Միջազգային մարդասիրական իրավունք

Միջազգային մարդասիրական իրավունք (պատերազմի իրավունք, զինված ընդհարումների իրավունք), ՄՄԻ, միջազգային իրավական նորմերի համախումբ, որոնք զինված ընդհարումների ժամանակ պաշտպանում են այն անձանց, ովքեր չեն մասնակցում կամ դադարել են մասնակցել ռազմական գործողություններին, և սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների կիրառումը։

ՄՄԻ-ն այն իրավունքն է, որը կարգավորում է պատերազմի ժամանակ գործող վարքականոնները կամ պատերազմի իրավունքը (jus in bello)։ Այն միջազգային իրավունքի այն ճյուղն է, որը ձգտում է սահմանափակել զինված ընդհարման ազդեցությունը՝ պաշտպանելով այն անձանց, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին և սահմանափակելով ու կարգավորելով կոմբատանտների համար հասանելի պատերազմի միջոցներն ու մեթոդները։ ՄՄԻ-ն ոգեշնչված է մարդասիրության նկատառումներով և մարդկային տառապանքի մեղմացմամբ։ «Այն ներառում է մի շարք կանոններ՝ ստեղծված պայմանագրի կամ սովորույթի հիման վրա, որոնց նպատակն է պաշտպանել անձանց և գույքը/օբյեկտները», որոնք վնասվում են կամ կարող են վնասվել զինված ընդհարման հետևանքով, և սահմանափակում է ընդհարման կողմերի իրավունքը օգտագործել պատերազմի մեթոդներ ու միջոցներ ըստ իրենց ընտրության[1]։ Այն ներառում է․ «Ժնևյան կոնվենցիաները, Հաագայի կոնվենցիաները, ինչպես նաև հաջորդող պայմանագրերը, նախադեպային իրավունքը և միջազգային սովորութային իրավունքը»[2]։ Այն սահմանում է հակամարտող ազգերի, չեզոք ազգերի և պատերազմի մեջ գտնվեղ անհատների վարքագիծն ու պատասխանատվությունը՝ միմյանց և պաշտպանված անձանց նկատմամբ՝ հիմնականում ոչ կոմբատանտների։ Այն մշակվել է մարդասիրական մտահոգությունների և ռազմական անհրաժեշտության միջև հավասարակշռությունը պահպանելու համար և ենթարկել է պատերազմը օրենքի գերակայությանը՝ սահմանափակելով դրա կործանարար ազդեցությունը և մեղմացնելով մարդկային տառապանքը[1]։

ՄՄԻ-ի լուրջ խախտումները կոչվում են պատերազմական հանցագործություններ։ ՄՄԻ-ն (jus in bello) կարգավորում է ուժերի վարքագիծը, երբ նրանք պատերազմում են կամ ընդհարման մեջ են։ Այն տարբերվում է jus ad bellum-ից՝ ուժի կիրառման իրավունք կամ մինչև պատերազմը գործող իրավունք, որը կարգավորում է պատերազմի կամ զինված ընդհարման մեջ մտնելու վարքականոնները և ներառում է խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները։ Միասին jus in bello-ն և jus ad bellum-ը ներառում են պատերազմի իրավունքների երկու տարրերը, որոնք կարգավորում են միջազգային զինված ընդհարումների բոլոր ասպեկտները։

Իրավունքը պարտադիր է այն ազգերի համար, որոնք պարտավորություն են կրում համապատասխան պայմանագրերով։ Կան նաև պատերազմի այլ չգրված սովորութային կանոններ, որոնցից շատերն ուսումնասիրվել են Նյուրնբերգյան ռազմական դատավարությունների ընթացքում։ Որպես լրացում, դրանք նաև սահմանում են այդ ուժերի ինչպես թույլատրվող իրավունքները, այնպես էլ վարքագծում արգելքները, երբ նրանք գործ ունեն անկանոն ուժերի կամ պարտավորությունները չստորագրածների հետ։

ՄՄԻ-ն գործում է միջազգային զինված ընդհարումներ և ոչ միջազգային (ներքին) զինված ընդհարումների նկատմամբ կիրառվող կանոնների խիստ տարանջատմամբ։ Այս դիխոտոմիան լայնորեն քննադատվում է[3]։

