Բացել գլխավոր ցանկը
Մայիսյան ապստամբների հուշարձանը Գյումրիում

Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ապստամբություն Հայաստանի առաջին հանրապետության կառավարության դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարներական խմբավորումները, Բոլշևիկյան Ռուսաստանի և Ադրբեջանի աջակցությամբ[1]։ Նպատակն էր տապալել Դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։

ՆախադրյալներԽմբագրել

Ռուսաստանում Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասում ստեղծված ներքին ու արտաքին բարդ իրապայմաններում ստեղծվեց Հայաստանի հանրապետություն։ Հայաստանում իշխանությունն անցավ Դաշնակցություն կուսակցությանը։ Սկսել էին ազգամիջյան ընդհարումներ, և սովից ու համաճարակներից կոտորվող արևմտահայ գաղթականների հոծ բազմություն գաղթել էին հանրապետության տարածք։

ԿազմակերպումԽմբագրել

ՌԿ(բ)Կ Կենտկոմի ու Կովկասյան երկրային կոմիտեի ղեկավարությամբ և օգնությամբ 1919 թվականի ամռանը կազմակերպորեն ամրապնդվեցին Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները, որոնց միավորման գործում մեծ դեր խաղացին նրանց 1919 թվականի սեպտեմբերյան խորհըրդակցությունը և 1920 թվականի հունվարյան կոնֆերանսը։ Ընտրվեց Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները միավորող օրգան՝ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե (Արմենկոմ), որի կազմում ընդգրկվեցին Ս. Ալավերդյանը, Սարգիս Կասյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Կոստանյանը, Ղուկաս Ղուկասյանը, Ա. Նուրիջանյանը, Դ. Տեր-Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Ա. Մելքոնյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ։

Տեղերում (Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս, Սարիղամիշ, Նոր Բայազետ, Ղազախ-Դիլիջան, Զանգեզուրի գավառ և այլն) աշխուժացավ կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Դրանց աշխատանքները ղեկավարում էին Բ. Ղարիբջանյանը, Ս. Ալավերդյանը, Ղուկաս Ղուկասյանը, Հ. Սարուխանյանը, Բ. Բատիկյանը, Ե. Մկրտումյանը, Հ. Կամարին, Բ. Հարությունյանը և ուրիշներ։ Հատկապես զգալի էր Ալեքսանդրապոլի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի աշխատանքը (ղեկավար՝ Բ. Ղարիբջանյան)։ Կոմիտեն կենդանի կապ էր հաստատել Շիրակի ավազանի Քյավթառլու, Ղուլիջան, Փոքր Պարնի, Նորաշեն և սյլ գյուղերի կոմբջիջների հետ։ Երիտասարդության շրջանում մեծ աշխատանք էր ծավալել 1919 թվականի գարնանը ստեղծված Կոմունիստական երիտասարդական «Սպարտակ» միությունը (ղեկավարներ՝ Ղուկաս Ղուկասյան, Ա. Բուդաղյան, Աղասի Խանջյան

1920 թվականի հունվարին Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը որոշեց արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։ Նրանք այդպիսի նպաստավոր իրադարձություն համարեցին 1920 թվականի ապրիլի վերջին (28-ին) Ադրբեջանի խորհրդայնացումը՝ Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից։ Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։

ԱպստամբությունըԽմբագրել

1920 թվականի մայիսմեկյան ցույցերն ու միտինգները, որոնց կազմակերպիչն ու ղեկավարը ՌԿ(բ)Կ Արմենկոմն էր, առաջին գործնական քայլերն էին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե (ՀՌՀԿ)։ Ապստամբների կողմն անցան հեղափոխական գաղափարներով տարված զինվորականության մի մասը և «Վարդան զորավար» զրահագնացքը։ Վերջինիս հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի (Արշակ Ներսիսյան) հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։

Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։

Պարտության պատճառներըԽմբագրել

Մայիսյան ապստամբությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառը հանդիսանում էր նրանում որ ապստամբության ելած բոլշևիկները բավարար աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։

Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը[2]։

Պատասխան քայլերԽմբագրել

Այս դեպքերը Հայաստանի իշխանությունների մոտ լուրջ անհանգստություն առաջացրին։ Պետության համար ստեղծվեց վտանգավոր դրություն։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը, և նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն՝ Դաշնակցության ղեկավար մարմնի անդամներից։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

Ապստամբության տասնյակ մասնակից ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։ Գնդակահարվեցին ապստամբության ղեկավարներ Ստեփան Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Հովհաննես Սարուխանյանը, Եգոր Սևյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը և ուրիշներ։

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Խանջյան, Մայիսյան ապըստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե„ 1935։
  • Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 (հիշողությունների և դոկումենտների ժողովրդական), Ե., 1930;
  • Գ. Ղարիբջանյան, Մայիսյան ապըստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955։
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը "Հայաստանում (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., I960;
  • Գ. Գալոյան, Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961:
  • Գ. Գալոյան, "Հերոսական մայիսից-հաղթական նոյեմբեր, Ե., 1980:
  • Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961:
  • Ա. Հ. Մելքոնյան, Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965:
  • Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», 1993, Գլուխ ԻԸ, Մայիսյան խռովությունները, էջ 401-429
  • Ա. Հակոբյան, «Հայաստանի խորհրդարանը և կուսակցությունները 1918-1920», Գլուխ 6, Կուսակցությունները և խորհրդարանը Մայիսյան ճգնաժամի շրջանում, 1. Մայիսյան ապստամբությունը
  • Հայոց պատմություն, 11-րդ դասարան, Ընդհանուր հոսքի դասագիրք, 2010, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, էջ 215
  • Ա. Մելիք-Շահնազարյան, «Ազատամարտ» զրահագնացքը» // Խորհրդային Հայաստան - գրական, գեղարվեստական, գիտական յերկշաբաթյա պատկերազարդ հավելված - 1926 - 13 մայիսի (№ 4)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [The Republic of Armenia, Vol. III: From London to Sèvres, February-August 1920 by Richard G. Hovannisian]
  2. 1920թ. Մայիսյան ապստամբությունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Մայիսյան ապստամբություն 1920» հոդվածից (հ․ 7, էջ 201 )։