին, դյուրացնում է Շվեյցարիա կոմիտեի մուտքը և ելքը։

Ի հակադրություն համընդհանուր համոզմունքի՝ ԿԽՄԿ-ն ոչ ինքնիշխան սուբյեկտ է, ոչ միջազգային կազմակերպություն, ոչ էլ կառավարական կամ ոչ կառավարական կազմակերպություն։ Մինչև 1990-ական թվականները այն սահմանափակում էր իր անդամների շրջանակը շվեյցարական քաղաքացիությամբ, սակայն 2007 թվականից սկսած նրա անձնակազմի կեսից ավելին այլ երկրների քաղաքացիներ են։

Իրավական հիմքեր խմբագրել

ԿԽՄԿ-ի գործողությունները հիմնականում հիմնված են Միջազգային մարդասիրական իրավունքի, 1949 թվականի Ժնևյան 4 կոնվենցիաների, 1977 թվականի երկու և 2005 թվականի երրորդ լրացուցիչ արձանագրությունների, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման կանոնադրության ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կոնֆերանսների բանաձևերի վրա[24]։

Միջազգային մարդասիրական իրավունքը գործ ունի հիմնականում հակամարտության երկու կողմերի հետ, պաշտպանում է անձանց, ովքեր չեն մասնակցել կամ այլևս չեն մասնակցում կռիվներին և սահմանափակում է որոշ զենքերի կիրառումը[25]։ Այն մշակվել է 1864 թվականին 16 երկրների կողմից ստորագրված Ժնևյան առաջին կոնվենցիաների հիման վրա։

Ֆինանսավորում խմբագրել

ԿԽՄԿ-ն ֆինանսավորվում է Ժնևյան կոնվենցիաների ներքոստորագրյալ պետությունների կառավարությունների կամավոր ներդրումների, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային միությունների, վերազգային կազմակերպությունների (օրինակ՝ Եվրոպական հանձնաժողով), հասարակական և մասնավոր աղբյուրների հաշվին։ Ամեն տարի ԿԽՄԿ-ն գործադրում է կոչեր տարբեր վայրերում և գլխամասում իր ծրագրերի ծախսերը հոգալու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կարող են ձեռնարկվել լրացուցիչ դիմումներ։ ԿԽՄԿ-ն իր աշխատանքի և ծախսերի ամփոփումը ներկայացնում է տարեկան հաշվետվության միջոցով[26]։

ԿԽՄԿ-ի 2014 թվականի բյուջեն կազմել է 1,3 միլիարդ շվեյցարական ֆրանկ, քանի որ այն բախվել է բազմաթիվ անկանխատեսելի ճգնաժամերի հետ՝ կապված Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ[27]։ 2015 թվականի բյուջեն կազմել է 1,53 միլիարդ շվեյցարական ֆրանկ[28]։

ԿԽՄԿ-ի ֆինանսավորման մեծ մասը ստացվում է Շվեյցարիայից և ԱՄՆ-ից, իսկ դրանց հաջորդում են եվրոպական մյուս երկրները և ԵՄ-ն։ Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի և Նոր Զելանդիայի հետ միասին դրանք ապահովում են ԿԽՄԿ-ի բյուջե ներդրումների 80-85%-ը, 3%-ը ստացվում է մասնավոր նվիրատվություններից, իսկ մնացած մասը՝ Կարմիր խաչի ազգային միություններից[29]։

Կառուցվածք խմբագրել

ԿԽՄԿ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Այն ունի պատվիրակություններ աշխարհի շուրջ 80 երկրներում։ Յուրաքանչյուր պատվիրակություն գտնվում է տվյալ երկրում պատվիրակության ղեկավարի ենթակայության տակ։ Աշխատակիցների կեսից ավելին աշխատում է կոնկրետ վայրերում, իսկ մյուս մասը՝ գլխամասային գրասենյակում։ Տարբեր վայրերում աշխատողները հանդես են գալիս որպես ԿԽՄԿ-ի գործողությունները համակարգող պատվիրակներ, իսկ նրանց մի մասը այնպիսի մասնագետներ են, ինչպիսիք են՝ բժիշկներ, գյուղատնտեսներ, ինժեներներ, թարգմանիչներ։ ԿԽՄԿ-ի հետ աշխատում են նաև ազգային ընկերությունների բազմաթիվ կամավորներ[30]։ ԿԽՄԿ-ի գլխավոր մարմիններն են տնօրինություն և վեհաժողովը[31]։

