Աղվանք, Բուն Աղվանք կամ Կովկասյան Ալբանիա (չշփոթել Արևելից կողմանք Հայոցի հետ), հնագույն երկիր Կուր գետի և Կովկասյան լեռների միջև։ Մեծ Հայքին սահմանակցում էր Կուր գետով։ (Տե՛ս Հայք-Աղվանք սահմանի հարցը)։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի, բուն Աղվանքն ուներ 11 գավառ. Եղնի կամ Խենի, Կամբեճան, Բեղ, Շաքի, Գետառու, Խողմազ, Գեղավու, Համբասի, Կապաղակ կամ Ոստանի մարզպան, Քաղադաշտ կամ Քալաձոր, Դաշտի Բազկան կամ Հեջերի։ Աղվանքի տնտեսական, քաղաքական և մշակութային հնագույն կենտրոնն էր Ավթարանի հովիտը։ Այստեղ են կազմավորվել աղվանական քաղաքային հնագույն համայնքները, այդ թվում՝ գլխավոր կենտրոն Կապաղակը։

Alvānia
Ἀλβανία
Աղվանք
 Աքեմենյան պետություն Մ.թ.ա. 60–ական - 705 Արաբական խալիֆայություն 
Քարտեզ


(Աղվանքը 300 թ.-ին)

Քարտեզ2


(Աղվանքի թագավորություն)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կապաղակ, Պարտավ
Մակերես 35.000 կմ2(387 թ. առաջ)
Մակերես 80.000 կմ2(387 թ. հետո)
Լեզու աղվաներեն,հայերեն
միջին պարսկերեն
Կրոն Հեթանոսություն
Քրիստոնեություն
Զրադաշտականություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Առանշահեր
Արշակունիներ
Մազքութներ
Միհրանիներ
Պետության գլուխ թագավոր
Պատմություն
- Աղվանքը ընդունեց քրիստոնեություն 370 թ.
- Հայաստանի առաջին բաժանում, Աղվանքի տարածքի ընդարձակում 387 թ.
- Աղվանքի թագավորության վերացում․ Աղվանից մարզպանություն 468 թ.

Հելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով՝ տեղի տվեց դասակարգային հասարակարգին։ Զարգացան շահագործման կիսանահապետական-կիսաստրկատիրական ձևերը։ Շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։ Աղվանքի թագավորության զորքերը (62000 հետևակային, 22000 հեծյալ) իրենց կառուցվածքով և զենքով նմանվել են հայկականին։ Տիգրան Բ Մեծի բանակում նրանք կռվել են հռոմեական նվաճողների դեմ։

Աղվանքի Օրոյզես թագավորը մ.թ.ա. 65-ին շարունակեց պայքարը նաև Պոմպեոսի լեգեոնների դեմ՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ։ Ի վերջո, Օրոյզեսը նույն թվականին հարկադրական հաշտություն կնքեց Պոմպեոսի հետ՝ դառնալով «հռոմեական ժողովրդի դաշնակիցը և բարեկամը»։ Մ.թ.ա. 36-ին Աղվանք խուժեց Կանիդիոս Կրասոս զորավարը և Աղվանից Զոբիրա թագավորին ստիպեց վերստին ճանաչել մ.թ.ա. 65-ի պայմանագիրը։ Մ.թ.ա. 20-ին, Մեծ Հայքում Հռոմի դեմ ուղղված ապստամբությունից հետո, Աղվանքը փաստորեն անկախացավ։ Մ.թ. I դ. 2-րդ կեսին Աղվանքից արևմուտք արդեն գոյություն ուներ Մազքթաց Արշակունիների թագավորությունը, որի գահանիստն էր Չող քաղաքը։ Ի տարբերություն հայ Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարսկաստանից անկախ վիճակում, Աղվանքի Արշակունի թագավորները, IV դ. սկսած, սովորաբար ենթակա էին Պարսից արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվեցին։ 370-ական թթ. Ուռնայր թագավորն ընդունեց քրիստոնեություն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Հայաստանի հետ, ընդունեց Մեսրոպ Մաշտոցի առաքելությունը, օգնեց նրան ստեղծելու աղվանական գիրը։ Մեծ Հայքի թագավորության բաժանումից (387) հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացրեց Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Այնուհետև «Աղվանք» անունը դարձավ աշխարհագրական-տերիտորիալ հասկացություն։ Նրանում հզոր ուժ էր հայ նախարարական ավագանին։ Ի տարբերություն մարզպանական Աղվանքի, Աղվանից թագավորության նախկին տերիտորիան հայկական աղբյուրներում անվանվում է «Բուն Աղվանք»։ Մարզպանական Աղվանքի կազմում մտած հայկական գավառներում շարունակում էին գոյատևել հայ իշխանները, որոնց թվում նաև տեղական թագավորական դինաստիան՝ «Առանշահիկ» տիտղոսով։ Անդրկուրյան կամ Բուն Աղվանքում գլուխ բարձրացրեց տեղական ֆեոդալականացող ավագանին։ V դ. վերջերից հաճախակի դարձան խազիրների ներխուժումները Անդրկովկաս, ուստի Խոսրով I Անուշիրվանը (531 - 579) նվաճեց ծովափնյա Չող, Դարբանդ և Հարավային Դաղստանի մի շարք «ազգագավառներ», կառուցեց Դարբանդի սահմանամերձ պարիսպները։ Սասանյանների օգնությամբ, Լփնաց, Չողա, Բաղասական և այլ երկրամասերի ցեղապետները, որոնք աղբյուրներում (Եղիշե, Բուզանդ ևն) կոչվում են նաև թագավորներ, ամրապնդեցին իրենց իշխանությունը։ Առանշահիկներից Վաչե Բ 462-ին հիմնեց Պարտավ քաղաքը, որը դարձավ երկրի մայրաքաղաք։

Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ Աղվանքի քաղաքներում՝ Պարտավում, Դարբանդում, Չողում, Շամախիում հաստատվեցին արաբական զորամասեր ու նրանց հետ եկած իսլամադավան քոչվոր ցեղեր։ Խուրրամյանների շարժման ժամանակ (809 - 937) խալիֆայությունը կորցրեց իր հեղինակությունը։ Շարժումը ճնշելուց և Բաբեկին ձերբակալելուց (837) հետո Աղվանքի տեր ճանաչվեց Խաչենի իշխան Սահլ–Սմբատ Առանշահիկը՝ «Բատրիկ առ-Ռանի» տիտղոսով։ Հետզհետե բարձրացան Գտիչի ե Բելուկանի (Բայլական), Փառիսոսի և Գարդմանի տեղական իշխանությունները։ IX դ. 2-րդ կեսին, երբ քայքայվող խալիֆայությունը հարկադրված եղավ ճանաչել հայ Բագրատունիների թագավորությունը, Խաչենի, Փառիսոսի, Գարդմանի, Բայլականի, Դիգակի իշխանությունները մտան նրա մեջ։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամը իր իշխանության սահմանները հյուսիսում հասցրեց մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին, իսկ 893-ին իրեն հռչակեց «թագավոր Աղվանից»։ X դ. սկզբին Շիրակի Բագրատունիները ձեռք բերեցին սյուզերենական իրավունքներ, և նախկին Արցախ, Ուտիք նահանգների տերիտորիաները մտան նրանց թագավորության կազմի մեջ։ Գրիգոր-Համամի մահից հետո նրա թագավորությունը մասնատվեց, Կուր գետից հարավ, մինչև Մռավի լեռները, Փառիսոս (այժմ՝ Ղալաքենդ) կենտրոնով անցավ Գրիգոր-Համամի որդուն՝ Սահակ-Սևադային։ Այս թագավորությունը իբրև վասալ Անիի Բագրատունիների գոյատևեց մինչև XI դ. կեսը՝ Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ «Թագավոր Աղվանից» տիտղոսը այնուհետև կրում էին Լոռու Կյուրիկյանները։ Անդրկուրյան և Ծանարաց աշխարհում 897 - 950-ին թագավորեց Գրիգոր-Համամի թոռ Ատրներսեհը՝ նույնպես «Թագավոր Աղվանից» տիտղոսով։ Սրա հաջորդը՝ Սևադա-Իշխանիկը (շուրջ 950 - 960), կապվելով վրաց Բագրատունիների հետ, դարձավ քաղկեդոնական։ Հետագայում՝ 1104-ին Դավիթ Շինարարը այդ թագավորությունը միացրեց Վրաստանին։ Արաբական խալիֆայության տիրապետության մնացորդներն էին Պարտավի և Գանձակի ամիրայությունները։ Պարտավը ավերվեց 913 և 944-ին, իսկ Գանձակը ապրեց իր վերելքը՝ անցնելով Շադդադյան քրդական դինաստիայի իշխանության ներքո։ Կուրից դեպի հյուսիս-արևելք գտնվող Աղվանքիի մասում Շամախիի ամիրան ընդարձակեց իր իշխանությունը մինչև Բաքու, Դերբենդ և հհմնադրեց Շիրվանշահերի թագավորությունը։ Հետզհետե Շադդադյանները, ապա մյուս մուսուլման իշխանները գրավեցին Դաշտային Ղարաբաղը։ XI դ. կեսերից սկսվեցին թուրք-սելջուկների արշավանքները և Միջին Ասիայից նրանց հետևող թուրքական քոչվոր ցեղերի գաղթերը, որոնց համար ամառային արոտավայրեր դարձան Կուր և Արաքս գետերի ներքին հոսանքներն ընդգրկող դաշտավայրերը։ Սելջուկ-թուրքերի, այնուհետև թաթար-մոնղոլների ասպատակությունները խափանեցին Աղվանքի վերընթաց զարգացումը, փոխեցին Ուտիքի դաշտային մասի էթնիկական կազմը։ Աստիճանաբար տիրապետող դարձան միջինասիական ծագմամբ օղուզա-թուրքմենական ցեղերը, իսկ Աղվանք անունը մնաց իբրև Գանձասարի եկեղեցական թեմի անուն, որը դարձավ Ղարաբաղի հայ մելիքությունների հոգևոր կենտրոնը։ Աղուանք (գրաբար՝ Աղուանք, ժամանակակից ուղղագրությամբ՝ Աղվանք), նաև Հայոց արևելից կողմանք, օտար լեզուներով՝ Առան. պատմական երկրամասի անվանում միջնադարյան հայ մատենագիրների մոտ։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ըստ հին աղբյուրների՝ հունա-հռոմեական պատմագիտության, ինչպես նաև հայ առաջին մատենագիրների, «Աղուանք» անվանումը ծագում է «Ալվանիա» կամ ( բուն Աղվանք) անվանումից[1][2][3]։ Այն հիմնականում վերաբերել է Կուրի ձախափնյակի « Կովկասյան Ալվանիա» կոչված պետությանը (բուն Աղվանք, կամ Խորին Հայք)։ Ըստ Մովսես Խորենանցու և Մովսես Կաղանկատվացու, Հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արևելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը», որի իշխան է սահմանում Սյունիքի իշխանական հարստությունից Առան անունով մի իշխանի։ Այս Առանից է սերվել Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի և Կուրի միջագետքը,«Հայկական Աղվանքը»[4] ՝ Հնարակերտ ամրոցից մինչև այդ երկու գետերի միախառնման կետը (գտնվում էր մոտավորապես այժմյան Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միացման սահմանակետում)։ Եվ Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք[5][6] (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր, անուշ[7]

