Օլես Գոնչար
Օլես (Ալեքսանդր) Տերենտևիչ Գոնչար (ուկրաիներեն՝ Гончар Олесь Терентійович, ըստ ծննդյան վկայականի՝ Բիլիչենկո Օլեքսանդր Տերենտևիչ, 1918 թվականի ապրիլի 3, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության Եկատերինոսլավի նահանգի Լոմիվկա գյուղ - 1995 թվականի հուլիսի 14, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային ականավոր գրող, հրապարակախոս, գրաքննադատ, հասարակական նշանավոր գործիչ, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր (1948 թ., 1949 թ.), Լենինյան մրցանակի դափնեկիր (1964 թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1982 թ.), Տարաս Շևչենկոյի անվան հանրապետական մրցանակի առաջին դափնեկիր (1962 թ.), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978 թ.), Ուկրաինայի ազգային հերոս (2005 թ., ետմահու), Ուկրաինական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1978 թ.), Ուկրաինայի գրողների միության նախագահ (1959-1971 թթ.)
Օլես Գոնչար ուկրաիներեն՝ Олесь Гончар ուկրաիներեն՝ Олександр Терентійович Гончар | |
---|---|
Ծննդյան անուն | ուկրաիներեն՝ Олександр Терентійович Гончар |
Ծնվել է | ապրիլի 3, 1918[1][2][3] |
Ծննդավայր | Lomivka, Դնեպր, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | հուլիսի 14, 1995[2][3] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Գրական անուն | Олесь |
Մասնագիտություն | լրագրող, գրող, գրական քննադատ, քաղաքական գործիչ, արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ, քննադատ և վիպասան |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | Ուկրաինական ԽՍՀ և Ուկրաինա |
Կրթություն | Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան և Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | վեպ, վիպակ, պատմվածք, ակնարկ և Նովել |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Դրոշակակիրներ» |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | Communist Party of Ukraine? |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Պարգևներ | |
Օլես Գոնչար Վիքիքաղվածքում | |
Օլես Գոնչար Վիքիդարանում | |
Oles Honchar Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1918 թվականին Եկատերինոսլավի նահանգի Լոմիվկա գյուղում, որը ներկայումս Դնեպր (Դնեպրոպետրովսկ) քաղաքի թաղամասերից մեկն է։ Հայրը՝ Տերենտի Սիդորովիչը, զոհվել է 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին, գերմանացիների ավիառմբահարության հետևանքով[4]։ Մայրը մահացել էր ավելի վաղ, երբ տղան ընդամենը երեք տարեկան էր։ Մոր մահից հետո նրա խնամքի ու դաստիարակության գործով զբաղվել են Պոլտավայի նահանգի Սուխա գյուղում բնակվող մորական պապն ու տատը։
1927 թվականին տղան ընդունվել է Սուխայի տարրական դպրոցը, որտեղ նրան գրանցել են Օլես Գոնչար անուն-ազգանունով (Գոնչարը մոր օրիորդական ազգանունն էր)։ Այնուհետև ուսումը շարունակել է Կոզելշչինսկի շրջանի Բրեուսովկա գյուղի, ապա՝ Խորոշկիի յոթնամյա դպրոցում, որն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Կոզելշչինսկի շրջանային «Развернутым фронтом» թերթի խմբագրությունում (հաշվի էին առել, որ դեռ դպրոցում սովորելու տարիներին լավ գրելու ունակություններ էր դրսևորել)։
1933-1937 թվականներին սովորել է Խարկովի՝ Նիկոլայ Օստրովսկու անվան ժուռնալիստիկայի տեխնիկումում, որն ավարտելուց հետո աշխատել է Խարկովի մարզային,,Ленинская смена՛՛ թերթի խմբագրությունում, միաժամանակ, համատեղության կարգով, դասավանդել Մանուիլովկա գյուղի դպրոցում։
1937 թվականից հանրապետական ու միութենական պարբերականներում («Литературная газета», «Пионерия», «Комсомолец Украины», «Молодой большевик») սկսում են լույս տեսնել Գոնչարի ստեղծագործությունները՝ հիմնականում՝ կարճ պատմվածքներ։
