Բարդուղիմեոս Բոլոնիացի, Բարթուղիմեոս Մարաղացի (անհայտ[1], Բոլոնիա, Պապական մարզ - 1333[1], Սուրբ Աստվածածին վանք, Ադրբեջան[1]), իտալացի աստվածաբան և փիլիսոփա, դոմինիկյան քարոզիչ, Մարաղայի առաջին լատին եպիսկոպոսը, ունիթոռական շարժման գաղափարախոս։

Բարդուղիմեոս Բոլոնիացի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Մահացել է1333[1]
Մահվան վայրՍուրբ Աստվածածին վանք, Ադրբեջան[1]
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան, փիլիսոփա և միսիոներ
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Գործունեություն խմբագրել

1318-ին Հովհաննես 22-րդ պապը նրան Պետրոս Արագոնացու և Հովհաննես Սվինֆորդի հետ միասին ուղարկել է Մարաղա՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու և նրանց Հռոմի պապին ենթարկելու նպատակով։ Բարդուղիեմոս Բոլոնիացու Մարաղայում հաստատած դոմինիկյան վանքն ու դպրոցը դարձան ունիթոռների հոգևոր և կրթական կենտրոնը, որը քայքայիչ աշխատանք էր տանում հայոց եկեղեցու դեմ։ Բարդուղիմեոս Բոլոնիացին ունեցել է հայ աշակերտներ, կաթոլիկությանը հարող գործիչներ (Քռնայի վանքի առաջնորդ Հովհան Քռնեցի, Հակոբ Քռնեցի և ուրիշներ)։ 1330 թվականին տեղափոխվել է Քռնա (Նախիջևանի գավառ) և ընդլայնել իր քարոզչական ու գիտական ուսուցողական գործունեությունը։ Գլաձորի և ապա Տաթևի համալսարանների գաղափարական դիմադրության հետևանքով Բարդուղիմեոս Բոլոնիացու և նրա հետևորդների ճիգերը ապարդյուն եղան, չնայած նրանց հաջողվեց կաթոլիկություն տարածել Նախիջևանի շրջանի հայության մի հատվածի մեջ, որը, հետզհետե կտրվելով հայ հասարակությունից, XVII -XVIII դարերում մահմեդականություն ընդունեց։ Բարդուղիմեոս Բոլոնիացին եղել է Թովմա Ակվինացու հետևորդ, «չափավոր ռեալիզմի» կողմնակից։ Բնագիտության և բնափիլիսոփայության բնագավառում հետևել է Ալբերտ Մեծին, զբաղվել տիեզերագիտության, տարրաբանության և մարդակազմության հարցերով։ Բարդուղիմեոս Բոլոնիացու երկերը («Քարոզգիրք», «Մեկնութիւն վեցօրէից», «Տրամաբանութիւն» են), թարգմանված նրա հայ գործակիցների և աշակերտների (մեծ մասամբ՝ Հակոբ Քռնեցու) աջակցությամբ, պահպանվել են միայն հայերեն։ Ուսուցողական նշանակությունից բացի նրանք որոշ դեր են խաղացել նաև հայ փիլիսոփայական մտքի աշխուժացման գործում։ Նրա օրոք, ըստ երևույթին, իր և Պետրոս Արագոնացու ղեկավարությամբ հայ ունիթոռները թարգմանել են Թովմա Ակվինացու, Ալբերտ Մեծի և Զիլբերտոս Պոռետացու երկերը։ Այդ թարգմանությունների հետ միասին նրա երկերը հայ մտածողներին ծանոթացնում էին միջնադարյան Եվրոպայի փիլիսոփայական մտքին, նյութ մատակարարում կաթոլիկ գաղափարախոսության դեմ մղվող պայքարում։ Մահացել է Քռնայի վանքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 314