Սպիտակի շրջան
Սպիտակի շրջան (մինչև 1949 թվականը՝ Համամլուի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Լոռու մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում էր ՀԽՍՀ հյուսային մասում։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին։ Տարածությունը 544 կմ² է, բնակչություն՝ 42 800 (1983)։
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Սպիտակ |
Խոշորագույն քաղաք | Սպիտակ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 42 800 |
Խտություն | 78,7 |
Ազգային կազմ | Հայեր |
Տարածք | 544 (1,8 %) |
Հիմնադրված է | 1937-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Գուգարք |
Բնակավայրեր
խմբագրելՍպիտակի շրջանի վարչական կենտրոնը Սպիտակ քաղաքն էր։ Շրջանն ունի 21 բնակավայր, այդ թվում՝ 1 քաղաք (Սպիտակ), 1 ավան (Շիրակամուտ) և 19 գյուղ՝
Պատմություն
խմբագրելՍպիտակի շրջանի Նալբանդ (Շիրակամուտ) գյուղի մոտակայքից հայտնաբերված հնագույն կենդանիների (մամոնտ, հնադարյան ձի և այլն) մնացորդները վկայում են մինչսառցադաշտային ժամանակներում այդ տարածքի բնակլիմայական նպաստավոր պայմանների մասին։ Սպիտակում, Մեծ Պարնի, Ջրաշեն, Գոգարան Արևաշող գյուղերում հայտնաբերված նեոլիթյան գործիքներն ու կենցաղային իրերը (քարե հատիչներ, կացիններ, դանակներ, նետասլաքներ, աղորիքներ, արձանիկներ և այլն) վկայում են այդ տարածքում բնակված երկրագործ և անասնապահ ցեղերի հասարակական զարգացման բարձր աստիճանը մ.թ.ա. 4-3 հազարամյակներում։ Սպիտակում (Սարդարի կոնդ բլուր), Շիրակամուտում (Դպրոցի բլուր), Գեղասարում, Արևաշողում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանին (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ) բնորոշ առարկաներ (պղնձե և բրոնզե նետասլաքներ, դաշույններ, սև փայլեցրած կավախեցե ամաններ և այլն)։ Սպիտակի շրջան տարածքի բնակիչների կյանքը վերընթաց զարգացում է ապրել նաև մ.թ.ա. 1 հազարամյակում, երբ այդ տարածքը մտել է Ուրարտու պետության կազմի մեջ (մ.թ.ա. 7-րդ դար)։
Սպիտակի շրջանի տարածքը եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ, որի մասին է վկայում Արևաշողում հայտնաբերված արտաշեսյան արամեատառ սահմանաքարը։ Ավելի ուշ Սպիտակի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառի հարավարևմտյան մասը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 972-1113 թվականները՝ Կյուրիկյան թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ Սպիտակի շրջանը Վրացական թագավորության կազմում էր, իսկ 1801 թվականից Վրաստանի և Հայաստանի հյուսիսարևելյան մի քանի գավառների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Սպիտակի շրջանի տարածքը կոչվել է Համամլուի գավառակ և մտել է նախ Լոռի-Փամբակի, ապա՝ Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ 1918 թվականի մայիս-սեպտեմբերին և 1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի ապրիլը մասամբ թուրքական զորքերը օկուպացրել են գավառակը, կոտորել և կողոպտել բնակչությանը։ Համամլուի շրջանի հեղկոմը 1921 թվականին Աղբուլաղ (Լուսաղբյուր), Ղալթաղչի (Հարթագյուղ) և Ղարաբոյա (Խնկոյան) գյուղերում բացեց գերեզմանափոսեր, որտեղ թաղված Էր 11886 դիակ (80%ը սառը զենքով գազանաբար խոշտանգված կանայք ու երեխաներ)։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Համամլուի գավառակը մտավ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ Շրջանի առաջին կոմբջիջը ստեղծվել էր 1919 թվականի հոկտեմբերին, Համամլու կայարանում։ Այն ընդհատակյա աշխատանք է տարել աշխատավորության շրջանում, սերտ կապեր հաստատել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառային կազմակերպությունների հետ։ Սպիտակի շրջանում խորհրդային իշխանություն է հաստատվել 1920 դեկտեմբերին (Համամլուում՝ դեկտեմբերի 5-ին), երբ 11-րդ կարմիր բանակի ջոկատները Ղարաքիլիսայի կողմից մտել են շրջանի տարածքը։
