Ռուբինա Արեշյան

հայ վրիժառու, Աբդու Համիդ II-ի վրա մահափորձ կատարող (1905)

Ռուբինա (Սոֆի) Արեշյան-Օհանջանյան, օտարերկրյա անձնագրով՝ Ռուբինա Ֆայն[2] (1881, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1971, Կանադա), հայազգի կին վրիժառու, ՀՅԴ անդամ, ազգային ազատագրական շարժման գործիչ, 20-րդ դարի ամենահանդուգն և աղմկահարույց գործողության՝ Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ 1905 թվականին մահափորձի մասնակիցներից մեկը, ժամացույցով գործարկվող ռումբի կոճակը սեղմողը։

Ռուբինա Արեշյան
Դիմանկար
Ռուբինա Արեշյանը ամուսնու՝ ՀՀ Առաջին հանրապետության վարչապետ Համազասպ Օհանջանյանի հետ
Ծնվել է1881
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1971
Մահվան վայրԿանադա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունակտիվիստ, վրիժառու և ահաբեկիչ
ԱմուսինՀամազասպ Օհանջանյան[1]
ԿուսակցությունՀՅԴ
 Rubina Areshian Վիքիպահեստում

Հայաստանի առաջին հանրապետության առաջին տիկիններից մեկն է եղել՝ հանձին ամուսնու՝ ՀՀ Առաջին հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանի[3]։

Կենսագրություն խմբագրել

Ռուբինա Արեշյանը ծնվել է Թիֆլիսի կալվածատիրոջ բարեկեցիկ ընտանիքում։ Հայրը ռուսական բանակի հայազգի զինվորական էր։ Մինչև 1903 թվականի հունիսի 12-ի օրենքին հաջորդած հայկական շարժումները նա որևէ շփում չի ունեցել ազգային միջավայրի հետ և անգամ չի տիրապետել մայրենի լեզվին[2]։

Ռուբինա Արեշյանը ներգրավվել է հայ ազգային ազատագրական շարժման մեջ վաղ հասակում։ Ընդգրկվել է Դաշնակցություն կուսակցության այն խմբում, որը պետք է Քրիստափոր Միքայելյանի ղեկավարությամբ ձեռնարկեր Աբդուլ Համիդի վրա մահափորձը։ Դա լինելու էր հայկական ազգային ուժերի պատասխան գործողությունը՝ «արյունոտ» սուլթանի կողմից 1904 թվականի Սասունի ապստամբության դաժան ճնշմանը, որին զոհ գնացին մոտ տասը հազար հայեր։

Ցուցական մարմնի անդամ խմբագրել

1903 թվականի վերջին Ռուբինան ծանոթանում է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության հիմնադիր Ք․ Միքայելյանի հետ, որը պատրաստվում էր հեռանալ Եվրոպա՝ Սոֆիայում անցկացվելիք ՀՅԴ ընդհանուր ժողովին մասնակցել և դրանից հետո Կ․ Պոլիս տեղափոխվել։ Ռուբինան Քրիստափորից է առաջին անգամ լսում բռնադատված հայրենիք ունենալու և հայերի բնաջնջման համիդյան ծրագրերի մասին, և «Կարմիր սուլթանից» վրեժխնդիր լինելու («Նժույգի գործ»)՝ Քրիստափորի մտադրության մասին։ Այդ հանդիպումից հետո նա վճռում է օգտակար լինել իր ազգին և հայրենիքին և ցանկություն է հայտնում մասնակցել այդ գործին[2]։

1904 հունվարին Սոֆիայում տեղի ունեցած ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովում ընտրվում են «Ցուցական պատասխանատու մարմնի» անդամները՝ Քրիստափոր Միքայելյանի գլխավորությամբ, որից հետո՝ մայիսին, տեղի է ունենում խորհրդակցություն Աթենքում։ Մի քանի հանդիպումների արդյունքում էլ որոշվում է Աբդուլ Համիդի վրա մահափորձ կատարել ռումբի վերածված կառքի միջոցով[4]։

«Ցուցական մարմինի» գործունեության համար տարբեր խառնվածքի, լեզուների իմացության և տարբեր մասնագիտություններ ունեցող օժանակ անդամներ ներգրավելու անհրաժեշտություն էր զգացվում և Կ. Պոլիս հեշտ թափանցելու և այնտեղ հնարավորինս ուշադրություն չգրավելու համար ներգրավվում էին նաև որոշ թվով կանայք[5]։ Այդպիսով, ամիսներ անց Ռուբինան՝ որպես օժանդակ գործիչ, Բաքվից Եվրոպա է կանչվում։