428 թ. Պարսից արքունիքը, բուն Աղվանք երկիրը միացնելով Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգների հետ, կազմել է միասնական Աղվանք մարզը[8]։ Սակայն V դարի 50-80-ական թվականներին հակապարսկական ապստամբությունների ժամանակ Աղվանք մարզը կազմալուծվեց և Արցախի և Ուտիքի տարածքում ստեղծվեցին փոքրիկ թագավորություններ՝ Առանշահիկ (Առանի տոհմից սերված) վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ[9]։ Կուրի ձախափնյակում գտնվող բուն Աղվանքի տարածքում ձևավորվեցին Մազքթաց, Բաղասական, Լփինք, Թավասպարան և այլ ցեղային-պետական միավորներ։ Արաբական տիրապետության շրջանում վերոհիշյալ ցեղային -պետական միավորներից գոյացան Շաքիի, Շիրվանի ու Դերբենդի ամիրայությունները։ հենց արաբական տիրապետության ժամանակներում էլ կուրի ձախափնյակի Աղվանք հասկացությունը դուևդ եկավ գործածությունից։ «Աղվանք» անվանումը մնաց աջափնյա հատվածի վրա, որն արդեն ոչ մի կապ չուներ բնակչության էթնիկական նկարագրի հետ։ Ետնագույն այս Աղվանքը հայոց աշխարհ էր և ուներ իր հայ թագավորական տոհմը։ Հենց այս Աղվանքի մասին է X դարում գրել Մովսես Դասխուրանցի-Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի»[10][11]։

