Մասնակից:O'micron/Ոսկե հորդա
Ոսկե հորդա
1240-ականներ – 1502 | ||||
Ուլուգ Ուլուս («Մեծ թագավորություն») ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠶᠯᠤᠰ | ||||
---|---|---|---|---|
| ||||
Ոսկե հորդայի սահմանները 1300 թվականին | ||||
Պետական կարգ | քոչվորական կայսրություն | |||
Մայրաքաղաք | Սարայ Բատու | |||
Թագավորանիստ ոստան | քաղաքամայր | |||
Պետության գլուխ | Խան
| |||
Արքայատոհմ | Խանություն | |||
Լեզու | մոնղոլերեն, թյուրքերեն (մասնավորապես՝ ղփչաղերեն) | |||
Կրոն | շամանություն, ուղղափառություն (նաև՝ հայ առաքելական եկեղեցի), իսլամ, տիբեթական բուդդայականություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Ուշմիջնադարյան ժամանակաշրջան | |||
Հասարակարգ | Ավատատիրություն | |||
Հիմնադրում | Մոնղոլական կայսրության տրոհման հետևանքով | |||
Հզորության գագաթնակետ | Մեծ Հորդայի ժամանակաշրջան | |||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- 1240-ական թվականներ | Մոնղոլների ներխուժումը Կիևյան Ռուսիա | |||
- 1379 թվական | Կապույտ և Սպիտակ Հորդաների միավորում | |||
- 1466 թվական | Մեծ Հորդայի կազմալուծում | |||
- 1502 թվական | Ոսկե հորդայի վերջին մնացորդի՝ Ղրիմի խանության կորուստ | |||
Ներկայիս տարածքում | Ռուսաստան Ուկրաինա Ղազախստան Ուզբեկստան Տաջիկստան | |||
| ||||
Պատմության պորտալ |
Ոսկե հորդա (մոնղոլերեն` ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠶᠯᠤᠰ, տառադարձմամբ՝ «Ուլուգ ուլուս», թաթարերեն` Алтын Урда), հայտնի է նաև որպես Ջուչի ուլուս կամ Ղփչաղական խանություն, ժամանակի ընթացքում թյուրքականացված մոնղոլական խանություն, որը ստեղծվել է 13-րդ դարում՝ որպես Չինգիզ խանի կողմից հիմնադրված Մոնղոլական կայսրության հյուսիսարևմտյան տարածքների իրավահաջորդ։ Անկախ պետության կարգավիճակում պատմության ասպարեզ է դուրս եկել 1259 թվականին՝ Մոնղոլական կայսրության մասնատումից հետո։
Ոսկե հորդան ձևավորվել է 1240-ական թվականներին՝ դեպի Կիևյան Ռուսիա Բաթու խանի նվաճողական արշավանքների արդյունքում։ Նրա մահից հետո, խանությունը շուրջ մեկ հարյուրամյակ շարունակականորեն ծաղկում է ապրում, մինչև 1359 թվականը։ Այնուամենայնիվ, այդ տարիների ընթացքում մոնղոլական ամենաարևմտյան ուլուսի կառավարիչ Նոգայի խանը կարողանում է երկրում հրահրել քաղաքացիական պատերազմ։ Ոսկե հորդան իր հզորության գագաթնակետին է հասնում Ուզբեկ (Սուլթան Մուհամմեդ Ուզբեկ) խանի կառավարման տարիներին՝ 1312-1341 թվականներին։ Վերջինիս օրոք մոնղոլական արքունիքը որպես պետական կրոն ընդունում է իսլամը։ Զարթոնքի շրջանում խանական իշխանությունը տարածվում էր արևմուտքում՝ ստորին Դանուբից և Ֆիննական ծոցից մինչև արևելք՝ Իրտիշի ավազանն ու ստորին Օբը, հարավում՝ Սև, Կասպից և Արալյան ծովերից ու Բալխաշ լճից մինչև հյուսիս՝ Նովգորոդյան երկիրը։ Բուն ռուսական հողերը չեն մտել Ոսկե հորդայի կազմում, սակայն ունեցել են վասալական կախում և հարկ են վճարել կայսերական գանձանակ։ Հարավում՝ խանության ափերը ողողում էին Սև ծովի ջրերը, ինչպես նաև արևելքից արևմուտք ձգվում Կովկասյան լեռները։ Առավել հարավ տարածվում էր Հուլավյան իլխանությունը։
