Կոննի Գիլքրիստ (անգլ.՝ Connie Gilchrist, բեմական անուն, որով լայն ճանաչման է հասել Կոնստանս Մաքդոնալդ Գիլքրիստը (անգլ.՝ Constance Macdonald Gilchrist), հուլիսի 23, 1865(1865-07-23), Agar Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 9, 1946(1946-05-09)[1], Stewkley, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բնորդուհի, որը մանուկ և պատանի հասակում կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի, Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի[2], Ջոն Լավերիի, Ջորջ Ֆրենսիս Մայլզի, Ֆրենկ Մոնտեգյու Հոլլի, Ուիլյամ Փաուել Ֆրայթի համար, ֆոտոմոդել, դրամատիկական և երաժշտական թատրոնի դերասանուհի, մնջախաղ կատարող, բուռլեսկի պարուհի, գրող Լուիս Քերոլի մուսան 1877-1878 թվականներին, հետագայում՝ անգլիացի արիստոկրատ, Օրքնի 7-րդ կոմս Էդմոնդ Ուոլթեր Ֆիցմորիսի կինը (1892 թվականից)[3]։

Կոննի Գիլքրիստ
անգլ.՝ Constance Macdonald Gilchrist
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 23, 1865(1865-07-23)
ԾննդավայրAgar Town, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 9, 1946(1946-05-09)[1] (80 տարեկան)
Մահվան վայրStewkley, Բակինհեմփշիր, կոմսություն, Բաքինհեմշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և բնորդ
ԱմուսինEdmond Walter FitzMaurice, 7th Earl of Orkney?
Ծնողներհայր՝ David Gilchrist?[1]
ԵրեխաներLady Mary Constance Hamilton FitzMaurice?[1]
 Connie Gilchrist, Countess of Orkney Վիքիպահեստում

«Նրա գծերը ինչ-որ ձևով գրավել էին վիկտորյականների երևակայությունը»,- պնդել է Գիլդհոլլ պատկերասրահի ֆոնդապահ Քեթի Փիրսը[4]։ Նկարների մի ամբողջ շարք, որոնց համար Գիլքրիստը, լինելով աղջնակ, կեցվածք էր ընդունել, 2018 թվականին ներկայացվել են Լոնդոնում անցկացված ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր վիկտորյական Մեծ Բրիտանիայի երեխաներին։ Կոննի Գիլքրիստի կենսագրությունը հետաքրքրել է բրիտանական և ամերիկյան «The Daily Mail»[5], «The Guardian», «Smithsonian» խոշոր լրատվամիջոցներին[4]։ Նրա ճակատագրին են նվիրված Ռոյալ Հոլոուեյ համալսարանի վիկտորյական գրականության պրոֆեսոր Էնն Վարթիի մենագրության խոշոր բաժիններ (գիրքը 19-րդ դարի երկրորդ կեսին թատերական բեմում գտնվող երեխաների մասին էր), Սուրբ Մարիամ համալսարանի արվեստի ֆակուլտետում դասավանդող փիլիսոփայության դոկտոր Մարգարեթ Մաքդոնալդի հոդվածներ (Մեծ Բրիտանիայում 2001 թվականին լույս տեսած տեղեկագրքում, որը պարունակում էր մոդել-դերասանուհիների կենսագրություններ)[6][7]։

Կենսագրություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
Թիլդա Գիլքրիստը (Կոննիի մայր)՝ Ուիսթլերի բնորդուհի
  Թիլդա Գիլքրիստը «Թիլլի. մոդել» օֆորտում, 1873
  Թիլդա Գիլքրիստը «Թիլլի. մոդել» էտյուդում (գունամատիտ), 1870-1873

Կոնստանս Մաքդոնալդ Գիլքրիստը ծնվել է Հեմփշիր կոմսության Պորտս կղզում, 1865 թվականի հունվարի 23-ին[3] (մեկ այլ վարկածի համաձայն նա Լոնդոնի հյուսիս-արևելքում գտնվող Քամդեն շրջանում գտնվող Քինգս-Քրոս երկաթուղային կայարանի հետնախորշերի թաղամասից էր[4][8], որը 1851 թվականին գրող Ու. Մ. Թոմասը նկարագրել է որպես «ճահճուտ՝ լի կեղտով և թափոններով»[4])։ Նա Մաթիլդա Մարիա Գիլքրիստի (ի ծնե՝ Պորտեր) և մեխանիկ (անգլ.՝ «an engine smith») Դևիդ Գիլքրիստի դուստրն էր[3]։ Հայրը ծնվել էր Շոտլանդիայում, իսկ մայրը՝ Միլֆորդ Հեյվնում։ Կոնստանսը հինգ դուստրերից ամենակրտսերն էր[9]։ Ընդունված է կարծել, որ Կոննի Գիլքրիստի մայրը բնորդուհի Թիլլի Գիլքրիստն է, որը 1871 թվականին որպես նյու ժանրի մոդել կեցվածք է ընդունել Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի համար[6]։ Գիլդհոլլ պատկերասրահի ֆոնդապահ Քեթի Փիրսը կարծել է, որ աղջկա հանրահայտության շնորհիվ ընտանիքը փորձել է դուրս գալ չքավորությունից[4][8]։

Թատերական գործունեություն խմբագրել

 
Կոննի Գիլքրիստը ներկայացման համար կերպարում, 1870-ականների սկիզբ

Կոննի Գիլքրիստը բեմում առաջին անգամ հայտնվել է 1873 թվականին, երբ Դրուրի Լեյն թատրոնում «Ջեքը տուփում» ներկայացման մեջ խաղացել է Սնկերի արքայազնի դերը[8][10][11]։ Երեք տարի անց Ադելֆի թատրոնում Առլեկինի նրա դերակատարումը «Հնազանդ փոքրիկ» մնջախաղային մանկական ներկայացման մեջ (պիեսը, որտեղ աղջիկը խաղացել էր Առլեկինին, 1904 թվականի «Դրամայի բառարանում» անվանված է «Երեխաներն անտառում»[11]) նշանակալի ճանաչում է բերել[8] (1904 թվականի «Դրամայի բառարանը» և Էնն Վարթին աղջնակի առաջին ներկայացումն այս դերում համարում են 1874 թվականին և բախտորոշ չեն համարում Գիլքրիստի համար[11][10])։ 1875 թվականին նա Վեստ Էնդում արդեն խաղացել է սուրբծննդյան ներկայացումներում, իսկ 14 տարեկանում նա լրիվ աշխատանքային օրվա պայմանագիր է ունեցել լոնդոնյան Գեյթի թատրոնում (անգլ.՝ Gaiety Theatre), որտեղ «Փոքրիկ Ռոբին Հուդ» ներկայացման մեջ խաղացել է օրիորդ Մերիանին, իսկ Ուիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի «Արիել» ծաղրանմանակման մեջ՝ Միրանդային[4]։ Դերեր է խաղացել նաև «Կապույտ մորուքը» և «Պղպջակներ» ներկայացումներում[8][11]։ Չնայած, որ նա հանդես է եկել հարյուրավոր բեմական շոուներում՝ վերածվելով աստղի, նրանք, ովքեր հանդիպել են փոքրիկ մոդելին նկարիչների արվեստանոցներում, հիշում են նրան որպես բավականին տխուր փոքրիկ աղջնակի[8][4]։

Կոննի Գիլքրիստի մեջ երաժշտական թատրոնի դերասանուհու տաղանդը բացահայտել է իմպրեսարիո, լրագրող և գրող Ջոն Հոլինգսհեդը, որը դարձել է Լոնդոնի Գեյթի թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը[6]։ Նրա ուշադրությունն աղջկա հանդեպ գրավել է դերասան և դրամատուրգ Մոնտեգյու Ուիլյամսը[12]։ Հոլինգսհեդը գրել է. «Ես արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի, որպեսզի նրան հարմար լինի թատրոնում, և նա հատուցել է ինձ հանգիստ ու բարեկամական վերաբերմունքով և ինձ հետ մնալու վճռով, մինչ ես շարունակում եմ մեր ձեռնարկումը։ Նա մի քանի անգամ հնարավորություն է ունեցել «բարելավել իր դրությունը», հատկապես այն բանից հետո, երբ հաջողության է հասել միստր և միսիս Ֆլորենսների հետ Լիբբի դերով «Զորավոր դոլարը» ներկայացման մեջ։ Հնարավոր է, որ նա առաջատար դիրք ունենար Լոնդոնի կոմեդիայի թատրոնի անչափահաս դերասանուհիների շրջանում, սակայն նա մերժել է բոլոր առաջարկները, վերջին դեպքում՝ հակառակ իմ ցանկության»։ Հոլինգսհեդը դեմ էր թատրոնում երեխա դերասանների գոյությանը և բացառություն է արել միայն Գիլքրիստի համար[13]։