1921-1930 թվականին Սպիտակի շրջանի տարածքը բաժանված էր Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի գավառների միջև, և կուսակցական աշխատանքը այնտեղ տարվում էր համանուն գավկոմների, իսկ 1930-1937 թվականներին՝ Լենինականի և Կիրովականի կուսշրջկոմների ղեկավարությամբ։ 1938 թվականից սկսած շրջանի կուսակցական կյանքը ղեկավարում է ՀԿԿ Սպիտակի շրջկոմը։
1985 թվականի հունվարի 1-ի դրությամբ 92 սկզբնական կուսկազմակերպություններում հաշվվում էր 1981 անդամ և 97 անդամության թեկնածու։ 1921 թվականին ստեղծված Սպիտակի շրջանի ԼԿԵՄ կազմակերպությունը 1985 թվականի հունվարին ուներ 113 սկզբնական կազմակերպություն՝ 10547 կոմերիտականով։ Լույս էր տեսնում «Լուսարձակ» շրջանային թերթը։
Հնագիտական և ճարտարապետական հուշարձաններից առավել արժեքավոր են քարեդարյան կացարանները (Սպիտակ, Մեծ Պարնի, Գոգարան, Ջրաշեն), բրոնզեդարյան բնակատեղիները, բերդապարիսպները, դամբարանները (Շիրակամուտ, Արևաշող, Գեղասար), Շենավանի միանավ բազիլիկը (6-7 դարեր) միջնադարյան վանքերը (Շիրակամուտում, Չիչխանավանք, 7 դար, Ղուրսալիում՝ վանք, 7 դար)։ Ուշագրավ պատմական հուշարձան է 1977 թվականին Գեղասարի տարածքում հայտնաբերված 12-13 դարերում ժայռափոր բնակավայրը, որը վկայում է տեղի բնակչության մոտ արհեստների, հատկապես մետաղի մշակման բավական բարձր մակարդակի մասին (տես Սպիտակի վիմափոր բնակավայր)։ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակի առթիվ Սարալ գյուղի մոտ, ռուսական բանակի մայոր Մոնտրեզորի ջոկատի և պարսկական գերազանց ուժերի միջև 1804 թվականի օգոստոսին տեղի ունեցած ճակատամարտի վայրում կառուցված է հուշարձան֊կոթող (1978)։ Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձաններ են կանգնեցվել շրջկենտրոնում և շրջանի գյուղերում։
Ռելիեֆ և կլիմա
խմբագրելՍպիտակի շրջանը գտնվում է Փամբակի հովտում, Փամբակ գետի վերին հոսանքի շրջանում։ Տարածքի հյուսիսում ձգվում են Բազումի, հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները, որոնց լեռնաբազուկներն ընդհուպ մոտենալով Փամբակ գետին, գետահովիտը բաժանում են Պարնիի, Սպիտակի և այլ գոգհովիտների։ Արևմուտքից շրջանի տարածքի մեջ է մտնում Շիրակի լեռնաշղթայի արևելյան մասը, որը Ջաջուռի թամքոցով միանում է Փամբակի լեռնաշղթային։ Լեոների միջին բարձրությունը չի անցնում 2800 մետրից, գետահովիտներինը՝ 1600 մետրից։ Շրջանի ամենաբարձր կետը 2992 մետր է (Ուրասար լեռ)։
Շրջանի տարածքի երկրբանական կաոուցվածքում կան միչքեմբր-պալեոզոյից մինչև չորրորդականի երիտասարդ գոյացումներ, հին մետամորֆացած ապարներ ու ներժայթուկներ։ Տեկտոնական պրոցեսներն ուղեկցվել են հրաբխականությամբ, առաջացրել լավային հոսքեր ու ծածկոցներ։ Փամբակի հովիտը երիտասարդ գրաբեն-սինկլինալային իջվածք է՝ լցված նեոգենի լճային և չորրորդականի ալյուվիալ նստվածքներով։ Սպիտակի շրջանում գտնվում է 5-6 բալանոց սեյսմիկ գոտում (հայտնի են 1827, 1828, 1834 թվականների ավերիչ երկրաշարժները)։ Մակերևույթում տիրապետում են ռելիեֆի կտրտված ձևերը։ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերը զառիվեր են, մասնատված Փամբակ գետի աջափնյա վտակների 1500-2000 մետր լայնությամբ արկղաձև, դարավանդավորված ու լայն ողողատ ունեցող գետահովիտներով։ Տարածված են ժայռերն ու քարափները։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին բնորոշ են ռելիեֆի հեղեղաաաձորակային ձևերը, որոնք երբեմն դառնում են սելավաբեր։ Շրջանը հարուստ է կրաքարով, բազալտով, սև տուֆով, ավազով և հանքային աղբյուրներով (Սպիտակ, Սարալ, Սարալանջ և այլնն)։
