Արշակ Ջամալյան

հայ հասարակական գործիչ

Արշակ Ջամալյան (Իսահակյան) (1882[1][2], Գանձակ, Ռուսական կայսրություն - 1940[1][2], Փարիզ), հասարակական-քաղաքական, պետական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։

Արշակ Ջամալյան
Դիմանկար
Ծնվել է1882[1][2]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է1940[1][2]
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1901)
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններcommunications minister?
ԿուսակցությունՀՅԴ
 Arshak Jamalyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արշակ Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է Գանձակի հայոց ծխական դպրոցում, իսկ երբ 1892 թ.-ին ցարական հրամանագրով փակվեցին հայոց ծխական վարժարանները, նա հաճախել է Գանձակի ռուսական գիմնազիան։ 1897 թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սակայն իր հեղափոխական գործունեության հետևանքով հեռացվել է 1901 թ.։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայատյաց ցարական ոստիկանապետի ահաբեկչությանը, որի համար բանտարկվել է։ 1906 թ.-ին Գերմանիայում զբաղվել է հասարակական գիտությունների ուսումնասիրությամբ, հիմնադրել ՀՀԴ «Եվրոպայի հայ ուսանողական միությունը», հրատարակել «Ուսանող» պարբերականը և հայ ազատագրական պայքարը լուսաբանող գրքույկներ (հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։

1909 թ.-ին վերադարձել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Հորիզոն» օրաթերթին։ 1914 թվականին, ՀՀԴ 8-րդ Ընդհանուր Ժողովում ընտրվել է կուսակցության Բյուրոյի անդամ (պաշտոնը վարել է մինչև 1933 թ.)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է հայ կամավորական ջոկատների կազմակերպիչներից (անձամբ կռվել է ուսանողական կամավորական ջոկատում)։ 1917 թ.-ի հոկտեմբերից՝ Հայոց ազգային խորհրդի անդամ։ Մասնակցել է Երզնկայի զինադադարի կնքմանը (1917 թ.-ի դեկտեմբեր)։ 1918 թ.-ին՝ Անդրկովկասյան սեյմի անդամ։ Եղել է Հայոց ազգային խորհրդի (1918 թ.-ին)՝ Բեռլին մեկնած ազգային պատվիրակության կազմում։

1918 թ.-ին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանը Թիֆլիսում, 1919 թ.-ին՝ Հայաստանի խորհրդարանի անդամ, զինահավաքման արտակարգ կոմիսար, 1920 թ.-ին՝ հաղորդակցության ճանապարհների նախարար։ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսիում ստորագրել է զինադադարի համաձայնագիր Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Բ. Լեգրանի հետ։ 1921 թ.-ին մասնակցել է բոլշևիկների և դաշնակցականների միջև Ռիգայի բանակցություններին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է Թիֆլիս, ապա՝ Կ.Պոլիս, այնուհետև՝ Ֆրանսիա։ 1925-1933 թ.-ին Փարիզում հրատարակվող «Դրոշակ» ամսագրի խմբագրության անդամ էր։

1934 թ.-ին կազմակերպել է «Հայ-վրացական միությունը»։ Գրել է «Դաշնակցության տեսությունը» գիտական աշխատությունը (1908 թ.), թատերգություններ՝ «Տարերքի ընդվզումը», «Գծից դուրս», «Նահապետ Նահապետյան» և այլն։

Մահացել է Փարիզում, 27 դեկտեմբերի 1940 թ.-ին։

Երկեր խմբագրել

  • Հայ-վրացական կնճիռը, «Հայրենիք», 1928 թ., հ. 6, N 6-12, հ. 7, N 1. 1929, հ.7, N4-6[3]։
  • Յովհաննէս Քաջազնունի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, «Հայրենիք», 1924 թ., հ.2, N 3, 4, 5, 8, 9։
  • Մարքսիզմի փոխակերպութիւնները, «Դրօշակ», 1926 թ., N 251-253։
  • Ազգային հարցը մարքսիզմի քուրայում, «Դրօշակ», 1928 թ., N 277։
  • Հայաստանի անկախութեան խնդիրը եւ Ռուսաստանը, «Յուսաբեր», 1938 թ., հունիսի 8-11։
  • Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2016, 185 էջ[4]։
  • Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե չունի՞: Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան։ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ, 2016, 143 էջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ջամալեան, Արշակ (2011). Հայ-վրացական կնճիռը. "Mitkʻ" verlutsakan kentron. ISBN 9789994125227.
  4. Ջամալյան, Արշակ (2016). Հ.Քաջազնունին եվ Հ.Յ.Դաշնակցությունը. Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ.
  5. Ջամալեան, Արշակ (2016). Հ.Յ.Դաշնակցությունը անելիք ունի՞, թե չունի՞: Քաջազնունի, Վրացյան, Ջամալյան, Դարբինյան, Նավասարդյան. Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ. ISBN 9789939102993.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։