Համո Օհանջանյան

հայ քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ
(Վերահղված է Համազասպ Օհանջանյանից)

Համազասպ (Համո) Հովհաննեսի Օհանջանյանը (փետրվարի 1, 1873(1873-02-01), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 31, 1947(1947-07-31), Կահիրե, Եգիպտոսի թագավորություն), հայ բժիշկ, քաղաքական, պետական գործիչ։ Վաղ տարիքում անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը։ 1920 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետը, Արտաքին գործերի նախարար։ Նրա կառավարությունն է ստորագրել Սևրի դաշնագիրը։

Համո Օհանջանյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության վարչապետ
Մայիսի 5, 1920 - Նոյեմբերի 23, 1920
Նախորդող Ալեքսանդր Խատիսյան
Հաջորդող Սիմոն Վրացյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար
Մայիսի 5, 1920 - Նոյեմբերի 23, 1920
Նախորդող Ալեքսանդր Խատիսյան
Հաջորդող Սիմոն Վրացյան
 
Կուսակցություն՝ ՀՅԴ
Կրթություն՝ Լոզանի համալսարան (1901)
Գիտական աստիճան՝ բժշկության դոկտոր (նոյեմբերի 20, 1901)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բժիշկ և դիվանագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 1, 1873(1873-02-01)
Ծննդավայր Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 31, 1947(1947-07-31) (74 տարեկան)
Վախճանի վայր Կահիրե, Եգիպտոսի թագավորություն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  Հայաստան
Ամուսին 1-ին կին՝ Օլգա Վավիլևա, 2-րդ կին՝ Ռուբինա Արեշյան

Երիտասարդ տարիները

խմբագրել

Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում։ Ծննդյան օրվա մասին կա երեք վարկած՝ 1873[1], կամ 1874 թվականի փետրվարի 1, կամ փետրվարի 10[2]։

Ծննդյան անունը՝ Համազասպ էր, Կուսակցական ծածկանունը՝ Մհերյան։

Համո Օհանջանյանը սովորել է Ախալքալաքի դպրոցում, իսկ այնուհետև ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը։ Ապա մեկնել է Մոսկվա՝ համալսարանում բժշկական կրթություն ստանալու։ Այդ շրջանում էլ կապեր է հաստատում հեղափոխականների հետ, իսկ ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս։

1899 թվականին մեկնում է Շվեյցարիա՝ Լոզանում բժշկական մասնագիտացման համար։ 1902 թվականին ավարտելով ուսումը՝ վերադառնում է Թիֆլիս։

Քաղաքական ու հասարակական գործունեություն

խմբագրել

1903 թվականին հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր՝ բռնագրավվում։ Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ։ Կուսակցության ներսում հանդիսացել է կապող օղակ տարբեր հոսանքների միջև[3]։ Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907 թվականներին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ։

1908 թվականին մոտ 160 դաշնակցականների[3] հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով, որտեղ խիստ վատթարանում է նրա առողջությունը, ինչից հետո Օհանջանյանին ուղարկում են Սիբիր՝ ապրելու որպես աքսորյալ ու բարելավելու առողջական վիճակը[4]։ Այնտեղ է իր հետևից մեկնում նաև Ռուբինա Արեշյանը՝ գեներալ Միքայել Արեշյանի քույրը, ով մեծ սիրով էր լցված Օհանջանյանի նկատմամբ, ու Սիբիրում նրանք ամուսնանում են։ Ռուբինա Արեշյանը Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ 1905 թվականին իրականացված մահափորձի կազմակերպիչներից էր[3]։

1912 թվականին Պետերբուրգի կայսերական սենատում ՀՅԴ կուսակցության անդամների դեմ կազմակերպված դատավարության ժամանակ․ ՀՅԴ կուսակցության Արևելյան բյուրոյի անդամ Համազասպ Օհանջանյանը դատարանի դահլիճում արտասանեց տպավորիչ ու մերկացնող մի ճառ․ որի «շնորհիվ» էլ վաստակեց Սիբիրում տաժանակիր աշխատանքի դատավճիռը։