  1904 թուին գնացի Բեռլին։ Անշուշտ կը յիշես թէ ի՞նչպէս ընկերները զիս ճանապարհ դրին մինչեւ Բալաջարի… Բեռլինից հեռագրով զիս Աթէնք կանչեցին, ուր հաւաքուել էին Պատասխանատու Մարմնի անդամները Քրիստափորի գլխաւորութեամբ... Աթէնք մնացի 3-4 օր, ուր կարգադրուեց անցագրի հարցը եւ այնտեղից Քրիստափորի աղջիկ դառնալով՝ մեկնեցինք Իզմիր, ուր Քրիստափոր գործեր ունէր կարգադրելիք եւ ես այլեւս նրանից չբաժնուեցի մինչեւ մահը…[6]։
- Ռուբինա Արեշյանի նամակը Ա. Գյուլխանդանյանին, 1939 թվական
 

Կասկածներից խուսափելու նպատակով «Ցուցական մարմնի» անդամները Կոստանդնուպոլիս էին մտնում օտարերկրյա անձնագրերով։ Եվ հայ գործիչներին ընկալելվում էին որպես այլազգիներ։ Ք. Միքայելյանը դարձել էր լեհական ծագումով հրեա Սամուել Ֆայն, իսկ նրան ուղեկցում էր նրա «դուստրը»՝ Ռուբինա Ֆայնը, «Ցուցական մամնի» դեռևս օժանդակ անդամ Ռուբինան[7]։

Ռուբինա Արեշյանին ներգրավելն անհրաժեշտ եղավ երկու առումով։ Նախ՝ ի տարբերություն շատերի, նա մինչ այդ անծանոթ անուն էր ազգային հեղափոխական միջավայրում։ Երկրորդ՝ հեղափոխական գործերում սկսնակ 24-ամյա աղջիկը իրերի բերումով դառնում է «Ցուցական մարմնի» լիիրավ անդամներից մեկը և իր վրա վերցնում վճռական հարվածն հասցնելու նախաձեռնությունը[2]։

Ելտըզի մահափորձ խմբագրել

Սուլթանի պալատի անառիկություն խմբագրել

Սուլթան Համիդը գահ էր բարձրացել դավադրության ճանապարհով և կատարյալ բռնակալ էր։ Նա ոչ մեկին չէր վստահում, ամենուր դավադիրներ ու թշնամիներ էր փնտրում։ Իր անձի անվտանգությունից ելնելով՝ հրաժարվել էր Դոլմա Բախչե հայրական պալատից և երկիրը կառավարում էր Բոսֆորի ափին գտնվող Ելդըզի ապարանքի անառիկ պարիսպների ետևից։ Ավելի ապահով զգալու համար սուլթանը պալատի շուրջ բարձրացնել էր տվել երկրորդ պարիսպը, որի դիմաց զորանոց էր կառուցվել։ Այդ պարիսպներից հազվադեպ էր համարձակվում դուրս գալ «Արյունոտ սուլթանը»։

Որպեսզի ուրբաթօրյա «սելամլըքի» (մուսուլմանական աղոթք) պատճառով ստիպված չլինի այցելել Կ. Պոլսի մզկիթներ և վտանգել իր անձը, Աբդուլ Համիդն իր պալատի դարպասի մոտ կառուցել էր տվել Սուլթանիե մզկիթը։ Եվ պալատի դարպասներից մոտ 100 մ (հարյուր յարդ) հեռավորության վրա գտնվող այդ մզկիթ հասնելու համար նրան իր հպատակներից պաշտպանում էր մի ամբողջ բանակ՝ տասնհինգ հազարանոց կայսերական գվարդիա[8]։ Այդ ամենից բացի սուլթանն արգելել էր սելամլըքին ներկա գտնվել այն օտարերկրացիներին, ովքեր չունեին իրենց երկրների հյուպատոսների կողմից նախապես ստորագրված հանձնարարականներ։ Նաև խստագույն հսկողություն էր սահմանել Բոսֆորի՝ պալատին առընթեր տարածքում։

Նա իրեն շրջապատել էր լրտեսների բանակով, գաղտնի ոստիկաններով և մատնիչներով։ «Ստամբուլի բնակչության մի կեսը զբաղված էր մյուս կեսին լրտեսելով»[9][10]։ «Ստամբուլի խավար փողոցները սարսափից քարանում էին։ Լրտեսներ, լրտեսներ… Բոլորը վախենում էին մեկը մյուսից. Հայրերը՝ երեխաներից, ամուսինները՝ կանանցից։ Կտտանքի բացահայտ ղեկավարներին արդեն գիտեին և նրանց ստվերների երևալուց իսկ… բոլորն աշխատում էին ինչ-որ տեղ թաքնվել»[11]։