Որպես բուռլեսկի դերասանուհի Գիլքրիստը ճանաչման է հասել 1877 թվականին այն բանից հետո, երբ այդ թատրոնում կատարել է ոստյունապարանով աղջկա դեր։ Այդ նույն դերը նա հետագայում խաղացել է Վեսթմինսթերյան Ակվարիումում[3]։ Հասարակությունը Կոննիին անվանել է «Գեյթի թատրոնի յուրահատուկ աղջիկ»[8][5], «երեխա»[14]։ Քեթի Փիրսը նշել է, որ Գիլքրիստի գործունեությունն անցել է այլ ձև, քան Վիկտորյական դարաշրջանի շատ երեխաների կյանքը, որոնք չարչարվել են ֆաբրիկաներում, փողոցներն են ավլել, կատարել են այլ սև գործեր։ Նրա տեսանկյունի համաձայն՝ աղջիկը ենթարկվել է աշխատանքային շահագործման, ինչպես իր հասակակիցները, մանկական աշխատանքի վերաբերյալ օրենքի բացակայության պատճառով։ Փիրսը եզրակացություն է արել. «Թեպետ նա հասել է արտոնյալ դրության, դեռ վաղ տարիքից նա ճնշման է ենթարկվել, իսկ մայրն առհասարակ վատ է վերաբերվել նրան»[8]։ Աղջիկը շարունակել է հաճախ հանդես գալ բեմում, 1881 թվականին հատուկ նրա համար գրվել է Չառլզ Ջ. Ֆոսեթի «Պղպջակներ» կատակերգությունը, որում նա խաղացել է գլխավոր, աղախին Պոլլիի դերը։ Էնն Վարթին նշել է, այդ դերը ուշադրություն է գրավել երեխայից հասուն կնոջ նրա անցումային կարգավիճակին, նրանից պահանջվել է նախաձեռնողականություն և պատասխանատվություն, բայց նաև ցույց է տվել, որ աղջիկը «կարիք ունի խորհրդի և պաշտպանության»[13]։

Անձնական կյանք խմբագրել

 
Կոննի Գիլքրիստը նկարիչ Ֆրենկ Հոլլի դուստրերի հետ «Փոքրիկ Միմ» նկարազարդման համար, 1876

Ադա Հոլլը՝ նկարիչ Ֆրենկ Հոլլի դուստրը, իր հուշերում պատմել է, որ Կոննիի մայրը խիստ էր դստեր հանդեպ։ Մի անգամ Ադայի հայրը, գնալով Գիլքրիստների տուն, որպեսզի աղջկան հրավիրի կեցվածք ընդունելու, գտել է Կոննիին արցունքների մեջ։ Մայրը խփել էր նրան այն բանի համար, որ աղջիկը հրաժարվել էր լվանալ մազերը գիշերվա ժամը տասնմեկից հետո, քանի որ ուժասպառ էր եղել ծանր աշխատանքից[15][16]։ Նա ստիպված էր կեցվածք ընդունել նկարիչներից մեկի համար, այնուհետև շտապել տուն, որպեսզի լվացվի, իրեն կարգի բերի և սանրվի։ Դրանից հետո նա պետք է թատրոնում պարեր ողջ գիշեր և վերջապես մահու չափ հոգնելով՝ վերադառնար տուն, կրկին լվանար մազերը նոր աշխատանքային օրվա համար[16]։

Գիլքրիստը բեմից հեռացել է 1886 թվականին ԱՄՆ քաղաքներում հյուրախաղերից հետո։ Երկու հարուստ հովանավորները՝ Լոնսդեյլի 5-րդ կոմս Հյու Սեսիլ Լոութերը և Բոֆորտի 8-րդ դուքս Հենրի Չառլզ Ֆից-Ռոյ Սոմերսեթը[8], նրան տարել են բարձր հասարակություն։ Նրանցից մեկը տուն է ձեռք բերել Լոնդոնում, որը նախատեսված էր Գեյթի թատրոնի դերասանուհիների բնակության համար, որի սեփականատերը դարձել է Գիլքրիստը, իսկ մյուսը դարձել է նրա հոգեհայրը[4]։ 1892 թվականի հուլիսին Կոննի Գիլքրիստն ամուսնացել է անգլիացի արիստոկրատ, Օրքնի 7-րդ կոմս Էդմոնդ Ուոլթեր Ֆիցմորիսի հետ[3][8]։ Փեսացուն քսանհինգ տարեկան էր, իսկ հարսնացուն՝ քսանյոթ։ Ամուսնությունը կնքվել է Լոնդոնի կենտրոնում Բոլոր հոգիների անգլիկան եկեղեցում[17]։

Ամուսիններին է պատկանել Ֆիցմորիսի տունը Լոնդոնում, որը գտնվում էր Լեյթոն-Բազարդի մոտ[4], սակայն ժամանակի մեծ մասը նրանք անցկացրել են Բաքինգհեմշիրի արվարձանային կալվածքում[8]։ Ամուսնության արդյունքում ծնվել է նրանց դուստր Մերին, որը հետագայում դարձել է Նորխոլկի բարձր շերիֆի (դատական և վարչական պաշտոնյա Անգլիայում և ԱՄՆ-ում) կինը և ճանաչման է հասել որպես լեդի Մերի Կոնստանս Համիլթոն Գոսլինգ[3][14]։

Կոննի Գիլքրիստը մահացել է Բաքինգհեմշիրի կոմսության Ստյուկլի գյուղի կալվածքում 1946 թվականի մայիսի 9-ին[3]։ «Тhe Star» թերթում տպված «Համեստ խիզախություն» վերնագրով մահախոսականը, որը մի քանի տարի անց մահացած ամուսնու համար էր, ավելի շատ նվիրված էր Կոննիին, քան հանգուցյալին։ Լրագրողը նկարագրել էր նրա «երկար, նրբագեղ և անհավանական բարեկազմ ոտքերը» և «ամաչկոտ մանուշակագույն աչքերը, որոնք խիտ ծոպերիզի տակից ցորնագույն են երևում»։ Էնն Վարթին «Վիկտորյական Բրիտանիայի թատրոնի երեխաներ» գրքում հեգնանքով նշել է, որ կոմսի մահախոսականը գերազանցել է Ուիսթլերի «Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակությանը»[12]։

Ֆրեդերիկ Լեյթոնի մոդել խմբագրել

 
Ֆրեդերիկ Լեյթոն. «Փոքրիկ Ֆաթիմա», 1875

Կոննի Գիլքրիստը կեցվածք է ընդունել նկարիչների համար չորս տարի[4], սակայն ճանաչման է հասել 1870-ական թվականների սկզբին որպես գեղանկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի բնորդուհի[3][2]։ Լինելով Վիկտորյական դարաշրջանի մարդ՝ Լեյթոնը մտահոգված էր խիստ հասարակական պահանջներին իր կյանքի հետ համապատասխանությամբ։ Նրա ընկերները նրա մոտ նկատել են դրանից առաջացած լարվածություն։ Միայն փոքրիկ երեխաների հետ, որոնց հետ խոր կապվածություն էր զգում, Լեյթոնը կարողանում էր հանգստանալ։ Էդվարդ Բյորն Ջոնսը գրել է, որ «նա նկարել է երեխաներին իրական հիացմունքով»։ Լեյթոնն ստեղծել է երեխաների պատկերներով փոքր նկարներ, որոնք ավելի խոշոր աշխատանքների հետ նա ուղարկել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին[18]։

