Թոքաթ
Եվդոկիա (Թոխաթ, Թոքաթ), քաղաք Թուրքիայում, Սեբաստիա-Ամասիա-Սամսուն խճուղու վրա, այժմ՝ Թոքատ վիլայեթի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալիս(այժմ՝ Էշիլ Իրմակ) գետի Թոզանլու կամ Թոքատ սու վտակի ձախ ափին՝ շրջապատված ոչ բարձր (Ղժղըժ, Թոփչամ, Քեմալ, Ճեմալ և Խաչ) լեռներով։ Եվդոկիան ընկած է լեռների միջև՝ արևելքից արևմուտք ձգված 650մ բարձրության հովտում։ Ունի գեղեցիկ դիրք, շրջապատված է փարթամ այգիներով ու պարտեզներով, օդը առողջարար է, աղբյուրները՝ սառնորակ ու քաղցրահամ։
Բնակավայր | ||
---|---|---|
Թոքաթ | ||
թուրքերեն՝ Tokat | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Թոքաթի մարզ | |
Մակերես | 1,923 կմ² | |
ԲԾՄ | 623 մետր | |
Բնակչություն | ▲163 405 մարդ (2022) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 60000 | |
Ավտոմոբիլային կոդ | 60 | |
Պաշտոնական կայք | tokat.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Եվդոկիան հնագույն բնակավայր է, պատմությունն սկսվում է Ք.ա. IV հազարամյակից։ Հին ժամանակներից բնակեցված է եղել նախախեթական, խեթական, այնուհետև՝ հայկական ցեղերով։ Ք.ա. 546-322 թ.թ.-ը գտնվել է Աքեմենյան Պարսկաստանի, 322-ից մինչև Մագնեսիայի ճակատամարտը (Ք.ա. 190 թ.)՝ Սելևկյանների տիրապետության տակ։ Ք.ա. 190-ին մտել է Փոքր Հայքի թագավորության մեջ, որը հետագայում միացվել է Պոնտոսի թագավորությանը։ Հռոմեա-պոնտական պատերազմում Միհրդատ VI Եվպատորի (Ք.ա.111 թ.-63 թ.) պարտությունից հետո միացվել է Հռոմեական կայսրությանը։ IV դարի վերջից մինչև 1071 թ. եղել է Բյուզանդիայի կազմում։ Ենթադրում են, որ Եվդոկիան իր անունն ստացել է բյուզանդական կայսր Թեոդորիոս I-ի (379 թ.-395 թ.) մոր՝ Եվդոքսիայի անունից։ VIII-IX դդ. արաբները հարձակումներ են գործել Եվդոկիայի վրա, բայց չեն կարողացել գրավել։ 1174-1307 թ.թ. Եվդոկիային տիրել են սելջուկ-թուրքերը, 1307-1398 թ.թ.-ին՝ մոնղոլները։ 1398 թ.-ից Եվդոկիան միացվել է Թուրքիային, և թուրքերը վերանվանել են Թոքատ։
Հայերը Եվդոկիայում
խմբագրելՀնագույն ժամանակներից Եվդոկիայում բնակվում էր հայ հոծ բնակչություն։ 1914 թ.-ին Եվդոկիան ուներ մոտ 50000 բնակիչ (թուրքեր, հայեր, հույներ, լազեր, չերքեզներ և այլն)։ 1915 թ. Մեծ եղեռնից առաջ հայերի թիվը մոտ 14000 էր։ Հայերը կարևոր դեր են խաղացել Եվդոկիայի տնտեսական և մշակութային կյանքում։ Զբաղվում էին արհեստներով (պղնձագործություն, ջուլհակություն, ոսկերչություն, կոշկակարություն), առևտրով, շերամապահությամբ, այգեգործությամբ։ Լուսավորչական հայերն ունեին յոթ եկեղեցի։ Հնուց եղել է հոգևոր թեմական կենտրոն. Առաջնորդարանի շենքը գտնվում էր Ս. Աստվածածին եկեղեցու մոտ։ Գործել է հայկական հինգ վարժարան (Ազգային, Ոսկյան, Վարդուհյան, Ս. Երրորդություն և Ներսեսյան)։ Առանձին եկեղեցիներ և վարժարաններ ունեին նաև հայ կաթոլիկական և բողոքական համայնքները։ 1900-ական թվականներին գործում էր 3 մանկապարտեզ։ Ոսկյան վարժարանում 1869-1872 թ.