Թարգմանչաց շարժում, հայ գրերի գյուտից հետո սկզբնավորված շարժում, որի խնդիրն էր՝ նախ հայերեն թարգմանել Աստվածաշունչը, հայացնել եկեղեցական ծեսը, ապա հայալեզու քրիստոնեական գրականություն տարածելու, հայոց դպրություն սկզբնավորելու միջոցով նպաստել Հայաստանի հոգևոր վերածննդին, կրոնամշակութային, ինչպես նաև գաղափարաքաղաքական անկախության հաստատմանը։

Մեսրոպ Մաշտոց
Հատված տպագրված առաջին հայերեն Աստվածաշնչից
Սահակ Ա Պարթև
Մեսրոպ Մաշտոց
Դավիթ Անհաղթ
Անանիա Շիրակացու արձանը մատենադարանի առաջ

Առաջին փուլ

խմբագրել

Թարգմանչաց շարժման առաջին փուլն ընդգրկում է 5-րդ դարի առաջին կեսը, 2-րդ շրջանը կապված է հունական դպրոցի գործունեության հետ (5-րդ դարի կես-7-րդ դարի սկիզբ)։ «Թարգմանիչ» են անվանվել հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի և Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի շուրջ համախմբված 100 սաներին, որոնք անմիջականորեն աշակերտել են նրանց` չհաշված «կրտսեր թարգմանիչներին», հիմնականում՝ աշակերտների աշակերտներին։ Թարգմանիչ նշանակել է նաև մեկնիչ, մեկնող, Աստվածաշնչի այս կամ այն դրույթը բացատրող։

Առաջին թարգմանիչներից հանվանե հայտնի են մոտ երեսունը, իսկ Տոնացույց են մտել երեքը՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն, Մովսես Քերթողը և Դավիթ Անհաղթը։ Հայ եկեղեցին «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների հիշատակը՝ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ։ Այս վեցյակի մեջ են նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին։ Հայ գրերի գյուտով (405) սկզբնավորված թարգմանչաց շարժումը դարերի ընթացքում համալրվել է նորանոր անուններով և թարգմանական արժեքավոր գործերով։

Հայ քրիստոնեական միտքը, ելնելով Սուրբ Գրքից, թարգմանությունը համարել է Սուրբ Հոգու շնորհներից («Մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք,... մյուսին՝ բժշկումների շնորհ՝ նույն Հոգով, ...մյուսին՝ լեզուների թարգմանության շնորհ», Ա Կորնթ. 12.8–10)։ Մեսրոպ Մաշտոց-Սահակ Ա Պարթև-Վռամշապուհ արքա եռյակի առաջին նպատակն էր իրականացնել Սուրբ Գրքի թարգմանությունը։ Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմիջական առաջնորդությամբ կատարված այդ թարգմանությամբ լուծվել են մի շարք խնդիրներ․

  • թարգմանչական դպրոցի ստեղծում
  • հոգևոր-մշակութային
  • գաղափարաքաղաքական։

Թարգմանչական առաջին խումբը` հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի և այլոց, նախապես թարգմանել է Աստվածաշունչը։ Երկրորդ խումբը` Հովսեփ Պաղնացի, Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Վանանդեցի և մյուսներ, իրենց ուսուցիչների հետ միասին փաստորեն կատարել է Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը՝ համեմատությամբ հունարեն Յոթանասնից թարգմանության։

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը համարվում է «թարգմանությունների թագուհի», վիթխարի դեր է խաղացել հայերենը համազգային եկեղեցական և գրական լեզվի վերածելու գործում, նպաստել ողջ Հայաստանի հոգևոր մշակութային զարթոնքին։ Սակայն Աստվածաշնչի բազմաշերտ ու բազմանշանակ տեքստերը հստակորեն, ուղիղ դավանանքով մեկնաբանելու, ինչպես նաև ծայր առած աղանդավորական շարժումներին ի պատասխան՝ սուրբգրային իմաստներն անխաթար ու ամբողջական պահելու համար հարկավոր էր նաև հայերեն թարգմանել ողջ ուղղադավան-եկեղեցական ու հայրախոսաստվածաբանական գրականությունը։