«Փոքրիկ Ֆաթիմա» նկար խմբագրել

Առաջին անգամ Կոննին Ֆրեդերիկ Լեյթոնի համար կեցվածք է ընդունել վեց տարեկանում «Կլեոբուլոսը սովորեցնում է իր դուստր Կլոեբոլուլինային» (անգլ.՝ «Cleobolos instructing his daughter Cleoboline», 1871, յուղաներկ գեղանկար կտավի վրա, գտնվելու վայրն անհայտ է) կտավի համար[3]։ Առաջին անգամ Կոննի Գիլքրիստը մեծ ճանաչման է հասել Լեյթոնի «Փոքրիկ Ֆաթիման» (անգլ.՝ «Little Fatima», հանդիպում է նաև «Երիտասարդ Ֆաթիմա», անգլ.՝ «Young Fatima» վերնագրով, մոտ 1875, ենթաշրջանակին փակցված պիտակի վրա առկա է «Ֆրեդ Լեյթոն / V / Փոքրիկ Ֆաթիմա» գրությունը, յուղաներկ գեղանկար կտավի վրա, մեկ այլ տարբերակում՝ կտավի վրա սոսնձած թղթի վրա, չափսը՝ 40,7 × 25,4 սմ, մեկ այլ տվյալի համաձայն՝ 39,50 × 24,00 սմ, նկարը ներկայացվել է 1875, 1897 և 1989 թվականների ցուցահանդեսներին Լոնդոնում[18][19]) նկարով, որը հասել է մինչև մեր օրերը, և որում Կոննին արաբ աղջնակի կերպարում է։ Կտավը 1875 թվականին ներկայացվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին։ Տեսնելով այնտեղ կտավը՝ The Art Journal թերթի գեղարվեստական քննադատը երիտասարդ բնորդուհուն անվանել է «ամենադյութիչ նազանքն ունեցող արևելյան փոքրիկ փերի»։ Այդ ժամանակներում Մեծ Բրիտանիայի ամենահայտնի քննադատ Ջոն Ռասկինը նշել է. «Կա ևս մեկ հիասքանչ, ծիրանագույն ծալազարդարանքով փոքրիկ միստր Լեյթոնի մոտ… որը անսահման առավել նրբին կլիներ վարդագույն զգեստով և Փեթի անվամբ»[6]։

«Փոքրիկ Ֆաթիմա» կտավի համար ոգեշնչման աղբյուր է դարձել մի աղջիկ, որին նկարիչը հանդիպել է Մերձավոր Արևելքում իր ճանապարհորդության ժամանակ։ Լեյթոնը գրել է նրա մասին իր օրագրում 1868 թվականին. «Իմ աշխատանքների հաճախակի ուղեկիցը իմ ընկերուհին է՝ փոքրիկ Ֆաթման (անգլ.՝ «Little Fatma»)՝ հաճելի փոքրիկ, հինգ տարեկան երեխա՝ վառ դեմքով ու երկշարք ամենասպիտակ ատամներով, որոնք ես երբևէ տեսել էի։ Նա նստում է ինձ մոտ, երբեմն նայում է նկարին, երբեմն նկարչին, ավելի հաճախ ներկերի համար արկղին… Երբեմն նա մտածկոտ նախշ է նկարում իր փոքրիկ շագանակագույն մատներով իմ փոշոտ կոշիկների վրա… Փոքրիկ թուրքերն այդքան լավը չէին, ինչքան Ֆաթման՝ փոքրիկ արաբուհին»։ 1873-1875 թվականների միջակայքում Լեյթոնը ստեղծել է Ֆաթիմայի կերպարը այդ նույն մանուշակագույն հագուստով և ամբողջ հասակով նման դիրքով կանգնած Դամասկոսի Մեծ մզկիթի ինտերիերում (ներկայումս այդ նկարը գտնվում է Փրեսթոնի Հարիսի թանգարանում և պատկերասրահում)[18]։ Թեպետ Լեյթոնի ոգեշնչման աղբյուրը եղել է Ֆաթման, 1875 թվականի նկարի բնորդուհին դարձել է Կոննի Գիլքրիստը։ Կտավը գտնվել է Ռոբերտ Կիրկման Հոջսոնի հավաքածուում (ենթադրաբար Ջեյմս Ստյուարտ Հոջսոնի՝ Լեյթոնի մոտ ընկերոջ ազգականը) մինչև 1924 թվականի վաճառքը։ Հետագայում նկարը բազմիցս ձեռքից ձեռք է շրջել աճուրդներում, վերջին անգամ այն վաճառվել է 2018 թվականի սեպտեմբերին 125 000 եվրոյով[19]։

 
Կոննի Գիլքրիստը Ֆրեդերիկ Լեյթոնի «Երաժշտության դաս» նկարում, 1877
 
Կոննի Գիլքրիստը Ֆրեդերիկ Լեյթոնի «Մանվածքի կծիկի փաթաթումը» նկարում, 1878
 
Կոննի Գիլքրիստը Ֆրեդերիկ Լեյթոնի «Ձեռագրի ուսումնասիրություն ընթերցանության պատվանդանի վրա» նկարում, 1877
 
Կոննի Գիլքրիստը Ֆրեդերիկ Լեյթոնի «Դափնեփորիա» նկարում, 1876

«Դափնեփորիա» նկար խմբագրել

Ֆրեդերիկ Լեյթոնի «Դափնեփորիա» նկարում (անգլ.՝ «Daphnephoria», հայերեն՝ «Դափնու կրումը», 1874-1876, գտնվում է Լեդի Լևերի պատկերասրահի հավաքածուում, Պորտ Սանլայթ, գույք № LL3632, յուղաներկ գեղանկար կտավի վրա, 231 × 525 սմ[20])։ Այդտեղ Կոննի Գիլքրիստի հետ պատկերված է կիսադեմով կանգնած, մեկը մյուսին նման, երգող փոքրիկ աղջիկների երգչախումբ[21][2], որոնք ունեն թմբլիկ դեմքեր, ծածանվող մազեր և լայն բացված բերաններ[6]։ «Ձեզ արդյոք չի՞ թվում, որ նրանք ճանճ են որսում»,-հեգնանքով գրել է բրիտանական հումորային «Պանչ» շաբաթաթերթը 1876 թվականի մայիսի 13-ին։ Մարգարեթ Ֆ. Մաքդոնալդը մոդելին նվիրված իր կենսագրական ակնարկում գրել է, որ աղջիկների մերկ ուսերը խմբին տալիս են «չափազանց զգայականություն»[6]։

Զմայլանքով երգող կերպարների շարքը, որոնք հիմնականում աղջիկներ են, ոգեշնչված է Վերածննդի շրջանի քանդակագործ Լուկա դելլա Ռոբիայի ծոփորից։ Երգողներ պատկերող այդ եզրազարդը ստեղծված է Ֆլորենցիայի մայր տաճարի վերնասրահում[22]։ Դափնեփորիան Հին Հունաստանի տոն է, որն անցկացվում է ինը տարին մեկ՝ ի պատիվ Ապոլլոնի։ Դա բազմաթիվ շքերթային հսկա նկարներից ամենավիթխարին է, որի վրա հիմնված է Լեյթոնի հեղինակությունը։ «Դափնեփորիան» ստեղծվել է նրա մոտիկ ընկեր և հովանավոր, բանկիր Ջեյմս Ստյուարտ Հոջսոնի ճաշասենյակի համար, որն ստիպված էր այն վաճառել 1890 թվականին Barings Bank-ի առաջին սնանկացումից հետո[20]։ Նկարը գնել է բրիտանացի հավաքորդ Ջոն Մաքքալոուն, որը հարստացել էր ավստրալիական ոսկու հանքերում։ Նրա հավաքածուն վաճառվել է 1913 թվականին, «Դափնեփորիան» ձեռք է բերել ձեռնարկատեր և մեկենաս, Լևերհուլմի առաջին վիկոնտ Ուիլյամ Լևերը։ Երբ նա մահացել է 1925 թվականին, թաղումից առաջ նրա գերեզմանին ծաղիկների հետ դրել են նաև այդ նկարը[22]։