Այս պայմաններում խիստ բարդանում էր Օսմանյան կայսրության տարածք անցնելը։ Սակայն Ցուցական մարմնի անդամները կարողանում են ապահով թափանցել Կ. Պոլիս, ապա բացահայտել այն պահը, երբ սուլթանը հնարավորինս խոցելի կլիներ։ Այդ խնդիրները փոխկապակցված էին և բացատրվում էին սուլթանի ծայրահեղ կասկածամտությամբ[2]:

Նախապատրաստում խմբագրել

Քրիստափորը և Ռուբինան զգուշավորությունից ելնելով՝ սկզբում անցնում են Իզմիր, ապա, մեկ ամիս անց՝ 1904 թվականի սեպտեմբերին անցնում Կ․ Պոլիս։ Սակայն մահափորձին նախապատրաստվելու արդեն վերջնական փուլում՝ ռումբի փորձարկման ժամանակ անզգուշաբար զոհվում է Քրիստափորը[5]։ Առաջնորդի մահվան ծանր հարվածը Ռուբինային ետ չի կանգնեցնում պլանավորված գործողությունն իրականացնելու մտքից․ նա որոշում է այն ավարտին հասցնել[13][14]։

Յըլդըզի մահափորձը պլանավորվում էր իրականացնել Պոլսի Յըլդըզ մզկիթի մուտքի մոտ, որտեղ ամեն ուրբաթ իր վերնախավի հետ նամազ էր անում սուլթանը։ Նախնական մտահղացմամբ Ռուբինան պետք է անձամբ մոտենար և ռմբահարեր սուլթանի շքախումբը։ Սակայն վտանգավորության տեսանկյունից ելնելով որոշվեց այլ տարբերակ։ Մահափորձի իրականացման համար Վիեննայից թանկարժեք կառք էր ձեռք բերվել, որի մեջ տեղադրել էին ժամացույցով գործարկվող ռումբ։ Կառքը նախատեսված էր տեղակայել մզկիթին շատ մոտ՝ ռումբի պայթյունից մզկիթն ամբողջությամբ փլվելու հավանականությունը հաշվի առնելով։ Մանրակրկիտ ուսումնասիրվել ու հաշվի էր առնվել սուլթանի՝ մզկիթ մտնելու և այնտեղից դուրս գալու և կառք հասնելու տևողությունը (1 րոպե 42 վրկ). ռումբը պետք է պայթեր սուլթանի՝ մզկիթից անմիջապես դուրս գալու պահին[4][5]։

Իրականացում խմբագրել

1905 թվականի հուլիսի 21-ին մահափորձի կազմակերպիչները ռումբով կառքը հարմար կայանում են մզկիթի մուտքին հնարավորինս մոտ և, ըստ սուլթանի մտնելու և դուրս գալու ուսումնասիրված ժամանակացույցի, Ռուբինան գործարկում է ռումբի ժամացույցը։ Ռումբի պայթյունից զոհվում և վիրավորվում են տասնյակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ սուլթանը ողջ է մնում․ սուլթանը զրույցի էր բռնվել նախքան մզկիթից դուրս գալը[5]։ Պայթյունից առաջացած խառնաշփոթից օգտվելով՝ Ռուբինային և զինակիցներին հաջողվում է հեռանալ մզկիթի շրջակայքից։ Մահափորձի անհաջողությունից հետո Ռուբինան տեղափոխվում է Եվրոպա[13]։

Ձախողման պատճառներ խմբագրել

Հետագայում սուլթանի ողջ մնալու պատճառների քննությունը ցույց է տվել, որ գործի ձախողման հիմնական պատճառներից էր, ոչ միայն Համիդի՝ մզկիթից մի պահ ուշ դուրս գալը, այև ռումբի որակը, որը փորձարկման ժամանակ գործարկած երկու ռումբերի նույն հզորությունը չուներ[4]։

Անձնական կյանք և հետագա գործունեություն խմբագրել

1908 թվականին Թուրքիայի ազգային հեղաշրջումից և Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո Ռուբինա Արեշյանը կրկին վերադառնում է Պոլիս։ Ցարական կառավարության կողմից դաշնակցական գործիչների, այդ թվում նաև նրա սիրելիի՝ ՀՀ ապագա վարչապետ, բժիշկ Համո Օհանջանյանի ձերբակալման լուրը լսելով՝ վերջինիս օգնելու նպատակով մեկնում է Կովկաս։ Ձերբակալությունից հետո Օհանջանյանին կեղծ մեղադրանքով աքսորում են Սիբիր («Դաշնակցության դատավարության» գործով), Ռուբինան Սիբիր տանող ճանապարհին միանում է նրան։ Ռուբինան և Համո Օհանջանյանն աքսորավայրում ամուսնանում են։

