Խարբերդի վիլայեթ կամ Մամուրեթ-ուլ-Ազիզ (հայկական աղբյուրներում նաև Խարբերդի նահանգ, Խարբերդի կուսակալություն), վարչա-տերիտորիալ միավոր օսմանյան Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի հայաբնակ վեց վիլայեթներից մեկը։ Կազմվել է 1878 թվականին։ Վարչական կենտրոնը Մեզիրե քաղաքն էր, տնտեսական, մշակութային կարևոր հանգույցը՝ Խարբերդը։

Վիլայեթ
Խարբերդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
Հիմնադրված է1879 թ.
Մակերես32 900 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն575 000 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Թուրքեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխարբերդցի
Խարբերդի վիլայեթ (Աշխարհ)##
Խարբերդի վիլայեթ (Աշխարհ)

Հայերի հոծ բնակության արեալները աղճատելու նպատակով Աբդուլ Համիդի վարչական նոր բաժանմամբ Թուրքիայում 1880 թվականին ստեղծվեց Դերսիմի վիլայեթը, իսկ Չնգուշի ու Բալուի գավառակները մտցվեցին Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ Վիլայեթը կաոավարում էր նահանգապետ-վալին, որին նշանակում էր կառավարությունը։ Նրան կից կար ընտրովի խորհրդակցական մարմին՝ «վիլայեթի վարչություն», որի կազմում լինում էին նաև հայ հասարակայնության ներկայացուցիչներ։ Սակայն դա չէր կարող խանգարել այն կամայականություններին ու բռնություններին, որ գործադրում էին իշխանությունները քրիստոնյա ժողովուրդների, մասնավորապես հայերի նկատմամբ։

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Խարբերդի վիլայեթն իր բնակավայրերով

Մինչև 1830-ական թթ. Խարբերդի վիլայեթի տարածքը մտնում էր Սըվազի (Սեբաստիայի) վիլայեթի, այնուհետև Դիարբեքիրի վիլայեթի կազմի մեջ։ Խարբերդի վիլայեթն հիմնականում ընդգրկում էր պատմական Հայաստանի Ծոփաց աշխարհը՝ Ծոփքը, հետագայում՝ Չորրորդ Հայքը։

Խարբերդի վիլայեթը գտնվում էր Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում, հյուսիսից սահմանակից էր Էրզրումի, արևելքից՝ Դիարբեքիրի, հարավից՝ Հալեպի, արևմուտքից՝ Սըվազի (Սեբաստիայի) վիլայեթներին։ XX դարի սկզբին տարածությունը 32.900 կմ² էր։ Վիլայեթի կենտրոնական մասում, Ներքին Տավրոսի և Հայկական Տավրոսի միջև ընկած էր Խարբերդի դաշտը, որն արևելյան կողմից ընդունում էր Արածանի (Արևելյան Եփրատ), իսկ հյուսիս-արևմուտքից՝ Արևմտյան Եփրատ գետերը։

Գյուղատնտեսություն և արդյունաբերություն խմբագրել

Բերրի հողը, մեղմ կլիման, ջրային առատ պաշարները բարենպաստ պայմաններ էին երկրագործության, անասնապահության, պտղաբուծության և գյուղատնտեսական. արտադրության այլ ճյուղերի համար։ Աճում էին ցորեն, գարի, կորեկ, ոսպ, բամբակ, սիսեռ, բակլա, սոխ, սխտոր, գետնախնձոր, ծիրան, թութ, խաղող, խնձոր, տանձ։ Հայտնի էին Խարբերդի դաշտի գինին ու մեղրը։ Հանքային հարստություններից էին պղինձը (Պախըր Մատենում), ոսկին ու կերակրի աղը (Դերսիմում), կային հանքային ջրերի աղբյուրներ։ Վիլայեթի տարածքով էր անցնում Մալաթիա-Դիարբեքիր (Ամիդ) խճուղին։ Դեռևս հնուց որպես ջրային ճանապարհ օգտագործվել են Արածանին ու Եփրատը։ Խարբերդի վիլայեթն Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված վայրերից էր՝ ուներ ավելի քան 300 գյուղ (100 - 500-ական տնով)։ Հատկապես հոծ էր Խարբերդի դաշտը, որը հողի բերրիության համար հայտնի էր նաև Ոսկեղեն դաշտ անունով։ Խարբերդի վիլայեթում որոշ գյուղեր ընկած էին միմյանցից 2 - 3 կմ հեռավորության վրա։

