Ստեփան Զորյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Զորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Գրիգորիի Զորյան (Ռոստոմ) (հունվարի 18, 1867[1], Ցղնա, Նախիջևանի գավառ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 19, 1919[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]), հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր-անդամ։
Ստեփան Զորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1867[1] |
Ծննդավայր | Ցղնա, Նախիջևանի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 19, 1919[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա (1889)[1] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, քաղաքական գործիչ և գրող |
Աշխատավայր | Դրօշակ[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1] |
Stepan Zorian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Զորյանը ծնվել է 1867 թվականի հունվարի 18-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում՝ նահապետական ու բարեկեցիկ հայ գեղջուկի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Ցղնայի ծխական դպրոցում։ 1882 թվականին Ստեփանը տեղափոխվում է Թիֆլիս ու ընդունվում նախ Բեգլարյան մասնավոր դպրոց, ապա պետական ռեալական վարժարան։ Դեռ պատանեկան տարիներից հսկայամարմին էր ու թիկնեղ, որի համար ընկերները Ստեփանին կնքեցին Քոթոթ մականվամբ։
1886 թվականին Ռոստոմը Եվրոպա է անցնում և ուսումը շարունակում Լեհաստանում` Վարշավայի գյուղատնտեսական համալսարանում։ 1887 թվականին Ռոստոմն ընդունվում է Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա։
Դեռևս ուսանողության տարիներին Ռոստոմը հայտնվում է ցարական ոստիկանության ուշադրության կենտրոնում, Ռոստոմին ձերբակալում են ցույցեր կազմակերպելու և ուսանողական հուզումներ բորբոքելու մեղադրանքով։ Բայց դա չի խանգարում Ստեփանին, որ նա հակացարական ցույցեր կազմակերպելուն զուգահեռ սովորի նաև զենք գործածել` հմտանալով հատկապես ուժանակների՝ ռումբերի պատրաստման և կիրառման գործում։ Երբ առաջին անգամ ձերբակալվեց և աքսորվեց հայրենի Ցղնա` տնային կալանքի, Ստեփանը կեղծ անձնագիր ճարեց Աբրահամյան ազգանունով և կրկին ուղևորվեց Թիֆլիս` ընդգրկվելով հեղափոխության հորձանուտում։ 1889 թ. Ռոստոմը Բաքվից անցավ Մոսկվա` սովորելու գյուղատնտեսական համալսարանում։ Այնտեղ ծանոթացավ ու անմիջապես ընկերացավ Սիմոն Զավարյանի հետ, որը նույնպես համալսարանի ուսանողներից էր։
Ռոստոմը 1890 թ. ՀՅԴ հիմնադիր ժողովին չի մասնակցել, 23-ամյա երիտասարդը Մոսկվայում ուսանողական ցույցեր կազմակերպելու համար դարձյալ աքսորվել էր իր ծննդավայրը` Գողթն։ Բայց այնքան մեծ էր նրա ավանդը և գաղափարական ներդրումը ՀՅԴ կազմավորման գործում, որ բոլորը միահամուռ Ռոստոմի անունը մտցրեցին ՀՅԴ հիմնադիր երրորդության մեջ։ Առհասարակ կուսակցությունն իր անվամբ նաև պարտական էր Ռոստոմին։ 1890 թ. Թիֆլիսում հիմնադիր համագումարը ռուսական «Союз русских революционеров» կազմակերպության օրինակով հիմնադրել էր Հայ հեղափոխականների դաշնակցությունը։ Եվ միայն երկու տարի անց Ռոստոմը սրբագրեց այն՝ դարձնելով Հայ հեղափոխական դաշնակցություն։ Նա էր նաև ՀՅԴ առաջին ծրագրի՝ «Ընդհանուր տեսության» կազմողը, ինչը 1892 թ. առաջին ընդհանուր ժողովից առաջ հավանության արժանանալով նաև Քրիստափոր Միքայելյանի և Սիմոն Զավարյանի կողմից՝ կիրառության մեջ մտավ։ Ռոստոմին է պատկանում նաև ՀՅԴ զինանշանի ստեղծումը, ինչն անփոփոխ է մինչ օրս։ Կուսակցության ստեղծումից հետո Ռոստոմն ուսուցչի պաշտոնով հաստատվեց Թավրիզում` տեղում կազմակերպելու ՀՅԴ գործունեությունը։ 1895 թ. նա անցնում է Կովկաս։ Կարճ ժամանակ Կարսում մնալուց հետո նա անցնում է Երկիր և հաստատվում է Կարինում։ Աբդուլ-Համիդի կոտորածների դեմն առնելու համար նա ինքնապաշտպանական խմբեր է կազմակերպում Էրզրում քաղաքում և համանուն նահանգում։ Սակայն շուտով ձերբակալվում է և աքսորվում Պարսկաստան։ Սակայն