Եկեղեցական ժողովներ։

Եկեղեցական ժողովներ խմբագրել

Հոգևոր դասի ներկայացուցիչների հավաքներ եկեղեցական, վարչական-կազմակերպչական, կանոնական, ծիսադավանական, բարոյական, կարգապահական և այլ հարցեր քննելու համար։ Դավանաստվածաբանական տեսակետից եկեղեցական ժողվները մասն են Սուրբ Հոգու, որ ապրում է եկեղեցում։ Եպիսկոպոսներն ու վարդապետները հավաքվում են Սուրբ Հոգու թելադրմամբ և այն հավատով, որ որոշումներն ընդունվում են Սուրբ Հոգու առաջնորդությամբ. «...հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ...» (Գործք 15.28), ասում են ժողովականները միմյանց՝ հետևելով առաքյալների օրինակին։

Եկեղեցական ժողովների 2 խմբերը խմբագրել

Եկեղեցական ժողովները բաժանվում են երկու մեծ խմբի՝ կանոնադիր և ոչ կանոնադիր։ Կանոնադիր եկեղեցական ժողովների ընդունած կանոնները ձևավորել են կանոնական կամ եկեղեցական իրավունքը, որի հիման վրա կազմվել են կանոնական ժողովածուներ (հայոց համար այդպիսին է «Կանոնագիրք Հայոցը»)։ Կանոնները եղել են պարտադիր և կիրառվել են ինչպես եկեղեցու, այնպես էլ՝ պետության հեղինակությամբ և անունից։ Ոչ կանոնադիր եկեղեցական ժողովները քննարկել են ամենատարբեր հարցեր՝ դավաաբանական, ծիսական, ազգային, եկեղեցական, միջեկեղեցական փոխհարաբերություններին առնչվող ևն, ընդունել որոշումներ, գրել թղթեր, նամակներ, պաշտոնոնական ուղերձներ, շրջաբերականներ։ Նրանք ունեցել են կարևոր նշանակություն որևէ եկեղեցու դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ հստակեցնելու, ծիսադավանաբանական և եկեղեցական խնդիրներում կողմնորոշվելու համար։ Շատ որոշումներ էլ ունեցել են զուտ բարոյական նշանակություն։ Հայ եկեղեցին իր դավանաբանական և վարդապետական հիմնական սկզբունքները, ի տարբերություն Կաթոլիկ եկեղեցու, կանոնի աստիճանի չի բարձրացրել (դոգմա) և չի պարտադրել։

Ժողովների նշանակությունը խմբագրել

Ժողովների միջոցով եկեղեցական հարցեր վճռելը սկսվել է դեռևս առաքյալների ժամանակ, երբ նրանք ժողովվել են Երուսաղեմում (51-ին) և որոշել թույլ չտալ քրիստոնյաներին կատարելու մովսիսական ծեսերը (թլփատություն, հեռու մնալ կուռքերին զոհաբերված կենդանիներից ևն, Գործք 15.1–29)։ Առաքյալների հաջորդները 2–3-րդ դարերում շարունակել են նույն շավիղով գնալ և հարցերը ժողովով վճռել։ Նրանք մասնավոր տեղական ժողովներ են գումարել Պաղեստինում, Փոքր Ասիայում, Հռոմում, Եդեսիայում, Հունաստանում՝ Սուրբ Զատիկը միասին տոնելու վերաբերյալ, և 256-ին Կարթագենում՝ կրկնակնունքի խնդիրը որոշելու համար։ Այդ կարգն ընդհանրացել է քրիստոնյա բոլոր ժողովուրդների մեջ, մինչև անգամ սահմանվել, որ տարին երկու անգամ ժողովներ լինեն ամենուրեք, և եկեղեցական խնդիրները քննեն ու լուծեն դրանց միջոցով («Կանոնք առաքելականք», 27-րդ կանոն)։

Նիկեայի առաջին Տիեզերական ժողով խմբագրել

Իսկ Նիկեայի առաջին Տիեզերական ժողովի 6-րդ կանոնը սահմանել է, որ տարեկան երկու ժողովներից առաջինը լինի Մեծ պահքից առաջ, երկրորդը՝ աշնանը։ Այս սկզբունքն ընդհանուր առմամբ մտավ նաև հայոց մեջ, բայց ճշգրտությամբ չգործադրվեց պատմաքաղաքական հանգամանքների բերումով Հայաստանում ոչ միայն տարին երկու անգամ, այլ տասնյակ տարիներ եկեղեցական ժողով չէին գումարվում։

Եկեղեցական ժողովների տիպրը՝ ըստ նշանակության խմբագրել

Եկեղեցական ժողովն իրենց նշանակությամբ լինում են երեք տիպի՝ տեղական արտաքին, տեղական ազգային և տիեզերական ժողովներ։ Առաջին երկուսը կոչվում են նաև մասնավոր ժողովներ։ Բոլոր տեղական արտաքին և տիեզերական ժողովները կանոնադիր ժողովներ են։ Տեղական արտաքին եկեղեցական ժողով, Ընդհանրական եկեղեցու տեղական մասնավոր ժողովներ, որոնք չեն հռչակվել տիեզերական, բայց ընդունած որոշումներն ու կանոնները դուրս են եկել մեկ առանձին մասնավոր աթոռի կամ թեմի շրջանակներից և ստացել համաքրիստոնեական նշանակություն։ Այդպես էր մինչև Քաղկեդոնի ժողովը, երբ ընդհանրական եկեղեցին միասնական էր, չկային պառակտումներ, և մասնավոր ժողովներն ընդունում էին բոլոր քրիստոնյա եկեղեցիները։ Այդպիսիք են Անկյուրիայի (313–315), Նեոկեսարիայի (314– 315), Գանգրայի (340 կամ 370), Կեսարիայի (Անտիոքի, 341), Սարդիկայի (344–347), Լավոդիկիայի (365) ժողովները։ Հայ եկեղեցու ընդունած այս 6 տեղական արտաքին ժողովները հիշվում են 1178 թվականի Հռոմկլայի ժողովի ժամանակ Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի գրության մեջ՝ ուղղված ժողովականներին։

