Նյու (ֆր.՝ nu, ֆր.՝ nudité «մերկություն» բառի կրճատ ձևը), գեղարվեստական ժանր քանդակագործության, գեղանկարչության, լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի մեջ, որը պատկերում է մարդու մերկ մարմնի գեղեցկությունն ու գեղագիտությունը։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

 
Դավիթ (Միքելանջելո)

Նախնադարյան արվեստը թվագրվում է քարե դարից, այդ ժամանակ էլ ի հայտ են գալիս առաջին նշանները, որոնք կարելի է դիտարկել որպես մարդու պատկերման արվեստ։

Անտիկ արվեստ խմբագրել

Ամենահին հունական քանդակը վերագրվում է վաղ բրոնզե դարին։ Կիկլադյան քաղաքակրթության ժամանակաշրջանում մարդու պատկերները ներկայացված են հիմնականում տղամարդկային ֆիգուրներով (չնայած հայտնի են և մի քանի կանացի մարմիններ), որոնք ենթադրաբար մերկ են։

Կյանքի դժվարին պայմանները մարդուց նախ և առաջ դիմացկություն էին պահանջում։ Հին Հունաստանում հատուկ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական դաստիարակությանը։ Ըստ հին ժամանակների ձևավորված սովորույթի, մրցող մարզիկները մերկ էին հանդես գալիս։ Նրանց մարմինների գեղեցկությունը հիացմուքնի առարկա էր մեծաթիվ երկրպագուների համար։ Արխաիկ Հունաստանի ժամանակաշրջանում (մ. թ. ա. 7-6-րդ դարերում) հայտնվում են ռեալիստական արձաններ, որոնց համար օրինակ են հանդիսացել եգիտպական քարե արձանները[1]։ Արխաիկ ժամանակաշրջանի մոնումենտալ քանդակների հիմնական տեսակներն են. տղամարդկանց համար` կուրոս (հուն․՝ κοῦρος), կանանց համար` կորա (հուն․՝ κόρη): Դրանք օգտագործվել են կա՛մ աստվածների ուղեկցորդներին պատկերելիս, կա՛մ` որպես գերեզմանի հուշարձաններ, սակայն որևէ փորձ չի արվել նրանց նմանեցնել մահացածների արտաքինին։ Կուրոսը, մերկ երիտասարդ տղամարդը, գրեթե պատանի, պատկերում էր դաժան տղամարդկություն, ֆիզիկական մեծ ուժ, ինչը կարևորագույն որակ էր հասարակության համար։ Վերջինս գնահատում էր ֆիզիկական ուժն ամեն ինչից առավել, քանի որ դրանից էր կախված նրա գոյությունը[2]։

Որպես կանոն, քարե այս արձանների մեջքերն առավել լավ էին մշակված, քան նրանց դիմային հատվածները։ Կուրոսի ձախ ոտքը առաջ էի եկած. այսպես նկարիչներն առաջին անգամ փորձում էին մարդուն պատկերել շարժման մեջ։ Ֆիգուրի խիստ ճակատային դիրքն ընդգծելու համար առաջ եկած ոտքը երկար էր աջ ոտքից[3]։ Ամենահին կուրոսներն անկաշկանդվածությամբ զիջում են իրենց եգիպտական նախատիպներին։ Ժամանակի ընթացքում տղամարդկանց հունական արձանները փոփոխությունների են ենթարկվել, մոտեցել են գեղեցկության եվրոպական ընկալմանը, որոնք մինչև օրս էլ գրեթե անփոփոխ են մնացել[1]։

Ի տարբերություն տղամարդկային մարմինների, կորան միշտ հագնված է եղել, միայն նրա զգեստի ձևավորումն ընդգծում է կուրծքը։ Դիմագծերը չեն տարբերվում տղամարդու դիմագծերից, երկուսն էլ ժպտում են խորհրդավոր արխայիկ ժպիտով։ Սակայն կանանց արձաններն ունեն առավել բարդ սանրվածք ու հարուստ ոսկե զարդարանքներ։ Նրա առաջնային նշանակությունը արձանի պատվիրատուի դիրքն ընդգծելն է[2][3]։