15-րդ դարի սկզբերին կայսրությունը կտրուկ թուլանում է։ Միասնական իշխանության հիմքերը խարխլած ներքաղաքական պայքարը մոնղոլական տերությունում սկզբնավորվել էր դեռս 1359 թվականին, որը սակայն ժամանակավորապես ճնշվել էր Թոխթամիշ խանի կենտրոնաձիգ քաղաքականության արդյունքում։ 1396 թվականին Ոսկե հորդայի տարածքն ասպատակում են Լենկթեմուրի (Թամերլան) գլխավորած թուրքմենական հրոսակները, որի արդյունքում էլ երկիրը սկսում է մասնատվել։ Ի հայտ են գալիս բազմաթիվ ինքնիշխան խանություններ, որոնք միայն ձևականորեն էին ընդունում մոնղոլների խանի գերագահությունը և իրենց բնույթով թյուրքական իշխանություններ էին։ Արդեն 1466 թվականին, «Մեծ հորդան» իր իշխանությունը կրում էր զուտ անվանապես, քանզի հյուսիսում փաստացիորեն անկախ կարգավիճակում էին հայտնվել նաև ռուսական վասալ պետությունները։
1480 թվականին Ուգրա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում Մոսկվայի մեծ իշխանության բանակը՝ դաշնակիցների զորակցությամբ, փայլուն հաղթանակ է տոնում Ոսկե հորդայի նկատմամբ՝ այդկերպ թոթափելով հարյուրամյակներ տևած մոնղոլ-թաթարական լուծը։ Ոսկե հորդայի վերջին մնացորդները՝ Ղրիմի և Ղազախական խանությունները, գոյատևում են համապատասխանաբար մինչև 1783 և 1847 թվականները։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելԱմենայն հավանականությամբ, «Ոսկե հորդա» երկրանվան մաս կազմող «ոսկե» մակդիրը պայմանավորված է պատերազմի տեղանքում բանակող մոնղոլական զորքերի վրանների գույնով։ Ըստ մեկ այլ տարբերակի՝ ռուս մատենագիրները այդ կերպ ցանկացել են նկարագրել մոնղոլ խաների հարստությունը։ Բացի այդ, մոնղոլերենում «դեղին» և «կենտրոնական» («սառու») բառերը համանուններ են, իսկ «հորդա»-ն, ըստ երևույթի, «օրդու» բառի ձևափոխված տարբերակն է, որը նշանակում է պալատ կամ ճամբար։
«Ոսկե հորդա» բառի առաջին հիշատակումները թվագրվում են 16-րդ դարի ռուս ժամանակագիրների աշխատություններին, որոնք հստակորեն այդ անվան ներքո վկայակոչել են Մոնղոլական կայսրության իրավահաջորդ խանությունը։ Եզրն առաջին անգամ օգտագործվել է 1565 թվականին՝ Կազանի ռուսական ժամանակագրության մեջ՝ Բաթու խանի գործողությունների լուսաբանման հիշատակությամբ։
13-14-րդ դարերի պարսկական և իսլամական հիշատակություններում (ինչպիսին է օրինակ «Յուանշի»-ն և «Ջամի ալ-թավարիխ»-ը) քոչվորական կայսրությունն առավել հայտնի է Ջուչի ուլուս անվամբ։ Ռուս տարեգիրները խանությունն անվանում էին Կապույտ, իսկ Լենկթեմուրի գրիչները՝ Սպիտակ հորդա։ Ի հակադրություն այս ամենի՝ մոնղոլական գրերով մեզ հասած և ոչ մի աղբյուրում հիշատակված չեն ո՛չ Ոսկե հորդա, ո՛չ Կապույտ հորդա և ո՛չ էլ Սպիտակ հորդա անվանումները։
Հայկական իրականության մեջ Ոսկե հորդան ընկալվում էր որպես հյուսիսային աշխարհի մեծ թագավորության, որը հաճախակիորեն առնչվում էր Իլխանության հետ (վերջինիս կազմի մեջ էլ ներառված էր Հայաստանը): 13-րդ դարի հայ ժամանակագիր Ստեփանոս եպիսկոպոսը այս համատեքստում գրել է հետևյալը․
