Սիմոն Մելիքի Զավարյան (1865, գ․ Այգեհատ, (Լոռու մարզ) հոկտեմբերի 27, 1913 թ, Կ․ Պոլիս, թաղված էր Թբիլիսի Խոջիվանքի գերեզմանատանը), հայ հասարակական, քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր-անդամ։

Սիմոն Զավարյան
Դիմանկար
Ծնվել է1865[1]
ԾննդավայրԱյգեհատ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 27, 1913(1913-10-27)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
ԳերեզմանԱյգեհատ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն և ռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա[1]
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԱզատամարտ
ԿուսակցությունՀՅԴ[1]
 Simon Zavarian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր-անդամ Սիմոն Մելիքի Զավարյանը ծնվել է 1866 թվականին Լոռու Այգեհատ գյուղում։ Տարրական կրթությունը տեղի դպրոցում ստանալուց հետո 7-8 տարեկան Սիմոնը գնում է Թիֆլիս, ուր ընդունվում և հաջողությամբ ավարտում է Ներսիսյան դպրոցը։ Ապա մեկնում է Մոսկվա, ուր մտնում է նշանավոր Պետրովսկու գյուղատնտեսական ակադեմիան, որն  առաջին կարգի մրցանակով ավարտում է 1890 թվականին։ Սիմոն Զավարյանը 1882-1886 թվականներին Քրիստափոր Միքայելյանի հետ եղել է հայ նարոդնիկական խմբակի անդամ։

Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադրում

խմբագրել

1890 թվականին Սիմոն Զավարյանը վերադառնում է ԹիՖլիս, ուր նախապատրաստվում էր Հայ հեղափոխականների Դաշնակցության կազմավորումը։ Սիմոն Զավարյանը Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) և այլոց հետ գործուն մասնակցություն է ունենում ՀՅԴ հիմնադիր ժողովի կազմակերպման գործին։ Նա ընտրվում է Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան առաջին ղեկավար մարմնի՝ Կենտրոնական Վարչության անդամ։

ՀՅԴ հիմնադիր ժողովից հետո նրա գործիչները մեկնում են տարբեր շրջաններ։ Սիմոն Զավարյանը ազգային վարժարանի տնօրենի պաշտոնով Հովսեփ Արղությանի հետ անցնում է Տրապիզոն։ Սակայն, մի քանի ամիս անց թուրքական կառավարությունը որպես հեղափոխականներ ձերբակալում է երկուսին։ Օսմանյան դատարանը Զավարյանին ներկայացնում է մեղադրանք։ Հանդես գալով ինքնապաշտպանական հանդուգն ճառով՝ Զավարյանը բավական խիստ քննադատության է ենթարկում սուլթան Աբդուլ Համիդ II-ին և օսմանյան նեխած վարչակարգին։ Ի պատասխան՝ նա դատապարտվում է չորս տարվա բանտարկության։ Բայց շատ չանցած, Սիմոն Զավարյանն ու Հովսեփ Արղությանը որպես ռուսահպատակներ փոխադրվում են Ռուսաստան, իսկ այնտեղից՝ արտաքսվում Բեսարաբիա, ուր աքսորված էր նաև Քրիստափորը։ Այնտեղ երեքը միասին աշխատում են Հ. Յ. Դաշնակցութեան ծրագրի նախագծի պատրաստության վրա։

Աքսորից վերադառնալուց հետո՝ 1892 թվականին Զավարյանը, որ հանդես էր գալիս Անտոն և Սմբատ Օհանյան ծածկանուններով, մասնակցում է կուսակցության առաջին ընդհանուր Ժողովին և Քրիստափորի ու Ռոստոմի հետ մշակում ՀՅ Դաշնակցության անդրանիկ ծրագիր-կանոնագիրը։ Զավարյանը, որին զինակիցներն անվանել են «կուսակցության խիղճն ու սիրտը», 1892 թվականին Թիֆլիսում մասնակցում է «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հուղարկավորությանը, որի ժամանակ հանդես է գալիս դամբանականով, որը մեծ տպավորություն է թողել ժամանակակիցների վրա։

Կուսակցական գործունեությունը

խմբագրել

Այնուհետև Զավարյանը, որպես Հ. Յ. Դաշնակցության Արևելյան Բյուրոյի անդամ և կուսակցության գլխավոր ղեկավարներից մեկը, մինչև 1902 թվականը մնում է ԹիՖլիսում։ Առավելապես նրա վրա էր ծառացած Արևելյան Բյուրոյի գործավարությունն ու թղթակցությունը։ Զավարյանն ի պաշտոնե լինելով պետական գյուղատնտես՝ հաճախ ճամփորդություններ էր կատարում Կովկասի զանազան կողմերը՝ ճամփորդություններն օգտագործելով նաև կուսակցության գործերի և նրա տեղական կազմակերպությունների կազմավորման համար։

Մինչև 1902 թվականը Զավարյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական դեմքն էր Կովկասում հատկապես այն բանից հետո, երբ 1898 թվականին Քրիստափորը մեկնում է արտասահման։ Այս տարիներին Զավարյանը հաճախ է ենթարկվում խուզարկությունների և ձերբակալությունների, բայց միշտ մնում է ազատության մեջ և դիրքի վրա։

190 թվականի գարնանը, երբ Քրիստափորը «Փոթորիկ»-ի գործով մեկնում է Ռուսաստան, նրա փոխարեն, որպես «Դրոշակ»-ի խմբագրության անդամ, Շվեյցարիա՝ Ժնև է մեկնում Սիմոն Զավարյանը։