Մինչև մ. թ. ա. 6-րդ դարը հայտնի չէ մերկ կնոջ որևէ արձան, իսկ մ. թ. ա. 5-րդ դարում դրանք շատ չէին։ Այն ժամանակ, երբ տղամարդու մերկությունը մրցույթներին սովորական էր հասարակության համար, և երիտասարդները շրջում էին միայն մի կարճ վարտիքով, հունական կանայք ծածկված էին ոտքից գլուխ։ Իր դերն ուներ նաև երկու երիտասարդ տղամարդկանց սիրո բանաստեղծականացումը, իսկ հակառակ սեռերի միջև սերը համարվում էր ոչ այնքան ազնիվ արարք[1]։ Հունական քանդակագործները հաջողությամբ էին պատկերում կանացի մարմինը բարակ շղարշի տակ, որը ոչ այնքան ծածկում, որքան ընդգծում էր մարմնի գեղեցկությունը։

Մ. թ. ա. 5-րդ դարում փիլիսոփաների կողմից դրսևորվող հետաքրքրությունը մարդու հանդեպ ազդեցություն է ունեցել նաև այդ դարաշրջանի քանդակագործության զարգացման վրա։ Նկարիչներն ստեղծում էին իրենց աշխատանքները` հիմնվելով կենդանի մարդու ուսումնասիրության վրա։ Քանդակագործությունը մեծ ազատություն էր ձեռք բերել, մարմնի ձևերը դարձել էին առավել իրական, իսկ շարժումներն անկաշկանդ էին[4]։ Ըստ Քեննեթ Քլարքի, հենց մ. թ. ա. 5-րդ դարում հույներն ստեղծել են գեղարվեստական նոր ձև` մերկ մարմնի պատկերումը[1][5]

Հելլենիզմի դարաշրջանում փոխվել է գեղեցկության իդեալը։ Մերկ տղամարդկանց պատկերներում առաջնային էր ոչ թե ֆիզիկական ուժի գովերգումը, այլ` կատարյալ մարմնով հիացումը։ Մարմնակազմվածքը դառնում է առավել սլացիկ։ Մարմարյա քանդակների զգայունությունն ավելանում է նյութի նոր մշակմամբ, որը հարթություն ու փայլ է տալիս դրա արտաքին մակերեսին[6]։

Փոփոխությունների են ենթարկվում նաև կանացի արձանները։ Կանացի ամենահին մերկ արձանը համարվում է Պրաքսիտելեսի Աֆրոդիտեի արձանը (մոտավորապես մ. թ. ա. 350 թվական)։ Մինչև 5 դար աստվածուհիները պատկերվում էին միայն հագուստով, հավանաբար ըստ դարերից եկող ավանդույթի, իսկ Աֆրոդիտեի մերկ արձաններն արևելյան ազդեցության հետևանք էին։ Սլացիկ աղջկա արձանը, ում մարմինը պատկերում է հայելու բռնակ, պահվում է Մյունխենի թանգարանում և իր ձևով հիշեցնում է ավելի շուտ եգիպտական արձաններ և հեռու էին դասական հունական քանդակներից[1][6]։

Միջնադար խմբագրել

Մերկությունը դադարել է հիացմունքի առարկա լինել և դուրս է մղվել արվեստից գրեթե մեկ դար ավելի վաղ, քան Եվրոպայում կհաստատվել քրիստոներությունը։ Բյուզանդիայում, որը համարվում է Հունաստանի հաջորդողը, չէր զարգանում կերպարվեստի այս տեսակը, սակայն մերկ մարմինը հակակրանք չէր առաջացնում։ Այդ մասին է վկայում Աֆրոդիեի արձանը պատմությունը, որն ընկել է Կոստանդնուպոլիս։ Կոնստանդին Ծիրանածիր կայսրը բարձր է գնահատել այդ քանդակը[1]