Լեյթոնի այլ նկարներ խմբագրել

Կոննին պատկերված է նաև Լեյթոնի «Երաժշտության դաս» (անգլ.՝ «The Music Lesson», 1877, յուղանկար կտավի վրա, 93 × 95 սմ, Լոնդոնի Գիլդհոլի պատկերասրահ[3]) և «Ձեռագրի ուսումնասիրություն ընթերցանության պատվանդանի վրա» (անգլ.՝ «Study; at a Reading Desk», 1877, յուղանկար կտավի վրա, 63 × 72 սմ, Սադլի հաուս, Լիվերպուլ[23][3])[2]։ Այդ երկու նկարները 1877 թվականին ներկայացվել են Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսի ժամանակ։ The Art Journal ամսագրի գրախոս առաջին կտավն անվանել է «բոլոր ցուցահանդեսների արվեստի ամենավառ ստեղծագործությունը», իսկ Կոննիին՝ «հիասքանչ աղջիկ»[12]։ Երկու նկարներում էլ աղջիկը արաբական կենցաղին բնութագրական իրերով է շրջապատված, որը նկարիչը բերել էր Դամասկոսում ճանապարհորդությունից[24]։

Լեյթոնի և Գիլքրիստի վերջին նկարը եղել է «Մանվածքի կծիկի փաթաթումը» (անգլ.՝ «Winding the skein», մոտ 1878, յուղանկար կտավի վրա, 100,3 × 161,3 սմ, նկարիչը չի ստորագրել և չի թվագրել նկարը, Նոր Հարավային Ուելսի պատկերասրահ, Սիդնեյ, Ավստրալիա, ձեռք է բերվել 1974 թվականին[25][26][3])[12][2]։ 1867 թվականին Լեյթոնն այցելել է հունական Հռոդոս կղզի և տեղի բնորդուհիների ուրվանկարներ է արել տան տանիքի պատշգամբաձև շինվածքում, ինչպես նաև պատկերել է լայն ծովածոցի և քաղաքի դարավանդի տեսարանը։ Նա այդ գծանկարներով վերադարձել է 1877 թվականին՝ մեկնելով Իսպանիա հոկտեմբերյան պարզ երկնքի որոնումներով։ Արվեստաբանները նկարում գտել են անտիկ մոյրաների հիշատակություն, որոնք կծկում էին ճակատագրի թելը։ Եղանակն արդարացրել է նկարչի սպասելիքները և նա ստեղծել է նկարը հիշողություններով և էսքիզներով։ Կոննի Գիլքրիստը կեցվածք է ընդունել նկարչի մոտ աղջկա կերպարի համար[25]։

Լեյթոնը դադարել է նկարել Գիլքրիստին մոտ 1878 թվականին, երբ նա ճանաչման է հասել որպես դերասանուհի և ֆոտոմոդել[6]։

  Արտաքին պատկերներ
Ուիսթլերի ուրվանկարները «Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակություն։ Ոսկե աղջիկ՝ Կոննի Գիլքրիստ» նկարի համար
  Ուրվանկար M.0709, 1878
  Ուրվանկար M.0710, 1879


Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի նկարներում խմբագրել

«Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակություն։ Ոսկե աղջիկ՝ Կոննի Գիլքրիստ» խմբագրել

 
Կոննի Գիլքրիստը Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի «Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակություն։ Ոսկե աղջիկ՝ Կոննի Գիլքրիստ» նկարում
 
Կոննի Գիլքրիստը Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի «Կապույտ աղջիկը. Կոննի Գիլքրիստի դիմանկար» նկարում

Ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերն այցելել է Գեյթի թատրոն ամբողջ տարի՝ ստեղծելով դերասանների դիմանկարները։ Նա ստեղծել է «Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակություն։ Ոսկե աղջիկ՝ Կոննի Գիլքրիստ» նկարը (անգլ.՝ «Harmony in Yellow and Gold: The Gold Girl - Connie Gilchrist», յուղանկար կտավի վրա, 217,8 × 109,5 սմ, ներկայումս գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, որպես նվեր Ջորջ Հիրնի կողմի 1911 թվականին[27][28]) Կոննի Գիլքրիստի ամբողջ հասակով դիմանկարն է թատրոնի բեմում ցատկապարան թռչելիս (Էնն Վարթին սխալմամբ կարծել է, որ դա առաջին նկարն է, որի համար կեցվածք է ընդունել Կոննի Գիլքրիստը[10])։ Կոննին կեցվածք է ընդունել նկարչի համար նրա արվեստանոցում[14]։ «Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակություն։ Ոսկե աղջիկ՝ Կոննի Գիլքրիստ» նկարն ավարտին է հասցվել 1877 թվականին, երբ բրիտանացի դերասանուհի և աշխարհիկ տիկին Լիլի Լենգթրին տեսել է այն Ուիսթլերի արվեստանոցում։ Այդ ժամանակ աղջնակն այնքան հայտնի էր, որ Լանգթրին, որը խոստովանել է, թե «տեսել է Կոննի Գիլքրիստին, բայց միայն մի անգամ», համոզված էր, որ դիմանկարում պատկերված է հենց երիտասարդ դերասանուհին[29][30][31]։ 1880-ական թվականներին նկարը գնել է համայնքների պալատի պատգամավոր, Լիբերալ կուսակցության անդամ Հենրի Լաբուշերը։ Ուիսթլերը հետագայում ժամանակավորապես հետ է վերցրել կտավը, որպեսզի աշխատի կրկին։ Նկարը շարունակել է գտնվել Ուիսթլերի արվեստանոցում մինչև 1903 թվականին նրա մահը և միայն դրանից հետո է հետ վերադրձվել Լաբուշերին[30][31]։

Քննադատ Չառլզ Պասկոն Ուիսթլերի «Դեղինի և ոսկեգույնի ներդաշնակություն։ Ոսկե աղջիկ՝ Կոննի Գիլքրիստ» նկարում Գիլքրիստին նկարագրել է որպես բավականին համակրելի տասնվեցամյա աղջկա՝ վուշագույն մազերով, բաց շագանակագույն հագուստով և մետաքսե սև զուգագուլպաներով, իսկ հենց նկարը՝ որպես զգայական և ռեալիստական դիմանկար առանց հնարովի գեղարվեստական էֆեկտների[6][32]։ Միսիս Հենրի Ադամսը 1879 թվականի հունիսի 15-ին կտավը նկարագրել է հետևյալ կերպ. «Կոննիի հագին ֆլանելե բաճկոն է, որը հասնում է մինչև ազդրեր… պայուսակը և մետաքսե բարձրակրունկ ճտքավոր կոշիկները Լյուդովիկոս XV-ի նորաձևության ոճով են, նա կարմիր բռնակներով ցատկապարանով է թռչում»[33][14]։ «Նյու Յորք Թայմս» թերթը հաղորդել է, որ «նրա պարզասրտությունը [գերել է] բոլորի սրտերը»[8]։ Գրոսվենոր պատկերասրահի ցուցադրության ժամանակ նկարը քննադատությունների է արժանացել[6]։ Тhe London Express-ը 1879 թվականի մայիսի 24-ին գրել է. «Միսս Կոննի Գիլքրիստի կրթությունը հավանաբար այնքան աղքատիկ է, որքան նրա հագուստը, և անկասկած անհրաժեշտ է նրան հուշել, որ [նկարի անվանումը]՝ «Ոսկե աղջիկ», զրպարտություն է նրա արտաքինի հանդեպ»։ The Mask հրատարակչությունում լույս տեսած «Ոսկեջրված ուրախություն… Կոննի, որի մասին ոչ ոք չի մտածում» վերնագրված ծաղրանկարում Գիլքրիստն է, որը կանգնած է հսկայական թիթեռին հակառակ (Ուիսթլերի միացագիր)։ Մամուլը անուղղակիորեն շոշափել է բարոյական խնդիրներ, այդ թվում և հետևյալը. «Արդյո՞ք աղջկա երիտասարդությունը ընդունելի է դարձնում այդ բեմական դերի համար բավականին ճչան հագուստը»։ Ինքը՝ Ուիսթլերը դժգոհ էր նկարից մեկ այլ պատճառով։ Ի տարբերություն թանաքով արված ուժեղ և արտահայտիչ պատկերների՝ նրա կարծիքով նկարը զուրկ էր կյանքից, և հիասթափված նկարիչն անգամ ցանկացել էր ոչնչացնել այն[33]։

