Դոն Ժուան
Դոն Ժուան (իսպ.՝ Don Juan, Դոն Խուան, հանդիպում է նաև իտալական տարբերակը՝ դոն Ջովաննի (իտալ.՝ Don Giovanni)), Նոր ժամանակների գրականության «հավերժական կերպարներից» մեկը, կանանց գայթակղող, ով ծագումով իսպանացի է։ Նրա անունը դարձել է անառակության հոմանիշ, ինչպես Լովելասի ու Կազանովայի անունները։
Նախատիպ
խմբագրելԼեգենդար Դոն Ժուանի նախատիպն է համարվում Սևիլյայի ազնվական տոհմերից մեկի ներկայացուցիչ դոն Խուան Տենորիոն։ Նրա սիրային արկածներն ու մենամարտերը, որ անպատիժ են մնացել դրանցում իր մտերիմ ընկերոջ՝ Կաստիլիայի թագավոր Պեդրո I-ի (1350-1369) մասնակցության պատճառով, երկար ժամանակ սարսափ են տարածել ողջ Սևիլյայում։ Սակայն դոն Խուանի կողմից Կալատրավայի օրդենի կոմանդոր դոն Գոնզալո դե Ուլոայի սպանությունը, որ նա կատարել էր կոմանդորի աղջկան առջանգելու ժամանակ, սպառում է ժողովրդի համբերությունը։ Արդարադատությունը ոչինչ չի ձեռնարկում, և Կալատրավայի օրդենի ասպետները որոշում են պատժել նրան։ Նրանք երիտասարդ ու գեղեցիկ կնոջ անունից դոն Ժուանին ժամադրում են ուշ գիշերը եկեղեցում, որտեղ թաղված էր կոմանդորը, սպանում են նրան և լուրեր տարածում, թե նա դժոխք է ուղարկվել արձանի կողմից։
Այս լեգենդին հետագայում միահյուսել են սևիլյան մի ուրիշ լեգենդ, որի գլխավոր հերոսն է դոն Միգել դե Մանարան, ով իր հոգին ծախել է սատանային, սակայն հետո զղջացել է ու հեռացել վանք։
Միջնադարի ժողովրդական պոեզիայում ու ասպետական պատմություններում հանդիպում են մի շարք այլ կերպարներ, որոնց նպատակը միայն մարմնական հաճույքն է և որոնք նույնպես անվախ են ու անբարոյական։ Օբրի Բուրգունդացին (ֆր.՝ Aubery le Bourgoing), Ռոբերտ Սատանան (ում մասին պատմությունն իր ընդհանուր գծերով առավել նման է դոն Խուանի մասին լեգենդին) և այլք ներկայացրել են այդ տիպին հատուկ գծերը, որոնք յուրաքանչյուր երկրում կարող էին վերագրվել իրենց անառակությամբ առավել հայտնի արկածախնդիրներին։
Ժամանակի ընթացքում տիպը փոխվում է. Դոն Ժուանի նախորդների կոպտությունն ու բնավորության սուր գծերը մեղմանում են, նա օժտվում է ավելի գրավիչ որակներով, և սևիլյան լեգենդի հերոսը վերածվում է հմայիչ երիտասարդի, ինչը դառնում է նրա ժողովրդականության պատճառ։
Դոն Ժուանը գրականության մեջ
խմբագրելՏիրսո դե Մոլինա
խմբագրելԴոն Ժուանի առաջին գրական կերպարն ստեղծել է Տիրսո դե Մոլինան «Սևիլյան աղմկարարն ու քարե հյուրը» պիեսում (շուրջ 1630 թվական)։ Սյուժեի համար հիմք է ծառայել Խուան Տենորիոյի իրական պատմությունը։