1915 թվականի սկզբին Ռուբինան ամուսնու հետ աքսորից վերադառնում է Հայաստան։ Այստեղ, իր բժիշկ ամուսնու հետ բուժքույր է աշխատում ռազմաճակատային հոսպիտալներում՝ օժանդակելով հայ կամավորական գնդերին։ Ռուբինան և Համո Օհանջանյան ամուսիններն այն առաջիններից էին, որոնք 1915 թվականի մայիսին օգնության են հասնում ազատագրված Վանին՝ դեղորայք, բժշկական պիտույքներ և այլ օգնություն հասցնելով հերոս վանեցիներին։

1920 թվականի մայիսին Համո Օհանջանյանը դառնում է Հայաստանի առաջին Հանրապետության երրորդ վարչապետը։ Այդ ժամանակաշրջանում Օհանջանյանները բնակվում էին Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տանը (այժմ՝ Արամի փողոց 9 հասցեում)։

Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո խմբագրել

1921 թվականին՝ Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո, Ռուբինան ամուսնու հետ նախ տեղափոխվում է Լեռնահայաստան, որտեղ շնորհիվ Նժդեհի դեռևս հայկական պետականություն էր, հաջորդ տարվա հունիսին տեղափոխվում՝ Պարսկաստան, Սիրիա, Եգիպտոս։ Օհանջանյան ամուսինները հաստատվում են Կահիրեում, որտեղ Ռուբինան եռանդուն հայապահպան գործունեություն է ծավալում 1928 մայիսի 28-ին հիմնված Համազգային հայ կրթական և մշակութային միությունում, որի հիմնադիրներից մեկը և երկարամյա նախագահն էր Համո Օհանջանյանը։

Կահիրեում ծնվում է նրանց որդի Վիգենը։ 1947 թվականին ամուսնու մահից հետո Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ 1971 թվականին մահանում է 90 տարեկան հասակում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roving Revolutionaries: Armenians and the Connected Revolutions in the ...
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հովիկ Գրիգորյան. «ՀՅԴ ՑՈԻՑԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉ Կ. ՊՈԼԻՍ ԱՆՑՆԵԼԸ» (PDF). «Պատմություն և մշակույթ» թիվ Ա. (պատմագիտական հանդես), Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ, Երևան, 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  3. admina (2018 թ․ հունիսի 16). «Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) առաջին տիկնայք». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ասատրյան, Գեղամ. «Արտասահմանյան մամուլի որոշ անդրադարձներ Ելդըզի մահափորձին, ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու, Հասարակական գիտություններ, 1.1 (18), Երևան, 2017, էջ 133-138։». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ահաբեկչությունը որպես ազգային-ազատագրական պայքարի ձև (XIX դարի վերջ -  XX դարի սկիզբ), «Հայոց ցեղասպանությունը (Ուսումնասիրություններ)», Երևան, 2001
  6. Ռուպինա Օհանջանեան, «Յեղափոխական ալպոմ», 1972, N 4, էջ 108
  7. «Եըլտըզի Մահափորձը. Եղեռնական ատեանի դատաւարութիւնը տեղի ունեցած Պոլսոյ մէջ», 1905 նոյեմբերին, Աթէնք, 1933, էջ 4։
  8. 8,0 8,1 Miller, William (1898). Travels and politics in the Near East. University of California Libraries. New York : Frederick A. Stokes.
  9. Лорд Кинросс «Расцвет и упадок Османской империи», Москва, 1999, էջեր 579-581. ISBN 0-688-08093-6
  10. «Кинросс Лорд - Расцвет и упадок Османской империи [1999, PDF] :: RuTracker.org». rutracker.org. Москва. էջեր 579–581. ISBN 0-688-08093-6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Петросян Ю.А. Османская империя: могущество и гибель [DJVU]». www.twirpx.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին. էջ՝ 2003, էջ 336
  12. LLC, Helix Consulting. «Թուրքական աղբյուրի անդրադարձը սուլթանի դեմ հայերի կազմակերպված մահափորձին». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2021-08-17-ին.
  13. 13,0 13,1 Արմենիա, Ռուբեն Շուխյան Sputnik. «Ռուբինա Արեշյան. ազգային-ազատագրական շարժման նվիրյալ հայուհին». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  14. «Ահա թե ինչպես ՀՀ առաջին տիկինը մահափորձ իրականացրեց Աբդուլ Համիդ II արյունարբու սուլթանի վրա». GOOD LOOKING NEWS (ռուսերեն). 2019 թ․ մայիսի 4. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  15. «ԱՌԱՋԻՆ ԱՅՐԵՐ - Համո Օհանջանյան» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել