Հավերժական կերպարներ և սյուժեներ

Հավերժական կերպարներ և սյուժեներ Ժողովրդական բանահյուսության և գրականության մեջ ստեղծված սյուժեներ ու կերպարներ, որոնք պատմական-գեղարվեստական մեծ ընդհանրացումների շնորհիվ օգտագործվում են նաև հաջորդ դարերում։ Հավերժական կերպարները մեծ մասամբ ունեն բանահյուսական ծագում, բայց կան նաև զուտ գրական կերպարներ։ Այդպիսին են Պրոմեթեւսը, Դոն Կիխոտը, Յագոն, Դոն Ժուանը, Ձենով Օհանը, Քաջ Նազարը, Միկիտան Սաքոն և այլն։ Հավերժական կերպարներ են դառնում նաև իրական անձինք, որոնք կարևոր դեր են խաղացել տվյալ ժողովրդի պատմության մեջ (հայ գրականության մեջ Վարդան Մամիկոնյան և ուրիշներ)։ Հավերժական կերպարները գործում են դեպքերի ու գործողությունների որոշակի ոլորտում, որոնք ժամանակի ընթացքում ինչքան էլ փոփոխվեն կամ արդիական մեկնաբանություն ստանան, այնուամենայնիվ, պահպանում են սյուժեի կայունությունը։ Ըստ այդմ ձևավորվում են հավերժական սյուժեները։ Դոն Ժուանի կերպարը ոգևորել և ինքնատիպ ստեղծագործությունների նյութ է տվել Մոլիերին, Մոցարտին, Բայրոնին, Պուշկինին և ուրիշների։ Դարաշրջանից դարաշրջան անցնող և տարբեր ազգային միջավայրերում հանդես եկող դրվագներ կան ժողովրդական բանահյուսության մեջ։ Օրինակ՝ ժողովրդական վիպերգություններում (այդ թվում և «Սասունցի Դավիթ» էպոսում) հաճախ են հանդիպում իրար չճանաչելու պատճառով դյուցազնի և նրա որդու միջև ծագած մենամարտի, քարանձավում հերոսի փակվելու մոտիվները։ Շատ ժողովուրդների հեքիաթներում տարածված են հրաշագործ թռչունի որոնման, տիրոջ և ծառայի հարաբերությունների և այլ պատմություններ։ Համաշխարհային գրականության և, ընդհանրապես, արվեստի պատմության մեջ բազմաթիվ հավերժական կերպարներ ու հավերժական սյուժեներ վերցված են հունական դիցաբանությունից և Աստվածաշնչից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 268