190 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հրավիրված ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովի որոշումով՝ Սիմոն Զավարյանը Խանասորի Վարդանի հետ անցնում է Կիլիկիա, տեղի հեղափոխական կազմակերպությունը վերականգնելու համար։ Զավարյանին հաջողվում է ամրապնդել Հ. Յ. Դաշնակցության կազմակերպությունը Կիլիկիայում և Լիբանանում՝ երիտասարդ ուժերը կապելով կուսակցության հետ։

1904 թվականին Զավարյանը Լիբանանում հիմնում է ՀՅԴ Ուսանողական միություն, որը նրա մահից հետո կրել է նրա անունը։ Բայց Ռուսաստանում 1905-1906 թվականներին ծավալված բուրժուա-դեմոկրատական հեղափոխության պատճառով Զավարյանը ստիպված վերադառնում է Կովկաս՝ մեկ անգամ ևս նետվելով կուսակցական աշխատանքի մեջ՝ որպես ՀՅԴ Արևելյան Բյուրոյի անդամ, «Յառաջ» օրաթերթի խմբագիրներից մեկը և ղեկավար դեմք։ 1906 թվականին Զավարյանն ընտրվում է Էջմիածնի Ազգային կենտրոնական Ժողովի նախագահ։ 1907 թվականին նա մասնակցում է Վիեննայում հրավիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության 4-րդ ընդհանուր Ժողովին։ Այնուհետև գլխավորում է ՀՅԴ պատվիրակությունը Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանի հուղարկավորության ժամանակ։

Կյանքի վերջին տարիները

խմբագրել

Երիտթուրքերի 1908 թվականի հուլիսյան հեղաշրջումից հետո, երբ Կովկասում ցարական հալածանքների և հեղափոխականների ձերբակալությունների հետևանքով ծանրանում է հատկապես ՀՅԴ անդամների վիճակը, Զավարյանը մեկնում է Կոստանդնուպոլիս։ Իսկ Ադանայի 1909 թվականի կոտորածներից հետո անձամբ մեկնում է Կիլիկիա՝ տեղում ստուգելու համար թուրքական վայրագությունների չափն ու պատճառները։ Ադանայից Զավարյանը անցնում է Մուշ և իբրև Տարոնի ազգային դպրոցների ընդհանուր տեսուչ մինչև 1911 թվականը մնում է Մուշում։ Թուրքական տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման գործում Սիմոն Զավարյանը կարևոր դեր է հատկացրել հայ ժողովրդի կրթական մակարդակի բարձրացմանը և լուսավորության տարածմանը։

1911 թվականի ամռանը Զավարյանը մասնակցում է Կ. Պոլիսի մեջ գումարված ՀՅԴ 6-րդ ընդհանուր Ժողովին։ Ընդհանուր Ժողովի ավարտից հետո Զավարյանը մնում է Կ. Պոլսում՝ որպես ՀՅԴ Արևմտյան Բյուրոյի անդամ Եսայան վարժարանի ուսուցչական աշխատանքից դուրս իր ամբողջ ժամանակն ու եռանդը նվիրելով կուսակցական և հասարակական գործունեությանը։

Մահն ու անմահությունը

խմբագրել

1913 թվականի հոկտեմբերի 14-ին իր բնակարանից «Ազատամարտ» թերթի  խմբագրատուն գնալու ժամանակ Աշխատանքի Տան առջև Զավարյանն ուշաթափ ընկնում է գետնին՝ փչելով իր վերջին շունչը։

Կ. Պոլիսում և |ԹիՖլիսում, ուր փոխադրեցին Զավարյանի աճյունը, արտասովոր մարդաշատ հուղարկավորություն է տեղի ունենում։ Նրա զմռսված մարմինը Թիֆլիս է հասցնում բանաստեղծ Սիամանթոն։ Զավարյանի մարմինը հողին է հանձնվում Թիֆլիսի Խոջիվանքի հայոց ազգային պանթեոնում։ 1990-ական թվականների վերջին Զավարյանի աճյունասափորը ԹիՖլիսից փոխադրվում է Լոռի և հողին հանձնվում նրա հայրենի Այգեհատ գյուղում։

Զավարյանը, մասնագիտությամբ լինելով գյուղատնտես, ուսումնասիրել է Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ղարաբաղի գյուղատնտեսական վիճակը և այդ մասին գրել է ուսումնասիրություններ, որտեղ ագրարային հարցերը քննել է լիբերալ նարոդնիկության դիրքերից։

  • Ապակեդրոնացումը, Կ. Պոլիս, 1908, 50 էջ։
  • Սիմոն Զաւարեան, մահուան եօթանասունամեակին առթիւ, հատ. Ա, խմբ. Հրաչ Տասնապետեան, Պէյրութ, 1983, 742 էջ։
  • Սիմոն Զաւարեան, մահուան եօթանասունամեակին առթիւ, հատ. Բ, խմբ. Հրաչ Տասնապետեան, Պէյրութ, 1992, 612 էջ։
  • Սիմոն Զաւարեան, մահուան եօթանասունամեակին առթիւ, հատ. Գ, խմբ. Հրաչ Տասնապետեան, Պէյրութ, 1997, 720 էջ։
  • Երկեր, կազմող՝ Դ. Պետրոսյան, Երևան, 1991, 144 էջ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Զավարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Զավարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 661