Ռոստոմը, կուսակցական գործունեությունից զատ, կազմակերպչական մեծ գործունեություն ծավալեց ողջ Հայաստանում։ Նրա շնորհիվ Սալմաստում հիմնվեց ՀՅԴ առաջին զինագործարանը, որ ուժանակներ էր պատրաստում և տեղափոխում Արևմտյան Հայաստան։ Նա նաև առաջիններից էր, որ առաջ քաշեց հայ ժողովրդի բնական դաշնակիցների հետ համագործակցելու պլանը` գտնելով, որ միայնակ պայքարել Օսմանյան կայսրության դեմ գրեթե անհնար է, հարկավոր է ոտքի հանել բալկանյան ժողովուրդներին, ինչպես նաև քրդերին։ Եվ դա անել քրդերի շրջանում՝ լուսավորություն տարածելով։ Հենց Ռոստոմի անմիջական մասնակցությամբ Բուլղարիայում 1906 թ. հիմնվեց դաշնակցության ռազմական վարժարանը, որտեղ կրթվեցին ազատագրական շարժման շատ նվիրյալներ։ Նա Ֆիլիպե քաղաքում (այժմ Պլովդիվ) իր կնոջ՝ Եղիսաբեթ Շահնազարյանի հետ հայկական դպրոց հիմեց, որտեղ թևածում էր ազգային շունչն ու ոգին։ 1903 թվականին նա ակտիվորեն մասնակցեց հայկական դպրոցները փակելու դեմ ծավալված համահայկական պայքարին՝ դառնալով նրա առաջնորդներից մեկը, իսկ 1905 թվականից ստանձնեց հայ-թաթարական կռիվների ժամանակ հայոց ինքնապաշտպանության ընդհանուր ղեկավարումը։
1907 թվականին ՀՅԴ-ն դարձավ սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, և այդ միջազգային կառույցում կուսակցությունը ներկայացնում էր Ռոստոմը։ Հենց Ռոստոմն էր, որ ՀՅԴ-ի մեջ մտցրեց ոչ միայն Արևմտյան Հայաստանի ազատագրման, այլև առհասարակ հայության սոցիալական ազատագրման գաղափարը և հեղափոխության միջոցով սոցիալիզմին հասնելու մտահղացումը։ Սակայն, սոցիալիզմը Ռոստոմի համար սոսկ ներազգային գաղափար չէր։ Երբ 1905 թվականին Պարսկաստանում սկսվեց հեղափոխությունը՝ Ռոստոմը դարձավ առաջիններից մեկը, որը կամավոր անդամագրվեց Պարսկական հեղափոխական բանակին և 1908 թվականին անցնելով Թավրիզ՝ բանակցությունների մեջ մտավ նրա ղեկավարների հետ։ Նա այնուհետև ձեռնամուխ եղավ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» կանոնավոր հրատարակման գործին, ինչը կարևորագույն օղակ էր քարոզչության և ազատամարտի տարածման գործում։ Առհասարակ Ռոստոմը մեծ տեղ էր տալիս գիտությանը և անընդհատ քարոզում էր Հայաստանը դպրոցների խիտ ցանցով պատելու գաղափարը։ 1910-1914 թթ. Ռոստոմն իր գործունեությունն է ծավալում Կարինում դպրոցների ընդհանուր տեսուչի պաշտոնում։ 1914 թ. օգոստոսին մասնակցում է Կարինում կայացած ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին անցել է Եվրոպա, այնուհետև՝ Ռուսաստան։ Ռոստոմը քննադատաբար է վերաբերվել հայկական կամավորական շարժմանը, բայց, քանի որ արդեն այն սկսվել էր, իրեն հատուկ եռանդով նվիրվել է այդ գործին։ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ռուսական բանակը հեռանում էր Արևմտյան Հայաստանից և թուրքական զավթիչները շարժվում էին դեպի Արևելյան Հայաստան, Ռոստոմը համագործակցել է Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հետ, մասնակցել Բաքվի պաշտպանության կազմակերպմանը։ Բաքվի անկումից հետո նա վերջինը հանձնեց իր դիրքն ու հեռացավ Թիֆլիս։ 1919 թվականի հունվարին Ռոստոմը Թիֆլիսում բանակցել է Վրաստանի կառավարության ղեկավարների հետ՝ ձգտելով հարթել հայ-վրացական միջադեպը։ Նա կենցաղում պարզ էր, առանց որևէ պերճանքի, ցրտին, անձրևին ու ձյունին շարունակ վազվզում էր ծակ կոշիկներով ու քրքրված վերարկուով։
Մահը
խմբագրելՇարունակական պայքարն ու թափառումներն ի վերջո արեցին իրենց գործը։ Ռոստոմը թոքախտով հիվանդ էր, ինչը երկար տարիներ հյուծում էր նրա մարմինը։ Նա երազում էր վերջապես հանգրվանել ու գործել նորանկախ Հայաստանում։ Սակայն, վրա հասավ պատուհասը՝ մոլեգնող բծավոր տիֆը, ինչն էլ նրան գամեց անկողնուն և խլեց նրա կյանքը։ 1919 թ. հունվարի 18-ի գիշերը՝ իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը նա մահացավ։
Նրա կյանքի հավատամքն էր. «Հեղափոխությունը նախ գործ է, հետո` գաղափար, - ա՛յս է ճշմարտությունը։ Ավելի ճիշտ՝ հեղափոխությունը գործ է գաղափարի համար»։
Գրականություն