1938 թվականին նա ընդունվել է Խարկովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին, համալսարանում ուսանելու հետ մեկտեղ, գրել է «Իվան Մոստովոյ», «Արծվիկ», «Կեռասենիները ծաղկում են» նորավեպերը, «Ստոկոզովյան դաշտը» վիպակը։
1941 թվականի հունիսին համալսարանի երրորդ կուրսի ուսանող Գոնչարը կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ կռվելու Խորհրդային Միության դեմ պատերազմ սանձազերծած գերմանացի ֆաշիստների դեմ։ 1942 թվականի ամռանը գերի է ընկել, 1943 թվականին փախել գերությունից և շարունակել է մարտնչել մինչև Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը։ Ավագ սերժանտի կոչման, ականանետային մարտկոցի ավագի պաշտոնի հասած գրող-մարտիկը իր ռազմական սխրանքների համար պարգևատրվել է Փառքի երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, «Արիության համար» երեք մեդալներով[5].:
Պատերազմական պայմանները, հարկավ, բարենպաստ չէին գրողի ստեղծագործական աշխատանքի համար, այնուհանդերձ՝ Գոնչարը կարողացել է նույնիսկ այդ պայմաններում բանաստեղծություններ գրել (դրանք նա հրատարակեց տարիներ անց՝ 1985 թվականին, «Ռազմաճակատային բանաստեղծություններ» ժողովածուում), նոթատետրերում ծավալուն նշումներ կատարել, որոնք օգտագործեց հետագայում՝ «Դրոշակակիրները» վեպը և պատերազմական թեմայով այլ ստեղծագործություններ գրելու ժամանակ։
Ճանաչում ձեռք բերելու ճանապարհին
խմբագրելԶորացրվելով՝ Գոնչարը վերադառնում է Դնեպրոպետրովսկ, շարունակում ուսումը համալսարանում, միաժամանակ աշխատում «Դրոշակակիրները» վեպի առաջին մասի վրա։ «Ալպեր» խորագիրը կրող գրական այս երկի արժանիքները բարձր գնահատելով՝ Յուրի Յանովսկին, որ այն ժամանակ «Օտչիզնա» («Հայրենիք») ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1946 թվականին հրատարակում է այն։ Հետևելով Յանովսկու խորհրդին՝ Գոնչարը, որն արդեն ավարտել էր համալսարանը, տեղափոխվում է Կիև, ընդունվում Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի Տարաս Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Յանովսկին դառնում է երիտասարդ գրողի ուսուցիչն ու բարի խորհրդատուն, ում հետ շփումներից նա ստեղծագործական դասեր է առնում, շատ ու շատ օգտակար բաներ է քաղում։ Մինչև իր կյանքի վերջն էլ Գոնչարը մեծ սիրով ու երախտագիտությամբ էր հիշում իր ուսուցչին ու վարպետին, ում մի ամբողջ գիրք է նվիրել («Յանովսկու երկնագույն աշտարակները», 1975 թ.):
1947 թվականին լույս են տեսնում Պոլտաշչինայում ֆաշիստ զավթիչների դեմ պայքար ծավալած ընդհատակայինների մասին պատմող «Երկիրը շաչում է» վիպակը և «Դրոշակակիրները» վեպի երկրորդ մասը՝ «Երկնագույն Դանուբը»։ Եվրոպայում խորհրդային բանակի ազատարար առաքելության մասին պատմող այս վեպը բարձր գնահատվեց թե՛ գրաքննադատների, թե՛ իշխանության և թե՛ ընթերցողների կողմից։
1950-ական թվականներին գրողը իր բազմաթիվ նորավեպերում շարունակում է զարգացնել պատերազմական թեման, միաժամանակ անդրադառնում է մարդկանց խաղաղ կյանքի, նրանց փոխհարաբերությունների բարոյական կողմերի արտացոլմանը։ Այդ տարիներին նա նաև հրապարակախոսական, հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում, մեկնում արտասահմանյան ուղևորությունների, որոնց արդյունքում ծնվում են ակնարկների մի շարք ժողովածուներ («Հանդիպում բարեկամների հետ», «Չինաստանը մոտիկից» և այլն)։
1959 թվականին Օլես Գոնչարն ընտրվում է Ուկրաինայի գրողների միության նախագահ, ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար։
Ստեղծագործության գագաթները
խմբագրել1960 թվականին լույս է ընծայում «Մարդը և զենքը» վեպը, որ մի նոր էջ է բացում նրա ստեղծագործության մեջ։ Ռոմանտիկական ու փիլիսոփայական շնչով ներծծված այս երկը, որ գրվել է պատերազմական թոհուբոհի, կրակների միջով անցած ուսանողական կամավոր գումարտակի մասին հիշողությունների հիման վրա, պարունակում է այնպիսի շեշտադրումներ, որոնք առնչվում են մարդու կյանքի ու մահվան խորախորհուրդ հարցերին, մարդու բարոյական անկոտրում ոգու դրսևորման հիմնախնդիրներին։ 1962 թվականին վեպն արժանացավ Շևչենկոյի անվան ազգային մրցանակին, որը նոր էր հիմնադրվել և առաջին անգամ էր շնորհվում։