Պահպանվել են նկարչի ստեղծած գծանկարները, որոնք արվել են մշակման ընթացքում։ Դրանցից մեկի գտնվելու վայրը ներկայումս անհայտ է (1878 թվական, նկարն արված է թանաքով, հավանաբար սպիտակ թղթի համար, չափը՝ 9,8 × 4,8 սմ, ստորագրության փոխարեն դրված է թիթեռ՝ Ուիսթլերի նշանը, վերին ձախ անկյունում՝ մոդելի բեմական անունը)[34]։ Երկրորդ գծանկարը գտնվում է Բրիտանական թանգարանում (1879 թվական, նկարն արված է շագանակագույն թանաքով կրեմագույն թղթի վրա, չափը՝ 15,2 × 9,2 սմ կամ 15,4 × 9,4 սմ, գույք՝ № 1914,0417.2)[35][36]։ Պահպանվել են և այլ գծանկարներ[27]։

Կոննի Գիլքրիստ և Ուիսթլերի «կապույտ աղջիկներ» խմբագրել

  Արտաքին պատկերներ
Ուիսթլերի «Սկերցո կապույտով. կապույտ աղջիկ» նկարը (գտնվելու վայրն անհայտ է)
  «Սկերցո կապույտով. կապույտ աղջիկ» նկարի լուսանկար
  Ուոլթեր Սիքերթ «Ուիսթլերի արվեստանոցը» (աշխատանքը վաճառվել է Քրիստիս աճուրդում 2016 թվականին), որտեղ պատկերված է Ուիսթլերի նկարը

Ուիսթլերի երկրորդ նկարը, որի համար բնորդուհի է եղել Կոննի Գիլքրիստը, 1879 թվականին սկսած «Կապույտ աղջիկը. Կոննի Գիլքրիստի դիմանկարն» է (անգլ.՝ «The Blue Girl: Connie Gilchrist», յուղանկար կտավի վրա, 188,9 × 88,6 սմ, Գլազգոյի համալսարանի Հանթերիան պատկերասրահ, գույք՝ № GLAHA 46320[37])։ Այդ ժամանակ աղջիկը գտնվում էր իր փառքի պիկում։ Գիլքրիստին պատկերող նկարը մնացել է անավարտ, սակայն Մարգարեթ Ֆ. Մաքդոնալդի խոսքերով՝ այդ աշխատանքի թարմությունը և անմիջականությունը նպաստել են «նրա երիտասարդ նրբագեղության բանաստեղծական բացահայտմանը»[33]։ «Կապույտ աղջիկը» մնացել է նկարչի սեփականությունը մինչև նրա կյանքի վերջը, երբ Ուիսթլերի կտակի համաձայն՝ փոխանցվել է Գլազգոյի համալսարանին[30]։ Մեկ այլ տարբերակի հանաձայն՝ նկարը պատկերասրահում է հայտնվել 1935 թվականին Ռոզալինդա Բիրնի Ֆիլիպի նվիրատվությամբ[37]։

Նկարիչ և հուշագիր Թոմաս Ռոբերտ Ուեյը Ուիսթլերի մասին իր հիշողությունների գրքում գրել է, որ Կոննի Գիլքրիստը կեցվածք է ընդունել նաև «Սկերցո կապույտով» (անգլ.՝ «Scherzo in Blue») նկարի համար, սակայն գեղանկարիչը մեկնել է Վենետիկ, իսկ երբ վերադարձել է, կտավն ավարտել է մեկ այլ բնորդուհու հետ[38]։ Նոր բնորդուհին դարձել է Մոդ Մերի Ուոլերը (1862-1942, հետագայում՝ միսիս Մոնկ)։ Համաձայն Ուեյի՝ Ուիսթլերը աշխատել է նկարի վրա 1880 թվականին, սակայն ժամանակակից արվեստաբանները դրա ստեղծումը վերագրում են 1882-1884 թվականներին։ Նկարն ստեղծվել է կտավի վրա յուղաներկ գեղանկարի տեխնիկայով, գտնվելու վայրը ներկայումս հայտնի չէ։ Աղջկա դիմանկարն արված է ուղղահայաց ձևով։ Նա կանգնած է, ոտքերը լայն բացված են, ձեռքերը կոնքերին են։ Նրա հագին մինչև ծնկները շրջազգեստ է, վրայից՝ երկար բաճկոն։ Աղջիկն ունի երկար մազեր, որոնց վրա փետուրով գլխարկ է։ Այդ կտավի դիրքը և հագուստը ոճով մոտ են Էլինոր Լեյլանդի դիմանկարին («Կապույտ աղջիկը. միսս Էլինոր Լեյլանդի դիմանկար», YMSM 111)։ «Սկերցո կապույտով. կապույտ աղջիկ» նկարը Ուիսթլերի «Կապույտ աղջիկներ» շարքի վերջինն է։ «Սկերցո կապույտով. կապույտ աղջիկ» նկարի միակ պահպանված լուսանկարը ժամանակակից արվեստաբանների համար նկարի մասին հիմնական տեղեկատվությունն է պարունակում։ Ենթադրվում է, որ կտավի չափերն են 191 × 99 սմ։ Բրիտանացի նկարիչ Ուոլթեր Սիքերթի էտյուդը պահպանել է Ուիսթլերի արվեստանոցը «Սկերցո կապույտով» նկարի վրա աշխատելիս։ Սիքերթը պատկերել է նկարը մոլբերտի վրա և նկարչի համար կեցվածք ընդունած շիկամազ բնորդուհուն (Կոննի Գիլքրիստին կամ Մոդ Մերի Ուոլլերին) հեռվից[39]։

Կոննի Գիլքրիստ և այլ նկարիչներ խմբագրել

 
Ֆրենկ Հոլլ. «Ես եմ հարությունը և կյանքը», կամ «Գյուղական թաղում», 1872
 
Ֆրենկ Հոլլ. «Դասալիք», 1874

Անգլիացի դիմանկարիչ Ֆրենկ Մոնտեգյու Հոլլի մշտական մոդելներից մեկը՝ միսիս Դոուն, խորհուրդ է տվել նրան իր չորսամյա ազգական Կոննիին, իսկ հետո նրան տարել է ստուդիա։ Հոլլի դուստր Ադան հիշել է. «Երեխան նրբին փոքրիկ էակ էր, խոնարհ և լսող, զարմանալիորեն խելացի… հիասքանչ փոքրիկ մոդել էր»։ Հոլլի դուստրեր Ադան և Օլիվը ընկերացել են Կոննիի հետ, խաղացել են նրա հետ մանկասենյակում, եղել են նրա մասնակցությամբ ներկայացումներին։ Թեպետ Ադան հիշել է, որ Կոննին բազմիցս կեցվածք է ընդունել իր հոր համար, ժամանակակից արվեստաբանները համոզվածությամբ նույնացրել են նրա դեմքը միայն երկու նկարում՝ «Ես եմ հարությունը և կյանքը» (անգլ.՝ «I am the Resurrection and the Life», յուղաներկ գեղանկար կտավի վրա, 116,8 × 162,6 սմ, Լիդսի պատկերասրահ, գույք № LEEAG.PA.1894.0016)[40], «Դասալիք» (անգլ.՝ «A Deserter», 1874) և ենթադրաբար «Դեմքը կրակում» (անգլ.՝ «Faces in the Fire», 1867, Էշմոլի թանգարան, Օքսֆորդ, 46,5 × 67,5 սմ, կտավն ստորագրված և թվագրված է «F. Holl 1867»)[41]։

Քննադատները ենթադրում են սակայն, որ Հոլլը 1871 թվականի վերջին սկսել է աշխատել The Graphic թերթի նկարազարդումների վրա, իսկ նկարների ստեղծման համար խիստ ժամկետները պահանջում էին, որ Կոննին մշտապես կեցվածք ընդունի[15]։ Հայտնի է, որ նա եղել է Ու. Գիլբերտի «Փոքրիկ Միմի» նկարազարդման մոդելը։ Նա այդ ժամանակ եղել է մոտ տասը տարեկան։ Կոննին առանց ընդմիջման կեցվածք է ընդունել մոտ հինգ ժամ և այնպես է ուժասպառ եղել, որ հազիվ է կարողացել քայլել։ Հոլլը և նրա կինը ստիպված էին նեցուկ լինել աղջկան[16]։