Տիրսո դե Մոլինայի պիեսում դոն Ժուանը մի շարք սիրային արկածներից հետո իր ընկերոջ՝ մարքիզի կերպարանքով գնում է նրա հարսնացուի՝ դոննա Աննայի մոտ։ Կեղծիքը բացահայտվում է։ Աննայի գոռոցի պատճառով ներս է վազում նրա հայրը՝ կոմանդորը։ Դոն Ժուանը սպանում է նրան ու փախչում՝ հասցնելով գայթակղել գեղջկուհի Ամինտային։ Վերադառնալով Սևիլյա՝ դոն Ժուանը պատահաբար հայտնվում է կոմանդորի գերեզմանի մոտ։ Շիրմաքարին կարդալով մարդասպանից վրեժ լուծելու սպառնալիքը՝ դոն Ժուանը բռնում է արձանի մորուքից ու նրան հրավիրում ընթրիքի։ Արձանն այցելում է Դոն Ժուանին, ու ինքն էլ նրան է հրավիրում իր մոտ։ Հավատարիմ մնալով իր տված խոսքին՝ Դոն Ժուանը գնում է կոմանդորի գերեզմանի մոտ։ Դժոխային հացկերույթից հետո երկուսն էլ գետին են տապալվում։ Եզրափակիչ տեսարանին ներկա է նաև թագավորը, ով հրամայում է մահապատժի ենթարկել Դոն Ժուանին։ Սակայն վերջինիս ծառան հայտնում է, որ իր տերն արդեն արժանացել է աստծո պատժին։
Տիրսո դե Մոլինայի պիեսում Դոն Ժուանը ներկայացված է որպես գայթակղիչ («միշտ էլ ինձ համար մեծագույն հաճույք է եղել գայթակղել կնոջը և պատվազրկելուց հետո լքել նրան»), որին հետաքրքրում է ոչ այնքան հաճույքը, որքան կնոջն իր կամքին ենթարկելը։ Հեշտ հաղթանակները նրան չեն գերում։ Լինելով նվաճող, խարդախ ու մենամարտերի սիրահար՝ նա օժտված է իդեալական ազնվականին հատուկ գծերով՝ գեղեցկությամբ, քաջությամբ, պատվի զգացումով։
Սյուժեի տարբերակները XVII-XVIII դարերի գրականության մեջ
խմբագրելՏիրսո դե Մոլինայի պիեսի հրատարակումից երեք տարի անց այն մեծ հաջողությամբ ներկայացվում էր Իտալիայի ժողովրդական բեմերում. այդ հաջողության գաղտնիքներից մեկը հումորային տարրի ներմուծումն էր, ինչով իտալացիները փորձել էին մեղմացնել պիեսի ողբերգականությունը։ Բեմի համար պիեսը մշակել են Ջիլիբերտին (1652) և Չիկոնինին (Il convitato di pietra, 1670): Վերջինս Տիրսո դե Մոլինայի պիեսից հանել է բարոյախրատական ու մռայլ տարրերը։
Ջիլիբերտիի իտալական մշակումը, որ ավելի մոտ էր իսպանական տարբերակին, չի պահպանվել, սակայն նրա հիման վրա են գրվել Դոն Ժուանին նվիրված առաջին պիեսները Ֆրանսիայում, որտեղ այս սյուժեն տարածում է գտել շուրջ 1658 թվականին։ Այդ թվականին է վերաբերում Դարիմոնի պիեսի բեմադրությունը Լիոնում, իսկ հաջորդ տարի դե Վիլեն մշակել է այն Փարիզում բեմադրելու համար, որտեղ պիեսը ներկայացվել է Le festin de pierre, ou le fils criminel վերնագրով։ Մոլիերն իր «Դոն Ժուան, կամ Քարե հյուրը» կատակերգությունում (բեմադրվել է 1665 թվականին) առաջին անգամ հերոսին զրկել է իսպանացուն բնորոշ գծերից և պիեսում պատկերել է իր ժամանակի ֆրանսիական իրականությունը։ Նա հանել է իտալացիների ներմուծած կոմիզմն ու Տիրսո դե Մոլինայի պիեսի համար բնութագրական կղերական նրբերանգը։ Մոլիերից հետո Դոն Ժուանի մասին լեգենդը մշակել են՝
- հայտնի դրամատուրգ Թոմ Կոռնելի եղբայրը (1677), որի մշակած տարբերակը (չափածո) ֆրանսիական բեմերում ներկայացվել է մինչև նոր ժամանակներ,