Հռոմկլայի ժողով խմբագրել

Տեղական 6 ժողովների կանոններն առանձին կանոնախմբով մտել են «Կանոնագիրք Հայոցի» մեջ, և Հայ եկեղեցին դրանք համարում է հայոց եկեղեցական իրավունքի կարևոր աղբյուր։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ընդունում է 7 մասնավոր ժողով (նաև 256 թվականի Կարթագենի ժողովը), իսկ հույներն ընդունում են 8 մասնավոր ժողով (Կարթագենի և 394 թվականի Կոստանդնուպոլսի ժողովները)։ Վաղ ժամանակներում Կեսարիայում եղել է արևեկյան և արևմտյան եկեղեցիների ժողով՝ Զատկի տոնը կանոնավորելու համար, բայց այնտեղ կանոններ չեն սահմանվել։ Հռոմեացիներ Դիոնիսիոս Կրտսերի՝ 6-րդ դարի սկզբին, և Հովհան Սիխոլաստիկոս՝ 565 թվականին հունվարից լատիներեն թարգմանած և կաիւըըըրգավորած ժողովածուների մեջ կային 10 ժողովների կանոններ, որոնցից 4-ը՝ տիեզերական և 6-ը տեղական ժողովներ էին։ Հայերը նույնն ընդունել են հետևյալ փոփոխությամբ. 4 տիեզերական ժողովից դուրս են թողել Քաղկեդոնինը, իսկ տեղական 6 ժողովից՝ Անտիոքինը (անհայտ պատճառով), և նրա փոխարեն ավելացրել գոյություն չունեցող Կեսարիայի ժողովը։ Տեղական, ազգայի եկեղեցական ժողովները, քրիստոնեական որևէ դավանանքի պատկանող առանձին եկեղեցու հոգևորականության կամ հոգևորականության և աշխարհիկ դասի ներկայացուցիչների հավաքներ, որտեղ քննարկված հարցերը և ընդունված որոշումներն ու կանոնները դուրս չեն գալիս տվյալ եկեղեցու հոգևոր վարչատարածքային իրավասության սահմաններից։ Հայոց մեջ տեղական եկեղեցական ժողովներ, ըստ իրենց նշանակության եկեղեցական իրավասությունների, լինում են եպիսկոպոսական (եպիսկոպոսաց) և ազգային-եկեղեցական։ Եպիսկոպոսական ժողովը Հայ եկեղեցու կանոնադիր մարմինն է՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Հնում, ըստ առաքելական կանոնի, Հայաստանում ևս տարին երկու անգամ Հայոց կաթողիկոսը 12 եպիսկոպոսներով շրջել է ամբողջ երկրում, եպիսկոպոսական ժողով գումարել, եկեղեցական կյանքում կարգ ու կանոն հաստատել։ Իսկ եպիսկոպոսները Նավասարդի տոնին՝ Շահապիվանում, Սուրբ Կարապետի տոնին՝ Մուշում հավաքվել են տարին 1–2 անգամ՝ եկեղեցական-բարեկարգական հարցերով, և քննարկվածներից կարևորագույնները ներկայացրել կա՛մ Հայոց կաթողիկոսին՝ ի վավերացումն և կա՛մ ազգային ժողովին՝ ի հավանություն։ Սակայն հետագայում այդպիսի ժողովներ ավելի քիչ են գումարվել։

1956 թվական խմբագրել

Նոր ժամանակներում հիշատակելի են 1917 թվականի հունիսին՝ Սուրբ Էջմիածնում 1956 թվականի մարտին՝ Կահիրեում (Եգիպտոս) Վազգեն Ա Պալճյանի հրավիրած եպիսկոպոսական ժողովները, որոնցում, ի թիվս այլ կարևոր հարցերի, նպատակ է դրվել վերականգնել առաքելական կանոնը ժողովներ գումարելու վերաբերյալ։ 1956 թվականի հոկտեմբերին Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովը որոշել է տարին գոնե մեկ անգամ գումարել եպիսկոպոսական ժողով։ Կահիրեի ժողովի որոշմամբ հստակ սահմանվել են եպիսկոպոսական և ազգային եկեղեցական ժողովների իրավասությունները, համաձայն որի, Հայ եկեղեցու որևէ դավանաբանական և վարդապետական խնդիր նախ պետք է քննի եպիսկոպոսական ժողովը և հետո միայն ներկայացնի ազգային-եկեղեցական ժողովին և Ամենայն հայոց կաթողիկոսին՝ ի վավերացումն։ Հայ եկեղեցում, որին խորթ է կղերապետությունը, ժողովներին հոգևորականության հետ միասին մասնակցել է աշխարհիկ դասը՝ թագավորներ, իշխաններ, ազատներ, ժողովրդի ներկայացուցիչներ։ Հնում (4–5-րդ դարերում) այդ հավաքները կոչվել են նաև աշխարհաժողովներ, ավելի ուշ՝ ազգային-եկեղեցական ժողովներ, որոնք գումարվել են արտակարգ՝ կաթողիկոսական ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների, հանդիսավոր արարողությունների ժամանակ և ազգային ընդհանուր նշանակություն ունեցող կարևորագույն հարցերի քննարկման համար։ Ազգային-եկեղեցական ժողովը Հայ եկեղեցու գերագույն օրենսդիր մարմինն է՝ նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 496