Պատմական փոփոխություններ

խմբագրել
Արցախի պատմություն
 
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Այսպիսով, ըստ հայ մատենագիրների, սկզբնապես «Աղուանք» է կոչվել Առանշահիկների տոհմական տիրույթը։ Սակայն հավանաբար, այն բաժանվելով երկու նահանգների, «Աղուանքը» անունը միառժամանակ դադարել է այս երկրամասի նկատմամբ գործածական լինելուց։ Հայ հին հեղինակների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ) մոտ «Աղուանքը» հատկապես ընդունված է եղել որպես Ալբանիայի անվանում։ V դարում հայ հեղինակները «Աղուանք» են կոչել Պարսից տերության այն մարզպանությունը, որը կազմված էր Ալբանիայից, Արցախից և Ուտիքից։ Սակայն Ավարայրի ճակատամարտից հետո, այս մարզպանության աղվանական ցեղերը իրար ետևից ստեղծում են մանր թագավորություններ։ Այս շրջանում Առանշահիկները սկսում են կրել «Աղուանից թագավոր» տիտղոսը, ըստ երևույթին հավակնելով դառնալ հին Ալբանիա-Աղվանք պետության թագավորների իրավական հաջորդները։ Մեզ հայտնի Առանշահիկների առաջին թագավորը՝ Վաչէ Բ-ն ստիպված էր իր իշխանության ողջ ընթացքում պատերազմ մղել պարսիկների դեմ, որոնք ստիպում էին նրան ընդունել զրադաշտական կրոնը։ Առանշահիկների իշխանության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն ունենալու նկատմամբ պարսիկները նույնիսկ մարզպանության կենտրոնը Չողից (այժմյան Դերբենտ) տեղափոխում են Պարտավ, որը գտնվում էր Ուտիքում, Տրտու գետի հովտում, ըմբոստ Արցախ աշխարհի հանդիման։ Սակայն դա չխանգարեց, որպեսզի հայկական արևելյան այս երկու նահանգներում, որպես Աղվանքի թագավոր, գահ բարձրանա Վաչագան Բարեպաշտը։ Այս անգամ նոր կենտրոնով Դյութական ոստանում (այժմ՝ Արցախի հանրապետության Ջրաբերդ գավառում)։

Միհրանյաններ

խմբագրել

VII դարում Ուտիքի Գարդման գավառում է հաստատվել Միհրանյան տոհմը, որի պայազատները կարճ ժամանակ անց սկսել են կրել «Աղուանից իշխան» (Աղվանքի իշխան) տիտղոսը։ Միհրանյանների տոհմից հատկապես նշանավոր էր Ջվանշիրը, որի պալատական դպիրն է եղել Մովսես Կաղանկատվացին՝ «Աղուանից պատմութիւն» գրքի շարահարողը։

Խաչեն և Կյուրիկյան թագավորություն

խմբագրել

Խաչենի իշխանության սկզբնավորման շրջանում (VII-VIII դդ.), «Աղվանքի իշխան» են կոչվել Արցախի իշխանները, մինչև տիրապետող է դարձել «Խաչենի իշխան» տիտղոսը։ XI դարում Գարդմանի և Փառիսոսի իշխանությունները միացել են Կյուրիկյան թագավորությանը, որից հետո վերջինս կոչվել է Աղվանից թագավորություն։

Ուշ միջնադարյան աղբյուրներ

խմբագրել

Ուշ միջնադարյան աղբյուրներում Աղուանք, Աղվանք անվանումների նշանակությունները հաճախ հստակ չեն, դա պայմանավորված է այն փաստով, որ այդ ժամանակ այլևս վաղուց գոյություն չունեին ոչ Աղվանք-Ալբանիա պետությունը, ոչ Առանշահիկների իշխանությունը։ Երբեմն իրենք՝ ուշ-միջնադարյան պատենագիրներն են շեշտում, որ «Աղվանք» ասելով նկատի ունեն Կուր և Արաքս գետերի միջև երկրամասը։ Օրինակ կարող է հանդիսանալ Մատթեոս Ուռհայեցին, որը նկարագրելով հայկական կենտրոնական նահանգների ծանր դրությունը, կրոնական երկպառակությունը, նշում է.