- դերասան Ռոզիմոնը (որ պիեսի համար վերցրել է Ժան-Բատիստ Դյումենիլ (ֆր.՝ Jean-Baptiste Du Mesnil) կեղծանունը, որն իր Festin de pierre, ou l’athee foudroye («Քարե հյուրը, կամ Մոխրացած աթեիստը», 1669) պիեսում գործողությունները ներկայացրել է հեթանոսական ժամանակներում, որպեսզի հերոսը կարողանա անպատիժ մնալ իր աստվածանարգության համար։
Գերմանիայում 18-րդ դարի սկզբից ժողովրդական թատրոններում ներկայացվել են Դոն Ժուանի մասին լեգենդի տարբեր մշակումներ։ Այդ մշակումներում Դոն Ժուանի ծառան հաճախ ավելի նշանակալի դեր է կատարել, քան հենց Դոն Ժուանը։ 17-րդ դարի վերջին լեգենդը մշակել է իսպանացի դրամատուրգ Անտոնիո դե Սամորան, իսկ Իտալիայում ավելի ուշ այն մշակել է Գոլդոնին (D. Giovanni Tenorio, osia: il dissoluto punito):
XIX-XX դարերի գրականության մեջ
խմբագրելԿերպարի առաջին ռոմանտիկական մեկնաբանությունը տվել է Էռնստ Հոֆմանն իր «Դոն Ժուան» նովելում (1812)։ Այդ ստեղծագործության մեջ Դոն Ժուանը, ով որոնում է աշխարհում անհասանելի իդեալը, նմանություններ ունի Ֆաուստի հետ[1]։ Երկու հերոսներն էլ ընդդիմանում են ճակատագրին, էգոիստ են ու անհավատ, և եթե Դոն Ժուանի մասին լեգենդում քնարական արտահայտություն են գտել պրակտիկ ռեալիզմն ու նուրբ սենսուալիզմըը, ապա Ֆաուստի մասին լեգենդն առաջ է քաշում սուբյեկտիվ իդեալիզմն ու մտահայեցական հակումները։ Գերմանացի դրամատուրգ Քրիստիան Դիտրիխ Գրաբբեն իր «Don Juan und Faust» դրամայում փորձել է իրար կապել այդ երկու հերոսների ճակատագրերը։
Ջորջ Գորդոն Բայրոնի «Դոն Ժուան» սատիրական պոեմում (1818-23) Դոն Ժուանը բոլորովին պասիվ է։ Պոեմի գործողությունները ծավալվում են 18-րդ դարում։ Ներկայացվում է հերոսի սիրային արկածների շղթան՝ ամուսնացած դոնյա Յուլյայի հետ Իսպանիայում, հմայիչ Գաիդեի հետ մեկուսի կղզում նավաբեկությունից հետո, թուրք սուլթանի հարճի հետ նրա հարեմում, Եկատերինա II-ի հետ Ռուսաստանում, ինչպես նաև Լոնդոնի աշխարհիկ կենտրոնում։ Ոչ մի տեղ և ոչ մի անգամ նա սիրո ագրեսիվ սկիզբը չէ, նա չի հետևում ու բռնության ենթարկում կանանց, այլ կանայք են ընտրում նրան, ով մնում է պասիվ ու չի դիմադրում՝ չկարողանալով մերժել նման ազդեցիկ կանանց։ Բայրոնի «Դոն Ժուանը» ընդհանրություններ չունի սևիլյան լեգենդի հետ, թեև երկու հերոսներն էլ ունեն որոշակի նմանություններ։
Պրոսպեր Մերիմեն «Քավարանի հոգիներ» (1834) նովելում նշում է, որ դոն Խուանի մասին կան բազմաթիվ լեգենդներ և ներկայացնում է նրա ճակատագրի իր տարբերակը։ Դրա էությունը զղջումն է։ Պրոտագոնիստ դոն Խուան դե Մարանյան իր բուռն ու մեղսալից կյանքի կիզակետին վերապրում է իր թաղման միստիկական էպիզոդն ու գիտակցում իր հանցագործությունների ծանրությունն, ինչից հետո հեռանում է վանք։ Մահվանից առաջ նա խնդրում է իրեն թաղել վանքի դռան առաջ, որպեսզի ամեն մտնող ոտնատակ տա իր գերեզմանը, որի վրա խնդրում է գրել. «Այստեղ հանգչում է ամենավատ մարդը, որ երբևէ ապրել է աշխարհում»։