Բանտարկությունից ազատվում է 1915 թվականին Գևորգ Ե կաթողիկոսի և փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովի միջնորդությամբ[4], վերադառնում Թիֆլիս, որպես բժիշկ՝ օժանդակում հայ կամավորական գնդերին ռազմաճակատում։ Երևանում օգնում է փախստականներին որպես բժիշկ։ Այնուհետև բժիշկների խմբով մեկնում է Վան՝ դեղորայք ու օգնություն հասցնելով տեղացիներին[3]։

Փետրվարյան հեղափոխությունից հետո մեկնում է Պետրոգրադ, իսկ այնուհետև Ռոստով՝ դիմելու տեղի հայերին՝ օգնելու պատերազմից տուժող ու ցեղասպանությանը զոհ գնացող հայ ժողովրդին։

Առաջին Հանրապետության կառավարության անդամ

խմբագրել
 

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքում են կովկասյան ճակատը։ Հայ ազգային խորհուրդը Գերմանիա է ուղարկում պատվիրակություն՝ Օհանջանյանի գլխավորությամբ, սակայն բանագնացները չեն կարողանում լուծել դրված խնդիրը։ 1918 թվականի մայիսին Օհանջանյանը գործուն մասնակցություն է ունենում Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Նույն ճակատամարտում զոհվում է իր ավագ որդին։

Մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ։

1918 թվականի մայիսին Փարիզի վեհաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում էր նաև Օհանջանյանը, ով Եվրոպայում մնում է մինչև 1920 թվականը։ 1919 թվականին ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում Օհանջանյանն ընտրվում է բյուրոյի անդամ։

1920 թվականի սկզբին Օհանջանյանը վերադառնում է Հայաստան ու ստանձնում Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Վարչապետի պաշտոնի ստանձնում

խմբագրել

Մայիսյան ցույցերից և Ա. Խատիսյանի հրաժարականից հետո, 1920 թվականի մայիսի 5-ին Համո Օհանջանյանն ընտրվել է վարչապետ։ Ժողովրդին արվել է հայտարարություն.

  Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը։  

Կառավարության ոչ ամբողջական կազմը հետևյալն էր.

ԼՈՒՍԱՆԿԱՐ ԱՆՈՒՆ ՊԱՇՏՈՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  Համո Օհանջանյան ՀՀ Վարչապետ, ՀՀ Արտաքին Գործերի նախարար ՀՅԴ
  Ռուբեն Տեր-Մինասյան ՀՀ Ռազմական նախարար ՀՅԴ
  Արտաշես Էնֆիաջյան ՀՀ Ֆինանսների նախարար Հայ ժողովրդական կուսակցություն
  Գևորգ Ղազարյան ՀՀ Կրթության նախարար
  Սարգիս Արարատյան ՀՀ Հանրային Խնամատարության նախարար ՀՅԴ
  Արշակ Ջամալյան ՀՀ Կապի նախարար ՀՅԴ
  Սիմոն Վրացյան ՀՀ Գյուղատնտեսության նախարար ՀՅԴ
  Սահակ Թորոսյան ՀՀ Մատակարարման նախարար ՀՅԴ

Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։

Նախ փորձելով անարյուն, ապա զինված ուժերով՝ երկու շաբաթում վերջ տրվեց երկրում ապստամբական շարժմանը։ Բոլշևիկյան ապստամբությունը ճնշվեց։ Բաքվի սովետականացումից հետո բոլշևիկյան զորքերը գրավում են Արցախն ու Իջևանը։ Բոլշևիկներին գերի են ընկնում ու գերության մեջ սպանվում են ԱԺ պատգամավորներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին, Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սարգիս Մանասյանը։

Պետական ծախսերը կառավարությունը հոգում էր թղթադրամներով. օրական տպագրվում էր 6-800 միլիոն ռուբլի։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության մեջ։ Հուլիսին կատարվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառություն[3], որը արվելու էր տաս տարով։ Բաց էին թողնվելու 10, 25, 50 դոլարանոց պարտաթղթեր[5]։ Աշխատանք էր տարվում գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում։

Տնտեսական առաջարկներ հետևեցին հայ և այլազգի գործարարներից[3]։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության բնագավառում[5]։

Կազմակերպվում էր լեռնաարդյունաբերությունը։

Կառավարությունը հուլիսին հաստատեց Հայաստանի պետական զինանշանի նախագիծը։ Զինանշանի հեղինակներն են եղել Ալեքսանդր Թամանյանը ու Հակոբ Կոջոյանը։