Վերածնունդ խմբագրել

Վերածննդի ժամանակաշրջանում, երբ անտիկ կերպարների հանդեպ մեծ ձգտում կար, մարդու մերկ մարմինը յուրաքանչյուր գաղափար իրականացնելու համընդհանուր միջոց էր դարձել[7]։ Առաջին պատկերները սահմանափակված էին դիցաբանական, փոխաբերական, պատմական ու կենցաղային կերպարներով։ Ջորջոնեն, Տիցիանը, Կորեջիոն և այդ դարաշրջանի այլ նկարիչներ իրենց ստեղծագործության մեջ ներկայացնում էին կանացի գեղեցկության իրենց իդեալական պատկերացումները` միևնույն ժամանակ հաճախ ավելացնելով փիլիսոփայական-բանաստեղծական երանգներ։

Բարոկկո խմբագրել

Բարոկկո ոճին հատուկ էին արդեն առավել ճոխ ձևերը, ինչպես նաև` ծաղկող երիտասարդ գեղեցկության կենսական հմայքը։ Այս ոճի ստեղծագործությունները պատմում են աշխարհի զգայական, լիարժեք ընկալման մասին։ Բարոկկո ոճում նյու ժանրի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Պիտեր Պաուլ Ռուբենսն է։

Ռոկոկո խմբագրել

12-րդ դարում նյուն հայտնվում է արդեն ռոկոկո ոճում։ Կտավներում հայտնվում են նրբագեղ, կոկտ, զգայական կերպարներ (Ֆրանսուա Բուշե

Նոր ժամանակներ խմբագրել

Կլասիցիզմի ժամանակաշրջանում նկարիչները փորձում էին վերադարձնել գեղեցկության անտիկ կանոնները (Ժակ Լուի Դավիդ, Դոմինիկ Էնգր «Ակունք», 1820-1856)։ Սկսած 19-րդ դարի կեսերից մի շարք նկարիչներ (Ուիլյամ Բուրգո և այլն) օգտագործել են «նյու»-ն էկլեկտիկ ստեղծագործություններում, որոնք հետագայում ճանաչվել են չափազանց նուրբ ու քնքուշ։ Արվեստի ստեղծագործությունների մեջ մերկությունը դիցաբանական համառեքստում կարող էր հանրային ցուցադրվել։ Միևնույն ժամանակ տղամարդու մերկությունը դիմադրության էր հանդիպում։ Այսպես, 1870 թվականին Անգլիացի ջրանկարիչների միության ցուցահանդեսի կազմակերպիչները պահանջել են ցուցահանդեսից հանել Բերն-Ջոնսի «Ֆիլլիդա և Դեմոֆոնտ» կտավը` Դեմոֆոնտի մերկությունը համարելով անհարմար[8]։ Դիցաբանական համատեքստից դուրս գալը, մերկությունն ամենօրյա կյանքի հետ կապելը դիտարկվում էր որպես հասարակական բարոյական կարգի խախտում։ Դրանով է բացատրվում այն ընդունելությունը, որին արժանացան Էդուարդ Մանեի «Օլիմպիա» և «Նախաճաշ խոտի վրա» կտավները 1863 թվականին։ Միայն 40 տարի անց, երբ կտավը դադարել է ընկալվել որպես կենցաղային և իր հերթին դարձել է «դիցաբանական», «Օլիմպիա»-ն տեղ է գտել Լուվրում[9]։

20-րդ դարի սկզբում «նյու» ժանրը հայտնվում է թատրոնում։ Օլգա Դեսմոնտի «Կատարյալ մշակույթի համընկերությունը» կազմակերպում էր «գեղեցկության երեկոներ», որտեղ մերկ Օլգան ներկայացրել է կենդանի պատկերներ` ներկայացնելով Վեներայի կենդանացած արձանը։ 1908 թվականին նա առաջին անգամ ներկայացրել է մերկ կերպարը ռուսական բեմում` տալով միակ ներկայացումը Սանկտ-Պետերբուրգում, որին հաջորդած սկանդալի պատճառով հաջորդ ներկայացումներն արգելվել են քաղաքային ղեկավարության կողմից։ 20-րդ դարում «նյու» ժանրն իր տարածվածության պատճառով սկսում է սպառել իրեն, այդ պատճառով նկարիչները սկսել են ակտիվորեն փնտրել նոր արտահայտչամիջոցներ։

Սրբապատկերներ խմբագրել

Նյուն երկար ժամանակ ստիպված էր արտահայտվել դիցաբանության կամ կրոնական համատեքստի միջոցով։ Դիցաբանության համար սրբապատկերային աղբյուրներն են հունա-հռոմեական դասական հեղինակները (Հոմերոս և այլ), իսկ կրոնականի համար` Աստվածաշունչը[10]։ Սրբապատկերներում հանդիպող առավել հայտնի կերպարներն են.