Դոն Ժուանի կոնֆլիկտի՝ հասարակության հետ հաշտությամբ լուծումն է ներկայացված նաև Ալեքսեյ Տոլստոյի՝ 1862 թվականին գրված «Դոն Ժուան» պոեմում։ Այդ ստեղծագործության համար երաժշտություն է գրել Էդուարդ Նապրավնիկը։
Ռուս գրողներից Դոն Ժուանի մասին լեգենդը մշակել է նաև Ալեքսանդր Պուշկինը, որ 1830 թվականին գրել է «Քարե հյուրը» պոեմը, իսկ Ալեքսանդր Դարգոմիժսկին գրել է համանուն օպերան։
Դոն Ժուանի պատմությանը պարականոն, պարադոքսալ մեկնաբանություն է տվել Կարել Չապեկը։ 20-րդ դարում այդ թեմային անդրադարձել են նաև խորհրդային դրամատուրգներ Սամուիլ Ալյոշինը («Այն ժամանակ Սևիլյայում» (ռուս.՝ «Тогда в Севилье»), 1948), Լեոնիդ Ժուխովիցկին («Սենյոր Ժուանի վերջին կինը»,ռուս.՝ «Последняя женщина сеньора Хуана»): Դոն Ժուանի մահվան գիտաֆանտաստիկական տարբերակը ներկայացրել է Ալեքսանդր Իվոլգինն իր «Ջուանելո Տուրիանոյի ձեռագիրը» (ռուս.՝ «Рукопись Джуанело Турриано», 1972) պատմվածքում։
Դոն Ժուանն օպերայում
խմբագրելԴոն Ժուանին նվիրված առաջին օպերան՝ l’Empio punito («Պատժված անառակը», Հռոմ, 1669 թ.), ստեղծել է Ալեսանդրո Մելանին։ Նույն թեմայով երկրորդ երաժշտական ստեղծագործությունը՝ La pravita castigata օպերա-պաստիչոն, ներկայացվել է Վիեննայում 1730 թվականին (երաժշտությունը գրել են մի քանի երաժիշտներ, առաջին հերթին՝ Անտոնիո Քալդարան)։ 1761 թվականին նույնպես Վիեննայում բեմադրվել է «Դոն Ժուան» բալետը Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի երաժշտությամբ։ 1777 թվականին «Դոն Ժուան» վերնագրով օպերա է գրել Ռիգինին, ապա նրան հետևել են Տրիտոն, Ալբերտինին, Քերուբինին և այլք։
Առավել հայտնի է Մոցարտի «Դոն Ժուան» օպերան, որի լիբրետոն գրել է Լորենցո դա Պոնտեն Անտոնիո դե Սամորայի պիեսի հիման վրա։
Ալեքսանդր Դարգոմիժսկին, ազդվելով Ալեքսանդր Պուշկինի «Քարե հյուրը» պիեսից, դրա հիման վրա գրել է համանուն օպերան՝ ոչ մի բառ չփոխելով տեքստում։ Կոմպոզիտորի մահվանից հետո օպերան ավարտին են հասցրել նրա ընկերները՝ Ցեզար Կյուին և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։
Որոշ ստեղծագործություններ Դոն Ժուանի մասնակցությամբ
խմբագրել- Տիրսո դե Մոլինա – «Սևիլյան աղմկարարը և քարե հյուրը» պիես (El Burlador de Sevilla у convidado de Piedra, 1630)
- Ջիլիբերտի
- Դարիմոն
- Չիկոնինի Դ. Ա. «Քարե հյուրը (Convitaio di pietra)» (1650)
- Մոլիեր – «Դոն Ժուան, կամ քարե խնջույք» (1665)
- Կլոդ Դեշան դե Վիլե – Le festin de pierre, ou le fils criminel պիես (1660)
- Կոռնել (1677)
- Ռոզիմոն – Festin de pierre, ou l’athee foudroye («Քարե հյուրը կամ մոխրացած աթեիստը», 1669) պիես
- Շադվել – The libertine destroyed (Զոհված անառակը, 1676) պիես
- Անտոնիո Սամորա – «No hay plazo que no se cumpla, ni deuda que no se pague o Convidado de piedra» պիես
- Կառլո Գոլդոնի – «Don Giovanni Tenorio, osia: il dissoluto punito» (1760) պիես
