Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Երևան)

թանգարան Երևանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին, գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԶարոբյան 20, Երևան, Հայաստան
Հիմնադրվել է1963
Կայքisahakyanmuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն խմբագրել

1945 թվականին մեծ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Իսահակյանին առանձնատուն նվիրելու որոշում է ընդունել։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ցանկությամբ՝ սրբատաշ սև տուֆ քարով։ Այն երկհարկանի է, արտաքին տեսքով նման է հայկական մատուռի՝ եռանկյունի գմբեթով, մուտք-գավիթով։ Գլխավոր մուտքի կողմից՝ երկրորդ հարկում՝ կամարաձև քարե տանիքի տակ, գտնվում է փոքրիկ պատշգամբը։ Քարե վեց աստիճանները տանում են դեպի շքամուտք։ Տան հետևի մասում ամառային ընդարձակ պատշգամբն է, որի դիմաց և աջ կողմում տարածվում է այգին։ Գլխավոր մուտքի աջ և ձախ կողմերում ծաղկանոցներ են։

1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն է հաստատել այդ տանը։ Այս տանը հյուր են եղել անվանի մարդիկ՝ Պաբլո Ներուդան[2], Ժորժի Ամադուն, Անտանաս Վենցլովան, Ամենայն հայոց կաթողիկոսները, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հակոբ Կոջոյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը և այլք։ Իսահակյանի մահից հետո՝ 1958 թվականին, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մարտի 1-ի թիվ 67-Պ որոշմամբ հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի։ Շենքը մասնակի փոփոխվել է. երկրորդ հարկի հետին մասում կառուցվել են մեծ սրահ և աշխատասենյակներ, տան փայտե պատշգամբը և սանդուղքը քարապատվել են։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված է Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն։ Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը։ Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ գտնվող գեղանկարները հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին։ Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի՝ Վարպետի դիմանկարը (արված ածուխով), Գևորգ Բաշինջաղյանի «Էջմիածնի վանքի լճակը» կտավը, Փանոս Թերլեմեզյանի «Հայ աղջնակի դիմանկարը» և այլն։ Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը՝ պարզ ու համեստ կահավորանքով։ Թանգարանի շարունակությունն է գողտրիկ այգին, ուր կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը։ 3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն[3]։

Միջոցառումներ խմբագրել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նպատակն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի անվան հետ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գործունեության ուղղություններն են՝ թանգարանի հավաքածուի պահպանումը, հաշվառումը, ուսումնասիրումը, ինչպես նաև մշտական ցուցադրության և ցուցահանդեսների, տարաբնույթ միջոցառումների, դասախոսությունների միջոցով հանրությանը Իսահակյանի գրական ժառանգությանը հաղորդակից դարձնելը։

Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն։

Ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների «իսահակյանցի» օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Նոր Դար հանդես, #3 2000, էջ 119
  3. «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Ավետիք Իսահակյան». Журнал ЖАМ. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/171


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 393