Քրիստոսի 1268 և Հայոց 715 թվականին հյուսիսային աշխարհի խան Բարքան եկավ ու պատնեշ կապեց Կուր գետի վրա, որից հետո այնտեղ էլ մահացավ... - Ստեփանոս եպիսկոպոս, «Ժամանակագրություն»
|
Ուշ միջնադարի հայ պատմագիրների աշխատություններում Ոսկե Հորդան հիշատակվում է նաև Դաշտ ի Ղփչաղ անվանմամբ։ Հայ պատմագիր և աստվածաբան Ստեփանոս Օրբելյանը գրել է․
Հայոց 710 թվականին Բուրթելը Հուլավուի զորքի հետ գնաց Բերքա խանիդեմ պատերազմելու այժմ Ղփչաղական կոչվող Խազիրական դաշտում և նա սպանվեց Թերեք կոչվող մեծ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում - Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 66):
|
Նախապատմություն
խմբագրել“ | Նրանք հարձակվել են Ռուսաստանի վրա, որտեղ ավերածություններ են գործել՝ ոչնչացնելով քաղաքներ և ամրոցներ և մորթելով տղամարդկանց․ այնուհետև պաշարել են Կիևը՝ Ռուսաստանի մայրաքաղաքը։ Երկար ժամանակ պաշարված պահելուց հետո նրանց հաջողվել է գրավել քաղաքը և սպանել բնակիչներին։ Երբ մենք անցնում էինք այս տարածքով, անընդհատ հանդիպում էինք մահացած մարդկանց անհամար գանգերի և ոսկորների։ Կիևը մեծ և խիտ բնակեցված քաղաք է եղել, սակայն այժմ այնտեղ գրեթե ոչինչ չկա․ այնտեղ հազիվ 200 տուն լինի, իսկ բնակիչներն էլ սովի են մատնված | ” |
- Տեսարան Փրաասպայի ճակատամարտից՝ ըստ «Արտավազդ» պատմավեպի |
Չինգիզ խանի մահվանից հետո՝ 1227 թվականին, Մոնղոլական ընդարձակ կայսրությունը բաժանվում է աշխարհակալ տիրակալի չորս որդիների միջև, մինչդեռ հոր օրինական իրավահաջորդ Ուգեդեյը, որպես մեծ խան, գերագահություն է ստանում կայսրությունից անջատված և ինքնիշխանություն ստացած չորս եղբայրների նկատմամբ։ Բաժանման արդյունքում մոնղոլների կողմից ոչ վաղ անցյալում նվաճված հյուսիսարևմտյան հողերը (ներկայիս Ռուսաստանի և Ղազախստանի տարածքը) անցնում են Բաթու խանին, որն էլ, ինքնին, դառնում է Կապույտ Հորդայի առաջին տիրակալը (կրել է Սային-խան («բարեգութ») տիտղոսը):
1235 թվականին Բաթու խանը մեծ զորքերով արշավանք է սկսում դեպի արևմուտք՝ նվաճելով բաշկիրների երկիրը։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ 1236 թվականին մոնղոլ հրոսակները ինտերվացիայի են ենթարկում Կամավոլգյան Բուլղարիան։ 1237 թվականին վերջիններս սկսում են ասպատակել ներկայիս Ուկրաինայի հարավային շրջանները և Ռուսական տափաստանը՝ ստիպելով տեղաբնիկ կումաններին (թաթարներին) ետ քաշվել արևմուտք։ 1239 թվականի ավերածություններից հետո կումանները դուրս են մղվում Ղրիմի թերակղզուց, որն էլ դառնում է Մոնղոլական կայսրության ապանաժներից մեկը։ Կումանցիների մի ստվար զանգված գոյատևում է Ղրիմի լեռնային շրջաններում և ժամանակի ընթացքում մերձենալով հույների, գոթերի և մոնղոլների հետ՝ ձևավորում է Ղրիմի թաթարական բնակչությունը։ Ճանապարհ բռնելով դեպի հյուսիս՝ Բաթուն իր քոչվորական զորքերն առաջխաղացնում է Կիևի ուղղությամբ և երեք տարում հպատակեցնում է Ռուսիայի իշխանությունը։ Միևնույն ժամանակ նրա զարմիկները՝ Մանգունը, Քադանը և Գույուքը, հարավով շարժվում են դեպի Ալանիա։