Առաջին թարգմանություններ և թարգմանիչներ

խմբագրել

Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հունարենից ու ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու և մյուսների մեկնողական, աստվածաբանական, դավանական երկերը, ինչպես նաև Արիստիդես Աթենացու, Հիպողիտոսի, Մեթոդիոս Պատարացու կամ Օլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագովական բնույթի երկերը։

5-րդ դարի առաջին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ հետևյալ բաժինների.

  1. լիտուրգիկա՝ ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք և այլն),
  2. պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն,
  3. մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն,
  4. կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ),
  5. պատմական բնույթի երկեր։

Հայ գրերի գյուտից մինչև 440-ական թվականները հիմնականում թարգմանվել են.

  • Աստվածաշունչ (405-408 թվականին և 430-ական թվականներին)
  • Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թարգմանվել է հունարենից և ասորերենից)
  • Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հունարենից)
  • Ժամագիրք (հունարենից)
  • Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները
  • Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հունարենից)
  • Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին (հունարենից)
  • Հիերոնիմոսի մեկնությունը
  • Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմություն»-ը (416-420 թվականներին, հունարենից)
  • Եպիփան Կիպրացու «Մարգարեների վախճանի մասին» (հունարենից)
  • Սեբերիանոս (Սեվերիանոս) Գաբաղացու ճառերը (հունարենից)
  • Եվագր Պոնտացու ճառերն ու մեկնությունները (հունարենից)
  • Եվսեբիոս Եմեսացու ճառերը (հունարենից)
  • Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայութեան»-ը (հունարենից)
  • Բարսեղ Կեսարացու «Վեցօրյա արարչության մասին», նաև՝ ճառեր, մեկնություններ, խրատներ (հունարենից)
  • Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը» (420-430 թվականին հունարենից, ընդ որում հունարեն բնագիրը չի պահպանվել)
  • Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը» (430-ական թվականներին, հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել)
  • Պրոկղ եպիսկոպոսի թղթերը՝ ուղղված Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին (430-ական թվականներին, հունարենից)
  • Ակակիոս Մելիտենացու երկու թղթերը (430-ական թվականներ, հունարենից)
  • Եփրեմ Ասորու ճառերը, աղոթքները և Սուրբ Գրքի մասերին նվիրված մեկնություններ (ասորերենից)
  • Սուրբ Թադեոսի և սուրբ Սանդուխտի վկայաբանությունը (430 թվականին, ասորերենից)
  • Մեթոդիոս Օլիմպիացու «Անձնիշխանության մասին» («Յաղագս անձնիշխանութեան») երկը (հունարենից, հունարեն բնագիրը չի պահպանվել, երկի զգալի մասն օգտագործվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում)
  • Եպիփան Կիպրացու «Ընդդեմ աղանդոց» երկը (հունարենից, որոշ հատվածներ միայն պահպանվել են Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում)
  • Հիպպոլիտոս Բոստրացու ճառերն ու մեկնությունները, «Բոլոր աղանդների հերքումը» (430–440-ական թվականներ, հունարենից, պահպանվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ում)
  • Գրիգոր Սքանչելագործի «Քրիստոսի ծննդյան մասին» (հունարենից),
  • Զենոբ Ամիդացու ճառը (ասորերենից),
  • Այիթալա Եդեսացու ճառը (ասորերենից),
  • Գրիգոր Նազիանզացու ճառերը (հունարենից),
  • Անտիոքի, Գանգրայի, Լաոդիկեայի, Նեոկեսարիայի ժողովների և Նիկիայի տիեզերական ժողովի կանոնները (430–440-ական թվականներ, հունարենից)։