Վիկտորյական շրջանի անգլիացի նկարիչ Լուիզա Ջեյն Ջոպլինգը հիշել է, որ գեղանկարիչ «Ջորջ Ֆրենսիս Մայլզը … նախկինում հաճախ էր նկարում այդ հաճելի փոքրիկ մոդել Կոննի Գիլքրիստին։ Նա իր վրա է հրավիրել բարձր հասարակության ուշադրությունը՝ հրավիրելով աղջկան ներկա լինելու իր արվեստանոց Ուելսի արքայազնի այցի ժամանակ»[42][33]։ Մայլզի տիպիկ աշխատանքը, որը թվագրված է 1882 թվականին («Կոննի Գիլքրիստ», մատիտ, թուղթ, մասնավոր հավաքածու[6]) պատկերում է Գիլքրիստի դեմքը՝ ծանր կոպերի տակից փայլուն աչքեր կեռացած լայն հոնքերով, ուղիղ երկար քիթ և փոքրիկ բերան, դեմքի կլոր ձև՝ ընդգծված կարճ ալիքաձև մազերով։ Մայլզի ընտրած նուրբ ֆոկուսի տեխնիկան նրա դասական դիմագծերին դիմանկարում պարգևում է յուրատեսակ անանունություն[33]։ Բրիտանացի նկարիչ Ջոն Լավերին պատկերել է Կոննի Գիլքրիստին իր «Նրա առաջին հիասթափությունը» (անգլ.՝ «Her First Disappointment», 1880, կտավ, յուղաներկ, 68,5 × 51 սմ[43], մասնավոր հավաքածու[3]) նկարում։ Տեսաբան Սանդա Միլլերը Լավերիի ստեղծագործությունների 1984 թվականին Բելֆաստում կայացած ցուցահանդեսի իր հաշվետվության մեջ այդ կտավն անվանել է «երիտասարդական անշնորհք կոմպոզիցիա»[44]։

Կոննի Գիլքրիստ և Լուիս Քերոլ խմբագրել

Գրող և մաթեմատիկոս Լուիս Քերոլն առաջին անգամ աղջկան տեսել է Ադելֆի թատրոնում 1877 թվականի հունվարի 13-ին մնջախաղային «Հնազանդ փոքրիկ» ներկայացման մեջ, որտեղ խաղում էին միայն երեխաներ, իսկ Կոննին Առլեկինի դերում էր[45][46][12]։ Քերոլը իր փոքրիկ մոդելի Էվելին Հաթչի ընկերակցությամբ էր[12]։ Գրողն իր օրագրում գրառում է արել այդ նույն օրը, որ Կոննին «ամենագեղեցիկ երեխաներից մեկն է ինչպես դեմքով, այնպես էլ մարմնով, որպիսին ինքը երբևէ տեսել է[8][6][46][47][12]։ Ես պետք է նրան լուսանկարելու հնարավորություն ստանամ»[6]։ Քերոլը աղջկան ուղարկել է «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի օրինակ[45][12][9] և Կոնստանս անվամբ ակրոստիքոս՝ միաժամանակ հարց տալով նրա մորը Կոննիի լրիվ անվան մասին, որպեսզի ակրոստիքոս գրի նաև նրա համար (գրողի համար ակրոստիքոս կազմելը լուսանկարելու նախաբանն էր)։ Մաթիլդա Գիլքրիստը ընդունել է գրողի նվերը և ուղարկել դստեր լրիվ անունը՝ «Կոնստանս Մաքդոնալդ Գիլքրիստ»[46][9]։ Պրոֆեսիոնալ ստուդիաներում արված երկու լուսանկարները դրոշմել են այն Կոննիին, որպիսին նրան տեսել է այդ ժամանակ Քերոլը։ Առաջինը ցույց է տալիս աղջկա դեմքը խոշոր պլանով։ Երկրորդում դերասանուհին պատկերված է մանրամասն մտածված հագուստով, ցատկապարանով, որ կախված է նկարի ձախ մասում գտնվող սեղանից։ Սասեքսի համալսարանի անգլերենի պրոֆեսոր և տեսողական արվեստի կենտրոնի տնօրեն Լինդսի Սմիթը նշել է, որ այդ լուսանկարում հագուստը դժվար բնույթ ունի, ինչն ընդգծում է աղջկա մարմնի անդրոգինությունը[48]։

Գիլքրիստի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելով (Քեյթ Ռայթի խոսքերով՝ կես ժամ[9])՝ Քերոլը նկատել է նրա նրբությունը, համեստությունը և ամաչկոտությունը[8][46][9]։ Այդ նույն տարվա հուլիսի 2-ին Քերոլը տարել է աղջկան Թագավորական ակադեմիա, որը մեծ տպավորություն է թողել աղջկա վրա[49][50][12][2], հատկապես այն բանից հետո, երբ Գիլքրիստն այնտեղ տեսել է իրեն Ֆրեդերիկ Լեյթոնի «Երաժշտության դաս» նկարում[2][50][6][12][51]։ Լինդսի Սմիթը կարծել է, որ Ակադեմիա այցելելու նպատակը հենց Լեյթոնի երկու նկարները տեսնելն էր, որոնք գտնվում էին այնտեղ և որոնց համար կեցվածք էր ընդունել Կոննին՝ «Երաժշտության դաս» և «Ձեռագրի ուսումնասիրություն ընթերցանության պատվանդանի վրա»։ Ակադեմիա այցելելուց հետո[47][52] Քերոլը կրկին իր օրագրում գրել է «ամենահիասքանչ երեխայի մասին (և՛ դեմքով, և՛ մարմնով), որին ես երբևէ իմացել եմ»։ «Կուզենայի անել նրա 100 լուսանկար»,- երազել է նա[48][47][12][9]։ Քերոլը նույնիսկ պլան է մշակել, ինչը թույլ է տվել նրան լուսանկարել աղջկան. «Մտածել եմ պլան, որը թվում է ավելի իրատեսական, քան ես երբևէ մտածել եմ, որպեսզի ստանամ Կոննի Գիլքրիստի նկարները. մնալ Լոնդոնում, նրան տանել Օքսֆորդ վաղ գնացքով և վերցնել նրան երեկոյան։ Դա տալիս է ինը ժամ Օքսֆորդում և լինում է ավելի շատ, քան նրա և ուղեկցողի համար վճարելը, որը կարող է հոգս լինել»։ Արդյոք իրականացվել է այս պլանը, անհայտ է մնում[47][13][51]։

1877 թվականի հոկտեմբերի 2-ին «Կարմիր գլխարկ» ներկայացումից հետո Քերոլը Գիլքրիստին անվանել է Ադելֆի թատրոնի «ամենագեղասքանչ առլեկինը»[6][49], սակայն մեկ տարի անց աղջկա թարմությունը գրողի աչքերում խամրել է (Լինդսի Սմիթը նշել է, որ դա համընկել է աղջկա սեռական հասունացման շրջանի հետ[48]) Քերոլը, Գեյթի թատրոնում նայելով «Փոքրիկ դոկտոր Ֆաուստը», 1878 թվականի հոկտեմբերի 2-ին հիասթափված գրել է. «Կոննի Գիլքրիստը Զիբելի դերում էր. նա կորցնում է իր գեղեցկությունը և չի կարողանում խաղալ, սակայն «Ցատկապարանով պար» հին համարը նա կատարեց հիասքանչ»[6][8][48][49][13][51]։

Կոննի Գիլքրիստի լուսանկար CLD մոնոգրամով խմբագրել

Կոննի Գիլքրիստի լուսանկարը, որը ձևավորել է Լուիս Քերոլը
Միսս Կոննի Գիլքրիստ, 1882
Միսս Կոննի Գիլքրիստ (դարձերես), 1882