- Էռնստ Հոֆման – «Դոն Ժուան» (Don Juan. Eine fabelhafte Begebenheit, die sich mit einem reisenden Enthusiasten zugetragen, 1812)
- Ջորջ Գորդոն Բայրոն – «Դոն Ժուան» (1819-1823) պոեմ
- Քրիստիան Դիտրիխ Գրաբե – «Դոն Ժուանն ու Ֆաուստը» (Don Juan und Faust, 1829) պիես (IX, 467)
- Ալեքսանդր Պուշկին – «Քարե հյուրը» (1830)
- Օնորե դը Բալզակ – «Երկարակեցության ըմպելիքը» (1830)
- Ալֆրեդ դը Մյուսե – «Նամունա» (1832)
- Պրոսպեր Մերիմե – «Քավարանի հոգիները» (1834)
- Գոլտեյ (1834)
- Ալեքսանդր Դյումա հայր – «D. Juan de Marana ou la chute d’un ange» (1836)
- Վիզե (1840),
- Բրաուն ֆոն Բրաունտալ (1842)
- Նիկոլաուս Լենաու – «Դոն Ժուան» անավարտ դրամատիկական պոեմի հատված (1844)
- Խոսե Սոռիլյա ի Մորալ – «Դոն Խուան Տենորիո» («Don Juan Tenorio», 1844), «El desafio del diablo» և «Un testigo de Bronce» (1845)
- Շառլ Բոդլեր – «Don Juan aux enfers» բանաստեղծություն (1846)
- Ալեքսեյ Տոլստոյ – «Դոն Ժուան» դրամատիկական պոեմ (1859)
- Բարբե դ’Օրևիլի – «Դոն Ժուանի ամենագեղեցիկ սերը» պատմվածք («Սատանայական դեմքեր», 1874)
- Ֆրիդման («Don Juans letztes Abentener», 1881)
- Պաուլ Հեյզե – «Don Juans Ende» ողբերգություն (1883)
- Ալեքսեյ Մասլով-Բեժեցկի – «Սևիլյան գայթակղիչը» (1896)
- Գաուխ – «D. Juan» դրամա
- Բեռնարդ Շոու – «Մարդն ու գերմարդը» դրամա (1903), «Դոն Ժուանը բացատրում է» պատմվածք (1887)
- Գիյոմ Ապոլիներ – «Les exploits d’un jeune Don Juan» (1907) վեպ
- Ռիտներ – «Unterwegs. Ein Don Juan Drama» (1909)
- Ալեքսանդր Բլոկ – «Կոմանդորի քայլերը» (1910-1912)
- Օսկար դե Լյուբիչ-Միլոշ – «Միգել Մանյարա» դրամա (1911-1912)
- Նիկոլայ Գումիլյով – «Դոն Ժուանը Եգիպտոսում», չափածո պիես մեկ գործողությամբ (1911)
- Լեսյա Ուկրաինկա – «Քարե տիրակալը» («Камінний Господар»[2]) (1912)
- Մարինա Ցվետաևա – «Դոն Ժուան», բանաստեղծությունների շարք (1917)
- Էդմոն Ռոստան – «La dernière nuit de Don Juan» (1921) դրամա
- Ասորին – «Դոն Խուան» (1922)
- Պավել Անտոկոլսկի – «Конквистадор», չափածո (1927)
- Միշել դե Գորդերոդ – «Դոն Ժուան» (Don Juan, 1928)
- Վլադիմիր Կորվին-Պիոտրովսկի – «Դոն Ժուանի մահը», (1929)
- Գոթֆրիդ Բեն – «Don Juan gesellte sich zu uns» բանաստեղծություն
- Էդյոն ֆոն Հորվաթ – «Դոն Ժուանը գալիս է պատերազմից» պիես (1936)
- Սամուիլ Ալյոշին – «Այն ժամանակ Սևիլյայում» կատակերգություն (1948)
- Սալվադոր դե Մադարյագա և Ռիխո – «Դոնժուանոլոգիա, կամ Վեց Դոն Ժուան և մեկ տիկին» («Don Juan y la donjuanía o Seis donjuanes y una dama») (1950)
- Գիլյերմո Ֆիգեյրեդո – «Դոն Ժուան» պիես (1951)
- Մաքս Ֆրիշ – «Դոն Ժուան, կամ Սեր դեպի երկրաչափությունը» պիես (1953)
- Միգել դե Ունամունո – «Եղբայր Խուան, կամ Աշխարհը թատրոն է» («El hermano Juan, о el mundo es teatro») պիես (1954)