Երեք գրացիա
Հունական քանդակի հռոմեական պատճեն
Ռաֆայել, Շանտիյի (1504).
Լեդան և կարապը
Օգյուստ Կլեզենժե, Պիկարդի թանգարան, Ամյեն (1864).
Գյուստավ Մորո, Գյուստավ Մորոյի թանգարան, Փարիզ (1865-1875).
Պուտտո
Ամուրը հախճապակե գնդակով (1650—1655), Ցեզար վան Էվերդինգեն, մասնավոր հավաքածու.
Վեներայի հարդարանքը (1751), Ֆրանսուա Բուշե, Մետրոպոլիտենի թանգարան, Նյու Յորք.
Ամուրը և Փսիխեան մանուկ ժամանակ (1890), Ուիլյամ Բուգո.
Պարիսի դատաստանը
Լուկաս Կրանախ Ավագ, Դանիայի ազգային պատկերասրահ, (1527).
Անտոն Ռաֆայել Մենգս, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ (1757).
Սիմոնե Էնրիկե, Գեղեցիկ արվեստների թանգարան, Մալագա (1904).
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Հիրոսիմայի արվեստի թանգարան (1908—1910).
Էռնստ Լյուդվիգ Կիրխներ, Վիլհելմ Հակի անվան թանգարան, (1912).

Լուսանկարչություն խմբագրել

Պատմության մեջ այս ժանրի ստեղծման վերաբերյալ որևէ որոշակի ամսաթիվ չկա։ Հայտնի է, որ 1840-ականների սկզբին Փարիզում կայացել է մերկ բնորդների «դագերոտիպիկ պատկերների» ցուցահանդես։ Մոտավորապես այս նույն ժամանակահատվածում գեղանկարիչներն սկսել են օգտագործել մերկ մարմինների լուսանկարներ։ 1850-ականներին ժանրի առաջատար նկարիչներից մեկը Վալլու դե Վիլնևն էր. նրա աշխատանքները ազդեցություն են ունեցել շատ այլ նկարիչների, հատկապես` Գյուստավ Կուրբեի, ստեղծագործությունների վրա։

Որպես կանոն, լուսանկարներն սկզբից իրենցից ներկայացնում էին միայն ալբումինի կամ կալոտիպային հետքեր։ Նկարահանման տարածքը սովորաբար լիքն էր լինում նեյտրալ ֆոնով անտիկ քանդակներով։ Եվ միայն դարավերջում հայտնվել են բաց տարածքում արված մերկ մարմինների լուսանկարներ։ 1851 թվականին ֆոտոմոնտաժի բացահայտումից հետո մի փոքր ավելացել են նյու ժանրի հեղինակների հնարավորությունները։ Նկարի մի քանի կոլլոդիկ նեգատիվ տպման միջոցով ստեղծվում էին տարբեր անիրական կերպարներ (օրինակ, ջրահարս)։ Սկանդալային հանրաճանաչություն է ձեռք բերել Օսկար Ռեյլանդերի «Կյանքի երկու ուղիներ» (1857) համայնապատկերը, հասարակությունն այն ընդունել է որպես բացահայտ պոռնոգրաֆիա։ Շոտլանդիայի լուսանկարչական համայնքը հրաժարվել է այն ցուցադրել իր ցուցահանդեսի ժամանակ, որոշ ցուցահանդեսներում նկարի ձախ կողմը փակվել է։ Նյու ժանրով 6 լուսանկար է պահպանվել սիրողական լուսանկարիչ Լյուիս Քէրոլի աշխատանքներից։

