Խարկով
Խարկով, պաշտոնապես՝ Խարկիվ (ուկրաիներեն՝ Ха́рків), քաղաք Ուկրաինայում, բնակչության թվաքանակով Ուկրաինայի 2-րդ քաղաքը (մինչև 1934 թ.-ը՝ Ուկրաինական ԽՍՀ մայրաքաղաքը)։ Խարկովի մարզի վարչական կենտրոնն է։ Երկրի գիտական, ինդուստրիալ, տրանսպորտային և ուսանողական կենտրոնն է համարվում[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Խարկով | |||||
Харків | |||||
| |||||
Խարկովի ազատության հրապարակ | |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Ենթարկում | մարզային կենտրոն | ||||
Մարզ | Խարկովի մարզ | ||||
Համայնք | Խարկով | ||||
Ներքին բաժանում | Kholodnohirskyi District?, Շևչենկիվսկի շրջան, Kyiv District?, Saltivskyi District?, Nemyshlyanskyi District?, Industrialnyi District?, Slobids'kyi District?, Osnovianskyi District? և Novobavarskyi District? | ||||
Հիմնադրված է | 1630 կամ 1653 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1552 | ||||
Մակերես | 306 կմ2 կմ² | ||||
ԲԾՄ | 94-205 մ մ | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն մայրցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 1․449․000 մարդ (2012) | ||||
Խտություն | 4705 մարդ/կմ² | ||||
Ագլոմերացիա | 1 730 000 2011 թ. ապրիլ | ||||
Ազգային կազմ | ուկրաինացիներ, ռուսներ, հրեաներ, հայեր, ադրբեջանցիներ, լեհեր | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 57 | ||||
Փոստային դասիչ | 61001 — 61204 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AX / 21 | ||||
Պաշտոնական կայք | city.kharkov.ua | ||||
| |||||
Անվանում
խմբագրելՀիմնադրել են ուկրաինացի կազակները որպես ամրոց մոտ 1655֊1656 թվականներին։ Ենթադրում են, որ անվանման հիմքում ընկած է առաջին նորաբնակ ոմն Խարկի (Խարիտոնի փոքրացուցիչ, փաղաքշական ձև) անունը։ Ոմանք էլ գտնում են, որ քաղաքն իր անունը ստացել է Խարկով գետից[2]։
Պատմություն
խմբագրելԽորհրդային Միության տարիներին արտադրական, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է մեկն է եղել, տրանսպորտային երրորդ հանգույցը (Մոսկվայից և Լենինգրադից հետո)։ 1, 449, 000 բնակիչ (2012)։ Հիմնել են ուկրաինացի կազակները մոտ 1655 - 1656 թվականներին։ Անունն ստացել է Խարկով գետից։ 19-րդ դարի 70-ական թվականներին Խարկովը նարոդնիկական շարժման կենտրոններից էր, 90-ական թվականների սկզբին այստեղ ստեղծվեցին մարքսիստական առաջին խմբակները, 1898 թվականին՝ ՌՍԴԲԿ կոմիտե, 1917 թվականի մարտի 2 (15)-ին՝ Բանվորների և զինվորների դեպուտատների Սովետ։ Սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի նոյեմբերի 10 (23)-ին։ 1941 թվականի հոկտեմբերի 24-ին Խարկովը գրավեցին գերմանա-ֆաշիստական զորքերը, 1943 թվականի օգոստոսի 23-ին ազատագրվեց։ 1970 թվականին Խարկովը պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Տնտեսություն
խմբագրելԽարկով Դոնեցկ - Մերձդնեպրյան տնտեսական շրջանի կարևոր ինդուստրիալ կենտրոնն է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած է նաև շինանյութերի, քիմական և քիմիադեղագործական, փայտամշակման արդյունաբերությունը։ Կան էներգետիկական մեքենաշինության, էլեկտրատեխնիկական, գյուղատնտեսական (տրակտորների) և տրանսպորտային մեքենաշինության, հաստոցաշինության, սարքաշինության և գործիքաշինության, կոմունալ տնտեսությունների տեխնոլոգիական և լեռնահանքային սարքավորումների, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի մետրոպոլիտեն, 20 բուհ (այդ թվում՝ Խարկովի համալսարանը), գիտահետազոտական ինստիտուտներ։ Գործում են պատմության և գեղարվեստի թանգարաններ, Ն. Լիսենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնը, 5 այլ թատրոն, ֆիլհարմոնիա, 67 հիվանդանոց (19 700 մահճակալով, 1976)։
Հուշարձաններ
