Դրաստամատ Կանայան

հայ քաղաքական գործիչ, զինծառայող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանայան (այլ կիրառումներ)

Դրաստամատ Մարտիրոսի Կանայան (Դրո) (մայիսի 1 (13), 1883[2][1], Իգդիր, Երևանի նահանգ[2][1] - մարտի 8, 1956(1956-03-08)[2][1], Բոստոն, ԱՄՆ[2][1]), Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար (լրիվ գեներալ), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության ռազմական նախարար (1920 թվական), Առաջին Հանրապետության հիմնադիրներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դրոն, նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ նացիստական Գերմանիայի զինված ուժերի կազմում ստեղծված Հայկական լեգեոնի հրամանատար։

Դրաստամատ Կանայան
Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար
 
Կուսակցություն՝ ՀՅԴ[1]
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մայիսի 1 (13), 1883[2][1]
Ծննդավայր Իգդիր, Երևանի նահանգ[2][1]
Վախճանի օր մարտի 8, 1956(1956-03-08)[2][1] (72 տարեկան)
Վախճանի վայր Բոստոն, ԱՄՆ[2][1]
Թաղված Ենգեսեր
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Հայաստան,  Հայկական ԽՍՀ և  ԱՄՆ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1883 թվականին այն ժամանակ Ռուսական կայսրության տարածքում գտնվող Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում։ Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայանը, բնութագրվել է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ։ Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին, և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ։ Դրոն մեծանում է այս մթնոլորտում։ Նա սիրում էր թափառել դաշտերում, մանավանդ՝ զորանոցների շրջակայքում, որտեղ ընթացող զինվորական մարզանքները հափշտակում էին նրան։ Վաղ տարիքում հայրը նրան տալիս է Իգդիրի (Սուրմալու) ծխական դպրոց։ Սակայն Դրոն չի ցուցաբերում հետաքրքրություն գրքերի և սովորելու նկատմամբ։ Դրոն փախչում էր դպրոցից Իգդիրի ռազմական զորանոցների մոտ թափառելու նպատակով, և նրա հետաքրքրությունները ռազմական արվեստի նկատմամբ գալիս է հենց այդտեղից։ Մարտիրոս Կանայանը նրան հանում է գյուղական դպրոցից և տեղափոխում Երևան՝ գիմնազիա-դպրոց։ Ոգեշնչված հայ ֆիդայիների հաղթանակներով և Դաշնակցության ազգային գաղափարներով՝ Դրաստամատ Կանայանը դպրոցում ստեղծում է երիտասարդական գաղտնի շարժում, որն ուղղված էր ցարական իշխանության դեմ։ Երիտասարդ տարիքից անդամակցում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը[3]։

Եկեղեցապատկան գույքի բռնագրավման օրենք

խմբագրել
 
Դրաստամատ Կանայան:

1903 թվականի հունիսի 12-ին ցարական իշխանությունը ընդունեց օրենք, որով բռնագրավում էր հայոց եկեղեցու ամբողջ գույքը։ Սա առաջացրեց հայերի զայրույթը։ Ժողովուրդը հասկանում էր, որ այս օրենքը սպառնալիքի տակ էր դնում հայ ազգի գոյությունը, որովհետև հայապահպանության մեջ մեծ դեր է ունեցել եկեղեցին և հայոց ամբողջ պատմության ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, եկեղեցին է իր վրա վերցրել հայոց լեզվի, հայ մշակույթի պահպանման խնդիրները։ Արդյունքում Դաշնակցությունը որոշեց ստեղծել զինված խմբեր, որոնք հանդես էին գալիս որպես եկեղեցական գույքի պահապաններ և իրականացնում էին զանգվածային ցույցեր։ Դրոն, որ իր խառնվածքով ըմբոստ տղա էր, ամբողջությամբ նետվում է կռվի մեջ։