XX դարի սկզբին վիլայեթում հայերը կազմում էին բնակչության 50%-ը, քրդերը՝ 27%-ը, թուրքերը՝ 22%-ը, ասորիները՝ 1%։ Հայերը և թուրքերը հիմնականում բնակվում էին դաշտավայրային, քրդերը՝ լեռնային գյուղերում, ասորիները՝ Խարբերդում և Եփրատին մերձ մի քանի գյուղերում։ Դաշտավայրերում և նախալեռնային մասերում բնակվող գյուղացիության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր, լեռնային մասերում՝ անասնապահությունը և որսորդությունը, 1870-ական թթ. նաև բամբակագործությունը և շերամապահությունը, որոնք հումք էին մատակարարում Խարբերդ - Մեզիրեի շրջանում գործող տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններին։ Զարգացման բարձր մակարդակի էր հասել հատկապես շերամապահությունը։ Հայ շերամապահները 1904 թվականին շահեցին բոլոր առաջին մրցանակները այն մրցույթում, որը կազմակերպվել էր վիլայեթում շերամապահության հետագա զարգացումը խթանելու նպատակով։ 1888 - 1910 թվականներին հարյուրավոր խարբերդցիներ ավարտել են Բրուսայի շերամապահության բարձրագույն դասընթացները և աշխատանքի անցել երկրի տարբեր վայրերում։ Նրանք մեծ ներդրում են կատարել թթենու մշակությունը արմատավորելու, գիտական շերամապահությունը կազմակերպելու ուղղությամբ։ Վիլայեթը հայտնի էր իր արհեստներով. զարգացած էին մետաքսագործությունը, կաշեգործությունը, գորգագործությունը, ոսկերչությունը։ Խարբերդցի վարպետների ձեռքի արտադրանքը բարձր էր գնահատվում Մերձավոր Արևելքի շուկաներում։

Տնտեսության ասպարեզում մեծ տեղաշարժեր կատարվեցին 1870 - 80-ական թթ.։ Խարբերդում և Մեզիրեում ստեղծվեցին ժամանակակից արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք սարքավորված էին Եվրոպայից և Ամերիկայից ներմուծված մեքենաներով։ Խարբերդը և Մեզիրեն դարձան Արևմտյան Հայաստանի զարգացած արդյունաբերական քաղաքները։ Խարբերդում Բարիկյան եղբայրների գյուղատնտեսական գործիքների, Խ. Քյուրքճյանի մետաքսի, Մեզիրեում Ֆաբրիկատորյան եղբայրների մետաքսի, Մալաթիայում և Արաբկիրում գործվածքեղենի գործարանների ու ֆաբրիկաների արտադրանքը ճանաչում էր գտել Թուրքիայի շատ վայրերում, նույնիսկ առաքվում էր արտասահման։ Հռչակված էին Արաբկիրում գործվող «մանիսա» կտորը և Խարբերդի «ասորաց չիթը»։ Ֆաբրիկատորյան եղբայրների գործարանի մետաքսը 1884 թվականին Լիոնի (Ֆրանսիա) ցուցահանդեսում արժանացավ առաջնության վկայագրի և մրցանակի։ 1880 - 90-ական թթ. Մեզիրեի շուկայում գործարքներ էին կատարում Լոնդոնի, Մանչեստրի, նույնիսկ Նյու Յորքի վաճառականները։ Տնտեսության մեջ կատարվող արմատական փոփոխություններն իրենց ազդեցությունը թողեցին գյուղի վրա։ 1880-ական թթ. գնալով աճում էր Խարբերդի վիլայեթից, ինչպես և ամբողջ Արևմտյան Հայաստանից արտագաղթը դեպի Կովկաս, շուտով նաև՝ Եվրոպա և Ամերիկա։ Արտագաղթը մեծ չափեր ընդունեց մասնավորապես XIX դարի վերջերին, երբ Թուրքիայի կառավարող շրջանները ձեռնամուխ եղան իրագործելու հայերին իսպառ բնաջնջելու հրեշավոր քաղաքականությունը։ Միայն 1913 թվականին Խարբերդից ԱՄՆ գաղթեցին 1400 հայեր։

Կրթություն խմբագրել

1913 - 1914 թվականներին վիլայեթն ուներ 3 միսիոներական քոլեջ, 1 աստվածաբանական և 5 բարձրագույն ճեմարան, հարյուրավոր վարժարաններ, նախակրթարաններ, մանկապարտեզներ։ Բոլոր դպրոցները միասին ունեին 35 000 սովորող, ընդ որում հայկական դպրոցները՝ 28 000։ Դպրոցների մի մասը երկսեռ էր, կային նաև աղջիկների առանձին վարժարաններ։ Համազգային հռչակ ուներ Եփրատ քոլեջը։ Նշանավոր էին Խարբերդի ազգային Կեդրոնական վարժարանը (հիմնվել է 1887 թվականին), Աղջկանց քոլեջը (1880), Հռիփսիմեանց աղջկանց վարժարանը (1862), Սմբատյան ընկերությունը (1865) և Սմբատյան վարժարանը (1875), Խարբերդ-Մեզիրեի շրջանի ֆրանս, (1895) և գերմանական (1897) քոլեջները, Մեզիրեի Ազգային կեդրոնական վարժարանը (1892) և Հայկական ճեմարանը (հիմն. 1911