Մոնղոլները, կումանների գաղթն օգտագործելով որպես «կազուս բելլի» (պատերազմի շարժառիթ), շարունակում են իրենց ռազմարշավը դեպի արևմուտք՝ գրոհելով Լեհաստանն ու Հունգարիան։ Լեգնիացայի և Մոհիի ելքային ճակատամարտերում վաչկատունները ջախջախում են արևելաեվրոպական տերություններին՝ էլ ավելի ընդարձակվելով դեպի արևմուտք։ 1241 թվականին, սակայն, հանկարծամահ է լինում Ուգեդեյ խանը, որի հետևանքով էլ Բաթուն չի կարողանում իրագործել Վիեննան պաշարելու իր ծրագրերը։ Այս թվականից ի վեր մոնղոլներն այլևս երբեք չեն կարողանում այդօրինակ կերպով ծավալվել դեպի արևմտյան և կենտրոնական Եվրոպա։ 1242 թվականին մոնղոլական զորքերը լքում են Հունգարիան՝ հիմնահատակ ավերելով հունգար արքաների ոստանը հանդիսացող Պեշտ քաղաքամայրը։ Նույն տարում Բաթու խանը հպատակեցնում է Բուլղարիան և ապա ձեռնամուխ լինում Սարայի մայրաքաղաքի հիմնադրմանը՝ Վոլգա գետի ստորին հոսքի շրջանում։ Կարճ ժամանակ անց, Բաթուի և Օրդանի կրտսեր եղբայրը՝ Շիբանը, իրեն հասած ուլուսը ընդարձակում է մինչև Ուրալյան լեռներ՝ մինչև Օբի և Իրտիշի ավազան։
Ոսկեդարյան ժամանակաշրջան
խմբագրել1242 թվականին՝ Ուգեդեյի մահվանից հետո, մեծ խաթուն Դորեգենեն (մահացած խանի այրին) Բաթուին հրավիրում է Կարակորում՝ Մոնղոլական կայսրության հաջորդ միապետին ընտրելու համար։ Բաթուն, սակայն, մերժում է հրավերը՝ կայսեր ընտրության պատասխանատու գործը թողնելով կուրալթային։ Մասնավորապես, Ոսկե հորդայի առաջնորդը նշում է, որ ծերության և շարունակական պատերազմների հետևանքով առաջացել են բազմաթիվ հիվանդություններ, իսկ Մոնղոլական սարահարթի հյուծիչ կլիման կարող է ճակատագրական դառնալ իր համար։ Միևնույն ժամանակ արքայազն Գույուքի՝ Եվրոպա և Մանջուրիա կատարած նրա արշավանքները մեծ խան դառնալու հարիր կարգավիճակ էին ստեղծել իր կերպարի շուրջ։ Այդպիսի պայմաններում էլ վերջինս ընտրվում է Մոնղոլիայի կայսր՝ թագադրվելուն պես վրեժխնդիր լինելով իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Ոսկե հորդայի գահակալ Բաթուն կտրականապես հրաժարվում է աջակցել Գույուքին՝ արևելաեվրոպական արշավանքների հաջողության առթիվ կազմակերպված խնջույքի ընթացքում տեղի ունեցած վեճից հետո։
1246 թվականին Բաթու խանը ի վերջո համաձայնվում է իր եղբայրներին և զորավարներին ուղարկել կուրուլթայ։ Նույն ժամանակահատվածում Կիևյան Ռուսիայի բոլոր ազդեցիկ իշխանները, այդ թվում Յարոսլավ II Վլադիմիրը, Դանիել Ռոմանովիչը և Սվյատոսլավ Վսեվոլոդովիչը, ճանաչում են Բաթու խանի գերագահությունը։ Դրան հաջորդում է այն, որ մոնղոլական դատարանը հակամոնղոլական կողմնորոշում ունենալու մեղադրանքով մահվան է դատապարտում մի շարք ռուս իշխանների։ Իրավիճակը վերստին սրվում է, երբ իշխանատենչ Գույուքը Բաթուին հրամայում է ժամանել արևելք՝ իրեն հարգանքի տուրք մատուցելու համար։ 1247 թվականին Բաթուի կարգադրությամբ Կարակորում են մեկնում Անդրեյ և Ալեքսանդր Նևսկիները՝ Վլադիմիրյան մեծ իշխան ճանաչվելու համար։ Մեկ տարի անց Բաթուին ձերբակալելու պարտրվակով, խանը վերջինիս ևս մեկ անգամ հրավիրում է Կարակորում։ Այս անգամ Բաթուն ստիպված է լինում ժամանել մայրաքաղաք՝ իր հետ տանելով Ոսկե հորդայի գրեթե ողջ զորաբանակը։ Շուտով Գույուքը Ոսկե հորդայի բանակին ընդառաջ դուրս է բերում մոնղոլական ոստանիկ զորքը, սակայն զորաշարժի ժամանակ հանկարծամահ է լինում։ Գահը ժամանակավորապես անցնում է Գույուքի այրուն՝ Օղուլ Քայմիշին։