Տնօրինություն խմբագրել

Տնօրինությունը կոմիտեի գործադիր մարմինն է։ Այն իրականացնում է ԿԽՄԿ-ի ընթացիկ կառավարումը, մինչդեռ վեհաժողովը սահմանում է քաղաքականությունը։ Տնօրինության կազմի մեջ են մտնում գլխավոր տնօրենը և հինգ ոլորտների տնօրենները՝ «Գործառնություններ», «Մարդկային ռեսուրսներ», «Ֆինանսական ռեսուրսներ և լոգիստիկա», «Հաղորդակցության և տեղեկատվության կառավարում» և «Միջազգային իրավունք և քաղաքականություն»[31]։ Տնօրինության անդամներն ընտրվում են վեհաժողովի կողմից և ծառայում են 4 տարի[32]։

Վեհաժողով խմբագրել

Վեհաժողովը ԿԽՄԿ-ի բարձրագույն ղեկավար մարմինն է։ Այն վերահսկում է կոմիտեի գործողությունները, մշակում քաղաքականությունը, որոշում հիմնական նպատակները և ռազմավարությունը, հաստատում բյուջեն և հաշվապահությունը։ Այն նշանակում է տնօրեններին և ներքին աուդիտի անդամներին։ Կազմված լինելով Շվեյցարիայի քաղաքացիություն ունեցող 15-25 անդամներից՝ վեհաժողովն ունի կոլեգիալ բնույթ։ Նրա նախագահն ու փոխնախագահը ԿԽՄԿ-ի նախագահն ու փոխնախագահն են[33]։

Սկզբնական շրջանում կոմիտեի անդամները Ժնևից էին, բողոքական, սպիտակ և արական սեռի։ Առաջին կին անդամն ընտրվել է 1918 թվականին՝ Ռենե-Մարգրեթ Քրամեր։ Դրանից հետո մի քանի կանայք ընտրվեցին փոխնախագահի պաշտոններում, իսկ Սառը պատերազմից հետո անդամների 15%-ը կանայք էին։ Առաջին անգամ Շվեյցարիայի քաղաքացիություն չունեցող անձինք ընտրվել են 1923 թվականին, ինչպես նաև որոշ հրեաներ սկսեցին ծառայել վեհաժողովում[34]։

Վեհաժողովի խորհուրդ խմբագրել

Վեհաժողովի խորհուրդը Վեհաժողովի օժանդակ մարմինն է։ Այն նախապատրաստում է Վեհաժողովի գործողությունները և իր լիազորությունների շրջանակում կայացնում է որոշումներ, մասնավորապես՝ ռազմավարական որոշումներ կապված ֆինանսավորման, անձնակազմի և հաղորդակցության հիմնական քաղաքականության հետ։ Այն կապող օղակ է հանդիսանում Տնօրինության և Վեհաժողովի միջև, որոնց մշտապես հաշվետու է։ Այն կազմված է Վեհաժողովի կողմից ընտրված 5 անդամներից, որոնց ղեկավարը ԿԽՄԿ-ի նախագահն է[35]։

Խորհուրդը տարեկան նվազագույնը 10 անգամ հանդիպումներ է կազմակերպում և ունի Վեհաժողովի անունից որոշ հարցերում որոշումներ կայացնելու լիազորություն։ Այն պատասխանատու է նաև Վեհաժողովի հանդիպումների կազմակերպման և Վեհաժողովի ու Տնօրինության միջև հաղորդակցության ապահովման համար։

Նախագահ խմբագրել

 
ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը Սիրիայում եռօրյա առաքելության ժամանակ, սեպտեմբեր 2012