5-րդ դարի առաջին կեսին են թարգմանվել նաև անվավեր կամ պարականոն ճանաչված բնագրեր` «Պիղատոսի նամակը Տիբերիոս կայսերը», «Եդեսիա քաղաքի թագավոր Աբգարի նամակը», «Հակոբի ուղերձը Կոնդրատիոսին», «Քրիստոս Պոնտիոս Պիղատոսի առջև», «Առաքյալների վարդապետությունը» (միայն «Աբգարի նամակը»՝ ասորերենից, մնացյալները՝ հունարենից)։

Թարգմանվել են նաև բազմաթիվ վկայաբանություններ և վարքագրություններ՝ և՛ հունարենից, և՛ ասորերենից։ Ողջ թարգմանական գրականությունը հիմքեր է ստեղծել հայ ինքնուրույն՝ մեկնողական, աստվածաբանական-դավանական, իմաստասիրական, պատմական և այլաբնույթ գրականության ստեղծման համար՝ Գրիգոր Ա Լուսավորչի (կամ նրան վերագրվող) «Հաճախապատում ճառերը», Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը», Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և այլ երկեր։ Հայալեզու թարգմանական գրականությունը չեզոքացրել է հունարենի և ասորերենի գերիշխանությունը, թուլացրել հունական և ասորական եկեղեցիների ազդեցությունը, իսկ միջնորդավորված կերպով՝ նաև այդ եկեղեցիների թիկունքին կանգնած տերությունների գաղափարաքաղաքական նկրտումները։

Թարգմանված աշխարհիկ գիտական երկեր

խմբագրել

Կրոնադավանական երկերից զատ հայ աստվածաբան-իմաստասիրական միտքն անհրաժեշտաբար անդրադարձել է նաև աշխարհիկ գիտական երկերի թարգմանությանը։ Դրա համար անհրաժեշտ էր ընդլայնել գրաբարի բառապաշարը՝ լեզվաոճական և գիտական, փիլիոսոփայական եզրաբանության հայացման ճանապարհով։ Այս ասպարեզում կարևոր գործ է կատարել հունական դպրոցը (5-րդ դարի կեսից 8-րդ դարի սկիզբ)։ Փիլոն Ալեքսանդրացու երկերի, Իրենեոս Լուգդոնացու (2-րդ դար) և Տիմոթեոս Կուզի դավանական գրվածքների թարգմանությունից (480-ական թվական) հետո Ալեքսանդրիայում և Աթենքում ուսանած հայ թարգմանիչները մինչ Արիստոտելի բուն երկերի թարգմանությանն անցնելը կատարել են ճանաչողական նշանակություն ունեցող՝ Պորփյուրի «Ներածութիւն ստորոգութեանցն Արիստոտելի» երկի թարգմանությունը, որը հիմք է ստեղծել 490-ական թվականներին Արիստոտելի «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերի թարգմանության համար, այնուհետև` 490-500-ական թվականներին` նորպլատոնական Յամբլիխոսին (Յամբլիքոս) վերագրվող «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» երկերը։ Ապա թարգմանվել են անտիկ մտածողության ավանդույթները պահպանող քրիստոնյա հեղինակների (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի, Նեմեսիոս Եմեսացի) երկերը։