Եղեռնի տարիներին խմբագրել

1915 թվականին, եղեռնի օրերին, Խարբերդի վիլայեթը զրկվեց բնիկ հայ բնակչությունից, թուրք, հրոսակները հողին հավասարեցրին նրա գյուղերն ու քաղաքները։ 1914 թվականին բռնկած պատերազմի առաջին ամիսներին 18 - 45 տարեկան հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ, հավաքվեց բնակչության մոտ եղած զենքը՝ բացառելով կազմակերպված զինված դիմադրության որևէ լուրջ փորձ։ 1915 թվականի ապրիլի վերջերին թուրք, իշխանությունները ձերբակալեցին վիլայեթի հայ ականավոր գործիչներին և նետեցին Խարբերդի ու Մեզիրեի բանտերը։ Ամենուր տարածվեցին բռնությունները, կողոպուտն ու թալանը։ Հունիսին թուրք զորքերը Ծոփք գյուղի շրջակայքում ոչնչացրին վիլայեթի հայ մտավորականների մի մեծ խմբի, որի մեջ էին գրողներ Թլկատինցին և Երուխանը, քոլեջի պրոֆեսորներ՝ թուրքագետ ու պատմաբան Ն. Թենեքեճյանը, մաթեմատիկոս Խ. Նահիկյանը, փիլիսոփա Հ. Պուճիգանյանը՝ «Խարբերդի Սոկրատը» (ինչպես նրան անվանում էին ուսանողները)։ Պուճիգանյանին սպանելուց հետո թուրք սպան հրամայեց ջարդել նրա գանգը, հայտարարելով, որ «նրա ռումբը գանգի մեջ է»։ Հուլիսին սկսվեց Խարբերդի, Մեզիրեի, Արաբկիրի, Չմշկածագի, Ակնի, վիլայեթի այլ բնակավայրերի հայ բնակչությունից կազմված կարավանների բռնագաղթը։ Քարավանների մի մասը ոչնչացվեց ճանապարհին, մյուսներից միայն հատուկենտ մարդիկ փրկվեցին։ Հազարավոր հայեր նահատակվեցին Եփրատ գետի ափին Իզօղլի և Ծովք լճի մոտ՝ Շապկահան ու Քեչին խան գյուղի տարածքում։ Մեգիրեից դուրս եկած քարավանի բոլոր հայերին թուրք զինվորները սրի քաշեցին հենց քաղաքի մատույցներում։ 5 000. հայերից բաղկացած մի քարավանից, որ դուրս էր եկել Խարբերդից և իբր պետք է գնար Հալեպ, տեղ հասավ ընդամենը 213 հոգի։ Խարբերդի վիլայեթից հազարավոր հայեր ոչնչացան Դեյր Էզ-Զորում։ Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Մալաթիայի (23000), Արաբկիրի (19000), Չարսանճագի (18500), Աղինի (10.200), Չմշկածագի (9000) բնակչությունը։ Եղեռնի նախօրեին Խարբերդի վիլայեթի հայ բնակչությունը 204 000 էր, որից շուրջ 180 000 թուրք կառավարության վանդալիզմի զոհ դարձավ։ Ոչ լրիվ տվյալներով թուրքերը վիլայեթում թալանել ու կողոպտել են հայկական 68 եկեղեցի, 83 դպրոց, 12 վանք։ Հայերի թողած նյութական արժեքները գնահատվում են միլիարդներով։

Եղեռնից փրկված խարբերդցիները սփռվեցին աշխարհով մեկ, նրանց մի մասը հետագայում հաստատվեց Արևելյան Հայաստանում, մյուսները՝ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում։ Խարբերդցիները առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել են կամավորական շարժմանը, Արաբայի ճակատամարտին, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939 - 1945)՝ ֆաշիզմի դեմ պայքարին։

Նշանավոր խարբերդցիներ խմբագրել

Խարբերդի վիլայեթի հայ մշակույթին և հասարակական, քաղաքական կյանքին տվել է մի ամբողջ շարք ականավոր գործիչներ, այդ թվում՝

Վարչական բաժանում խմբագրել

Վիլայեթն ուներ 3 գավառ՝

Դերսիմի սանջակ խմբագրել

Դերսիմի սանջակի կազաներն (գավառակներ) էին.[1]

Խարբերդի սանջակ խմբագրել

Խարբերդի սանջակի կազաներն (գավառակներ) էին.[2]

Մալաթիայի սանջակ խմբագրել

Մալաթիայի սանջակի կազաներն (գավառակներ) էին.[3]

Խարբերդի գավառի հայաբնակ գյուղեր ու քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Դերսիմի գավառ, հտ 2, էջ 93
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Խարբերդի գավառ, հտ 2, էջ 700
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Մալաթիայի գավառ, հտ 3, էջ 637
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 40