Շրջանի ցածրադիր մասերին բնորոշ է երկարատև չափավոր զով ամառը և մեղմ ձմեռը, լեռների բարձրադիր մասերին՝ կարճատև զով ամառը և ցուրտ ձմեռը։ Միջին տարեկան ջերմաստիճանը 7-8 °C է, լեռնային բարձրադիր շրջաններում՝ 2-3 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը -6 °C է, նվազագույնը՝ -30 °C։ հուլիսի միջին ջերմաստիճանը 17-18 °C է, առավելագույնը՝ 33 °C։ Տեղումների տարեկան քանակը 500-550 մմ է (առավելագույնը՝ գարնանը), գոլորշունակությունը՝ 900 մմ։ Ձնածածկույթի միջին հաստությունը 18-20 սանտիմետր Է, ձնածածկույթով օրերի թիվը՝ 75-80։ Շրջանի խոշոր գետը Փամբակն է՝ Ջրաշեն և Չիչկան վտակներով։ Գետերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Չիչկան գետից սկիզբ առնող Նալբանդի ջրանցքը ոռոգում է Սեծ Պարնիի գոգհովիտը (2210 հա)։ Փամբակ գետի վրա կան մի քանի ջրհան կայաններ (Դեղասարի, Սարահարթի, Սպիտակի, Ղուրսալիի, Սարալի), որոնք ոռոգում են մոտ 1000 հա հողատարածություն։ Հողաբուսական ծածկույթում առկա է բարձունքային գոտիականությունը։
Գերակշռում են չափավոր խոնավ տափաստանային լեռնակարբոնատային հողերն ու տիպիկ սևահողերը (սակավազոր, թույլ զարգացած սևահողերի կոմպլեքսով), ցածրադիր մասերում՝ գետային ալյուվիալ հողերը, նախալեռնային շրջաններում՝ կարբոնատային բաց շագանակագույն, լեռնային բարձրադիր վայրերում՝ լեռնամարգագետնային հողերը։ Տիրապետում են լեռնահովտային, տափաստանամարգագետնային բուսական համակցությունները։ Բազումի լեռնաշղթայի հարավային լանջը, արևահայաց դիրքի հետևանքով, չորային է՝ ծածկված տափաստանային բուսականությամբ։ Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջը ավելի բուսապատ է։ Սպիտակ, Ղուրսալի, Քարաձոր, Սեծ Պարնի և Գոգարան բնակավայրերի մոտ կան անտառների պուրակներ (600 հա)։ Վերականգնվում են հին անտառամասերը, կատարվում՝ նոր անտառատնկումներ (2500 հա)։ Չիչկան գետի հովտում զգալի տեղ են գրավում չիչխանի մացառուտները։ Տափաստաններից բարձր տարածվում են ենթալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, կզաքիսը, դաշտամուկը, բազմատեսակ թռչուններ, սողուններ ու միջատներ։
Տնտեսություն
խմբագրելՄինչև խորհրդային կարգերի հաստատումը Սպիտակի շրջան տարածքի տնտեսությունը գյուղատնտեսական բնույթ ուներ, կային մի քանի դարբնոցներ, ձիթհանքեր, կրահորեր, ջրաղացներ։ Խորհրդային իշխանության տարիներին Սպիտակի շրջան դարձավ արդյունաբերական-գյուղատնտեսական շրջան։ Շրջանի տնտեսության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է 95,1 %։ Առաջատար են արդյունաբերության թեթև, սննդի և մեքենաշինական ճյուղերը։ Արդյունաբերության համախառն արտադրանքի 54,8%ը տալիս է թեթև, 35%ը՝ սննդի արդյունաբերությունը, 7,3 %-ը՝ մեքենաշինությունը և այլն։ Շրջանի արտադրական առաջին ձեռնարկությունը Սպիտակի պանրի գործարանն է (կառուցվել է 1937 թվականին), ապա շարք են մտել շաքարի գործարանը, վերելակաշինական, կաշվի փոխարինիչների գործարանները, հացամթերքների և սննդի կոմբինատները, կարի արտադրական միավորումը, տրիկոտաժի ֆաբրիկան, հացի գործարանը (բոլորը՝ Սպիտակում)։ 1978 թվականին գործարկվել են «Հայապակի» միավորման Արզնիի բյուրեղապակու գործարանի Սեծ Պարնիի մասնաճյուղը և «Հայվերելակմեքենա» արտադրական միավորումը։ Շրջկենտրոնի կարի արտադրական միավորումը մասնաճյուղեր ունի շրջանի Արևաշող, Ջրաշեն, Սեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Սարամեջ, Գոգարան, Հարթագյուղ, Սարալ, Ծաղկաբեր, Քարաձոր գյուղերում և Շիրակամուտ ավանում։ Գործում են «Հայգյուղտեխնիկայի» շրջանային բաժանմունքը, Հայկոոպի առևտրական բազան, ՇՍՇ (շարժական մեքենայացված շարասյուն)։
