Բյուզանդական կայսրության բանակ

բանակ

Բյուզանդական կայսրության բանակը դարերի ընթացքում ապահովել է այդ պետության անվտանգությունը և պահպանել կայսրության ներքին կարգուկանոնը։ Բյուզանդական կայսրության ռազմական գործի առանձնահատկությունները համապատասխանում էին բյուզանդական հասարակության ընդհանուր զարգացմանը, իսկ դրանից զատ՝ բյուզանդական բանակը և բյուզանդական ռազմական միտքը ուշ անտիկ ժամանակաշրջանի ռազմական ավանդույթների ժառանգորդներն էին։ Այդ ժառանգականությունն արտահայտվում էր թե՛ զորքերի կազմակերպման և սպառազինվածության մեջ, այնպես էլ՝ ռազմավարության և մարտավարության մշակման մեջ։ Միաժամանակ կայսրության ռազմական կազմակերպությունը պետք է մշտապես գտներ նոր ռազմական խնդիրների պատասխանները, քանզի Բյուզանդիան իր պատմության ընթացքում մեծ մասամբ գտնվում էր պատերազմական վիճակում։ Նույնիսկ կարելի է ասել, որ գրեթե անընդմեջ տարբեր մասշտաբի պատերազմներ էին մղվում։ Այնուամենայնիվ, կայսրության ընդհանուր քայքայումն ու անկումն, ի վերջո, անմիջականորեն ներթափանցեցին նաև բանակի կառույցի մեջ, որի հետևանքով XIV—XV դարերում Բյուզանդիան անընդունակ գտնվեց արդյունավետորեն դիմակայելու թուրք-օսմանների ներխուժումներին և կորցրեց իր անկախությունը, դառնալով համեմատաբար նորաստեղծ Օսմանյան կայսրության մասը։

Գրոհող բյուզանդացիներ
Բյուզանդական կլիվանիայի ժամանակակից հեղինակային վերակազմություն (եզակի թվով՝ Κλιβάνιον)

Բյուզանդիայի զինված ուժերի զարգացման պատմությունը

խմբագրել
 
Բյուզանդիայի մշակույթ
Արվեստ
Արիստոկրատիա
և բյուրոկրատիա
Ռազմական գործ
Ճարտարապետություն
Պարերը
Խոհանոց
Հագուստ
Տնտեսություն
Պատմագրություն
Կենցաղ
Բյուզանդական լեզու
Այգեգործությունը
Դիվանագիտություն
Դրամներ
Իրավունք
Գրականություն
Երաժշտություն
Բժշկություն
Կրթություն
Փիլիսոփայություն
Գիտություն

IV—VII դարեր

խմբագրել

Մինչև Հուստինիանոսը

խմբագրել

Իր պատմության ամբողջ ընթացքում Բյուզանդիայի զորքերի կազմակերպումը կրեց բազում փոփոխություններ, որոնք արդյունք էին ինչպես հասարակական հարաբերությունների զարգացման, այնպես էլ՝ պատասխան էին այն մարտահրավերներին, որոնք բխում էին տարաբնույթ արտաքին և ներքին սպառնալիքներից։ Բյուզանդական պատմության սկզբում ռազմական կազմակերպությունում պահպանվում էին ուշ Հռոմեական կայսրության ռազմական կազմակերպությունից ժառանգված բնութագրական գծերը։ Տևական ժամանակ (մոտավորապես մինչև VII դարը) պահպանվում էր բանակը լեգեոնների բաժանելու սկզբունքը։ IV-VI դարերում Բյուզանդական կայսրության ծանրագույն ճգնաժամն անդրադարձավ նաև բանակի վրա։ Զորքերն այն աստիճանի բարոյալքված ու քայքայված էին, որ բյուզանդական կայսրերը հրաժարվել էին որևէ խոշոր հարձակողական գործողություններ անցկացնելուց։ Բանակի նշանակալից մասը կազմում էին գերման ցեղերից հավաքված վարձու ջոկատները։ Բանակների հրամանատարությունն իրականացնում էին մագիստրոսները։ Նրանց հրամանատարության ներքո ծառայում էին ձիավոր և հետևակ զորագնդերը (գվարդիական և բանակային ձիավոր զորագնդերն ու լեգեոնները, ինչպես նաև օժանդակ ստորաբաժանումներն ու զորամասերը)։ Դրանցից զատ, բյուզանդական բանակում կային նաև սահմանապահ ստորաբաժանումներ ու զորամասեր, որոնք իրենցից ներկայացնում էին աշխարհազորային ռազմուժ՝ դուքսերի (առաջնորդների) հրամանատարության ներքո։ Լեգեոնները պատմության ասպարեզից դուրս եկան VII դարի սկզբին, իսկ հետևակի փոխարեն բյուզանդական բանակի գլխավոր ուժը դարձավ հեծելազորը։

