Արիստիդես Աթենացի
Արիստիդես Աթենացի (2-րդ դար, Աթենք - 134, Աթենք), II դարի հույն քրիստոնյա հեղինակ։ Նրա «Ջատագովություն» երկը տվյալ ժանրին պատկանող մեզ հասած ամբողջական հնագույն ստեղծագործությունն է։ Գրվել է շուրջ 140 թ. և հասցեագրված է Ադրիանոս Անտոնինոս Պիոս կայսեր։ Արիստիդեսի «Ջատագովությունը» լայնորեն ընթերցվում էր II-VI դդ. ընթացքում։ Մինչև 19-րդ դարի վերջերը համարվում էր կորած։ 1878 թ. Վենետիկի Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերը X դարի հայկական մի ձեռագրում հայտնաբերեցին և հրատարակեցին «Ջատագովության» հայերեն թարգմանության մի հատված։ 1889 թ, Սինայի Ս. Կատարինե վանքում գտնվեց երկի ամբողջական տեքստը՝ ասորերեն թարգմանությամբ։ Արիստիդեսը, ըստ աստծուն ըմբռնելու ձևի, մարդկանց բաժանում է հետևյալ խմբերի.
- բարբարոսներ, որոնք երկրպագում են բնության տարրերին
- հեթանոսներ, որոնք երկրպագում են չաստվածներին
- հրեաներ, որոնք իրենց միաստվածային կրոնով մյուս ազգերից ավելի մոտեցան ճշմարտությանը, որը, սակայն հետագայում խեղաթյուրեցին։
- Քրիստոնյաներ, որոնք սերում են Հիսուս Քրիստոսից ունեն աստծո մասին ամենաճիշտ գաղափարը, տարբերվում են մյուսներից իրենց բարոյական բարձրությամբ, մարդասիրական և միշտ պատրաստ են զոհվելու Քրիստոսի համար։ Հետևաբար նրանց նկատմամբ կիրառվող հալածանքները բոլորովին անարդարացի են։
Արիստիդես Աթենացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 2-րդ դար |
Ծննդավայր | Աթենք |
Մահացել է | 134 |
Մահվան վայր | Աթենք |
Մասնագիտություն | փիլիսոփա |
![]() |
Հայկական ձեռագրերում Արիստիդեսի անունով կան մի ճառ և մի հատված։ Երկուսն էլ անվավեր են։
Աղբյուր
խմբագրել- Եզնիկ Ծ. Վարդապետ, Հայրաբանություն, Ա, Էջմիածին, 1996։
- Saint Aristides the Athenian's Apology and Saint Athenagoras the Athenian Philosopher's Plea for the Christians, translated from Greek into Georgian, submitted with introduction and comments by a monk Ekvtime Krupitski, Tbilisi Theological Academy, Tsalka, Sameba village, Cross Monastery, "Sulieri Venakhi" Publishers, Tbilisi, 2024, ISBN 978-9941-9676-2-7
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդես Աթենացի» հոդվածին։ |