Սպիտակի շրջանում կար 12 կոլեկտիվ, 8 խորհրդային տնտեսություն (1-ը՝ Սպիտակ քաղաքում), 3 միջտնտեսային ձեռնարկություն։ Գրանցում աշխատում են բարձրագույն կրթությամբ 93 մասնագետ։ Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է։ Առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է (գլխավորապես տավարաբուծությունը), որը տալիս է գյուղատնտեսական արտադրանքի 58,7 %։ 1984 թվականին շրջանում կար 23099 խոշոր, 73678 մանր եղջերավոր անասուն, ավելի քան 4000 խոզ, 160325 հազար թռչուն, 1244 մեղվաընտանիք։ Միջտնտեսային ձեռնարկությունները մասնագիտացել են արու մատղաշների ինտենսիվ գիրացման (Սպիտակ), երինջների աճեցման (Քարաձոր) և խոզերի աճեցման ու բծման (Լուսաղբյուր) ուղղությամբ։ Անասնապահության զարգացմանը մեծապես նպաստում են շաքարի գործարանը և հացամթերքների կոմբինատը, որոնք տալիս են ճակնդեղի մզուկ և խտացրած կերեր։ Գյուղատնտեսական արտադրանքի 41,3%ը տալիս է դաշտավարությունը, որի գլխավոր ճյուղերն են ճակնդեղագործությունը, հացահատիկի մշակությունը և այգեգործությունը։ Շրջանի հողային ֆոնդը 54350 հա է, որից 34322 հա օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար (13471 հա վարելահող, 759 հա այգիներ և այլն)։ Ցանքատարածության 35,3%ը զբաղեցնում են հացահատիկային, 9,4%ը՝ տեխնիկական, 34,5 %՝ կերային, 1 %-ը՝ բանջարանոցային կուլտուրաները։ Շրջանի կոլեկտիվ և խորհրդային տնտեսություններում զբաղվում են պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, կեռաս, սալոր, ընկույզ)։ Շրջանն ունի ջերմոցային տնտեսություն (3000 մետր2)։
Սպիտակի շրջանով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղու 45 կմ հատվածը։ Խճուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 166 կմ է, որից 91 կմ-ը՝ ասֆալտապատ։ Շրջանն ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված է Երևանի, Թբիլիսիի, Լենինականի և Կիրովականի հետ։ Շրջկենտրոնի և գյուղերի միջև հաստատված է ավտոբուսային մշտական երթևեկություն։ Շրջանում գործում են կապի 16 բաժանմունք, 5 ավտոմատ հեռախոսակայան (6 հազար համարով), ռադիոհանգույց։ Բոլոր գյուղերը ռադիոֆիկացված են, վերահաղորդման կայանների միջոցով ընդունում են կենտրոնական և հանրապետական հեռուստահաղորդումները։ Սպիտակի շրջանը բարձրավոլտ գծերով միացած է Անդրկովկասյան միասնական էլեկտրահամակարգին։ Սպիտակ քաղաքը և մյուս բնակավայրերը օգտվում են Ղազախ-Երևան գազամուղից։
Նախախորհրդային շրջանում Սպիտակի շրջանի տարածքում բուժական հիմնարկներ չկային, սպասարկում էր 1 բուժակ։ Խորհրդային իշխանության տարիներին շրջանում ստեղծվել է բժշկական հիմնարկների ցանց։ 1983 թվականին Սպիտակի շրջանում գործում էր 1 շրջանային, 3 գյուղական (Շիրակամուտ, Սեծ Պարնի, Ջրաշեն) հիվանդանոց՝ 260 մահճակալով, բուժմանկաբարձական 17 կայան, 4 դեղատուն, շրջանային և ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ, մանկական և կանանց կոնսուլտացիաներ, բուժական 8 և շտապ օգնության 2 կայան։ Բուժաշխատողների թիվր 509 է, որից 66-ը՝ բժիշկ։
Նախախորհրդային շրջանում Համամլուում (Սպիտակ) և գավառակի մի քանի այլ գյուղերում գործել են ծխական դպրոցներ։ 1983-1984 ուսումնական տարում կար 26 հանրակրթական դպրոց՝ (21-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ութամյա) 8433 աշակերտով։ Դպրոցներում աշխատում էին 744 ուսուցիչ (492-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Գործում են նաև Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումի մասնաճյուղը, պրոֆտեխնիկական ուսումնարան, գեղարվեստի, 2 երաժշտական, 3 մարզական, հեռակա և երեկոյան միջնակարգ, օժանդակ դպրոցներ, 27 մսուր-մանկապարտեզ։ Շրջանն ունի գրադարանների կենտրոնացված համակարգ՝ 23 գրադարան-մասնաճյուղով (188 հազար կտոր գիրք), 21 մշակույթի տուն և ակումբ, ժողովրդական թատրոն, 1 կինոթատրոն և 20 ստացիոնար կինոսարք։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 75)։ |