Հունական դպրոցի թարգմանիչներ

խմբագրել

Հունական դպրոցի թարգմանիչների (հատկապես Դավիթ Անհաղթի ինքնուրույն և թարգմանական երկերի) շնորհիվ Հայաստանում տարածվել են նորպլատոնականությունը և նորպլատոնականության հայր Պլոտինոսի երկերը։ Հայ հեղինակների՝ Պետրոս Սյունեցու, Դավիթ Հարքացու, Խոսրովիկ Թարգմանչի, Անանիա Շիրակացու, Ստեփանոս Սյունեցու ինքնուրույն, ապա թարգմանական (Զենոնին վերագրվող՝ «Յաղագս բնութեան» տրակտատը, Արիստոտելի «Յաղագս աշխարհի» և «Յաղագս առաքինութեան» բնագրերը, «Սահմանք փիլիսոփայականք» փիլիսոփայական տեքստը և այլն) երկերում զգալի է Արիստոտելի, Պորփյուրի և հատկապես Դավիթ Անհաղթի գաղափարների և տերմինաբանության որոշակի ազդեցությունը։ Հայ աստվածաբան-փիլիսոփայական-մաթեմատիկական մտքի զարգացման առումով արժեքավոր են նաև Անանիա Շիրակացու (7-րդ դար) երկերը և նրան վերագրվող՝ Պապպոս Ալեքսանդրացու, Պողոս Ալեքսանդրացու և մյուսների աստղաբաշխական ու օդերևութաբանական երկերի թարգմանությունները, Ստեփանոս Սյունեցու՝ 712 թվականին թարգմանած՝ Նեմեսիոս Եմեսացու «Յաղագս բնութեան մարդոյ» և Գրիգոր Նյուսացու «Յաղագս մարդոյ կազմութեան» աստվածաբանական, բնափիլիսոփայական, մարդակազմական երկերը, նույն՝ Ստեփանոս Սյունեցու՝ Դավիթ Հյուպատի աշխատակցությամբ թարգմանած Դիոնիսիոս Արիոպագացու «Յաղագս երկնային քահանայապետութեան», «Յաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Յաղագս աստվածայնոց անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» երկերն ու 10 թղթերը։

Թարգմանչաց շարժման ավանդույթների շարունակումը հետագայում

խմբագրել
 
Թովմա Աքվինացի

Թարգմանչաց շարժման ավանդույթները շարունակվել են նաև հետագա դարերում (Գրիգոր Մագիստրոս Պահլավունի), բայց նոր թափ են ստացել հատկապես 14-րդ դարում, լատին միարարների և նրանց հայ հետևորդների շնորհիվ։ Քռնայի և Ծործորի դպրոցներում լատիներենից թարգմանվել են Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի, Ժիլբեր Պոռետացու, Ալբերտ Մեծի, Բարդուղիմեոս Բոլոնիացու, Պետրոս Արագոնացու և ուրիշների երկերը։

Թեև միարարների նպատակն էր հիմնավորել կաթոլիկության առավելությունը, նրանց գործունեությունը մեծապես նպաստել է եվրոպական քրիստոնեական մտքի նվաճումների յուրացմանը, որը հմտորեն իրագործել են Հայ եկեղեցու վարդապետներն ու գաղափարախոսները` հակադրվելով հենց նրանց` միարարներին։ 17-րդ դարում, հոգևոր մշակույթի աշխուժացմանը զուգընթաց, վերականգնվել են Թարգմանչաց շարժման ավանդույթները։ Թարգմանչաց շարժումն առհասարակ, իր սկզբնավորումից ի վեր, խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության և նոր գաղափարների զարգացումը։

Թարգմանչաց շարժման նշանակությունը

խմբագրել

Հին հայկական թարգմանությունների շնորհիվ պահպանվել են համաշխարհային մշակույթի և գիտության բազմաթիվ հուշարձաններ, քանի որ դրանցից շատերի բնագրերը կորսվել են։

Հայ եկեղեցին սահմանել է «Սրբոց թարգմանչաց» տոնը, որը նշվում է Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիից առաջ՝ շաբաթ օրը, տոնվում է սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը, իսկ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նշվում է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի տոնը՝ Օշականում («Սրբոց թարգմանչացն մերոյ Սահակայ եւ Մեսրովբայ»), հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ-թարգմանիչների տոնը («Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Մեսրովբայ, Եղիշեի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անհաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսէսի Կլայեցւոյն»)։

Թարգմանչաց շարժմանը և սուրբ թարգմանիչներին է ձոնված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը՝ իր կանոնով։

Հայոց մեջ տարածված են Սուրբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ճեմարաններ, վարժարաններ և այլն)։ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ 1979 թվականից երկու տարին մեկ նշվում է «Թարգմանչաց տոնը»՝ որպես համաժողովրդական նշանակության իրադարձություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 149