Օդերևութաբանություն
Օդերևութաբանություն, գիտություն մթնոլորտի և նրանում տեղի ունեցող պրոցեսների մասին։ Օդերևութաբանության հիմնական բաժինը մթնոլորտի ֆիզիկան է, որն ուսումնասիրում է մթնոլորտի ֆիզիկական երևույթների և պրոցեսների ընդհանուր օրինաչավւությունները։
Մթնոլորտի ֆիզիկայի ենթաբաժիններըԽմբագրել
- Երկրամերձ շերտի ֆիզիկա
- Ազատ մթնոլորտի ֆիզիկա (աերոլոգիա)
- Մթնոլորտի բարձր շերտերի ֆիզիկա (աերոնոմիա)։
Մթնոլորտի ֆիզիկայի մաս են նաև ակտինոմետրիան ( ուսումնասիրում է մթնոլորտում արեգակնային ճառագայթման ու նրա վերափոխման օրինաչափությունները), մթնոլորտային օպտիկան (զբաղվում է մթնոլորտում տեղի ունեցող օպտիկական երևույթների ուսումնասիրությամբ), մթնոլորտային էլեկտրականությունը և մթնոլորտային ձայնագիտությունը։
Մթնոլորտում տեղի ունեցող քիմիական պրոցեսներն ուսումնասիրում է մթնոլորտի քիմիան։
Դինամիկական օդերևութաբանությունԽմբագրել
Մթնոլորտային երևույթներն ու պրոցեսները տեսական մեթոդներով ուսումնասիրող բաժինը կոչվում է դինամիկական օդերևութաբանությունը, որի գլխավոր խնդիրներից է եղանակի կանխատեսման հաշվարկային մեթոդների մշակումը։
Սինօպտիկական օդերևութաբանությունԽմբագրել
Օդերևութաբանության մյուս բաժիններից են՝ սինօպտիկական օդերևութաբանությունը, որն զբաղվում է մեծ տարածությունների վրա եղանակային պայմանների տեղաբաշխման ու փոփոխման օրինաչափությունների ուսումնասիրմամբ և սպասվելիք եղանակի կանխատեսման մեթոդների մշակմամբ։
ԿլիմայագիտությունԽմբագրել
Օդերևութաբանության կարևոր բաժիններից է նաև կլիմայագիտությունը, որն զբաղվում է կլիմաառաջացնող գործոնների, դրանց փոխադարձ կապի ու ներգործության պայմանների, ինչպես նաև կլիմայի տատանման օրինաչափությունների ուսումնասիրությամբ։
Կիրառական բաժիններԽմբագրել
Օդերևութաբանության մեջ ձևավորվել են նաև մի շարք կիրառական բաժիններ՝ գյուղատնտեսական օդերևութաբանությունը, ծովային օդերևութաբանությունը, բժշկական կլիմայագիաություն և այլն։
Օդերևութաբանական առաջին հետազոտություններըԽմբագրել
Օդերևութաբանական առաջին հետազոտություններն սկսվել են դեռևս անտիկ ժամանակներից (Արիստոտել), սակայն այն զարգացման մեծ առաջընթաց ապրեց 18-րդ դարի առաջին կեսերին, երբ ստեղծվեցին օդերևութաբանական առաջին գործիքները՝ ջերմաչափը և բարոմետրը։
Տեխնիկայի նորագույն նվաճումներըԽմբագրել
Ժամանակակից օդերևութաբանությունը օգտագործում է ֆիզիկայի և տեխնիկայի նորագույն նվաճումները։ Օդերևութաբանական արբանյակների օգնությամբ կատարվում են դիտարկումներ ամբողջ երկրագնդի համար։ Ռադիոլոկացիոն սարքերի միջոցով կատարվում են ամպերի և մթնոլորտային տեղումների որոշակի դիտարկումներ և այլն։ Օգտագործվում է դիտարկումների ու տվյալների մշակման ավտոմատացումը։ Տեսական օդերևութաբանության հետազոտումների ժամանակ օգտագործվում են ԷՀՄ-ները։ Օդերևութաբանությունը առավել սերտորեն կապված է օվկիանոսագիտության և ցամաքի ջրաբանության հետ։ Տարբեր երկրների օդերևութաբանական գործունեությունը միավորում է օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 523)։ |