ԿԽՄԿ-ն ունի նախագահ և փոխնախագահ։ Նախագահը պատասխանատու է ԿԽՄԿ-ի արտաքին հարաբերությունների համար և ներկայացնում է կոմիտեն միջազգային ասպարեզում ու Տնօրինության հետ սերտ համագործակցության պայմաններում կանոնակարգում է ԿԽՄԿ-ի մարդասիրական դիվանագիտությունը։ Ներքին մակարդակում նա մասնակցում է կազմակերպության համախմբված, անխափան և զարգացման միտված գործունեության ապահովմանը[36]։ ԿԽՄԿ նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով, հանդիսանում է Վեհաժողովի անդամ, ԿԽՄԿ-ի առաջնորդ և կոմիտեի ձևավորման առաջին իսկ օրից ընդգրկված է Խորհրդի կազմում։

Ներկայումս ԿԽՄԿ-ի նախագահն է Պետեր Մաուրերը, իսկ փոխնախագահը՝ Քրիսթին Բիրլին։ Մաուրերը պաշտոնավարում է 2012 թվականի հուլիսից, նախկինում եղել է Շվեյցարիայի արտաքին գործերի պետքարտուղարը[37]։

Անձնակազմ խմբագրել

Քանի որ ԿԽՄԿ-ն աճել է և անմիջականորեն ներգրավված է հակամարտությունների կարգավորման գործում, տարիների ընթացքում դրա անձնակազմը բավականին աճել է։ 1914 թվականին այն ուներ ընդամենը 12 աշխատակից[38] և մինչև Երկրորդ աշխարհամարտը՝ ավելի քան 1 900 կամավորներ[39]։ 1970-ական թվականների սկզբից կոմիտեն սկսեց ավելացնել աշխատակիցների քանակը[40]։ Հատկապես Շվեյցարիայում ԿԽՄԿ-ն համալասարանն ավարտած անձանց համար մեծ պահանջարկ վայելող աշխատավայր է[41], սակայն կոմիտեի աշխատակից լինելը մեծ ծանրաբեռնվածություն է պահանջում[42]։ Կոմիտեի աշխատակազմը բազմազգ է և տարբեր երկրներում արտասահմանցի աշխատակիցների աշխատանքին աջակցում են տեղացի աշխատակիցները։

Հարաբերությունները շարժման շրջանակներում խմբագրել

Ներկայումս ԿԽՄԿ-ն հանդիսանում է Կարմիր խաչի շարժման առաջատար կազմակերպությունը, բայց այդ դիրքի համար այն մղել է համապատասխան պայքար։ Այն ֆեդերացիայի և ազգային միությունների հետ բազմիցս գտնվել է հակամարտության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ամերիկյան կարմիր խաչը սպառնում էր դուրս մղել ԿԽՄԿ-ին «իրական Միջազգային կարմիր խաչ» հանդիսանալու կարգավիճակից՝ դրա փոխարեն այդպիսին համարելով նոր ձևավորվող Կա8միր խաչի և Կարմիր մահիկի միությունների միջազգային ֆեդերացիան (ԿԽՄՖ)[43]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շվեդական կարմիր խաչը ցանկանում էր վերացնել Շվեյցարիայի ազդեցությունը ԿԽՄԿ-ի վրա[44]։ Ժամանակի ընթացքում շվեդական կրքերը հանդարտվեցին, և ԿԽՄՖ-ի ու ԿԽՄԿ-ի ներդաշնակ համագործակցությունը գնալով աճեց[45]։

1997 թվականին ԿԽՄՖ-ն ու ԿԽՄԿ-ն ստորագրեցին Սևիլյան համաձայնագիրը, որի համաձայն շարժման շրջանակներում հստակորեն սահմանվում էին երկու կազմակերպությունների պարտականությունները։ Ըստ այդ համաձայնագրի՝ Ֆեդերացիան շարժման առաջատար կազմակերպություն է հանդիսանում այնպիսի արտակարգ իրավիճակներում, որոնք զինված հակամարտության մաս չեն հանդիսանում։

Կարմիր մահիկի և կարմիր առյուծի ու արևի ընդունումը որպես պաշտոնական խորհրդանշաններ խմբագրել