Հարաբերությունները Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Միջազգային մարդասիրական իրավունքի միջև վեճի առարկա են հանդիսանում Միջազգային իրավունքի մասնագետների շրջանում։ Այս քննարկումը հանդիսանում է մեկ այլ, ավելի լայն քննարկման մի մասը՝ միջազգային իրավունքի բաժանման վերաբերյալ[4]։ Մինչ մասնագետների մի մասն ընդունում է Մարդու իրավունքների միջազգային իրավունքը որպես ՄՄԻ-ից էապես տարբերվող, մյուսներն ընդունում են վերջինս որպես նախորդի ենթասկիզբ[5]։ Նրանք, ովքեր նախապատվությունը տալիս են տարանջատմանը, տարբերությունը բացատրում են կիրառելիությամբ՝ ՄՄԻ-ն կիրառելի է բացառապես զինված ընդհարման ժամանակ։ Իսկ մյուս կողմից, ավելի համակարգային հեռանկարով բացատրվում է, որ ՄՄԻ-ն ներկայացնում է Մարդու իրավունքների միջազգային իրավունքի գործառույթը, որը ներառում է ընդհանուր նորմեր, որոնք կիրառելի են բոլորի համար բոլոր ժամանակներում, ինչպես նաև հատուկ նորմեր, որոնք կիրառելի են որոշակի իրավիճակներում, ինչպիսիք են զինված ընդհարումները և ռազմական օկուպացիան (ՄՄԻ), և մարդկանց որոշակի խմբերի նկատմամբ, ինչպիսիք են փախստականները (1951 թվականի Փախստականների կոնվենցիա), երեխաները (1989 թվականի Երեխայի իրավունքների կոնվենցիա) և ռազմագերիները (1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիա)։

Երկու պատմական հոսքեր․ Ժնևի իրավունք և Հաագայի իրավունք

խմբագրել

Ժամանակակից միջազգային մարդասիրական իրավունքը կազմված է պատմական երկու հոսքերից․

  1. Հաագայի իրավունք, որը նախկինում կոչվում էր պատշաճ պատերազմի իրավունք,
  2. Ժնևի իրավունք կամ մարդասիրական իրավունք[6]։

Երկու հոսքերն իրենց անունները ստացել են բազմաթիվ միջազգային կոնֆերանսներից, որոնք կազմել են պատերազմի և հակամարտության հետ կապված բազմաթիվ պայմանագրեր, մասնավորապես, Հաագայի 1899 ու 1907 թվականների կոնվենցիաները և Ժնևի կոնվենցիաները, որոնցից առաջինը կազմվել է 1863 թվականին։ Երկուսն էլ jus in bello-ի (Պատերազմի իրավունք) ճյուղերն են՝ պատերազմի և զինված ընդհարման մասնակցելու ժամանակ միջազգային իրավունքին վերաբերող ընդունելի գործելակերպի վերաբերյալ[7]։

Հաագայի իրավունք

խմբագրել

Հաագայի իրավունքը կամ պատշաճ պատերազմի իրավունքը սահմանում է հակամարտող կողմերի իրավունքներն ու պարտականություններն իրենց գործողություններում և սահմանափակում է վնաս պատճառելու միջոցների ընտրությունը[8]։ Մասնավորապես, դա վերաբերում է․

  • Կոմբատանտների սահմանումը,
  • Պատերազմի վարման միջոցների և մեթոդների հետ կապված կանոնների սահմանում,
  • Ռազմական նպատակների հարցի ուսումնասիրում[9]։

Պատերազմական վայրագությունների սահմանափակման համակարգված փորձերը սկսեցին զարգացում ապրել 19-րդ դարում։ Պատերազմի նպատակն էր հաղթել հակառակորդ պետությանը, ինչը հնարավոր էր անել հակառակորդի կոմբատանտներին չեզոքացնելու միջոցով։ Այսպես․ «Տարբերակում կոմբատանտների և քաղաքացիական անձանց միջև․ պահանջ, որպեսզի վիրավոր և գերևարված հակառակորդ կոմբատանտները արժանանան մարդկային վերաբերմունքի, և դա պետք է ներառվի ժամանակակից մարդասիրական իրավունքի հենասյուներից մեկում՝ ելնելով այդ սկզբունքից»[10]։