խմբագրել- «Դրօշակ», օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Փարիզ, 1929, թիւ 1-2։
- Լազեան Գաբրիէլ, Յեղափոխական դէմքեր, Գահիրէ, 1945, էջ 59-76։
- Վրացեան Սիմոն, Կեանքի ուղիներով, հատ. Ա, Գահիրէ, 1955, հատ. Բ., Պէյրութ, 1960:
- 20Rostom_Mahvan%2060%20amyaki%20artiv.pdf Ռոստոմ, մահուան վաթսունամեակին առթիւ, խմբ. Հր. Տասնապետեան, Պէյրութ, 1979, 444 էջ,(չաշխատող հղում)
- Ռոստոմ, Նամականի, մահուան ութսունամեակին առթիւ, խմբ. Հր. Տասնապետեան, Պէյրութ, 1999:
- Ավետիսյան Հրանտ, Հայկական հարցը 1918 թվականին, Երևան, 1997:
- Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն (ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը), Երևան, 2006, - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf Արխիվացված 2017-12-15 Wayback Machine
- Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի Կովկասյան ճակատը, Երևան, 2010, - http://www.historyofarmenia.am/images/menus/1260/Kovkasyan_Chakat.pdf
- Սերգեյ Մելիք-Յոլչյան, Բաքվի հերոսամարտը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1925, թիւ 9, էջ 97-113։
- Վարանդեան Միքայէլ, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, ԵՊՀ, 1992, - http://www.historyofarmenia.am/images/menus/116/Dashnak1.pdf
- Սասունի Կարօ, Թրքահայաստանը Ա աշխարհամարտի ընթացքին (1914-1918), Պէյրութ, 1966:
- Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, խմբ. Հր. Տասնապետեան, հատ. Ա, Պէյրութ, 1984, հատ. Բ., Պէյրութ, 1985, հատ. Գ., Պէյրութ, 1976, հատ. Դ., Պէյրութ, 1982, հատ. Ե, խմբ. Եր. Փամպուքեան, Պէյրութ, 2007, հատ. Զ, խմբ. Եր. Փամպուքեան, Պէյրութ, 2010:
- Փիրումեան Ռուբինա, Հայաստանը ՀՅԴ-բօլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917-1921), Երեւան, 1997։
- Էլմար Յ., ՀՅ Դաշնակցութիւնը եւ պարսից սահմանադրական շարժումը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1952, թիւ 1, էջ 33-49, թիւ 2, էջ 90-99, թիւ 3, էջ 40-49։
- Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան. 1890-1950, խմբ. Սիմոն Վրացեան, Պոսթըն, 1950:
- Եղյան Մարիամ, Ռոստոմի գործունեությունը Կարինում Առաջին համաշխարհային պատերազմ|առաջին աշխարհամարտի նախօրեին (1910-1914 թթ.), Հայ հեղափոխական Դաշնակցության հիմնադրման 120 ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2011, էջ 28-38։
- Եղյան Մարիամ, Ռոստոմի դերը ՀՅԴ միասնության պահպանման գործում, (1905-1907 թթ.), «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 2005, թիվ 2, էջ 187-193։
- Եղյան Մարիամ, Ռոստոմի համագործակցությունը բուլղար հեղափոխականների հետ (1894-1902 թթ.), «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2006, թիվ 1, էջ 230-237։
- Եղյան Մարիամ, Ռոստոմի քաղաքական դերակատարությունը 1905-1911 թթ. իրանական հեղափոխության մեջ, «Իրան նամե», հատ. 40, Երևան, 2005, էջ 11-18։
- Երուանդ Խաթանասեան, Ռոստոմ (Ստեփան Զօրեան), «Հայրենիք» ամսագիր, 1956, թիւ 12, էջ 109-111, 1957, թիւ 1, էջ 101-103, թիւ 2, էջ 72-74, թիւ 3, էջ 42-44, թիւ 4, էջ 87-88, թիւ 5, էջ 77-79։
- Հակոբյան Կարապետ, Հայ-բուլղար-մակեդոնական համագործակցության խնդիրը 1895-1907 թթ., «Էջմիածին (պաշտօնական ամսագիր Ամենայն հայոց կաթողիկոսութեան Մայր աթոռոյ սրբոյ Էջմիածնի)», Վաղարշապատ, 2013, թիւ Ա, էջ 66-82։ - http://echmiadzin.asj-oa.am/12895/1/66-82.pdf Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 386։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Մարիամ Եղյան, Ռոստոմ (Ստեփան Զորյան. կյանքը և գործը), ատենախոսության սեղմագիր, - http://www.academhistory.am/upload/files/Mariam_Exyan.pdf
- Առաջին այրեր. Ռոստոմ - https://www.youtube.com/watch?v=Q63rcFNax2c
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Զորյան (քաղաքական գործիչ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 707)։ |