Հարություն Շամշինյան
Հարություն Իսահակի Շամշինյան (փետրվարի 9, 1856, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 1, 1914, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ։
Հարություն Շամշինյան | |
---|---|
Ի ծնե | Հարություն Իսահակի Շամշինյան |
Ծնվել է | փետրվարի 9, 1856 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Վախճանվել է | փետրվարի 1, 1914 |
Մահվան վայր | Թիֆլիս |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Գարեգին Երիցյան |
Կենսագրություն խմբագրել
1874-1877 թվականներին սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցում, 1877-1882 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1883 թվականին կատարելագործվել է Փարիզում, Մյունխենում, Վենետիկում։
1884 թվականից հաստատվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան, Գայանյան և Սուրբ Նշան դպրոցներում, մշակել նկարչության դասավանդման ծրագրեր, կազմել և հրատարակել գծագրության ու հեռանկարի ձեռնարկ։
Շամշինյանի արվեստին (կենցաղային ժանրի կտավ, բնանկար, դիմանկար) բնորոշ է իրականության հավաստի վերարտադրումը («Հին Թիֆլիս», 1887, «Շեյթան բազար», 1890, «Սանահինի կամուրջը», 1899, «Լեռնցիների դադարը», 1902, «Նկարչի մոր դիմանկարը» և այլն։ Շամշինյանի հայ իրականության մեջ առաջիններից է, որ ստեղծել է օֆորտի տեխնիկայով գրաֆիկ, թերթեր (Պ. Պ. Չիստյակովի, Խ. Աբովյանի դիմանկարները, «Փոստատան բակում» բնանկարը)։
Անհատական ցուցահանդեսներ՝ Թիֆլիսում (1913), մահվան 40-րդ տարելիցին՝ Երևանում (1954)։ Շամշինյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում (նաև Շամշինյանի դիմանկարը, գործ՝ Մ. Վռուբելի, 1883), Թբիլիսիի պատմաազգագրական և թատերական թանգարաններում[1]։
Գրականություն խմբագրել
- Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ով ով է», Հայեր հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 252։
Արտաքին հղումներ խմբագրել
- Հարություն Շամշինյան Archived 2022-01-07 at the Wayback Machine.