Բանակը Հուստինիանոսի բարեփոխումների ժամանակ

խմբագրել
 
Հուստինիանոս Ա կայսր

Բյուզանդական բանակը որոշակի կայունության և վերելքի ժամանաշրջան ապրեց Հուստինիանոս Ա կայսեր (ծնվ. 482 - վախճ. 565, կայսր՝ 527-ից) բարեփոխումների ընթացքում։ Հուստինիանոսի օրոք կայսրությունը, շնորհիվ տնտեսության կայունացման, ի վիճակի էր պահելու թեկուզ ոչ մեծ, սակայն լավ սպառազինված և վարժեցված ռազմական զորակազմեր։ Բյուզանդական բանակը վերակազմավորվեց՝ իր ժամանակի և ընթացիկ բարդ իրավիճակի պահանջներին համապատասխան։ Ի դեպ, բյուզանդական բանակի մարտավարության, սպառազինության և ռազմական կազմակերպվածքի վրա ուժեղագույն ազդեցություն են գործել հարևան Մեծ Հայքի և դարավոր թշնամու՝ Իրանի բանակները։ Բյուզանդական բանակն այդ ժամանակ ստորաբաժանվում էր ա. դաշտային բանակի (կազմված գլխավորապես կոմիտատներից և ֆեդերատներից, որոնց օժանդակում էին դաշնակից-բարբարոսները) և բ. կայազորային զորամասերի։ Աստիճանաբար անհետացան լեգեոնները և ալաները, որոնց փոխարինեցին ավելի մանր հետևակային և հեծելազորային ջոկատ-նումերիաները (տագմաները)։ Բյուզանդական զորքերը ստորաբաժանվեցին ջոկատ-նումերիաների, որոնց թիվը կազմում էր 200—400 ռազմիկ՝ սպա-տրիբունների հրամանատարությամբ։ Յուրաքանչյուր գավառական քաղաքում տեղաբաշխված էր 1-2 նումերիա։

Վարձու հեծյալ զորքերը ստորաբաժանվում էին ֆեդերատների թեթև հեծելազորի և կատաֆրակտարիոսների ծանր հեծելազորի, որոնք հայտնվեցին Հայաստանի և Իրանի (Արշակունյաց Պարթևստանի և Սասանյան Պարսկաստանի) ազդեցությամբ։ Հեծյալ նետաձիգ -հիպոտոքսատների ջոկատները կազմում էին կայսրության ռազմական վերնախավը։ Դաշտային բանակը կազմում էին այսպես կոչված կոմիտատները։ Հաճախ նրանք անհուսալի էին, քանզի ավելի շատ նվիրված էին իրենց հրամանատար-հավաքագրողներին, ում երդում էին տվել, այլ ոչ թե կայսերը։ Ուստի կոմիտատների հուսալիության աստիճանը պայմանավորված էր կայսեր նկատմամբ իրենց հրամանատարների հավատարմությամբ։ Այնուամենայնիվ, կոմիտատները ապագա մշտական բանակի կազմավորման հիմքն էին։ Կոմիտատների միջուկը բուկելարիոսներն էին՝ կայսեր անձնական գվարդիան և մասնավոր անձանց թիկնազորները։ Կայսր Հուստինիանոսի օրոք զինծառայության հեղինակությունը և զինվորականների արտոնությունները մեծացան, ինչի շնորհիվ Բյուզանդիան բազում պատերազմներում կարող էր հենվել նաև սեփական զորակազմերի վրա։ Ֆեդերատների ջոկատներում, բացի բարբարոսներից, սկսեցին ծառայել նաև կայսրության բնակիչները։ Զորակոչիկների հիմնական աղբյուրներն էին Բյուզանդիայի կազմում գտնվող հայկական նահանգները՝ Փոքր Հայքը, ապա Բարձր Հայքը, Ծոփքը, Աղձնիքը, հետագայում նաև Տարոնն ու Տայքը, ինչպես նաև Հարավային Անատոլիան ու Իլլիրիան՝ Բալկանյան թերակղզում։ Բարձրացավ կամավորների տոկոսը։ Այնուամենայնիվ, գերման ցեղերից հավաքագրվող վարձկանները շարունակում էին կազմել բանակի զգալի մասը։ Լավագույն ծանրազեն հեծելազորային զորամասերը կազմվում էին գերմանական ցեղերից մեկից՝ գոթերից։ 575 թվականին ընտիր զորամաս կազմվեց գոթերից, որը ստացավ «օպտիմատներ» անվանումը։ Զորամասը VI—VII դարերում տեղակայված էր Փոքր Ասիայի Բյութանիա նահանգում։ Բանակում կային բազում օստգոթեր՝ արևելյան գոթեր, որոնք կայսրություն էին վերաբնակվել Իտալիայից՝ տեղի տալով գերմանական մեկ այլ ցեղի՝ լանգոբարդների ճնշմանը։ Օստգոթերը ծառայում էին գերազանցապես հեծելազորում։ Նրանց մի մասը ծառայում էր հետևակազորում որպես նետաձիգներ։ Գոթերից զատ, բյուզանդական բանակում ծառայում էին նաև Սուդանի բնակիչներ, ինչպես նաև բերբերներ, արաբներ և հոներ։