Հաջորդ տարիներին զբաղվել է զենք փոխադրելով Սուրմալուով դեպի Արևմտահայաստան։ Դավաճանների և լրտեսների գոյությունը, սակայն, ահազանգի է մատնում գործը։ Թեջերապատի (Սուրմալուի գյուղերից մեկը) գյուղապետ Մարտիրոսը մատնություններ է անում։ Այս մասին տեղեկանում է Դրոն ու սպանում մատնիչին։ Երբ մահացու վիրավորված Մարտիրոսը ցուցմունք տվեց, որ իրեն սպանողը Դրոն է, իշխանությունները կալանեցին նրան, սակայն ռուս սպաների ցուցմունքով ու միջամտությամբ Դրոն ազատ արձակվեց։

Հայ -թաթարական կռիվներ

խմբագրել

1905 թվականին Բաքվում սկիզբ են առնում հայ բնակչության կոտորածներ, որոնք հրահրվում էին ցարական իշխանությունների կողմից։ Դրոն գաղտնի թողնում է զորանոցն ու դաշնակցական հայդուկների հետ միասին, Նիկոլ Դումանի ղեկավարությամբ, շտապում օգնության ձեռք մեկնել հայությանը։ 1905 թվականին կուսակցության նախաձեռնությամբ սպանել է Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեին՝ հայ բնակչության կոտորածների գլխավոր կազմակերպչին։ Դրոյի գործողություններից նշանավոր է նաև ազերի գեներալ Ալեխանդրո Արվանսկու սպանությունը։ Այդ ժամանակ Դրոն ընդամենը 21 տարեկան երիտասարդ էր, սակայն Նիկոլ Դումանը Դրոյին է վստահում հայության պաշտպանության պատասխանատու գործը։ Բաքվից հետո Դրոն շտապում է Երևան։ Այստեղ քաղաքի թուրքերը սպանել էին 20-25 հայեր։ Շրջանի մարտական ղեկավար Խեչոյի հետ խորհրդակցելով՝ նա ծրագրում է ուժեղ հակահարված տալ թշնամուն։ Նույն թվականի օգոստոսին Դումանը Դրոյին ուղարկում է Նախիջևան։ Նորս գյուղը ընտրելով իբրև կենտրոն՝ նա սկսում է Նախիջևանի գյուղերի ինքնապաշտպանության գործը։ Դրոն այնուհետև Քեռու ընդհանուր հրամանատարությամբ վարում է լեռնային Նախիջևանի և Զանգեզուրի ինքնապաշտպանության շատ մարտեր և ի վերջո թշնամուն ստիպում պարտված հաշտություն կնքել։ Այս ինքնապաշտպանական մարտերում Դրոն փաստում է իր հմուտ ռազմահրամանատար լինելը։

Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել
 
Հայկական Երկրորդ կամավորական գումարտակի հրամանատար Դրաստամատ Կանայանը (Դրոն)` աջից երրորդը: 1915 թվական:

1914 թվականին Առաջին աշխարհամարտի առաջին օրերին Դրոն տեղափոխվում է Թիֆլիս, ուր Հայ Հեղափոխական Դաշնակցության ժողովի որոշմամաբ հայ կամավորական խմբերը ուղարկվում են ռազմաճակատ։ Հայկական գնդերը առաջապահ դիրքերի վրա էին։ Դրոն 2-րդ գնդի հրամանատարն էր, (ուղղությունը Իգդիր - Բայազետ - Բերկրի - Վան)։ Կռվի թեժ պահին, երբ Դրոն հրամաններ էր տալիս իր մարտիկներին, հանկարծ ժայռերի ետևից դարանակալ թշնամու գնդակը հարվածում է Դրոյի կրծքին։ Մահացու վերքի պատճառով նա տեղափոխվում է Թիֆլիսի զինվորական հիվանդանոց, Դրոյի սխրագործությունների մասին տեղեկանալով՝ նրան է այցելում Նիկոլայ ցարը, պարգևատրում շքանշանով ու հարցնում Դրոյին, թե որտե՞ղ է սովորել զինվորական արվեստը. «Հեղափոխության մեջ», համարձակորեն պատասխանում է Դրոն։ (Այդ ընթացքում Դրոյի գունդը Արմեն Գարոյի ղեկավարությանբ տալիս է 11 ճակատամարտ Ալաշկերտի, Շատախի, Մանազկերտի մոտ, մինչև Դրոն վերականգնվում է)։