1963 թվականին լույս տեսավ «Տրոնկա» վեպը, որը Գոնչարի՝ ժամանակակից խաղաղ կյանքն արտացոլող առաջին խոշոր ստեղծագործությունն էր։ Կառուցված լինելով նորավեպերի ինքնատիպ պսակի տեսքով՝ վեպը պատկերում է հասարակ մարդկանց՝ ուկրաինական տափաստանների բնակիչների կյանքն իր բազմազան կողմերով, ի ցույց դնում վարպետորեն կերտված կերպարների, բնավորությունների, իրադրությունների մի ողջ համայնապատկեր։ Այստեղ, ուկրաինական գրականության պատմության մեջ առաջին անգամ, սուր կերպով դրվում են ստալինիզմն արմատախիլ անելու, հնի ու նորի պայքարի հիմնախնդիրները։
Գոնչարի հաջորդ ստեղծագործությանը՝ «Տաճարը» վեպին դառը ճակատագիր էր վիճակված։ Ի տարբերություն «Տրոնկա»-ի, այս երկը կառուցված է ավանդական իրապաշտական եղանակով, ունի վառ, գունեղ պատկերված դրական ու բացասական հերոսներ։ Պատումի կենտրոնում հետևյալ հիմնախնդիրն է. պայքարը ոգեղենության, հոգևորի վերածնունդի, ժողովրդի պատմական հիշողության վերականգնման համար դիտել իբրև մարդկանց փոխհարաբերությունների օրինավորության հիմք։ ԽՄԿԿ Դնեպրոպետրովսկի մարզկոմի առաջին քարտուղար Վատչենկոն ճանաչեց իրեն՝ ղեկավարությանը կաշվից դուրս գալով հարմարվող, անհոգի կուսակցական «գործչի» կերպարում, մի «գործչի», որը հրաժարվում է հարազատ հորը խնամել ու նրան ծերանոց է հանձնում։ Լինելով ԽՍՀՄ-ի այն ժամանակների ղեկավար Լեոնիդ Բրեժնևի ընկերը՝ Վատչենկոն վերջինիս միջոցով հասավ նրան, որ գրքի արդեն հրատարակված տպաքանակը բռնագրավվեց, ուկրաիներենից ռուսերեն թարգմանելու աշխատանքը դադարեցվեց։ Թեև ճանաչված, հեղինակավոր մի շարք գրողներ փորձեցին պաշտպանել երկը, բայց արդյունքի չհասան։
1980 թվականին Օլես Գոնչարը լույս ընծայեց «Գրողի խոհեր» գիրքը, որտեղ ի մի է բերել իր ստեղծագործական աշխատանքի և հասարակական գործունեության արդյունքները։
Ճանաչված գրողը ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 6-11-րդ գումարումների պատգամավոր (1966—1989 թթ.)[6][7][8][9][10][11], 1976−1990 թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմի անդամության թեկնածու, երկար տարիներ՝ «Роман-газета»ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։
Երբ ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ սկսվեց Վերակառուցումը, և Ուկրաինան անկախություն ձեռք բերեց, մեծահամբավ գրողը նոր ուժով ու եռանդով լծվեց հասարակական աշխատանքի։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ուկրաինական լեզվի և ժողովրդական ռուխի /շարժման/ հասարակական կազմակերպությունը։ 1990 թվականին նա դուրս եկավ ԽՄԿԿ-ից, այդ նույն տարում ընտրվեց Ուկրաինայի՝ առաջին անգամ ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Գերագույն խորհրդի պատգամավոր։ Անկախ Ուկրաինայի զարգացման ուղիների մասին իր հայացքներն ու մոտեցումները Գոնչարը շարադրեց 1991 թվականին տպագրած «Ինչով ենք ապրում. ուկրաինական վերածննդի ճանապարհին» գրքում։
1992 թվականին նրան շնորվեց կանադական Ալբերտա քաղաքի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Վախճանվել է 1995 թվականի հուլիսի 14-ին, Կիևում։
2001 թվականին Կիևում բացվել է Օլես Գոնչարի հուշարձանը։ 2005 թվականին նրան ետմահու շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Դրոշակակիրներ»
- «Ալպեր»
- «Երկնագույն Դանուբը»
- «Ոսկե Պրահա»
Վեպեր
խմբագրել- «Տավրիա»
- «Մարդը և զենքը»
- «Տրոնկա»
- «Ցիկլոն»
Օլես Գոնչարը հայերեն
խմբագրել- Անդրկարպատցի Մաշան։ Ուկրաինական պատմվածքներ, Ե. Սովետական գրող, էջ 51-81։ Թարգմ.՝ Ժ. Ավետիսյան։
Գրականություն
խմբագրել- Мовчан Р. В. та інші. Українська література. — Київ, 2000.