Կարմիր մահիկ
Կարմիր առյուծ և արև

Կարմիր մահիկը որպես նշան առաջին անգամ օգտագործվել է ԿԽՄԿ-ի կամավորների կողմից 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ Պաշտոնապես այս խորհրդանիշն ընդունվել է 1929 թվականին, որից հետո 32 իսլամական պետություններ այն ընդունեցին որպես շարժման խորհրդանիշ[46]։

Նույն թվականին պաշտոնական խորհրդանշանների շարքում ընդունվեց նաև կարմիր առյուծի ու արևի խորհրդանիշը, որը կիրառվում էր Իրանի կողմից մինչև 1980 թվականը, երբ արդեն Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսեց կիրառել կարմիր մահիկը։

Մագեն Դավիթ Ադոմի ընդունումը խմբագրել

«Դավիթի Կարմիր Աստղ»
Մագեն Դավիթ Ադոմ, 1930, Իսրայել
Նոր խորհրդանիշը

Կարմիր խաչի Իսրայելի համարժեք Մագեն Դավիթ Ադոմը 1930 թվականին իր հիմնադրումից մինչև 2006 թվականը չէր ընդունվում որպես Ֆեդերացիայի մաս, քանի որ այն որպես խորհրդանիշ օգտագործում էր Դավիթի աստղը, որը ԿԽՄԿ-ն հրաժարվում էր ընդունել որպես խորհրդանիշ։ Դա նշանակում էր, որ չնայած արաբական շտապօգնությունը պաշտպանվում էր ԿԽՄԿ-ի կողմից, Իսրայելի շտապօգնությունը զրկված էր այդ պաշտպանությունից։ 2000 թվականին ի նշան ԿԽՄԿ-ի կողմից ենթադրյալ հակաիսրայելական խտրականության դեմ բողոքի՝ Ամերիկյան կարմիր խաչը դադարեցրեց իր ֆինանսական աջակցությունը։ 2005 թվականին Ժնևյան կոնվենցիայի անդամ ազգերի հանդիպման ժամանակ ԿԽՄԿ-ն ընդունեց նոր հավելյալ խորհրդանիշ՝ Կարմիր բյուրեղը։ Մագեն Դավիթ Ադոմը որպես նոր խորհրդանիշ Դավիթի աստղը տեղադրեց բյուրեղի ներսում և 2006 թվականին ընդունվեց որպես շարժման լիարժեք անդամ[47]։

Գործունեությունը Հայաստանում խմբագրել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Պատվիրակության առաջնահերթ նպատակներ են.

  • Սատարել իշխանություններին ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց խնդիրների հիմնահարցում,
  • Այցելել ԼՂ հակամարտության հետևանքով ազատազրկվածներին և նրանց հայրենադարձման ու տեղափոխության հարցում օժանդակություն ցույց տալ,
  • Աջակցել իշխանություններին կալանավայրերում տուբերկուլոզի վերահսկման ու տարածման կանխարգելման գործում,
  • Խրախուսել իշխանություններին միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրերի վավերացման և ազգային օրենսդրությունում դրանց դրույթների ներառման ու կիրարկման գործում,
  • Օժանդակել ՀՀ զինված ուժերին միջազգային մարդասիրական իրավունքը (ՄՄԻ) ռազմական կրթակարգում ընդգրկելու հարցում,
  • Խթանել հանրակրթական դպրոցներում և բուհերում ՄՄԻ-ի դասավանդումը,
  • Աջակցել Հայկական կարմիր խաչի ընկերությանը (ՀԿԽԸ),
  • Մարդասիրական խնդիրների շուրջ երկխոսություն վարել քաղաքացիական հասարակության հետ։

