Կլեման Մարո

ֆրանսիացի գրող

Կլեման Մարո (ֆր.՝ Clément Marot, դեկտեմբերի 2, 1495, Կաոր - սեպտեմբերի 12, 1544, Թուրին, Սավոյայի դքսություն[1]), ֆրանսիական վերածննդի դարաշրջանի պոեզիայի սկզբնավորողը։

Կլեման Մարո
Ծնվել էդեկտեմբերի 2, 1495
ԾննդավայրԿաոր
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1544 (48 տարեկան)
Վախճանի վայրԹուրին, Սավոյայի դքսություն[1]
ԳերեզմանTurin Cathedral
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և թարգմանիչ
Լեզումիջին ֆրանսերեն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
ԺանրերՆամականի
 Clément Marot Վիքիպահեստում

Կենսագրական տվյալներ

խմբագրել

Կլեման Մարոն ծնվել է բանաստեղծ Ժան Մարոյի ընտանիքում, ուսումն ստացել է Փարիզում, վանականների կոլեժում, ուսումնասիրել է դասական լեզուներ, գրականություն, մասնավորապես իտալական վերածննդի դարաշրջանի գրողներին։ Մարոն ապրել է Ֆրանցիսկ Առաջին թագավորի քրոջ՝ Մարգարիտա Նավարացու պալատում, եղել նրա գրական խմբակի աչքի ընկնող մասնակիցներից մեկը, հետո փոխադրվել է արքայական պալատ։ Պավիայի ճակատամարտում վիրավորվել է Ֆրանցիսկ թագավորի հետ գերի է ընկել։ Ֆրանսիացի բանաստեղծին, չնայած Մարգարիտա Նավարացու և Ֆրանցիսկ Առաջին թագավորի հովանավորությանը կղերականները դատապարտել են որպես հերետիկոսի և ինկվիզիցիայի բանտը նետել։ Բանտից ազատվելուց հետո էլ Կլեման Մարոյին հանգիստ չեն տալիս։ Մարոն ստիպված փախուստի է դիմում, թափառում է իտալական և շվեյցարական քաղաքում։ Մահանում է Թուրինում, որպես աքսորական։

Ստեղծագործություն

խմբագրել

Կլիման Մարոն համարվում է ֆրանսիական վերածննդի դարաշրջանի մեծ պոեզիայի հիմնադիրը։ Նրա ստեղծագործության ուժը քննադատական ըմբոստ բովանդակությունն է, որ արտահայտվել է հեգնանքով, ռաբլեական հումորով։ Նրա ստեղծագործությունների հիմնական մոտիվներից մեկը հոգևորականության քննադատությունն է։ Նա ցույց է տալիս, որ եկեղեցու սպասավորները անում են այն, ինչ մեծ մեղք են համարում և ինչի համար դատապարտում են ուրիշներին։ Կլիման Մարոյի սիրած թեման աշխարհիկ կյանքի, սիրայինվայելքների, երկրային առողջ բնազդների գովքն է։ Դիմելով Ամուրին, բանաստեղծն ասում է, որ իր երիտասարդությունը՝ «գարունն ու ամառը» արդեն անցել են, բայց դարձյալ նրան է երկրպագում.

Ես քո ծառան եմ եղել հավատարիմ։
Ա՜խ, եթե կարողանայի նորից ծնվել,
Ավելի ջերմեռանդ կծառայեի քեզ։

Մարոն իր թարգմանած Դավթի սաղմոսների գիրքը նվիրելով Ֆրանսիայի տիկիններին, ասում է. «Ես կուզենայի մարդկանց մեջ սեր առաջացնել իսկական աստծու նկատմամբ, այն աստծու, որ թելադրել է այդ սաղմոսները և շուտով կարտաքսի անհաստատ սիրո աստծուն»: Մարոն մարմնական սեր է երգում, կնոջ հմայքը համարում գեղեցիկ մարմինը։ «Եթե ուզում եք ընկերուհի ունենալ, ընտրեցեք բարեկազմ կին, պայծառ մտքով ու լիքը կրծքով, որի սիրտը լինի քնքուշ, խոսքը խելոք, որ սիրի պարել և լավ երգել, որի սիրտը հավատարիմ լինի, մարմինը՝ պիրկ։ Եթե շատ երիտասարդ օրիորդ ընտրեք, հետը զրուցելու բան չեք ունենա։ Եթե հավատարիմ եք ուզում, ընտրեք թխահեր կնոջ, մարմնով լի, իրեն պարզ ու հավասարակշռված պահող։ Այդպիսի գանձը արժե, որ մարդ դուրս գա սիրային փառավոր որսի։ Երջանիկ է նա, որ լավ ավար կունենա»:

Կլեման Մարոյի նորարարությունը ցույց տալու համար՝ նրան համեմատում են Լիոնի պոետական դպրոցի բանաստեղծների հետ, որոնց բանաստեղծական իդեալը Ֆրանչեսկո Պետրարկան էր, հիմնական թեման՝ սերը։ Քննադատելով տիրող ավատական կարգերը, մի էպիգրամում Մարոն այսպիսի միտք է արտահայտում. «Եթե մեզ թույլ տային խաղաղ կյանքով ապրել, ժամանակն այնպես տնօրինել, ինչպես մեզ հարմար է և ապրել ազատ, ինչպես պետք է ապրել՝ մենք կարիք չէինք զգա դղյակներ հաճախելու, պալատներում լինելու, դատավճիռներով ու դատավարություններով զբաղվելու և հարուստ տներ գնալու, որոնք զարդարված են փառքով ու խունացած շքանշաններով»:

Մարոն ֆրանսիական պոեզիան մաքրեց ճարտասանական, այլաբանական և միստիկական ձևերից։ Նա ստեղծեց նոր պոեզիա, որի բնորոշ գծերն են՝ ոճի պարզությունը, անպաճույճ լեզուն, խոսակցական ձևը, զգայական վառ գույները, նուրբ կատակը, ծիծաղը, հեգնանքը։ Եղել է հին հռոմեական երգիծաբանների երկրպագուներից։ Նրա սիրած ժանրերը պոետական փոքր ձևերն էին՝ էպիգրամ, քառյակ, ութնյակ, ռոնդո, բալլադ և այլն։ Թարգմանել է Վիրգիլիոսի, Օվիդիոսի, Լուկիանոսի գործերը և Դավթի սաղմոսները[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118731122 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.cairn.info/revue-ela-2003-2-page-137.htm
  3. Ս.Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ էջ 197-199.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլեման Մարո» հոդվածին։