 

Սակայն նման տակնուվրայությունը և սրտմտությունը չկարողացավ մուտք գործել Աղվանից երկիրը, որ կոչվում էր Խորին Աշխարհ Հայոց, սուրբ առաքյալ Թադեոսի աթոռանիստը։ Այդ երկրում աթոռի բաժանում տեղի չունեցավ, մինչև այսօր այն մնաց անսասան՝ հայրապետով ու թագավորով[12]։

 

Ցարական ռուսաստանի պաշտոնական աղբյուրները Կուր գետի աջափնյակը համարել են հայկական, քանի որ այնտեղ «մինչեւ վերջերս հայերն են կառավարել»[13]։ Ռուս հետազոտող Նիկոլայ Ֆրոլովսկին շեշտել է, որ «Այդ տարածքների հնագույն բնակիչները հայերն են,իսկ թաթարները եկվորներ են Կասպից ծովի մյուս կողմից»[14]։

Հարատևումը Արցախում

խմբագրել

«Աղուանք», «Աղվանք» անվանումը երկար ժամանակ պահպանել է իր գործածությունը հատկապես Արցախում (Լեռնային Ղարաբաղ)։ Դրան նպաստել է այն հանգամանքը, որ Արցախի մելիքները համարվում էին հետնորդները այն Առանշահիկների, որոնք Միջնադարում հորջորջվել էին «Աղվանքի իշխան», «Աղվանքի թագավոր»։ Բացի այդ Գանձասարում պահպանվել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու չորս կաթողիկոսություններից մեկը՝ «Աղվանից կաթողիկոսությունը», որը հաստատվել էր IV դարում Գրիգոր Լուսավորչի կողմից և նպատակ ուներ ոչ միայն լինել Հայոց արևելից կողմանց հոգևոր կենտրոնը, այլև տարածել քրիստոնեությունը Աղվանք-Ալբանիայում, մինչև իսկ հյուսիսային Կովկաս։

XVIII - XIX դարերում Գանձասարի կաթողիկոսներ Եսայի Հասան-Ջալալյանի և Սարգիս Հասան-Ջալալյանի ստեղծված պատմագրական աշխատությունները վերնագրված էին «Աղուանից պատմություն»։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ստրաբոն,Աշխարհագրություն, գիրք XI, գլուխ 3,§2
  2. Պտղոմեոս,V, գիրք XI,11,§3
  3. Փավստոս Բիւզանդ,Պատմութիւն Հայոց, Տփղիս,1914,էջ 314
  4. грамоты и другие исторические документы 18-го столетия,относящиеся до Грузии,том 2,под ред. А.А. Цагарелу,СПб.1902,с. 11,прим. 1
  5. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, գիրք Բ, գլուխ Ը.
  6. Մովսես Կաղանկատվացի, Աղուանից պատմություն, Գիրք Ա, գլուխ Դ.
  7. Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան 1969, հատոր Ա
  8. Բ. Ա. Ուլուբաբյան,Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Եր., 1975,էջ 33
  9. Հայկական Սովետական Մեծ Հանրագիտարան, «Լեռնային Ղարաբաղ»
  10. Բ. Ա. Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Եր., 1975, էջ 39
  11. Բ. Ա. Ուլուբաբյան, Հազար տարեկան գիրք, որ նաև հազար հինգ հարյուր տարեկան է, «Գարուն», 1971,11-12,էջ 341
  12. Մատթեոս Ուռհայեցի, «Հայոց Պատմություն, Երևան 1973. մասն II, էջ 151։
  13. Акты,собранные Кавказской Археогеографической комиссией.под ред. Ад. Берже,том 6, часть I,Тифлис,1874,с. 840
  14. обозрение российских владений за Кавказом,ч. 2,СПб.,1836,с. 439

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 263  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվանք» հոդվածին։