1915 թվականին կամավորական զորագնդի գլուխ անցած Դրոն մտնում է Վան։ Նրա կողմից իրականացված բոլոր մարտերը ունենում են փայլուն ելքեր։

 
1914, Հայ կամավորներ(Խեչո, Դրաստամատ Կանայան, և Գարեգին Փաստրմաճյան)

Դրոն արդեն մեծ հեղինակություն ուներ որպես հրամանատար օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակներով։ 1918 թվականի մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար։

Բաշ-Ապարանի ճակատամարտ

խմբագրել
 
Դրոն 1918 թվականին։

1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից։

Հայաստանի Առաջին Հանրապետություն

խմբագրել
 
Դրաստամատ Կանայան. զորավար Դրո:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը։ Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում։ Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր։ Դրոն կարճ ժամանակամիջոցում կարողացավ խիստ միջոցներով արմատախիլ անել մաուզերիզմը Հայաստանում և երկրում կարգ ու կանոն հաստատել։

1920 թվականի աշնանը՝ Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանն ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը։ Այդ ժամանակ Դրոն առանձնանում էր ռուսամետ կեցվածքով։ Նա կարծում էր, որ Հայ-թուրքական պատերազմի պայմաններում միակ ճիշտ քայլը Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելն է, ինչը չէր հասկանում դաշնակցական կառավարությունը[փա՞ստ]։ Այսպիսի իրավիճակում Դրոն հանգեց խորհրդայնացման մտքին։

Կարմիր բանակի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն՝ կառավարել է Հայաստանը 1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։ Դրոյին ժողովուրդը չափազանց շատ էր սիրում և բոլշևիկները որոշ ժամանակ պիտի հանդուրժեին նրա ներկայությունը։

Նախարարապետ Վրացյան. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվականի դեկտեմբերի երկուսի նիստում որոշեց, հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը, զորաբանակի ընդհանուր հրամանատարին որպիսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին»։

Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ։ Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին։

1921 թվականի հունվարին Դրոն աքսորվում է Մոսկվա, որտեղ և մնում է 4 տարի։ 1925 թվականին Դրոյին հաջողվում է անցնել Փարիզ և ապա՝ Ռումինիա։ 1933 թվականին Հ.Յ.Դաշնակցության 12-րդ Ընդհանուր ժողովը նրան ցմահ ընտրում է կուսակցության գերագույն ղեկավարության մեջ։

Հայ-վրացական պատերազմ

խմբագրել

1918 թվականին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր։ Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–1918 թվականներին) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Հարավային Կովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից։ Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թվականի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի։ ՀՀ կառավարությունը հենց Դրոյին վստահեց հայկական բանակի հրամանատարությունն ու հանձնարարեց Լոռին մաքրել վրացիներից։ Շուրջ մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում հայկական զորքերը Դրոյի առաջնորդությանբ ջախջախեցին վրացական զորքերին, Դրոն կարողացավ մաքրել Լոռին վրացիներից և պատրաստվեց շարժվել Թիֆլիսի վրա։ Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ։ Հաշվի առնվեց նաև որ Թբիլիսին հնուց ի վեր մեծ մասամբ եղել է բնակեցված հայերով։

Հայ-ադրբեջանական կռիվներ

խմբագրել
 
Զորավար Դրո:

1919 թվականի դեկտեմբերի կեսերին 600 զինվորով Գորիս է հասնում Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար նշանակված Դրոն։ Կարճ ժամանակում՝ մինչև հունվարի 19-ը, ողջ Զանգեզուրն ազատագրվում է, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին Յապոնի, Նժդեհի, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը; Դրոն փաստորեն իր ավարտին հասցրեց Անդրանիկի կիսատ թողած գործը։

Հերթը Արցախինն էր, որը ժամանակ շահելու և նոր արյունահեղությունից խուսափելու համար 1919 թվականի օգոստոսին կայացած Արցախահայության յոթերորդ համագումարում որոշել էր, մինչև Փարիզի հաշտության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը։ «Ռումբը պայթում է» 1920 թվականի մարտի 22-ի երեկոյան՝ իսլամական Նովրուզ-Բայրամի օրը։ Թեժ մարտեր են ընթանում հատկապես Վարանդայում, Ասկերանի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում։ Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր. մոտ 500 հայեր՝ 3500-4000 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսեցին Շուշվա կոտորածը։ Երեք օր ու գիշեր քաղաքի հայկական մասը հրդեհների մեջ էր։ «Մշակ» թերթի 1920 թվականի մայիս 9-ի համարում Մարիետա Շահինյանը վկայում է, որ այդ օրերին այրվել է 7000 տուն, սպանվել 12000 հայ։

Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել Արցախին։ Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի։ Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն։ Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր։ 1920ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»։ Հատված Դրոյի Ղարաբաղի «հայ ազգաբնակչությանը» ուղղած կոչից. ապրիլի 26, 1920 թվական.

  Ես եկել եմ այն համոզումով և հաստատ որոշումով, որ հենված ձեր վճռականության վրա և միացած ձեր քաջարի զինվորներին, պետք է հաղթենք թշնամուն։ Ես վճռել եմ մնալ ձեր մեջ, կռվել ձեզ հետ և ազատությունն ու հաղթանակը տոնել այստեղ։  

Դրոյի փայփայած երազը, տարաբախտաբար, չի իրականանում։ Ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվում է խորհրդային իշխանություն։ Հաջորդ օրը դիմակափոխված մուսաֆաթականները վերջնագիր են ներկայացնում՝ զորքերն Արցախից դուրս բերելու պահանջով, հակառակ պարագայում՝ կարմիր բանակի օգնությամբ վռնդելու սպառնալիքով։ Մայիսի 5-ին Դրոյի հետ բանակցելու համար Արցախ են ժամանում 11-րդ կարմիր բանակի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սերգո Օրջոնիկիձեի ներկայացուցիչներ Սահակ Տեր-Գաբրիելյանն ու Լևանդովսկին, մայիսի 12-ին կարմիր բանակի մի զորագունդ մտնում է Շուշի։ Մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության զորքերը կառավարության հրամանով թողեցին Արցախը։ Այսպես՝ բոլշևիկների ճնշման տակ Արցախի ազատագրումը հետաձգվում է 70 տարով[4]։

1920 թվականի հայ-թուրքական պատերազմ

խմբագրել

Հայաստանի կառավարությունը, ելնելով ռազմաճակատում տիրող կացությունից, հայկական զորաբանակի հրամանատարության ուժերը կենտրոնացնում է հիմնականում Կարսի և Սուրմալուի ուղղությամբ, եթե թորքերը հաղթեին Սուրմալուի ճակատում ուղակիորեն մտնում էին Երևան։ Կարսի ճակատի հրամանատարը Մովսես Սիլիկյանն էր, Սուրմալուինը Դրոն։ Սուրմալուի ճակատում թուրքական կանոնավոր և քրդական ավելի քան 10.000-անոց զորագնդերի դեմ կանգնած էին 3.000 մարտունակ և հայրենիքին ու Դրոյին նվիրված քաջակորով հայորդիներ։ Մի քանի օր ընթացող կռիվներում հայ զինվորները պարտության են մատնում թուրքերին և ծանր կորուստներ պատճառելով հարկադրում նահանջել։ Ի տարբերություն Սուրմալուի՝ Կարսի ճակատում դրությունը խայտառակ էր։ Կարսի պաշտպանությունը ստանձնած ուժերը գտնվելով հայ բոլշևիկների շարունակական քարոզչական ազդեցության տակ իրենց կարմիր եղբայրներին արժանիորեն և եղբայրաբար դիմավորելու համար հզոր բերդաքաղաքը առանց դիմադրության հոկտեմբերի 30-ին հանձնեցին թուրքերին։ Չանցած մի քանի օր Կարսի բախտին է արժանանում նաև Ալեքսանդրապոլը։ Շիրակի ծանր կացությունը Սուրմալուում Դրոյի հաղթական զինուժին հարկադրում է թողնել պաշտպանության բնագծերը և այրելով կամուրջները անցնել Արաքսը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Երկրորդ համաշխարհայինի տարիներին Դրոն, մեծ մասամբ Գերմանիան կառավարող կլանի հետ իր անձնական կապերի շնորհիվ փրկելով Եվրոպայի հայությանը նացիստական Գերմանիայի կոտորածից և նպատակ դնելով վերականգնել Հայաստանի անկախությունը Խորհրդային միությունից, դարձավ Գերմանական բանակի գեներալ։ Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ հատկապես Մ. Բորմանի ու Ա. Ռոզենբերգի ու այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ըստ Դրոյի և գերմանացիների միջև պայմանավորվածության՝ նրանց հաղթանակի դեպքում Հայաստանին պետք է վերադարձվեին Նախիջևանը, Ղարաբաղը և Ջավախքի մի մասը։ Դրոյի Հայափրկիչ ծրագրին մասնակցել են նաև այլ հայորդիներ։ 1941 թվականի դեկտեմբերի 30-ին ստեղծվեց «Հայկական 812-րդ գումարտակը» հայտնի որպես Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ, որը ստեղծման պահին 8.000 էր, հետագայում նացիստների արևելյան արշավանքի ժամանակ գերված հայ զինվորների հաշվին հասավ 33.000-ի։ Դրոն նաև Վերմախտի հրամանատարական շտաբի անդամ էր։ «812-րդ գումարտակը» գործողություններ ծավալեց Ղրիմում և Հյուսիսային Կովկասում։ Եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան պատրաստ էր պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանն ու ներխուժել Հայաստան։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար այդ ժամանակ Հայաստանից և հայությունից։ Եվ Հայկական լեգեոնի առաքելությունը պետք է լիներ այն, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի հաղթանակից անմիջապես հետո, երբ այլևս բաց կլինեին Կովկասի դարպասները, այս հայկական զորքը պետք է արագ երթով հյուսիսից մտներ Հայաստան։

Եվ այսպես, Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերակշռող էր Դրոյի դերը հայ ռազմագերիների փրկության աշխատանքներում։ Առհասարակ նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխեր իր վերաբերմունքը հայերի հանդեպ, և հայերը Եվրոպայում չունենային հրեաների ճակատագիրը։

 
Դրաստամատ Մարտիրոսի Կանայան: Տարագրությունում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Դրոն ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել։ Հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ շարունակվել է զբաղվել հայկական հարցի լուծման ուղղությամբ քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Այնուհետև հաստատվել է հայաշատ Լիբանանում։ Բուժման նպատակով այցելել է ԱՄն։

Դրոն մահացել է 1956 թվականի մարտի 8-ին. նրա վերջին խոսքերն են. «ախ մեգել երգիրս տեսնեի» բառերը։

Մարմինը հողին է հանձնվել Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերահուղարկավորվել է Ապարանի Ճակատամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա։

 
Դրաստամատ Մարտիրոսի Կանայանի՝ Դրոյի շիրիմը Ապարանում:

