«Եղծ աղանդոց» («Աղանդների հերքումը»), 5-րդ դարի հայ մատենագիր, իմաստասեր, աստվածաբան և թարգմանիչ Եզնիկ Կողբացու կոթողային աշխատությունը, հայ միջնադարյան աստվածաբանական-իմաստասիրական մտքի և դասական հայրախոսության կարևորագույն հուշարձան։

Եղծ աղանդոց
ՀեղինակԵզնիկ Կողբացի
Տեսակգրավոր աշխատություն
Թեմաաստվածաբանություն և փիլիսոփայություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ440
Հրատարակման վայրԻզմիր
Հրատարակման տարեթիվ1762

Չորս մասից բաղկացած աշխատությունում՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի, հաջորդաբար ներկայացվում և քրիստոնեական կրոնի գաղափարաբանական տեսանկյունից հերքվում են հեթանոսական բազմաստվածության հավատալիքները, պարսից զրադաշտական կրոնը, անտիկ հունական որոշ փիլիսոփայական դպրոցների ուսմունքները և Մարկիոնի գնոստիկական աղանդը։

Եզնիկ Կողբացու նշանաբանն է. «Աստծու եկեղեցու գործն է՝ արտաքիններին դատապարտել ճշմարիտ իրողություններով, առանց Գրքի, իսկ կարծեցյալ և ոչ արդարացի ներքիններին՝ Սուրբ Գրքով» («Եղծ աղանդոց», 1994, էջ 91)։ Նա սահմանազատում է աստվածաբանությա և իմաստասիրության ոլորտները, միաժամանակ հիմնավորում անտիկ ժառանգության յուրացման անհրաժեշտությունը։ Օգտագործում է անտիկ տրամաբանությունը թե՛ անընդունելի հունա-հռոմեական (և որոշ եկեղեցական) ուսմունքների հերքման, թե՛ Սուրբ Գրքի դրույթների բանական հիմնավորման համար։

Վերլուծության ընթացքում նա գործադրել է մի շարք մեթոդներ.

  1. որևէ անտիկ տեսության հերքման ժամանակ դիմում է մի այլ անտիկ ուսմունքի, որի ճշմարտացիությունը արտացոլվում է Սուրբ Գրքի
  2. դիտարկումների տվյալներով,
  3. հմտորեն օգտագործում է քննադատվող ուսմունքի փաստագրական նյութը,
  4. ինքնուրույն մեկնաբանում է Սուրբ Գրքի առանձին դրույթներ։

Եզնիկ Կողբացին, հավատարիմ լինելով 4-5-րդ դարերի քրիստոնեական աստվածաբանությանը, որպես միակ և գերագույն գոյ ընդունում է Աստծուն, որն անսկիզբ է, մշտնջենական, ոչնչով և ոչ մեկի կողմից չպայմանավորված, արարող և անհասանելի, բայց ամեն ինչի՝ երևելիի և աներևույթի սկզբնավորման պատճառը։ Ոչինչ և ոչ ոք չկա նրանից վեր, նրանից առաջ կամ հավասար, հակառակ էություն կամ ներհակ գոյություն։ Աստվածային էությունն անճանաչելի է մարդկային բանականության համար, նրան կարելի է հասնել միայն հավատի միջոցով։ Աստված ոչնչից նախ ստեղծել է չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը, կրակը առանձին-առանձին և ապա դրանց խառնուրդից՝ բազմազան աշխարհը։ Տարրերը փոփոխական են և այդ պատճառով՝ ոչ մշտնջենական, ուստի և չեն կարող համարվել աստվածներ։ Արարված բնությունը նույնպես գտնվում է շարժման մեջ, որի աղբյուրը անշարժ Աստվածն է։ Տիեզերքը նա դիտում է իրապես կիսաբոլոր ակ, իսկ երկիրը՝ սկավառակ։ Երկնային լուսատուները գտնվում են անընդհատ 7 անհամաչափ շարժման մեջ, իսկ երկինքը մնում է անշարժ։ Բնական համակարգի հիմնարար հասկացություններն են՝ մարմնականն ու անմարմինը, շնչավորն ու անշունչը, կենդանի և ոչ կենդանի հասկացությունները։ Առաջին աստիճանը կազմում են անշունչ մարմինները, որոնց բնորոշ հատկություններն են առաջացումը, գոյությունը և ոչնչացումը, երկրորդը՝ բուսական աշխարհը, որն օժտված է նաև սնման, աճի և շնչավորության ստորին ձևի ունակությամբ, երրորդը՝ կենդանական աշխարհը, որն ունակ է նաև տեղափոխության և օժտված է բնազդներով։ Վերջին աստիճանը զբաղեցնում է մարդը՝ բնության «պսակը», որն իր մարմնական բնությամբ հաղորդ է մյուս մարմնավոր էակներին, բայց միաժամանակ նա բանականության կրող է։

Եզնիկ Կողբացին քննադատում զրադաշտական դուալիզմը, չարին սուբստանցիոնալ բնույթ հաղորդելը, ինչը տրամաբանորեն հանգեցնում է դեպի չարի աստծո ընդունումը, մինչդեռ Աստված որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել։ Ուստի, աշխարհում առկա չարը միակ բանական էակին՝ մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է։ Մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում՝ չար գործողությունների համար։ Ցույց է տալիս սնահավատության, ճակատագրապաշտության, աստղագուշակության, հեթանոսության վերապրուկների անհիմն լինելը։

«Եղծ աղանդոցը» մեծարժեք է նաև լեզվաոճական առումով. այն հայ հին գրավոր լեզվի մեսրոպյան կամ դասական շրջանի բնորոշ օրինակ է։ Առաջին անգամ հրատարակվել է 1762 թվականին, Զմյուռնիայում (հրտ.՝ Հ. Նալյան)՝ «Գիրք ընդդիմութեանց արարեալ ի Սրբոյ Եզնկայ Կողբացւոյ Հայոց վարդապետէ...» վերնագրով, երկրորդ անգամ (հիմն. հրատարակությունը)՝ 1826 թվականին, Վենետիկում (հրտ.՝ Ա. Բագրատունի)։ Երկն ունեցել է գերմաներեն (1834, 1900, 1927), ֆրանսերեն (1853, 1959), ռուսերեն (1858, 1968) և հայերեն բազում հրատարակություններ, որոնցից աշխարհաբար՝ Բուենոս Այրեսում՝ 1951 թվականին, Երևանում՝ 1970 և 1994 թվականներին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 508