Լուսանկարի (15,7 × 10,7 սմ[53]), որը ներկայումս պահվում է Փենսիլվանիա նահանգի գրադարանում (ձեռք է բերվել 1971 թվականին Լոնդոնի Դ'Օֆֆե և Կուպեր պատկերասրահից[49]) հետևին մեկ անընդմեջ տողով, մանուշակագույն[49] մոնոգրամով ստորագրված է CLD (Չառլզ Լյութվիջ Դոջսոն՝ Լուիս Քերոլի իրական անունը)[54][49]։ Այդ լուսանկարում Կոննին մեկ ոտքը բարձրացրած կանգնած է արվեստանոցի այգու սանդուղքին, կոշիկները բարձրակրունկ են, կողքից կապիչով։ Կոշիկներն ընդգծում են նրա բարեկազմ ոտքերը։ Աղջիկը շատ երիտասարդ տեսք ունի։ Մուգ մազերն ալիքավոր իջնում են, Կոննիի հագին մինչև ծնկները հասնող մուգ զգեստ է՝ փոթազարդերով բարձր օձիքով։ Զգեստը գոտևորում է նրա ազդրերը ծալազարդերով, որոնք հետևից հավաքված են հսկայական փնջիկով։ Մարգարեթ Մաքդոնալդի խոսքերով՝ նկարի պարունակած զգայականությունն ընդգծվում է լուսանկարի կոպիտ երանգավորմամբ։ Հագուստը կարող է թվագրվել մոտավորապես 1882 թվականի[54]։ Կա ենթադրություն, որ այդ նկարն ստեղծել է հենց Լուիս Քերոլը։ Գրողը հավաքել է այլ վարպետների լուսանկարների ալբոմ, սակայն լուսանկարիչ և գեղարվեստական քննադատ Չառլզ Մաննը կարծել է, որ Քերոլը իր մոնոգրամը, որին նա մեծ նշանակություն էր տալիս, չէր դնի օտար լուսանկարի վրա։ Մաննը գրել է, որ թեպետ լուսանկարն այդքան կոպիտ է գունավորված, Քերոլը չի առարկել լուսանկարի ներկմանը[49]։

Մարգարեթ Ֆ. Մաքդոնալսի կարծիքով՝ այդ լուսանկարը կարող էր լինել Կոննի հետ արված երկու լուսանկարներից մեկը, որոնք երեխաների 22 լուսանկարների շարքում էին և կատարել էր Քերոլը 1882 թվականին։ Գիլքրիստի երկրորդ լուսանկարում, որը պահպանվել էր Քերոլի հավաքածուում, աղջիկը պատկերված է խոշոր պլանով, նույն սանրվածքով և նման հագուստով։ Մարգարեթ Մաքդոնալդը այն թվագրում է մոտավորապես 1882 թվականին, թեպետ մեկ այլ արվեստաբան՝ Մաասը, առաջարկել է ավելի ուշ տարեթիվ՝ 1885 թվականը։ Գիլքրիստը լուսանկարում ունի նեղ կիսադեմ, փոքր-ինչ բարձր ուղիղ քիչ, փոքրիկ բերան, ծանր հոնքերով աչքեր և մեծ ականջներ, որոնցից կախված են ծաղկի ձև ունեցող ականջօղեր։ 17 տարեկանում Կոննին բավականին փոքր է երևում, սանրվածքը ստվերում է նրա երիտասարդությունը։ Նրա հասարակական իմիջը ընդգծել են պարուհու արտաքինը, նույնիսկ այն պարագայում, երբ մեծացել է համապատասխան տարիքից[54]։

Այլ վարպետների լուսանկարներում և վիմատիպ նկարներում խմբագրել

Կոննի Գիլքրիստը դարձել է իր ժամանակների ամենաշատ լուսանկարված երիտասարդ դերասանուհին[17]։ Մեծ քանակությամբ տպագրվել են ոչ միայն նրա լուսանկարները, այլև բեմական կերպարներով Գիլքրիստի վիմատիպ դիմանկարները։ Ալինայի պարզ գունային գունավիմագրությունը (Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն, 32,4 × 20,6 սմ, նվեր Թերենս Պեպպերից 2014 թվականին, գույք № NPG D42844[55]) 1883 թվականին «Չառլզ Գուդոլ և որդիներ» ֆիրմայում տպագրվել է «Հասարակական դիմանկարներ» շարքում 25 համարով։ Այնտեղ պատկերված է Կոննին «Կապույտ մորուք» ներկայացման քույր Էննի կերպարով և տեղադրված է վիմագրական ստորագրություն։ Երիտասարդությունը և անմեղությունն ընդգծում են ծղոտե գլխարկը, կարճ մազերը, պարանոցի մարգարտե վզնոցը և կարճ բոլորածալերով զգեստը։ Զգեստը թույլ է տալիս ցուցադրել բարեկազմ ոտքերը, բարձրակրունկ կոշիկները, ցածր քառակուսաձև կտրվածքն ընդգծում է բնորդուհու կուրծքը, իսկ շրջազգեստի ձիգ սեղմիրանը ցույց է տալիս նեղ գոտկատեղը։ Որպես մոդել և դերասանուհի՝ նա իր գործունեության ընթացքում «հենվել է» իր երիտասարդության, առողջության, ֆիզիկական կարողությունների և գեղեցիկ արտաքինի վրա։ Կոննի Գիլքրիստն ավարտել է իր բեմական և մոդելային գործունեությունը 27 տարեկանում, երբ ամուսնացել է երիտասարդ արիստոկրատի հետ, որը փոքր էր նրանից տարիքով[54]։

Երիտասարդ դերասանուհուն բազմիցս լուսանկարած վարպետների շարքում էին Վիկտորյա թագուհու անձնական լուսանկարիչ և W. & D. Downey ֆոտոստուդիայի սեփականատեր Ուիլյամ Դաունին[56], հոլանդական ծագմամբ անգլիացի նկարիչ և լուսանկարիչ Հենրի վան դեր Վեյդեն, որը հայտնի է որպես լուսանկարչության մեջ էլեկտրականության առաջին օգտագործողներից մեկը[57], լուսանկարիչ, Մեծ Բրիտանիայի վիկտորյական բարձր հասարակության ներկայացուցիչների նկարահանումներում մասնագիտացած Ալեքսանդր Բասանոն[58], վիկտորյական դարաշրջանի ականավոր վիմագրիչ Ալֆրեդ Կոնկանենը, որը ճանաչման է հասել նոտաների համար կազմերի նկարազարդումներով[59]։

Կոննի Գիլքրիստը Վիկտորյայի և Ալբերտի թանգարանի հավաքածուի 1870-ական թվականների թատերական լուսանկարներում

