Լեյլի և Մեջնուն
Լեյլի և Մեջնուն (արաբ.` مجنون و ليلى, պարս.` لیلی و مجنون), սիրո ողբերգական պատմություն, սիրավեպ, որն առավելապես տարածված է Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում, Միջին Ասիայում և Անդրկովկասում։ Այն հիմնված է իրական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների վրա և նկարագրում է արաբական Բանու-Ամիր ցեղի բանաստեղծ Քաիս իբն ալ-Մուլաուվահի կյանքը, ով ապրել է 7-րդ դարում` Սաուդյան Արաբիայի ներկայիս տարածքում։ Լեյլիի և Մեջնունի ողբերգական պատմությունը նշանակալի ազդեցություն է թողել Արևելքի մշակույթի վրա։
Լեյլի և Մեջնուն | |
---|---|
Հեղինակ | Նիզամի Գյանջևի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | romantic poetry? և պոեզիա |
Բնօրինակ լեզու | պարսկերեն |
Կերպար(ներ) | Qays Ibn al-Mulawwah? և Layla al-Aamiriya? |
Հրատարակման վայր | Իրան |
Layla and Majnun Վիքիպահեստում |
Սյուժեն
խմբագրելՔաիս իբն ալ-Մուլաուվահը, ով բեդվինների Բանու-Ամիր ցեղից` երիտասարդ բանաստեղծ էր, սիրահարվել էր նույն ցեղին պատկանող աղջիկներից մեկին` Լեյլի ալ-Ամիրիյաին։ Քաիսը հնարում էր ոտանավորներ և երգեր, որոնցում երգում էր Լեյլիի հանդեպ ունեցած իր սիրո մասին։ Երբ Քաիսը Լեյլիի հորից խնդրում է դստեր ձեռքը, հայրը մերժում է, քանի որ դա դեմ էր ցեղի ավանդական կանոնակարգին։
Շուտով Լեյլիին ամուսնացնում են այլ մարդու հետ։ Երբ Քաիսն իմանում է այդ մասին, լքում է իր ցեղակիցներին և սկսում է թափառել անապատում։ Նրա հարազատները խնդրում էին, որ նա վերադառնա, սակայն տեսնելով, որ չեն կարողանում համոզել, որոշում են ամեն անգամ նրա համար կերակուր թողնել անապատում։ Հաճախ նրան տեսնում էին` ինքն իրեն, Լեյլիի մասին ոտանավորներ կարդալիս կամ ձեռնափայտով ավազների վրա դրանք գրելիս։
Լեյլին ամուսնու հետ տեղափոխվում է Իրաք, որտեղ շուտով հիվանդանում ու մահանում է։ Մի քանի տարի անց (688 թվական), Լեյլիի գերեզմանի մոտ, Քաիսին մեռած են գտնում։ Շիրմաքարին նա գրել էր իր վերջին երեք քառատողերը։
Սիրավեպում նկարագրվում են նաև Քաիսի հետ տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները` անապատում թափառելու ընթացքում։ Իր ոտանավորների մեծամասնությունը նա գրել էր մինչ խենթանալը։ Մարդիկ գիտեին, որ Քաիսը խենթացել է սիրուց, այդ իսկ պատճառով նրան անվանել էին Մեջնուն Լեյլի (արաբերեն` مجنون ﻟﻴﻠﻲ, այսինքն` Լեյլիից խենթացած) կամ պարզապես` Մեջնուն (խենթ, ջինի կողմից խենթացած)։
Ազդեցությունը
խմբագրելԱրաբական բանահյուսությունից սիրավեպի պատմությունն անցել է պարսկական գրականություն։ Պարսիկ բանաստեղծներից Լեյլիի և Մեջնունի սիրո մասին առաջինը գրել է Ռուդաքին։ Պոեմն իր հայտնիության գագաթնակետին հասավ, երբ այդ պատմությունը գրեց պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջևին։ Դրանով նա խոր ազդեցություն թողեց պարսկական գրականության վրա, որից հետո պարսիկ բանաստեղծներից շատերը` միմյանց հաջորդելով, գրում էին Լեյլիի և Մեջնունի սիրո մասին սեփական տարբերակները։
Նիզամու տարբերակում Լեյլին և Մեջնունը ծանոթացել էին դպրոցում և նրանց միջև առաջացել էր խոր զգացմունք` միմյանց նկատմամբ։ Սակայն նրանք չէին կարող այլևս տեսնվել, քանի որ նրանց ընտանիքների միջև թշնամություն կար։ Արդյունքում Լեյլիին ամուսնացնում են ուրիշի հետ։ Այդպիսով, Լեյլիի և Մեջնունի պատմությունը դարձել էր ներցեղական պատերազմով ճնշված հավերժական սիրո ողբերգություն։ Այն շատ կողմերով հիշեցնում է 400 տարի անց գրված, Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը։ Կարծիք կա, որ Շեքսպիրը իր ողբերգությունը գրել է` ազդվելով Նիզամու ստեղծագործության թարգմանությունից։ Սակայն այդ վարկածը մերժվում է Շեքսպիրի հետազոտողների կողմից։
Արաբական ավանդույթներում Լեյլիի և Մեջնունի սերը համարվում է կուսական, քանի որ սիրահարները երբեք չեն ամուսնացել միմյանց հետ և անկողին չեն կիսել։ Այդ մոտիվը հիմք է հանդիսացել նմանատիպ բազմաթիվ պատմությունների սյուժեի համար` Քաիս և Լուբնա, Կուտհայր և Ազզա, Մարուա և Մեջնուն ալ-Ֆարանսի, Անտարա և Աբլա, Իրֆան և Զուբի և այլն։
Արտացոլումն արվեստում
խմբագրելԼեյլիի և Մեջնունի սիրո թեմային իրենց պոեմներն են ձոնել պարսիկ բանաստեղծներ Ռուդաքին, Նիզամի Գյանջևին և Ջամին, արաբ բանաստեղծ Ֆիզուլին, ուզբեկ բանաստեղծ Ալիշեր Նավոին, թուրք բանաստեղծ Իսա Նեջատին և այլք։ Այդ թեմային անդրադարձել են նաև սուֆիզմի և բահայիզմի հետևորդ հեղինակները[1]։
Հայտնի են ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի կողմից 1973 թվականին գրված 24-րդ սիմֆոնիան («Մեջնուն») և խորհրդային արտիստ Կասյան Գոլեյզովսկու «Լեյլի և Մեջնուն» բալետը (1964թ.)` Սերգեյ Բալասանյանի երաժշտությամբ։ 1918 թվականին թատերական գործիչ Հովսեփ Ոսկանյանը Թիֆլիսում բեմադրել է «Լեյլի և Մեջնուն» դրաման, որի համար երաժշտություն էր գրել Արմեն Տիգրանյանը։ Այդ թեման ներշնչանքի աղբյուր է հանդիսացել նաև բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Կլեպտոնի «Layla» երգի համար, որն ընդգրկվել է «Layla and Other Assorted Love Songs» երաժշտական ալբոմում։ Լեյլիի և Մեջնունի սիրո մասին նկարահանվել են նաև բազմաթիվ կինոնկարներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.classes.ru/dictionary-russian-english-universal-term-2142.htm Արխիվացված 2011-11-19 Wayback Machine бахаистский
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլի և Մեջնուն» հոդվածին։ |