Ժնևի իրավունք

խմբագրել

Քաղաքացիական անձանց կոտորածները զինված ընդհարումների ընթացքում ունեն երկար և մութ պատմություն։ Որպես օրինակ հանդիսանում են․

  • Երիքովի բնակիչների կոտորածն իսրայելացիների կողմից Հեսուի գլխավորությամբ,
  • Կալինգացիների կոտորածները Հնդկաստանում Աշոկայի կողմից,
  • Մոտ 100 000 հնդիկների կոտորածը Լենկթեմուրի գլխավորած մուսուլմանական զորքերի կողմից,
  • Հրեաների և մուսուլմանների կոտորածները խաչակիրների կողմից Երուսաղեմի պաշարման ժամանակ (1099)։

Եվ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են՝ վերցված պատմության երկար ցուցակից։

Պատմության մարդասիրական նորմեր

խմբագրել

Անգամ կոտորածների ամենաթեժ պահերին, այնուամենայնիվ, եղել են մարդասիրական նորմերի հաճախակի արտահայտություններ և կոչեր պաշտպանելու զինված ընդհարումների տուժածներին՝ վիրավորներին, հիվանդներին և նավաբեկյալներին։ Դա եկել է դեռևս հնագույն ժամանակներից[11]։

Հին կտակարանում Իսրայելի թագավորը, հետևելով Եղիսե մարգարեի հորդորին խնայել թշնամու բանտարկյալներին, կանխում է նրանց կոտորածը։ Թագավորի հարցին պատասխանելով՝ Եղիսեն ասում է․ «Դու չպետք է կոտորես նրանց։ Դու կսպանեի՞ր նրանց, ում գերի ես վերցրել քո սրով ու աղեղով։ Տուր նրանց հաց ու ջուր, նրանք կուտեն և կխմեն և կգնան իրենց տիրոջ մոտ»[12]։

Հին Հնդկաստանում կային արձանագրություններ (օրինակ՝ Մանուի օրենքները), որոնք ներկայացնում էին զենքերի տեսակները, որոնք չպետք է կիրառվեին․ «Երբ նա մարտ է վարում իր թշնամիների հետ, թող նա չհարվածի քողարկված զենքով, և ոչ փշոտ, թունավորած զենքով կամ զենքով, որը բոցավառվում է կրակով»[13]։ Կար նաև հրաման չվնասել ներքինիներին, ինչպես նաև հակառակորդին, ով «ձեռքերն աղաչանքով է ծալում․․․ ով քնած է, ով կորցրել է զրահաբաճկոնը, ով մերկ է, ով անզեն է, ով նայում է առանց պայքարին մասնակցելու»[14]։

Իսլամական իրավունքը սահմանում է, որ «ոչ կոմբատանտները, ովքեր չեն մասնակցում պայքարին, ինչպիսիք են կանայք, երեխաները, վանականներն ու ճգնավորները, տարեցները, կույրերը և խելագարները» չպետք է չարչարանքի ենթարկվեն[15]։ Առաջին խալիֆ Աբու Բաքրը հայտարարել է․ «Մի՛ վնասեք։ Մի՛ սպանեք փոքր երեխաներին կամ տարեց մարդկանց։ Մի՛ կտրեք արմավենիները կամ այրեք դրանք։ Մի՛ կտրեք մրգատու ծառերը։ Մի՛ մորթեք անասուններին, բացառությամբ սնվելու համար»[16]։ Իսլամական իրավաբանները փաստել են, որ բանտարկյալը չպետք է սպանի, քանի որ նա «չի կարող պատասխանատվություն կրել պատերազմողների հասարակ ակտերի համար»[17]։

Իսլամական իրավունքը, այնուամենայնիվ, չէր խնայում բոլոր ոչ կոմբատանտներին։ Այն անձանց դեպքում, ովքեր մերժում էին ընդունել իսլամ կամ վճարել այլընտրանքային հարկ, մուսուլմաններին «թույլատրվում էր սպանել նրանցից յուրաքանչյուրին՝ կոմբատանտ, թե ոչ կոմբատանտ՝ պայմանով, որ նրանք չէին սպանվի նենգաբար և խոշտանգումներով»[18]։