խմբագրելԽարկովի ճարտարապետական հուշարձաններից են Պոկրովսկի (1689) և Ուսպենսկի (1771) տաճարները, Եկատերինյան պալատը (XVIII դար, այժմ՝ ինստիտուտի մասնաշենք), Վ. Գ. Կորոլենկոյի անվան գրադարանը (1898), գեղարվեստական ինստիտուտը (1913)։ Նշանավոր են Ձերժինսկու հրապարակի ճարտարապետական անսամբլը (1920 - 1930-ական թթ., կենտրոնում՝ Վ. Ի. Լենինի հուշարձանը, բրոնզ, գրանիտ, 1963, քանդակագործներ՝ Մ. Կ. Վռոնսկի, Ա. Պ. Օլեյնիկ), Տ. Գ. Շևչենկոյի հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1935, քանդակագործ՝ Մ. Գ. Մանիզեր, ճարտ. Ի. Գ. Լանգբարդ), Ուկրաինայում սովետական իշխանության հաստատմանը նվիրված կոթողը (գրանիտ, 1974)։ 1980-ականների Խարկովը կառուցապատվում է 1972 թվականին հաստատված գլխավոր հատակագծով։
Հայերը Խարկովում
խմբագրելԽարկովի հայ գաղութը եղել է Ուկրաինայում ամենահներից մեկը և, հավանաբար, բնակչության թվով մեծաքանակը։ 1920-ական թթ. ուներ ավելի քան 3 000 մարդ։ Գաղութը ստվարացավ 1915 թվականի Մեծ եղեռնից հետո՝ Վանից, Արևմտյան Հայաստանի այլ վայրերից, ապա Կարսից, Ալաշկերտից, Արդահանից գաղթած հայերի հաշվին։ Հատկապես շատ էին խոտորջուրցիները, որոնք 1921 թվականին իրենց I համագումարում քննարկեցին կոմունա ստեղծելու հարցը։ Քաղաքի կենտրոնում է գտնվում «Հայկական» անունով նրբանցքը, որտեղ սկզբնապես բնակություն էին հաստատել հայերը, իսկ «Խոլոդնայա գորա» թաղամասում մինչև այժմ պահպանվում է Խարկովի երկու հայկական եկեղեցիներից մեկը։ Գործում էր հայկական միջնակարգ դպրոց։ 1930-ական թթ. կաթի տեխնիկումում դասավանդումը ապրվում էր նաև հայերեն։ Հայ բնակչություն կուլտուրական զարգացումը խթանելու համար 1922 թվականին Ուկրաինական ՍՍՀ կառավարության որոշմամբ բացվեց Հայկական ակումբ, որին կից կային թատերական, երաժշտական և այլ ինքնագործ խմբեր։ Այնտեղ բազմիցս ելույթներ են ունեցել հայ արվեստի գործիչները, այդ թվում Վահրամ Փափազյանը, Շարա Տալյանը, Մեդեա Աբրահամյանը։ Տարբեր տարիներ Խարկովում սովորել կամ աշխատել են գրող Ակսել Բակունցը, կուսակցական-պետական գործիչ Յա. Զարոբյանը, հռչակված բժիշկներ եղբայրներ Վարդապետովները, ստոմատոլոգ Է. Գուլանյանը, գրականագետ-քննադատ Հ. Սալախյանը, լրագրող-հրապարակագիր Ա. Կակոսյանը, կոմպոզիտոր Ա. Հեքիմյանը և ուրիշներ։
Խարկով քաղաքի պատվավոր քաղաքացի է արմատներով հայ ուկրաինացի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը։
1926 թվականին Խարկովում հիմնադրվել է արևելագետների Համաուկրաինական գիտական ասոցիացիան (BYHAC), որը մեծ աշխատանք է տարել հայոց պատմությունը և մշակույթը պրոպագանդելու գործում։ Այդ նպատակին է ծառայել նաև նրա հրատարակած «Cxiдний cbim» («Արևելքի արշալույս») ամսագիրը. 1927 - 1931 թվականներին լույս է աեսել 12 համար, որտեղ տեղավորված է ավելի քան 60 հայագիտական նյութ։ Խարկովի արևելագետների ասոցիացիան և նրա տպագիր օրգանը սկզբնավորեցին հայ–ուկրաինական դարավոր բարեկամության պատմության ուսումնասիրությունը, որը նոր թափով շարունակվում է մեր օրերում։
Քաղաքի պատկերներ
խմբագրել-
Հայելային շիթը, քաղաքի այցեքարտերից մեկը
-
Խարկովի Տարաս Շևչենկոյի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի շենքը
-
Հայկական Սուրբ Հարություն եկեղեցին
-
Երկաթգծի կայարանը
-
Ծաղիկներով ժամացույցը Գագարինի պողոտայում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Харьков: Архитектура, памятники, новостройки: Путеводитель. Сост. А. Лейбфрейд, В. Реусов, А. Тиц. — Х.: Прапор, 1987
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
խմբագրել- Խարկովի քաղաքային խորհուրդի պաշտոնական կայք Արխիվացված 2022-04-14 Wayback Machine
- Խարկով. Պատմություն և ճարտարապետություն
- Խարկովի տաճարներ և եկեղեցիներ Արխիվացված 2007-10-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 42)։ |