Դարավերջում տեղի են ունեցել նաև դատական գործեր, որոնք կապված էին մերկ մարմինների տարածման ու ցուցահանդեսների հետ։ Պոռնոգրաֆիայի ու էրոտիկայի սահմանը մինչև օրս քննարկվող հարց է, այդ պատճառով էլ ժանրի հանդեպ հանրության վերաբերմունքն անընդհատ փոխվում է։ Փոխվել է նաև կանացի գեղեցկության հանդեպ ընկալումը. 19-րդ դարի վերջում շեշտը դրվում է թախծոտ օրիորդների վրա, 20-րդ դարի սկզբին պատկերվում էին կաբարեի պարուհիներ, իսկ 20-ական թվականներին նրանց փոխարինելու են գալիս գեղեցիկ մարզուհիները։ 40-ական թվականներին ի հայտ է գալիս ժանրի նոր թեմատիկա` նյուն շարժման մեջ։ Դրա առաջին պատկերողը Գերհարդ Ռիբիկեն էր։

Նյու ժանրի լուսանկարները որպես իր նկարների էտյուդներ օգտագործել է լատիշ նկարիչ Յանիս Ռոզենտալսը (1886-1906, «Ցնծացող երեխաներ»)։ 2016 թվականին Լատվիայի ազգային գեղարվեստական թանգարանում անց է կացվել նկարչի ստեղծագործությանը նվիրված ամենամեծ ցուցահանդեսը, այնտեղ ներկայացված էին ոչ միայն նրա նկարները, այլև` նկարների համար արված նրա լուսանկարները։

Նյու ժանրը մեծ արտացոլում է գտել ճապոնացի Խադզիմէ Սավատարիի լուսանկարչական աշխատանքներում։ 1973 թվականին նա ստեղծել է «Ալիսա» ֆոտոալբոմը, որը նա նմանեցրել է Քէրոլի լուսանկաների ոճին և 7-ամյա երեխային լուսանկարել է մերկ։ Ալբոմը մեծ աղմուկ է բարձրացրել, իսկ դրա հեղինակին մեղադրել են մանկական պոռնոգրաֆիայի համար։ Սավատարիի նոր` «Ալիսան ծովից» ալբոմը խիստ պուրիտանական ավանդույթներով էր[11]

Գրականություն խմբագրել

  • Falcon, Felix Lance (2006). Gay Art: a Historic Collection [and history], ed. and with an introd. & captions by Thomas Waugh. Vancouver, B.C.: Arsenal Pulp Press. N.B.: The art works are b&w sketches and drawings of males, nude or nearly so, with much commentary. 1-55152-205-5
  • Natter, Tobias G.; Leopold, Elisabeth, eds. (2012). Nude Men: From 1800 Until the Present Day. Munich: Hirmer Publishers. ISBN 978-3-7774-5851-9.
  • Roussan, Jacques de (1982). Le Nu dans l'art au Québec. La Prairie, Qué.: Éditions M. Broquet. N.B.: Concerns mostly the artistic depiction of the female nude, primarily in painting and drawing. 2-89000-066-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004.
  2. 2,0 2,1 Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 55.
  3. 3,0 3,1 Балицкая Т. Искусство: [энциклопедия]. — М.: РОСМЭН, 2007. — С. 280.
  4. Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 59.
  5. Քլարքն այստեղ պնդում է, որ «մերկությունը ոչ թե արվեստի առարկան է, այլ` դրա ձևը»։
  6. 6,0 6,1 Холлингсворт М. Искусство в истории человека / вступ. Джулио Карло Аргана. — М.: Искусство, 1993. — С. 64.
  7. Кларк К. Нагота в искусстве : исследование идеальной формы / Пер. с англ.: М. В. Куренной и др.. — СПб.: Азбука-классика, 2004, с. 18.
  8. Мировое искусство. Прерафаэлизм / Сост. И. Г. Мосин. — СПб.: Кристалл, 2006. — С. 21.)
  9. еория культуры : учебное пособие для студентов высших учебных заведений, обучающихся по специальности 031401.65 «Культурология» / Под ред. С. Н. Иконниковой, В. П. Большакова. — М., 2008. — С. 363—364.
  10. Rynck, Patrick de. Cómo leer la mitología y la Biblia en la pintura. — Barcelona: Electa, 2009. — P. 7—11.
  11. Kato, Masaki. Hajime Sawatari. Interviewed by Mika Kobayashi ((անգլ.)).Рurple Magazine

Արտաքին հղումներ խմբագրել