թ. դասավանդել է Մկրտիչ Փորթուգալյանը։ Եղել են թատերական խմբակներ։ 1879 թ-ին առաջին անգամ թատերական ներկայացում են տվել Ազգային վարժարանի աշակերտները։ 1883-ին կազմակերպվել է Սանուց ընկերությունը, որը նույնպես ներկայացումներ էր տալիս Ազգային վարժարանում։ 1910 թ-ին ստեղծվել է Հայ դերասանուհյաց միությունը։ 1912 թ-ին Դանիել Վարուժանի ղեկավարությամբ բեմադրվել է Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»-ը։ 1914-ին «Հայ առաջադիմության ակումբ»-ը բեմադրել է Շիլլերի «Ավազակները»։ 1911 թ-ին Ազգային վարժարանի սրահում պոլսեցի Կարապետ Արսենյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ցուցադրվել է կինոնկար։
1883 թ-ին Եվդոկիայում լույս է տեսել առաջին պարբերականը՝ «Երախայրիք» ամսագիրը, 1910 թ-ի դեկտեմբերի 1-ին Հայ առաջադիմական ակումբի նախաձեռնությամբ՝ «Իրիս» կիսամսյա հանդեսը։ 1910 թ-ին Հակոբ Պոյաճյանը Եվդոկիայում հիմնել է տպարան, որտեղ տպագրվել են «Իրիս» հանդեսը, ինչպես նաև գեղարվեստական գրքեր։ 1914 թ-ի մարտին Տիգրան Թեոմիրյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց երկրորդ տպարանը։ Եվդոկիան հայ գրչության նշանավոր կենտրոններից է, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Եվդոկայի հայերի տնտեսական, հոգևոր և մշակութային աշխույժ կյանքը խաթարվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կոտորվեցին բազմաթիվ եվդոկահայեր, Օսմանյան կայսրության ջանքերով տեղահանվեցին Եվդոկիայի գավառի 23 հայկական գյուղերի բնակիչներ։ 1939 թ-ին Եվդոկիայում ապրում էր ընդամենը 400հայ։ Եվդոկիայում է ծնվել տպագրիչ Աբգար Թոխաթցին։
Եվդոկիա գավառի հայաբնակ բնակավայրերը
Բնակավայրերի անունները | Հայ բնակիչներ | Այլազգիներ |
---|---|---|
Աղաբաղ | 79 | - |
Գետաղազ | 308 | - |
Գրիգորիս | 245 | - |
Գուրջի | 31 | 195 |
Յաթմիշ | 374 | - |
Զիլե քաղաք | 20125 | 16688 |
Էյվազա | 113 | - |
Էնտիզ | 60 | 95 |
Թագդլպա | 262 | - |
Կեսարա | 9 | - |
Կեքսի | 18 | - |
Հերեք ավան | 1126 | 4702 |
Ղափու աղզի | 360 | - |
Նիկսար քաղաք | 2053 | 3705 |
Չիֆթլիկ | 326 | - |
Չողշար | 92 | - |
Պեսկինճիք | 291 | - |
Պիզեռի | 34 | 340 |
Պոլիս | 200 | 234 |
Սար Գայեան | 63 | - |
Սախաբ Չալ | 30 | - |
Վարազ | 39 | 171 |
8129 | 26130 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 526)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքաթ» հոդվածին։ |