Դրոյի հիշատակին

խմբագրել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Դրոյի ժառանգների միջնորդությամբ, հիմնել է Դրաստամատ Կանայանի անվան ռազմավարական ակադեմիան։ 2001 թվականի հունվարին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալը, որով պարգևատրվում են ռազմական ուսուցման բնագավառում աչքի ընկած զինվորականները, ազատամարտիկները և քաղաքացիական անձինք։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Դրո /կենսագրական։ Հուշեր։ Վկայություններ/, Երևան, 1991, 414 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/975/Dro.pdf
  • Համլետ Գևորգյան, Դրո; առաջին հրատ., Երևան, 1999, 558 էջ, երկրորդ հրատ., Երևան, 2000, 582 էջ, երրորդ հրատ., Երևան, 2007, 670 էջ, 4-րդ հրատ, Երևան, 2014, 920 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/979/Dro.pdf
  • Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Ա., Փարիզ, 1932, 510 էջ, հատ. Բ., Գահիրէ, 1950, 133 էջ, 2-րդ հրատ., հատ. Ա. Թեհրան, 1981, 352 էջ, հատ. Բ., Թեհրան, 1981, 351 էջ, 3-րդ հրատ., հատ. Ա. – Բ., Երևան, ԵՊՀ, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
  • Վրացեան Սիմօն, Հայաստանի Հանրապետութիւն, Փարիզ, 1928, Պէյրութ, 1968, Թեհրան, 1982, Երևան, 1993, - http://www.historyofarmenia.am/images/menus/286/HH_Simon%20Vracyan.pdf
  • «Ալիք» օրաթերթ, բացառիկ համար. «Դրօյի յիշատակին», Թեհրան, 1956։
  • Գևորգյան Համլետ «Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը», 2010, 528 էջ։
  • Դրօ, Պէյրութ, 1956։
  • Դրօ (Դրաստամատ Կանայեան. 1884-1956): Կենսագրական նօթեր, Պէյրութ, 1956, 48 էջ։
  • Դրօն և իր գօրծը, Հալէպ, 1948, 52 էջ։
  • Թոռլաքեան Միսաք «Օրերուս հետ», Պոսթըն, 1953, 567 էջ, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 1963, 2001, 623 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 1. (1918–1919 թթ.), 2005, 604 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
  • Չելեպեան Անդրանիկ «Դրօ (Դրաստամատ Կանայեան)», Սաութֆիլդ, 2003, 422 էջ։
  • Պետրոսյան Գեղամ «Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918–1920 թթ.)», 2011, 416 էջ։
  • Սարդարյան Կտրիճ «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.», 2002։
  • «Վէմ», երկամսեայ հանդէս, Պէյրութ, 1934, թիւ 3, 6։
  • Վիրաբյան Վանիկ «1918 թ. վրաց–հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները», 2003, 252 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայ–վրացական հարաբերությունները և Լոռու Չեզոք գոտին 1920–1921 թթ. (տարածքային սահմանազատումը)», 2015, 92 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայ – վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918 – 1921 թթ.», 2016, 828 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի առաջին հանրապետության միլիցիան և ներքին գործերի նախարարությունը (1918–1920 թթ.)», 2003, 152 էջ։
  • Վիրաբյան Վանիկ «Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ)», 2015, 746 էջ։
  • Վրացեան Սիմօն «Կեանքի ուղիներով», հատ. Դ., Պէյրութ, 1965, 307 էջ, Պէյրութ, 2007, 300 էջ։
  • Վրացեան Սիմօն «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, Պէյրութ, 1958, 684 էջ, Թեհրան, 1982, 684 էջ, Երևան, 1993, 704 էջ։
  • Վրացեան Սիմօն «Մրրկածին Դրօն», Պէյրութ, 1968, 1996, 207 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  4. https://armlur.am/175798/

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաստամատ Կանայան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրաստամատ Կանայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232