Հայաստանում իր գործունեությունն իրականացնելիս՝ ԿԽՄԿ-ն համաձայնեցնում է այն տարածաշրջանում գործող այլ կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ[48]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://careers.icrc.org/content/FAQ/?locale=en_GB
  2. https://www.icrc.org/en/document/mirjana-spoljaric-egger-assumes-presidency-international-committee-red-cross
  3. 3,0 3,1 "Annual Report 2016, Key facts and figures" (PDF)
  4. "Discover the ICRC" (անգլերեն)
  5. «Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  6. "Nobel Laureates Facts – Organizations" (անգլերեն)
  7. "Memory of Solferino" by Henry Dunant, ICRC publication 1986, complete text
  8. Ժնևի միջազգային համաժողովի բանաձևերը, Ժնև, 26-29 հոկտեմբեր, 1863 (անգլերեն)
  9. Չակոյի պատերազմ (1932-1935)
  10. "The Report of the International Committee of the Red Cross on its activities during the second world war (September 1, 1939 - June 30, 1947) Geneva 1948". (անգլերեն)
  11. Favez, Jean-Claude (1999). The Red Cross and the Holocaust. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-41587-3.p. 75.
  12. Favez, Jean-Claude (1999). The Red Cross and the Holocaust. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-41587-3.p. 6.
  13. Favez, Jean-Claude (1999). The Red Cross and the Holocaust. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-41587-3.p. 88.
  14. Mégevand-Roggo, Béatrice. Srebrenica – remembering the missing. 5 July 2005.
  15. Red Cross Condemns Burman "Abuses"" (անգլերեն). BBC News. 29 Jun 2007.
  16. "ICRC in WW II: the Holocaust" (անգլերեն)
  17. Buignion, François (2002-11-05). "Dialogue with the past: the ICRC and the Nazi death camps" (անգլերեն)
  18. ICRC: Official Statement (2005-01-27). "Commemorating the liberation of Auschwitz". (անգլերեն) from the original on 9 December 2012.
  19. Մարդասիրության խորհրդանշաններ (անգլերեն)
  20. ԿԽՄԿ-ի պաշտոնական կայք. Առաքելություն։
  21. ԿԽՄԿ-ի պաշտոնական կայք. Առանցքային խնդիրներ
  22. David P Forsythe, The Humanitarians: The International Committee of the Red Cross, (Cambridge, NY:Cambridge University Press, 2005), 161.
  23. ԿԽՄԿ-ի պաշտոնական կայք.Հիմնարար սկզբունքներ
  24. ICRC Official Website: "WAR & LAW" Section.
  25. Treaties and customary law: overview.
  26. ԿԽՄԿ. ֆինանսներ.
  27. ICRC appeals for 132 million Swiss francs. 13 October, 2014
  28. Annual Report 2015. 09 MAY 2016
  29. Forsythe, The Humanitarians, p. 233.
  30. Working for the ICRC.
  31. 31,0 31,1 ICRC Directorate. 01 July, 2014
  32. Forsythe, The Humanitarians, p. 225.
  33. ICRC decision-making structures: Assembly. 01 January, 2015
  34. Forsythe, The Humanitarians, p. 203-6.
  35. ICRC decision-making structures: Assembly Council. 01 January, 2015
  36. ICRC decision-making structures: Presidency. 01 January, 2015
  37. The president and vice-president of the ICRC: President Արխիվացված 2015-04-25 Wayback Machine. 08 January, 2014
  38. Philippe Ryfman, La question humanitaire (Paris:Ellipses, 1999), 38.
  39. Ryfman, La question humanitaire, 129.
  40. Georges Willemin and Roger Heacock, The International Committee of the Red Cross, (Dordrecht: Martinus Nijhoff Publishers, 1984).
  41. "Le CICR manqué de bras," LM, 20 July 2002, 15.
  42. Forsythe, The Humanitarians, 231.
  43. Andre Durand, History of the International Committee of the Red Cross: From Sarajevo to Hiroshima, (Geneva:ICRC, 1984), 147.
  44. Forsythe, The Humanitarians, 52.
  45. Forsythe, The Humanitarians, 37.
  46. "The history of the emblems" (official site). International Committee of the Red Cross, ICRC.
  47. International conference paves the way for red crystal. 22 June, 2006
  48. Միջազգային կազմակերպություններ. Կարմիր խաչի միջազգային կոմիտե Արխիվացված 2014-08-22 Wayback Machine. ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայք

Գրականություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • David P. Forsythe: Humanitarian Politics: The International Committee of the Red Cross. Johns Hopkins University Press, Baltimore 1978, ISBN 0-8018-1983-0
  • Henry Dunant: A Memory of Solferino. ICRC, Geneva 1986, ISBN 2-88145-006-7
  • Hans Haug: Humanity for all: the International Red Cross and Red Crescent Movement. Henry Dunant Institute, Geneva in association with Paul Haupt Publishers, Bern 1993, ISBN 3-258-04719-7
  • Georges Willemin, Roger Heacock: International Organization and the Evolution of World Society. Volume 2: The International Committee of the Red Cross. Martinus Nijhoff Publishers, Boston 1984, ISBN 90-247-3064-3
  • Pierre Boissier: History of the International Committee of the Red Cross. Volume I: From Solferino to Tsushima. Henry Dunant Institute, Geneva 1985, ISBN 2-88044-012-2
  • André Durand: History of the International Committee of the Red Cross. Volume II: From Sarajevo to Hiroshima. Henry Dunant Institute, Geneva 1984, ISBN 2-88044-009-2
  • International Committee of the Red Cross: Handbook of the International Red Cross and Red Crescent Movement. 13th edition, ICRC, Geneva 1994, ISBN 2-88145-074-1
  • John F. Hutchinson: Champions of Charity: War and the Rise of the Red Cross. Westview Press, Boulder 1997, ISBN 0-8133-3367-9
  • Caroline Moorehead: Dunant's dream: War, Switzerland and the history of the Red Cross. HarperCollins, London 1998, ISBN 0-00-255141-1 (Hardcover edition); HarperCollins, London 1999, ISBN 0-00-638883-3 (Paperback edition)
  • François Bugnion: The International Committee of the Red Cross and the protection of war victims. ICRC & Macmillan (ref. 0503), Geneva 2003, ISBN 0-333-74771-2
  • Angela Bennett: The Geneva Convention: The Hidden Origins of the Red Cross. Sutton Publishing, Gloucestershire 2005, ISBN 0-7509-4147-2
  • David P. Forsythe: The Humanitarians. The International Committee of the Red Cross. Cambridge University Press, Cambridge 2005, ISBN 0-521-61281-0
  • Favez, Jean-Claude (1999). The Red Cross and the Holocaust. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 0-521-41587-X.
  • Dominique-D. Junod : "The Imperiled Red Cross and the Palestine Eretz Yisrael Conflict: The Influence of Institutional Concerns on A Humanitarian Operation." 344 pages. Kegan Paul International."@ The Graduate Institute of International Studies Geneva. ISBN 0-7103-0519-2, 1995.

Հոդվածներ խմբագրել

  • François Bugnion: The emblem of the Red Cross: a brief history. ICRC (ref. 0316), Geneva 1977
  • Jean-Philippe Lavoyer, Louis Maresca: The Role of the ICRC in the Development of International Humanitarian Law. In: International Negotiation. 4(3)/1999. Brill Academic Publishers, p. 503–527, ISSN 1382-340X
  • Neville Wylie: The Sound of Silence: The History of the International Committee of the Red Cross as Past and Present. In: Diplomacy and Statecraft. 13(4)/2002. Routledge/ Taylor & Francis, p. 186–204, ISSN 0959-2296
  • David P. Forsythe: "The International Committee of the Red Cross and International Humanitarian Law." In: Humanitäres Völkerrecht – Informationsschriften. The Journal of International Law of Peace and Armed Conflict. 2/2003, German Red Cross and Institute for International Law of Peace and Armed Conflict, p. 64–77, ISSN 0937-5414
  • François Bugnion: Towards a comprehensive Solution to the Question of the Emblem. Revised third edition. ICRC (ref. 0778), Geneva 2005
  • International Committee of the Red Cross: "Discover the ICRC", ICRC, Geneva, 2007, 2nd edition, 53 pp.
  • International Review of the Red Cross An unrivalled source of international research, analysis and debate on all aspects of humanitarian law, in armed conflict and other situations of collective violence.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334