- Митці України: Енциклопедичний довідник. — Київ, 1992.
- Жадько В. О. Некрополь на Байковій горі. — К., 2008. — С. 7, 87, 111, 163, 165, 271.
- Жадько В. О. У пам'яті Києва: столичний некрополь письменників. — К., 2007. — С. 27, 29, 47, 73, 81, 94, 102, 131, 138, 143, 196.
- Жадько В. О. Український некрополь. — К., 2005. — С. 159.
- Вінок пам'яті Олеся Гончара: Спогади. Хроніки / Упоряд. В. Д. Гончар, В. Я. П'янов. — К.: Укр. письменник, 1997. — 453 с.
- Коваль В. П. «Собор» і навколо собору. — К.: Молодь, 1989. — 272 с.
- Михайлин І. Л. Чорнобильний мотив у публіцистиці пізнього Олеся Гончара / Михайлин І. Л. // Рецепція України в контексті сучасної мови та літератури: збірник наук. праць. — Д.: Національний гірничий університет, 2011. — С. 217—229.
- Михайлин І. Л. Літературно-критична шевченкіана Олеся Гончара / Михайлин І. Л. // Феномен Олеся Гончара в духовному просторі українства: зб. наук. статей. — Полтава: ПНПУ імені В. Г. Короленка, 2013. — С. 186—194.
- Наєнко М. К. Краса вірності. У творчому світі Олеся Гончара. — К.: Дніпро, 1981. — 216 с.
- Погрібний А. Г. Олесь Гончар: Нарис творчості. — К.: Дніпро, 1987. — 242 с.
- Семенчук І. Р. Олесь Гончар — художник слова. — К.: Дніпро, 1986. — 260 с.
- Слово про Олеся Гончара: Нариси, статті, листи, есе, дослідження / Упоряд. В. К. Коваль. — К.: Рад. письменник, 1988. — 647 с.
- Собор із «Собору», або Подорож Олеся Гончара до Мадонни // Цалик С. М., Селігей П. О. Таємниці письменницьких шухляд: Детективна історія української літератури. — К.: Наш час, 2010. — С. 298—345.
- Київ. Енциклопедія. / В. Г. Абліцов. — К.: Видавництво «Фенікс». 2016. — 288 с.
- М. І. Степаненко {{{заглавие}}}. — ISBN 978-966-182-080-6
- Михайло Стрельбицький. Олесь Гончар: чуття однопланетянина Արխիվացված 2015-07-14 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Гончар Олесь // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ «Прапороносець величi людських почуттiв». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ Патриотический интернет-проект «Герои страны»
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 6 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ Список депутатов Верховного Совета СССР 7 созыва
- ↑ Список депутатов Верховного Совета СССР 8 созыва
- ↑ Книга:Депутаты Верховного Совета СССР 9 созыва
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 10 созыва». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Список депутатов Верховного Совета СССР 11 созыва». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՕլես Գոնչար «Երկրի հերոսներ» կայքում
- ГЕРОЙ УКРАЇНИ — Гончар Олександр (Олесь) Терентійович(ուկր.)
- ГОНЧАР ОЛЕКСАНДР ТЕРЕНТІЙОВИЧ (1918—1995)(ուկր.)
- Гончар Олександр (Олесь) Терентійович Արխիվացված 2010-01-07 Wayback Machine(ուկր.)
- Гончар Олесь (Олександр) Терентійович(ուկր.)
- ГОНЧАР ОЛЕСЬ ТЕРЕНТІЙОВИЧ — До 90-річчя від дня народження(չաշխատող հղում)(ուկր.)
- Мемориальная доска Гончару Александру Терентьевичу Արխիվացված 2010-05-05 Wayback Machine
- Тронько П. Т. Гончар Олесь Терентійович //
- М. К. Наєнко. Гончар Олесь Терентійович //
- Сайт, присвячений Олесю Гончару Արխիվացված 2013-11-13 Wayback Machine
- Олесь Гончар на сайті «Гордість України» Արխիվացված 2012-04-12 Wayback Machine
- Усі вірші Олеся Гончара Արխիվացված 2014-04-09 Wayback Machine
- ФОТОгалереї Гончара на сайті Херсонської обласної універсальної наукової бібліотеки імені Олеся Гончара Արխիվացված 2016-03-27 Wayback Machine
- Наталія Павленко Олесь Гончар: «Росію погубить ненависть, яку вона розпалює в собі, — ненависть до України» матеріал інтернет-порталу Цензор.нет.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլես Գոնչար» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլես Գոնչար» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլես Գոնչար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 158)։ |