Արդվին
Արդվին (թուրքերեն՝ Artvin, լազերեն՝ ართვინი), քաղաք Թուրքիայի հյուսիսարևելյան մասում, Արդվինի մարզի կենտրոն։
Քաղաք | ||
---|---|---|
Արդվին | ||
թուրքերեն՝ Artvin | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Արդվին | |
Շրջան | Արևմտյան Հայաստան | |
Համայնք | Արդվինի մարզ և Քութայիսի նահանգ | |
Այլ անվանումներ | Լիվանա, Լիվանե, Ադակալե | |
ԲԾՄ | 345 մետր | |
Բնակչություն | 25․771 մարդ (2012) | |
Ագլոմերացիա | 7,921 | |
Ազգային կազմ | քրդեր, թուրքեր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 466 | |
Փոստային ինդեքս | 08000 | |
Փոստային դասիչ | 0800 | |
Ավտոմոբիլային կոդ | 08 | |
Պաշտոնական կայք | artvin.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Պատմություն
խմբագրելԱրևմտահայ տառադարձությամբ՝ Արտվին։ Կոչվել է նաև Լիվանա (Լիվանե)։ Բնույթով գավառական տիպի քաղաք էր, բայց պաշտոնապես համարվել է նաև գյուղ։ Գտնվում է Ճորոխ գետի ստորին հոսանքի ձախ ափին, Բաթումից հարավ, այնտեղից եկող ճանապարհի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 400 մետր է (1284 ոտնաչափ)։ Փռված է գեղատեսիլ լեռնալանջի վրա, շրջապատված անտառապատ տարածքներով։ Ամբողջապես թաղված է կանաչի մեջ։ Շրջակայքում կան ընդարձակ բարեբեր հողեր։ Հնում մտնում էր Մեծ Հայքի Տայոց աշխարհի Ճակք գավառի մեջ և համարվում Էր վերջինիս կենտրոնը։ Այն հաճախ հիշատակվում է նաև իբրև Եգր աշխարհի Հիգազ գավառի քաղաք։ XVI -XIX դարերում Ախալցխայի փաշայության Արդվինի գավառի (սանջակի), իսկ Ռուսաստանին միացնելուց հետո՝ Բաթումի մարզի Արդվինի օկրուգի կենտրոնն էր։ Ներկայումս Թուրքիայի Արդվինի մարզկենտրոնն է։ 1970 թվականի մարդահամարի համաձայն, Արդվինի մարզն ուներ ընդամենը 225,9 հագար բնակիչ։
IX-XI դարերում Արդվինը մտնում էր Բագրատունիների իշխանության, XI-XIII դարերում՝ Վրաց Բագրատունիների թագավորության մեջ, XIII դարի 30-ական թվականներին գրավել են մոնղոլ-թաթարները, իսկ 1555 թվականին՝ օսմանյան թուրքերը։ Արդվինը Բաթումի մարզի հետ միասին Ռուսաստանին էր միացվել ռուս-թուրքական 1877-1878 թվականների պատերազմի ժամանակ՝ մտնելով նախ իբրև օկրուգի կենտրոն Բաթումի մարզի, ապա՝ գավառական քաղաք՝ Քութայիսի նահանգի մեջ։ Քաղաքը նորից Թուրքիային է անցել 1921 թվականից։ Արդվինի նոր ժամանակների բնակչության թվի (և մասամբ ազգային կազմի) վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Համեմատաբար արժանահավատ կարելի է համարել ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդած այն տվյալները, ըստ որոնց քաղաքը 1870 թվականին ուներ 750 տուն հայ բնակիչ և գրեթե նույնքան էլ թուրքեր ու այլազգիներ։ 1889 թվականին հայերի թիվը հասնում էր 6500 մարդու, իսկ թուրքերինը՝ ընդամենը 1300, XX դարի սկզբին նրա ամբողջ բնակչությունը 8000 շունչ էր, որից մոտ 7000-ը՝ հայեր։ 1921 թվականին, երբ Արդվինը նորից անցավ Թուրքիային, նրա հայ բնակիչները գաղթեցին և վերաբնակեցվեցին Վրաստանում, Աբխազիայում և Սովետական Հայաստանում։ 1965 թվականի տվյալներով Արդվինի բնակչության թիվը 9800 մարդուց չէր անցնում։
Գյուղատնտեսական զբաղմունքներն Արդվինում քաղաքի ամբողջ տնտեսության մեջ ունեին կարևոր նշանակություն։ Զբաղվում էին այգեգործությամբ և մասամբ երկրագործությամբ։ Ամենատարածված զբաղմունքներից էր ձիթապտղի մշակությունը, որի բերքի մեծագույն մասն արտահանվում էր։ Հայերը գերազանցապես զբաղվում էին արհեստներով ու առևտրով։ Ամենատարածված արհեստներից էին մանածագործությունն ու ջուլհակությունը, փայտամշակումը՝ հյուսնությունն ու ատաղձագործությունը։ Արտադրում էին մետաքսե և բամբակե գույնզգույն կտավներ։ Արդվինից արտահանվող ապրանքների մեջ ձիթապտղից բացի կարևոր էին նաև փայտանյութը և ձեռագործ գործվածքեղենը։ Քաղաքի ներքին առևտուրը գրեթե բացառապես մանրածախ էր և կենտրոնացած էր միակ շուկա հրապարակում, որտեղ կային մի քանի տասնյակ կրպակներ ու արհեստանոցներ։ Արդվինի շուրջը եղած պարիսպների և բազմաթիվ շինությունների ավերակները ցույց են տալիս, որ նա միջնադարում եղել է վաճառաշահ քաղաք և անշքացել է հետագայում մոնղոլական, թուրքմենական և թուրքական տիրապետության շրջանում։ Քաղաքն ընդհանրապես փռված է մեծ տարածության վրա. Ճորոխի ափով այն ձգվում է ավելի քան 5 կմ երկարությամբ։ Տները դրսից և ներսից սպիտակ են, կղմինդրածածկ։ Պահպանված են Թամար թագուհու ժամանակներին վերագրվող միջնադարյանն բերդի ավերակները։ Այդ բերդը գտնվում է ուղղակի Ճորոխի ափին ուղղահայաց վեր խոյացած ժայռի վրա։ XX դարի սկզբներին ուներ 5 եկեղեցի և նույնքան էլ մզկիթ։ Եկեղեցիները կրում էին Ս. Աստվածածին, Պողոս–Պետրոս, Գր. Լուսավորիչ, Ս. Խաչ և առաքելական Ս. Աստվածածին անունները։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից XIX դ վերջերին և XX-ի սկզբներին կար դպրոց, որոնցից բացի քաղաքում գործում էր նաև մի վարժարան, որը 1870-ական թվականներին ուներ շուրջ 100 աշակերտ։ Արդվինում են ծնվել ականավոր մի շարք գործիչներ և արվեստագետներ՝ կուսակցական պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Յա. Զարոբյանը (1908-1980 թվականներ), բանասեր, պատմաբան, ձեռագրագետ Ներսես (Գաբրիել) Հակոբի Ակինյանը (1883-1963), ժողովրդական նկարիչ Մ. Գ. Գյուրջյանը և ուրիշներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Վերապատվելյան ընտանիքը 1911 թվականին
-
Ազգային տարազով արդվինցի հայուհի, 1910 թվական
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք (թուրքերեն)
- Քաղաքի պատմությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդվին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 17)։ |