- Դերեկ Ուոլկոտ – «The Joker of Seville» պիես (1974)
- Դավիթ Սամոյլով – «Դոն Ժուանի վերջը»[3], չափածո կատակերգություն (1938), «Ծեր Դոն Ժուան»[4] պոեմ (1976)
- Էդուարդո Մանետ – «Ուրիշ Դոն Ժուան», դրամա (1976)
- Վիկտոր Սոսնորա – «Դոն Ժուան»[5], բանաստեղծություն (1979)
- Է. Ռադինսկի – «Դոն Ժուանի» շարունակությունը (պիես, 1979)
- Կոնստանտին Պոմրենին – «Դոն Ժուան»[6] (1980-1986)
- Nicolae Breban, «Don Juan», 1981
- Վլադիմիր Կազակով – «Դոն Ժուան», դրամատիկական եռագրություն էպիլոգով (1983)
- Լեոնիդ Ժուխովիցկի – «Սենյոր Խուանի վերջին կինը», պիես երկու գործողությամբ (1987)
- Փեթեր Հանդքե – «Don Juan (erzählt von ihm selbst)» վիպակ (2004)
- Ժոզե Սարամագո – «Don Giovanni ou O Dissoluto Absolvido» պիես (2005)
- Անջեյ Բարտ – «Don Juan raz jeszcze» վիպակ (2006)
- Ռոբերտ Մենասե – «Don Juan de La Mancha oder die Erziehung der Lust» վեպ (2007)
- Է.-Է. Շմիտ – «Դոն Ժուանի վերջին սերը, կամ Սիրո կառափնարան» պիես
- Ե. Լուկին – «Այնտեղ՝ Աքերոնից այն կողմ»
- Միխայիլ Դունաև – «Դոն Ժուա՞ն... Դոն Ժուա՜ն» (ռուս.՝ «Дон Жуан?.. Дон Жуан!») պիես, բեմադրվել է Մոսկվայի ռուսական դրամայի թատրոնում[7]
- Լե Տելիե – օպերա (1713)
- Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ – «Դոն Ժուան» (1761)
- Վինչենցո Ռիգինի – «Քարե հյուրը» օպերա (1777)
- Տրիտո – օպերա
- Ալբերտինի – օպերա
- Լուիջի Քերուբինի – օպերա
- Մոցարտ – «Դոն Ժուան» օպերա ըստ Անտոնիո դե Սամորայի պիեսի
- Գացանիգի – «Քարե հյուրը» օպերա
- «Քարե հյուրը» օպերա – «Քարե հյուրը» օպերա
- Էդուարդ Նապրավնիկ - երաժշտություն Ալեքսեյ Տոլստոյի «Դոն Ժուան» պոեմի համար
- Ռիխարդ Շտրաուս – «Դոն Ժուան» սիմֆոնիկ պոեմ
- «Օպերայի ուրվականը» մյուզիքլի գլխավոր հերոսը՝ Ուրվականը, ստեղծում է «Դոն Ժուանի տրիումֆը» օպերան, որի մի քանի տեսարաններ ներկայացվում են բեմում։
- «Դոն Ժուան» մյուզիքլ (2003), երաժշտությունը՝ Ֆելիքս Գրեյի
- «Դոն Ժուան Տենորիո» (1898), Մեքսիկայի կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին ֆիլմը, նկարահանվել է Սալվադոր Տոսկանոյի կողմից Խոսե Սոռիլյա ի Մորալի համանունի պիեսի հիման վրա
- Դոն Ժուան (1908), ռեժիսոր՝ Ալբեր Կապելանի
- Դոն Ժուան (1913), Դոն Ժուանի դերում՝ Վիլեմ վան դեր Վեեր
- Դոն Ժուան (1922), Դոն Ժուանի դերում՝ Ժոզեֆ Ռ. Տոզեր
- Դոն Ժուան (1922), Դոն Ժուանի դերում՝ Հանս Ադալբերտ Շլետով
- Դոն Ժուան և Ֆաուստ (1922), Մարսել Լ’Էրբիեի ֆիլմն ըստ Քրիստիան Դիտրիխ Գրաբեի դրամայի
- Դոն Ժուան Տենորիո (1926), Դոն Ժուանի դերում՝ Ֆորտունինո Բոնանովա
- Դոն Ժուան (1926), Դոն Ժուանի դերում՝ Ջոն Բերիմոր
- Դոն Ժուանի մասնավոր կյանքը (1934), ռեժիսոր՝ Ալեքսանդր Կորդա, Դոն Ժուանի դերում՝ Դուգլաս Ֆերբենքս
- Դոն Ժուանի արկածները, (1948), Դոն Ժուանի դերում՝ Էրոլ Ֆլին