Մարդասիրական նորմերի կոդիֆիկացիա

խմբագրել

ՄՄԻ-ի ամենակարևոր նախորդողը ներկայիս զինադադարի համաձայնագիրը և պատերազմի կարգավորումն է, որը ստորագրվել և վավերացվել է 1820 թվականին այդ ժամանակի Հզոր Կոլումբիայի կառավարության և Իսպանական Թագի ռազմարշավային ուժերի ղեկավարի միջև վենեսուելական Սանտա Անա դե Տրուխիլլո քաղաքում։ Այս պայմանագիրը ստորագրվել է անկախության ընդհարման ներքո՝ Արևմուտքում հանդիսանալով առաջինն իր տեսակով։

19-րդ դարի երկրորդ կեսին, այնուամենայնիվ, նախաձեռնվեց ավելի համակարգված մոտեցում։ ԱՄՆ-ում գերմանացի ներգաղթյալ Ֆրանսիս Լիբերը 1863 թվականին կազմեց վարքագիրք, որը հայտնի դարձավ որպես Լիբերի օրենսգիրք միության բանակի համար Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Օրենսգիրքը ներառում էր մարդասիրական վերաբերմունք ընդհարման շրջաններում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչպես նաև արգելում էր ռազմագերիների մահապատիժը։

Միևնույն ժամանակ, Ղրիմի պատերազմի ընթացքում Ֆլորենս Նայթինգեյլի և Անրի Դյունանի նման անհատների ջանքերը հանգեցրեցին պատերազմի տուժածների տառապանքի կանխարգելման ավելի համակարգված մոտեցման ձևավորմանը։ Դյունանը գիրք գրեց «Հուշեր Սոլֆերինոյի մասին» անվանմամբ, որում նա նկարագրում էր այն սարսափները, որոնց վկան էր եղել Սոլֆերինոյի ճակատամարտի ժամանակ։ Նրա արձանագրություններն այնքան ցնցող էին, որ հիմք հանդիսացան 1863 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հիմնադրման և 1864 թվականին Ժնևում կոնֆերանսի հրավիրման համար, որի ժամանակ կազմվեց «Գործող բանակներում վիրավոր զինվորների վիճակի բարելավման մասին» կոնվենցիան[19]։

Ժնևի իրավունքն ուղղակիորեն ոգեշնչված է մարդասիրության սկզբունքով։ Այն վերաբերում է այն անձանց, ովքեր չեն մասնակցում ընդհարմանը, ինչպես նաև ռազմական անձնակազմին, որն այլևս չի մասնակցում ռազմական գործողություններին (hors de combat)։ Այն ապահովում է պաշտպանության և մարդասիրական աջակցության իրավական հիմքերը, որոնք իրականացվում են անկողմնակալ մարդասիրական կազմակերպությունների կողմից, ինչպիսին է ԿԽՄԿ-ն[20]։

Ժնևի կոնվենցիաներ

խմբագրել
 
Ժնևի առաջին կոնվենցիա, 1864

Ժնևի կոնվենցիաները 1864 թվականից 1949 թվականի միջև ընկած ժամանակահատվածում բազմաթիվ աստիճաններով զարգացում ապրած գործընթացի արդյունքն են։ Այն կենտրոնացել է խաղաղ բնակչության և այն անձանց պաշտպանության վրա, ովքեր այլևս չեն մասնակցում զինված հակամարտությանը։ Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանք՝ բոլոր չորս կոնվենցիաները վերանայվեցին՝ հիմք ընդունելով նախկին վերանայումները և 1907 թվականի Հաագայի որոշ կոնվենցիաները, և վերընդունվեցին միջազգային համայնքի կողմից 1949 թվականին։ Հետագա կոնֆերանսներն ավելացրեցին պատերազմի որոշ մեթոդները արգելող և քաղաքացիական պատերազմների հարցերին վերաբերող դրույթներ։

1949 թվականին Ժնևի առաջին 3 կոնվենցիաները վերանայվեցին, ընդլայնվեցին և փոխարինվեցին, ավելացավ չորրորդ կոնվենցիան։

Ժնևյան կոնվենցիաները միջազգային զինված ընդհարումների ժամանակ նախատեսում են հետևյալ չորս կատեգորիայի անձանց պաշտպանության ու նրանց նկատմամբ վարվելակերպի իրավական հիմքերը.