Ընդունվում է քաղաքացիության մասին օրենքը։

Մայիսին Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցելու Չիչերինի հետ։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը, Հայաստանին մնում էր Զանգեզուրը, իսկ Արցախն և Նախիջևանը մնում էին ինքնավար։ Բայց կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը. Հայաստանի մեջ է մտնում Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը և Նախիջևանը մնում են ինքնավար[5]։

Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, իսկ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի գծման մանդատը տրվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)

խմբագրել

1920 թվականի սեպտեմբերի 22-ին՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ քեմալական թուրքերի բանակը Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ հարձակվում է Հայաստանի վրա, գրավելով Օլթին, Արդվինը, Կաղզվանը, Իգդիրը։ Սարիղամիշն ու Կաղզվանը գրավվեցին սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 30-ին թուրքերի ձեռքն ընկավ Կարսը։

Հայ-թուրքական պատերազմի զինադադարի կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին։ Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։

  Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա... իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը», - ասաց Համո Օհանջանյանը՝ դիմելով խորհրդարանին։ Նոյեմբերի 25-ին դադարեցին նրա լիազորությունները[6][7]։  

Հետխորհրդային շրջան

խմբագրել

Հայաստանի սովետականացումից հետո բոլշևիկները հետախուզել են Օհանջանյանի փոքր բնակարանը, որը գտնվում էր ներկայիս Ամիրյան փողոցում։ Հայրենիքը փորձեց լքել, սակայն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալվեց։ Նա և շատերը փրկվեցին 1921 թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ։

Ապրիլին Օհանջանյանը հեռացավ Լեռնահայաստան, այնուհետև հունիսին՝ Պարսկաստան[3]։ Հաստատվեց Կահիրեում։ Համազասպ Օհանջանյանը նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության 1928 թ. հիմնադիրներից է, առաջին նախագահը՝ մինչև մահը՝ 1947 թվականի հուլիսի 31-ին[8]։ Նրա տապանաքարի վրա գրվել է «Ապրեցավ ինչպես քարոզեց[3]։

Ընտանիք

խմբագրել

1897 թվականին Օհանջանյանը հանդիպել է Օլգա Վավիլևային, ում հետ շուտով ամուսնանում են։ 1900 թվականին ծնվում է նրանց առաջնեկը, ով 1918 թվականին որպես կամավոր մեկնում է ռազմաճակատ, հասնում է Էրզրում, ապա զոհվում Ղարաքիլիսայի ճակատամարտում[3]։ Ունենում երկու տղա և մեկ դուստր։ 1905-1907 թվականներին ՀՅԴ շարքերում ծանոթանում է Ռուբինա Արեշյանի հետ, ով ապագայում դառնում է իր կինը։ Արեշյանը իր հետևից մեկնում է Օհանջանյանի աքսորավայր՝ Սիբիր, որտեղ նրանք ամուսնանում են[3]։ Եգիպտոս տեղափոխվելուց հետո ծնվում է նրանց որդին՝ Վիգենը[3]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. ՆՒԻՐԵԱԼ ԱՆՁԻՆՔ - «Հայկական նոր ասպետութեան» անբասիր դէմքը՝ Համօ Օհանջանեան (1873-1947) (չաշխատող հղում)
  2. ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Համո Օհանջանյան
  4. 4,0 4,1 Ռուս-թուրքական ռազմադաշտից. 26 մարտի, 1915 http://ankakhutyun.am/archives/8812 Արխիվացված 2014-08-17 Wayback Machine
  5. 5,0 5,1 5,2 Համո /Համազասպ/ Օհանջանյան
  6. «Համո Օհանջանյան».(չաշխատող հղում)
  7. «Նախկին վարչապետներ, Համո Օհանջանյան GOV.am».
  8. «Համօ Օհանջանեան, Հայկական Յեղափոխութեան Ճակատաբաց Ասպետը». 03.08.2009. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
Հայաստանի վարչապետ
ՆԱԽՈՐԴՈՂ Համո Օհանջանյան ՀԱՋՈՐԴՈՂ
Ալեքսանդր Խատիսյան Մայիսի 5, 1920 - Նոյեմբերի 23, 1920 Սիմոն Վրացյան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Օհանջանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Օհանջանյան» հոդվածին։