1251 թվականի հուլիսի 1-ին Մանգուի մայրն ու զարմիկ Բերքն հրավիրում են նոր կուրալթայ, որտեղ հավաքվածները Մանգուին հռչակում են Մոնղոլական կայսրության խան։ Արդյունքունքում՝ մոնղոլական կայսերական իշխանությունն ու թագը Չինգիզ խանի որդի Ուգեդեյի ժառանգներից փոխանցվում է Չինգիզ խանի մյուս որդի Թոլուի ժառանգներին։ Մանգուն, խան դառնալուն պես, սկսում է վրեժխնդիր լինել իր քաղաքական հակառակորդներից՝ մահապատժի ենթարկելով բազմաթիվ ազնվականների, պաշտոնյաների և ռազմահրամանատարների։ Վերջինիս իշխանավարման տարիներին Բաթուն դառնում է արքունիքի ամենաազդեցիկ մարդը, քանի որ վերջիններիս համագործակցությունն ապահովում էր անծայրածիր քոչվորական կայսրության միասնությունը։
Մանգուի նախաձեռնությամբ կայսրությունում անցկացվում են բազմաթիվ տնտեսավարչական բարենորոգումների։ Նա մոնղոլ առաջնորդներից առաջին էր, որին հաջողվում է մարդահամար անցկացնել տիրակալության գրեթե ողջ տարածքում՝ բուն մոնղոլական հողերում, Պարսկաստանում, Հայաստանում, Վիրքում, Ռուսիայում, Կենտրոնական Ասիայում, հյուսիսային Չինաստանում և այլուր։ Այն ավարտվում է 1258-1259 թվականներին՝ Նովգորոդի հաշվառումից հետո։ Վերջինիս իշխանները խռովություն էին բարձրացրել մարդահամարին ընդառաջ և հրաժարվում էին ընդունել քոչվորների գերագահությունը։ Այնուամենայնիվ, Ալեքսանդր Նևսկու ջանքերով քաղաքը հաշվառվում է, իսկ տեղի բնակչությունը՝ կայսերական գանձանակ վճարում նախատեսված հարկերը։ Մանգուն Հուլավուին նշանակում է Պարսկաստանում ռազմական և քաղաքացիական հարցերով պատասխանատու, ապա չաղաթայներին և ջուջիներին ուղարկում արևմուտք՝ միանալու Հուլավուի բանակին։ Ռազմավարական կարևորությամբ է նշանավորվում մոնղոլների կողմից իսլամական կրոնի կենտրոն հանդիսացող Բաղդադ քաղաքի նվաճումը Միջագետքում։ Դրանից հետո զավթիչները ներխուժում են Աբբասյան խալիֆայության տիրապետության ներքո գտնվող տարածքներ և ծնկի բերում երբեմնի գերտերությանը։ Մուսուլմանների դեմ պայքարում մոնղոլները դաշնակցում են ինչպես Անտիոքի և Տրիպոլիի խաչակրաց պետությունների, Ռումի սելջուկյան սուլթանության, այնպես էլ Կիլիկիայի հայոց թագավորության հետ։
1255 թվականին մահանում է Բաթու խանը, իսկ Ոսկե Հորդայի ղեկավարումը արյան իրավունքով ստանձնում է նրա որդին՝ Սարտակը։ Շատ չանցած մահանում է նաև Սարտակը՝ Մանգուի մեծ դատարանից վերադարձի ճանապարհին։ Նույն տարում Ոսկե հորդայի առաջնորդությունը ստանձնում է Բերքեն՝ Բաթու խանի կրտսեր եղբայրը։ 1259 թվականին Բորոլդայի գլխավորած մոնղոլական զորախմբերը ներխուժում են Գալիցիա և Վոլինիա՝ ներկայիս հյուսիսային Ուկրաինա։ Նույն տարում Բերկեն անձամբ առաջնորդում է իր զորքը դեպի արևմուտք և ինտերվացիայի ենթարկում Լեհաստանն ու Լիտվան, ապա՝ անձնատուր լինելու վերջնագիր ներկայացնում Հունգարիայի թագավոր Բելա IV-ին և Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոս Սուրբին։