Տես նաև խմբագրել

  • Միննի Թերրի (1882-1964)՝ Կոննի Գիլքրիստի կրտսեր հասակակիցը, ֆոտոմոդել և 19-րդ դարի 80-90-ական թվականների բավականին հայտնի երեխա դերասանուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Ormond, Ormond, 1975, էջ 133
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Macdonald, 2001, էջ 221
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Thorpe, 2018
  5. 5,0 5,1 Stickings, 2018
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 Macdonald, 2001, էջ 222
  7. Varty, 2008, էջ 66-69
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Solly, 2018
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Wright, 2010, էջ 13
  10. 10,0 10,1 10,2 Varty, 2008, էջ 66
  11. 11,0 11,1 11,2 11,3 Adams, 1904, էջ 579
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 Varty, 2008, էջ 67
  13. 13,0 13,1 13,2 13,3 Varty, 2008, էջ 68
  14. 14,0 14,1 14,2 14,3 Metropolitan, 1965, էջ 373
  15. 15,0 15,1 Sellars, 2013, էջ 78
  16. 16,0 16,1 16,2 Gilmartinl, 2013, էջ 106
  17. 17,0 17,1 Varty, 2008, էջ 69
  18. 18,0 18,1 18,2 Gordon Е. (2018 թ․ սեպտեմբերի 26). «Frederic, Lord Leighton, PRA RWS HRCA HRSW (1830-1896). Little Fatima (England, c.1875)» (անգլերեն). Peter Nahum At The Leicester Galleries. London, UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. 19,0 19,1 Gordon Е. (2018 թ․ սեպտեմբերի 26). «Frederic, Lord Leighton, PRA (British, 1830-1896). Little Fatima» (անգլերեն). Bonhams. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. 20,0 20,1 «Lord Leighton (1830-1896). «The Daphnephoria», 1874-1876» (անգլերեն). Lady Lever Art Gallery. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  21. Ash, 1998, էջ Plate XVII с комментарием
  22. 22,0 22,1 «Lord Leighton (1830-1896). «The Daphnephoria», Artwork details» (անգլերեն). Lady Lever Art Gallery. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «Lord Leighton (1830-1896). «Study; at a Reading Desk»» (անգլերեն). The Royal Borough of Kensington and Chelsea. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  24. Ash, 1998, էջ Plate XVIII и Plate XIX с комментарием
  25. 25,0 25,1 Trumble, 2007, էջ 196
  26. «Lord Leighton (1830-1896). Winding the skein, circa 1878» (անգլերեն). Art Gallery of New South Wales. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  27. 27,0 27,1 Metropolitan, 1965, էջ 376
  28. «Harmony in Yellow and Gold: The Gold Girl - Connie Gilchrist, ca. 1876–77. James McNeill Whistler» (անգլերեն). The Metropolitan Museum of Art. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  29. Langtry, 2000, էջ 59-60
  30. 30,0 30,1 30,2 Varty, 2008, էջ 66-67
  31. 31,0 31,1 Metropolitan, 1965, էջ 377
  32. Metropolitan, 1965, էջ 375
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 Macdonald, 2001, էջ 223
  34. «M.0709 Sketch of 'Harmony in Yellow and Gold: The Gold Girl - Connie Gilchrist'» (անգլերեն). The Work of James McNeill Whistler (1834-1903). A Catalogue Raisonné. 19th January 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  35. «M.0710 Sketch of 'Harmony in Yellow and Gold: The Gold Girl - Connie Gilchrist'» (անգլերեն). The Work of James McNeill Whistler (1834-1903). A Catalogue Raisonné. 19th January 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  36. «Sketch for the portrait of Connie Gilchrist with a skipping rope; whole-length, and turned slightly to right. James McNeill Whistler» (անգլերեն). Trustees of the British Museum. 19th January 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  37. 37,0 37,1 «The Blue Girl: Connie Gilchrist. James Abbott McNeill Whistler (1834-1903). Hunterian Art Gallery, University of Glasgow» (անգլերեն). Art UK. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  38. Way, 1912, էջ 30
  39. «YMSM 226. Scherzo in Blue: The Blue Girl» (անգլերեն). The Work of James McNeill Whistler (1834-1903). A Catalogue Raisonné. 19th March 2019. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  40. «Frank Holl. I am the Resurrection and the Life» (անգլերեն). Art UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  41. М. М., 2013, էջ 112
  42. Jopling, 1925, էջ 207
  43. «John Lavery (Irish, 1856-1941). Her First Disappointment» (անգլերեն). Artnet Worldwide Corporation. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  44. Miller S. Current and Forthcoming Exhibitions. // Irish Arts Review : Журнал. — 1984. — В. 4. — Т. 1. — С. 63.
  45. 45,0 45,1 Collingwood, 1898, էջ 150
  46. 46,0 46,1 46,2 46,3 Smith, 2015, էջ 116
  47. 47,0 47,1 47,2 47,3 Mann, 1979, էջ 213
  48. 48,0 48,1 48,2 48,3 Smith, 2015, էջ 118
  49. 49,0 49,1 49,2 49,3 49,4 49,5 49,6 Mann, 1979, էջ 214
  50. 50,0 50,1 Падни, 1982, էջ 131
  51. 51,0 51,1 51,2 Wright, 2010, էջ 14
  52. Smith, 2015, էջ 117-118
  53. Mann, 1979, էջ 211
  54. 54,0 54,1 54,2 54,3 Macdonald, 2001, էջ 223-224
  55. «Constance ('Connie') (née Gilchrist), Countess of Orkney by Alina, printed by Charles Goodall & Son» (անգլերեն). National Portrait Gallery, St Martin's Place, London. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  56. «Guy Little Theatrical Photograph. W & D Downey Photographers» (անգլերեն). V &A 's collections. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  57. «Guy Little Theatrical Photograph. Vanderweyde» (անգլերեն). V &A 's collections. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  58. «Guy Little Theatrical Photograph. Bassano, Alexander, born 1829 - died 1913» (անգլերեն). V &A 's collections. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  59. «Concanen, Alfred, born 1835 - died 1886. The Forty Thieves» (անգլերեն). V &A 's collections. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ
  • Collingwood S. D. The Life And Letters Of Lewis Carroll. — London: Thomas Nelson And Sons, 1898. — 396 с.
  • Louise Jopling Twenty years of my life, 1867-1887. — John Lane, 1925. — 343 с.
  • Langtry L. The Days I Knew. — Panoply Publications, 2000. — 288 с.
  • Way, Thomas Robert. {{{заглавие}}}.|часть= |ссылка= |название=Memories of James McNeill Whistler, the Artist. |место= | издательство=John Lane Co; First edition |год=1912 |страниц=150, илл. |страницы=|тираж=|ASIN= B00085OT7W|ref=Way}}
Գիտական և գիտահանրամատչելի գրականություն
  • Падни, Джон. Льюис Кэрролл и его мир. — М: Радуга, 1982. — 144 с.
  • Ash R. Lord Leighton. — Pavilion Books Ltd, 1998. — 96 с.
  • Gilchrist, Constance // A dictionary of the drama; a guide to the plays, play-wrights, players, and playhouses of the United Kingdom and America, from the earliest times to the present. Ed. Adams W. D. Журналист и театральный критик. Образование получил в Эдинбургском университете, начал работать журналистом в 1870 году. Стал литературным редактором The Globe в 1885 году, получил широкую известность известен как театральный критик. Опубликовал множество сборников стихов, выступил в качестве автора и редактора «Словаря английской литературы» (1877) и «Словаря драмы» (1899)..|en|William Davenport Adams}} |место=London | издательство=Chatto & Windus |год=1904 |страниц=627 |страницы=579 |том=I. A-G |ISBN=|ref=Adams}}
  • Gilmartin S. Frank Holl and The Graphic: Sketching London’s Labour in Light and Dark. // Bills M., Funnell P.. Frank Holl: Emerging from the Shadows. — Philip Wilson Publishers, 2013. — С. 90-107. — 168 с.
  • Harmony in Yellow and Gold: The Gold Girl - Connie Gilchrist // American paintings in the Metropolitan Museum of Art. — New York: Metropolitan Museum of Art, 1965. — Т. 1-2. — С. 373-378.
  • Macdonald M. Constance Macdonald Gilchrist // Dictionary of Artists' Models. Ed. Jill Berk Jiminez. — Routledge, 2001. — С. 221-224. — 624 с.
  • Mann, C. The delicious Harlequin. // History of Photography : Журнал. — 1979. — В. 3. — Т. 3. — С. 211-214. — doi:10.1080/03087298.1979.10441105
  • М. М. Faces in the Fire. // Bills M., Funnell P.. Frank Holl: Emerging from the Shadows. — Philip Wilson Publishers, 2013. — С. 112-113. — 168 с.
  • Ormond L., Ormond R. IV. Dorothy Dene // Lord Leighton. — New Haven: Paul Mellon Centre for Studies in British Art (London), Yale University Pressr; 1st edition, 1975. — 200 с.
  • Sellars J. A Daughter’s Story: Frank Holl and Women. // Bills M., Funnell P.. Frank Holl: Emerging from the Shadows. — Philip Wilson Publishers, 2013. — С. 74-89. — 168 с.
  • Smith L. Lewis Carroll: Photography on the Move. — Reaktion Books, 2015. — 336 с.
  • Solly M. Connie Gilchrist Was the Shirley Temple of Victorian London. The child star captivated audiences and artists alike, served as muse for Lewis Carroll, James McNeill Whistler // Smithsonian : Журнал. — 2018.
  • Stickings T. Remarkable rags-to-riches story of how forgotten Victorian child star went to become a countess is revealed in painting of her 'Britain's Got Talent moment' // The Daily Mail : Газета. — 2018.
  • Thorpe V. Connie Gilchrist: the forgotten story of a Victorian child star uncovered // The Guardian : Газета. — 2018.
  • Trumble A. Love & Death: Art in the Age of Queen Victoria. — Art Gallery Of South Australia; First Edition edition, 2007. — 240 с.
  • Varty A. Constance Gilchrist: Model, Muse, Aristocrat // Children and Theatre in Victorian Britain. ‘All Work, No Play’.. — Basingstoke, New York: Palgrave Macmillan, 2008. — С. 66-69. — 319 с.
  • Wakeling Edward. 6. Photographers // Lewis Carroll: The Man and his Circle. — I. B. Tauris, 2014. — С. 153-175. — 416 с.
  • Wright K. Connie Gilchrist and Lewis Carroll // The Daresbury Chronicle : Журнал. — 2010. — Т. 6. — С. 13-16.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոննի Գիլքրիստ» հոդվածին։