  • գործող բանակներում վիրավորներ, հիվանդներ (ԺԿ I),
  • ծովային զինված ուժերում վիրավորված, հիվանդ և նավաբեկյալ անդամներ (ԺԿ II),
  • ռազմագերիներ (ԺԿ III),
  • քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ օկուպացված տարածքներում (ԺԿ IV)։

Կոնվենցիաները լրացվել են Լրացուցիչ I և II արձանագրություններով (ԼԱ I և ԼԱ II), որոնք վերաբերում են համապատասխանաբար՝ միջազգային և միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումներից տուժած անձանց պաշտպանությանը, ինչպես նաև՝ 2005 թվականի Լրացուցիչ III արձանագրությամբ (ԼԱ III), որը սահմանում է ԿԽՄԿ-ի լրացուցիչ տարբերանշանը (Կարմիր բյուրեղ)։

Այսօր կոնվենցիաներն ու լրացուցիչ արձանագրությունները ստացել են ունիվերսալ մասնակցություն 194 կողմերից։ Սա նշանակում է, որ նրանք տարածվում են գրեթե բոլոր միջազգային ընդհարումների նկատմամբ[21]։ Լրացուցիչ արձանագրությունները, այնուամենայնիվ, դեռևս լայն հավանության չեն արժանացել, քանի որ ԱՄՆ-ը և մի քանի այլ կարևոր ռազմական ուժեր (Իրան, Իսրայել, Հնդկաստան, Պակիստան) դեռևս դրանց կողմեր չեն։

ՄՄԻ՝ քաղաքացիական անձանց պաշտպանությանը վերաբերող դրույթներ և սկզբունքներ

խմբագրել

ՄՄԻ նորմերի համաձայն՝ ռազմական գործողությունները վարելիս պետք է հիմնվել երեք հիմնական սկզբունքների վրա՝ տարբերակում, համաչափություն և նախազգուշացում։

Տարբերակման սկզբունքի իմաստն այն է, որ զինված ընդհարման մասնակից յուրաքանչյուր կողմի ռազմական գործողությունները պետք է լինեն ընտրողական և ցանկացած ժամանակ տարբերակեն քաղաքացիական անձանց և օբյեկտները՝ մի կողմից, կոմբատանտներին ու ռազմական օբյեկտները՝ մյուս կողմից։ Հարձակումները թույլատրելի են միայն կոմբատանտների և ռազմական օբյեկտների վրա։ Այս սկզբունքի նպատակն է՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և նրանց պատկանող գույքը։ Սկզբունքն արգելում է անընտրական հարձակումները[22]։

Համաչափության սկզբունքը նշանակում է, որ հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում առաջացած կյանքի պատահական կորուստները, քաղաքացիական անձանց և նրանց սեփականությանը պատճառված վնասները պետք է համաչափ լինեն և չգերազանցեն ռազմական առավելությանը, որը նախատեսվում է ստանալ տվյալ ռազմական գործողության արդյունքում[23]։

Նախազգուշացման սկզբունքը ենթադրում է, որ ընդհարման բոլոր կողմերը ռազմական գործողություններ իրականացնելիս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ համոզվելու համար, որ հարձակման օբյեկտը ռազմական է, մինչև հարձակումը պետք է արդյունավետ կերպով նախազգուշացում կատարեն քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս սկզբունքը ենթադրում է նաև սահմանափակումներ հարձակման վայրի և ժամանակի ընտրության պարագաներում։

Կարմիր խաչի միջազգային կոմիտե

խմբագրել
 
ԿԽՄԿ խորհրդանիշը

ԿԽՄԿ-ն միջազգային մարդասիրական իրավունքի ներքո հստակորեն նշանակված միակ վերահսկող ուժ հանդիսացող կառույցն է։ ԿԽՄԿ իրավական մանդատը բխում է 1949 թվականի Ժնևի 4 կոնվենցիաներից, ինչպես նաև իր անձնական Կանոնադրությունից։