- Դոն Ժուան (1950), Դոն Ժուանի դերում՝ Անտոնիո Վիլար
- Տղամարդիկ մտածում են միայն այդ մասին (1954), ֆրանսիական կատակերգություն, Դոն Ժուանի դերում՝ Ժան Մարի Ամատո
- Նոր Դոն Ժուան (1955), ֆրանսիական կատակերգություն, Դոն Ժուանի դերում՝ Էռնո Կրիզա
- Սատանայի աչք (1960), ռեժիսոր՝ Ինգմար Բերգման, Դոն Ժուանի դերում՝ Յարլ Կուպլե
- Don Juan revient de guerre (1968), Դոն Ժուանի դերում՝ Ժան Ռոշֆոր
- Դոն Ժուանը Տալլինում (1971), ըստ Սամուիլ Ալյոշինի պիեսի, Դոն Ժուանի դերում՝ Գունտա Վիրկավա
- Փոքրիկ ողբերգություններ (1979), Դոն Գուանի դերում՝ Վլադիմիր Վիսոցկի
- «Դոն Ժուան» (1979), ֆիլմ-օպերա, ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոուզի, գլխավոր դերում՝ Ռուջերո Ռայմոնդի
- Դոն Ժուանի գայթակղությունը (1985), ըստ Լեսյա Ուկրաինկայի «Քարե տիրակալը» դրամայի, Դոն Ժուանի և Կոմանդորի դերերը կատարել է Իվար Կալնինշը
- Դոն Ժուանը դժոխքում (1991), Գոնսալո Սուարեսի ֆիլմը, Դոն Ժուանի դերում՝ Ֆերնանդո Գիլյեն
- Դոն Ժուան դե Մարկո (1995), Դոն Ժուանի դերում՝ Ջոնի Դեփ
- Դոն Ժուան (1998), Մոլիերի պիեսի էկրանավորումը, Դոն Ժուանի դերում՝ Ժակ Վեբեր, դերերում՝ Էմմանուել Բեար, Պենելոպե Կրուս
- Dom Juan (2003), Մոլիերի պիեսի ֆրանսիական էկրանավորումը, գլխավոր դերում՝ Անջեյ Սևերին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Այդ նմանության վրա առաջիններից մեկն ուշադրություն է դարձրել գերմանացի գեղագետ Ռոզենկրանցը, ով որպես Ֆաուստի նախատիպերից մեկը քննել է Պեդրո Կալդերոնի «Կախարդական մոգը» («Ueber Calderon's Tragödie vom wunderthätigen Magus», 2 հրատ. 1832). (Karl Rosenkranz Ueber Calderon's Tragödie vom wunderthätigen Magus: Ein Beitrag zum Verständniß der Faustischen Fabel. — Halle und Leipzig: Reinicke und Compagnie, 1829. — 144 p.)
- ↑ «Камінний Господар»(չաշխատող հղում)
- ↑ «Դոն Ժուանի վերջը»
- ↑ «Старый Дон-Жуан»(չաշխատող հղում)
- ↑ Դոն Ժուան
- ↑ Поэма «Дон Жуан»
- ↑ Дон Жуан?.. Дон Жуан! — Московский театр русской драмы Камерная сцена
Աղբյուրներ
խմբագրել- ФЭБ «Русская литература и фольклор». Литературная энциклопедия. Дон-Жуан.
- И. Б. Калецкий (1890–1907). «Дон-Жуан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Литературная энциклопедия (1929—1939)
Գրականություն
խմբագրել- Нусинов И. М., История образа Дон Жуана, в его кн.: История литературного героя, М., 1958
- Weinstein L., The metamorphoses of Don Juan, Stanford, 1959
- Saint-Paulien, Don Juan. Mythe et réalité, P., 1967
- Миф о Дон Жуане/ Сост. В. Багно. — СПб.: Terra Fantastica, Corvus, 2000
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն Ժուան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 435)։ |