  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված ընդհարումների և բռնության այլ իրավիճակների զոհերի կյանքն ու արժանապատվությունը և աջակցել նրանց:
- ԿԽՄԿ առաքելություն
 

Խախտումներ և պատիժ

խմբագրել

Կոմբատանտները, ովքեր խախտում են պատերազմի իրավունքի հատուկ դրույթները, կորցնում են որպես ռազմագերի իրենց տրամադրվող պաշտպանությունն ու կարգավիճակը, սակայն միայն «իրավասու դատարանի» առաջ կանգնելուց հետո[24]։ Այդ դեպքում նրանք դառնում են անօրինական կոմբատանտներ, սակայն միևնույնն է նրանց պետք է վերաբերվել մարդասիրաբար, իսկ դատավարության դեպքում նրանք չպետք է զրկվեն արդարության իրավունքից, քանզի նրանք դեռևս պաշտպանված են ԺԿ IV-ի 5-րդ հոդվածով։

Լրտեսները և ահաբեկիչները պաշտպանված են պատերազմի իրավունքով միայն եթե նրանց պահող «ուժը» գտնվում է պատերազմի կամ զինված ընդհարման մեջ և մինչև «անօրինական կոմբատանտ» ճանաչվելը։ Հանգամանքներից կախված՝ նրանց գործը կարող է դառնալ քաղաքացիական իրավունքի կամ ռազմական տրիբունալի առարկա։ Իրականում նրանք հաճախ ենթարկվել են տանջանքների և մահապատժի։ Լրտեսները կարող են պատժվել միայն դատավարությունից հետո, իսկ իրենց բանակը կրկին համալրելուց հետո նրանց պետք է վերաբերվել որպես ռազմագերիների[25]։ Կասկածելի ահաբեկիչները, ովքեր գերեվարվել են զինված ընդհարման ժամանակ, պետք է բանտարկվեն միայն ԺԿ IV-ին համապատասխան և ունեն կանոնավոր դատավարության իրավունք[26]։ Պետությունները, որոնք ստորագրել են Ընդդեմ խոշտանգումների ՄԱԿ-ի կոնվենցիան, հանձն են առել չկիրառել խոշտանգումներ որևէ անձի նկատմամբ։

Ընդհարման ավարտից հետո այն անձինք, ովքեր կատարել են պատերազմի իրավունքի որևէ խախտում, հատկապես դաժանություններ, իրավունքի գործընթացի միջոցով կարող են անհատականորեն պատասխանատվության ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 GSDRC (2013). International legal frameworks for humanitarian action: Topic guide. Արխիվացված 2016-12-02 Wayback Machine Birmingham, UK: GSDRC, University of Birmingham
  2. ԿԽՄԿ․ What is international humanitarian law?(չաշխատող հղում)
  3. Stewart, James (30 June 2003). "Towards a Single Definition of Armed Conflict in International Humanitarian Law". International Review of the Red Cross. 850: 313–350.
  4. Koskenniemi, Marti (September 2002). "Fragmentation of International Law? Postmodern Anxieties". Leiden Journal of International Law. 15 (3): 553–579. doi:10.1017/S0922156502000262. Retrieved 30 January 2015.
  5. Yun, Seira (2014). "Breaking Imaginary Barriers: Obligations of Armed Non-State Actors Under General Human Rights Law – The Case of the Optional Protocol to the Convention on the Rights of the Child". Journal of International Humanitarian Legal Studies. 5 (1-2): 213–257.
  6. Pictet, Jean (1975). Humanitarian law and the protection of war victims. Leyden: Sijthoff. ISBN 90-286-0305-0. pp. 16–17
  7. The Program for Humanitarian Policy and Conflict Research at Harvard University, "Brief Primer on IHL"․
  8. Pictet, Jean (1985). Development and Principles of International Law. Dordrecht: Martinus Nijhoff. ISBN 90-247-3199-2. p.2
  9. Kalshoven, Frits; Liesbeth Zegveld (March 2001). Constraints on the waging of war: An introduction to international humanitarian law. Geneva: ICRC. p.40(չաշխատող հղում)
  10. Christopher Greenwood in: Fleck, Dieter, ed. (2008). The Handbook of Humanitarian Law in Armed Conflicts. Oxford University Press, USA. ISBN 0-19-923250-4. p. 20.
  11. Bernhardt, Rudolf (1992). Encyclopedia of public international law. Amsterdam: North-Holland. ISBN 0-444-86245-5., Հատոր 2, էջ 933–936 Jump up ^ II Kings 6:21-23
  12. 2 թագավորներ 6:21-23, Աստվածաշունչ
  13. Մանուի օրենքներ VII.90 (անգլերեն)
  14. Մանուի օրենքներ VII.91-92 Տես նաև, Singh, Nagendra: "Armed conflicts and humanitarian laws of ancient India," in C. Swinarski (1985). Studies and Essays on International Humanitarian Law and Red Cross Principles. The Hague: Kluwer Law International. pp. 531–536. ISBN 90-247-3079-1.
  15. Khadduri, Majid (2006). War And Peace in the Law of Islam. New York, NY: Lawbook Exchange. ISBN 1-58477-695-1. էջ 103,104
  16. Hashmi, Sohail H. (2002). Islamic political ethics: civil society, pluralism, and conflict. Princeton, N.J: Princeton University Press. ISBN 0-691-11310-6, էջ 211
  17. McCoubrey, Hilaire (1999). International Humanitarian Law. Aldershot, UK: Ashgate Publishing. ISBN 1-84014-012-7, էջ 8–13
  18. Khadduri, Majid (2006). War And Peace in the Law of Islam. New York, NY: Lawbook Exchange. ISBN 1-58477-695-1, էջ 105,106
  19. Christopher Greenwood in: Fleck, Dieter, ed. (2008). The Handbook of Humanitarian Law in Armed Conflicts. Oxford University Press, USA. ISBN 0-19-923250-4, էջ 22
  20. Jean Pictet, «Development and principles of International Humanitarian Law».1985
  21. Christopher Greenwood in: Fleck, Dieter, ed. (2008). The Handbook of Humanitarian Law in Armed Conflicts. Oxford University Press, USA. ISBN 0-19-923250-4, էջ 27,28
  22. ԼԱ I, հոդվածներ 48, 51, 52, 57; ԼԱ II, հոդվածներ 13-16
  23. ԼԱ 1, հոդվածներ 57, 58
  24. ԺԿ III, հոդված 5
  25. Convention (IV) respecting the Laws and Customs of War on Land and its annex: Regulations concerning the Laws and Customs of War on Land. The Hague, 18 October 1907.
  26. Terrorism and the Law of War: Trying Terrorists as War Criminals before Military Commissions,Updated December 11, 2001

Աղբյուրներ

խմբագրել
  • Carey, John; Dunlap, William (2003). International Humanitarian Law: Origins (International Humanitarian Law) (International Humanitarian Law). Dobbs Ferry, N.Y: Transnational Pub. ISBN 1-57105-264-X.
  • Gardam, Judith Gail (1999). Humanitarian Law (The Library of Essays in International Law). Ashgate Pub Ltd. ISBN 1-84014-400-9.
  • Fleck, Dieter (2008). The Handbook of International Humanitarian Law. Second Edition. Oxford University Press, USA. ISBN 0-19-923250-4.
  • Forsythe, David P. (2005). The humanitarians: the International Committee of the Red Cross. Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 0-521-84828-8.
  • Heider, Huma. «International Legal Framework for Humanitarian Action». GSDRC/ DFiD. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  • Mendis, Chinthaka [Edited by Hemamal Jayawardena] (2007). Application of International Humanitarian Law to United Nations Forces. USA: Zeilan Press. էջ 108. ISBN 0-9793624-3-1. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  • McCoubrey, Hilaire (1999). International Humanitarian Law. Aldershot, UK: Ashgate Publishing. ISBN 1-84014-012-7.
  • Pictet, Jean (1975). Humanitarian law and the protection of war victims. Leyden: Sijthoff. ISBN 90-286-0305-0.
  • Jean Pictet (1985). Development and Principles of International Humanitarian Law. Dordrecht: Martinus Nijhoff. ISBN 90-247-3199-2.
  • UNESCO Staff (1997). International Dimensions of Humanitarian Law. Berlin: Springer. ISBN 92-3-102371-3.