Ընդհանուր առմամբ Հուստինիանոսի օրոք բյուզանդական բանակը կազմված էր հետևյալ մասերից.

  1. Գվարդիա, այսինքն՝ ընտրազոր կամ պահակազոր, որը տեղակայված էր կայսրության մայրաքաղաքում՝ Կոստանդնուպոլսում.
  2. Կոմիտատներ, որոնք ուշ հռոմեական դաշտային բանակի զորամասերն էին. Հուստինիանոսի օրոք նրանք կոչվում էին ստրատիոտներ և հանդիսանում էին Բյուզանդական կայսրության կանոնավոր բանակը.
  3. Լիմիտատներ, որոնք ծառայում էին կայսրության սահմաններին և սահմանային կայազորներում. այս զորատեսակը գոյություն ուներ դեռ ուշ հռոմեական բանակի ժամանակներից.
  4. Ֆեդերատներ, որոնք գերմանացի կամավորներից հավաքագրված վարձկաններ էին.
  5. Դաշնակիցներ (գերազանցապես գերմանական ցեղերից, հոներից և այլն)
  6. Բուկելարիոսներ (կայսրի և մասնավոր անձանց վարձկան թիկնազորները)։

Այդ դարաշրջանի բյուզանդական բանակի ընդհանուր թվաքանակը գնահատվում է մոտավորապես 150.000 մարդ։ Դաշտային բանակը, այսինքն՝ ռազմական արշավանքի ելնող բանակը, սովորաբար կազմված էր 15.000 - 25.000 ռազմիկներից։

Բանակը Հուստինիանոսից հետո

խմբագրել

Հուստինիանոս Ա կայսեր (527-565) մահից հետո բյուզանդական բանակում տեղի ունեցան որոշ փոփոխություններ։ Բուկելարիոսները և մյուս գվարդիական-ընտրազորային զորամասերն ու ստորաբաժանումները փոխադրվեցին կանոնավոր բանակ։ Վերնախավային կամ ընտրազորային զորամասերն այժմ ներկայացնում էին սքոլաները (Scholae), կանդիդատները (Candidati) և դոմեստիկոսները (Domestici)։ Հետագայում քիչ արդյունավետ սքոլաները փոխարինվեցին էքսկուբիտորների զորագնդով։ Սկզբնական շրջանում վերջինս 300 ռազմիկից բաղկացած ոչ մեծ ջոկատ էր, որը ստեղծվել էր դեռևս V դարում Լևոն Ա Մաքելլա կայսեր կողմից (ծնվ. 401 - վախճ. 474, կայսր՝ 457-ից)։ 200 տարի շարունակ էքսկուվիտորները արդյունավետ և մարտունակ զորամաս էին, և միայն VII դարում վերածվեցին արարողակարգային զորամասի։ Բանակը ստորաբաժանվում էր դեկարխիաների, որոնք կազմված էին առավել մանր ստորաբաժանումներից՝ ստորին աստիճանի սպաների հրամանատարությամբ։ Նախկին ցենտինարիոսները՝ ցենտուրիոնների ուշ հռոմեական ժառանգորդները, սկսեցին կոչվել հեկատոնարքոսներ։ Ստորին և միջին օղակի հրամանատարները ենթարկվում էին իլարքոսին։ Ստորին սպայական պաշտոններից էր լոխագոսի պաշտոնը (կամ դեկարքոսը), ապա գալիս էին պենտարքոսի և տետրարքոսի պաշտոնները։ Նրանց ընտրում էին առավել խիզախ և հմուտ ռազմիկներից։ Բոլոր զինվորները, բացի գվարդիականներից, այսինքն՝ ընտրազորայիններից, կրում էին միանման սպիտակ համազգեստ։

Մարտավարությունը

խմբագրել

Բանակի հիմքը կազմում էր հեծելազորը՝ այրուձին, որը ստորաբաժանվում էր ա. նիզակակիրների ջոկատների և բ. հեծյալ նետաձիգների ջոկատների։ Ըստ այդմ՝ բյուզանդական բանակի մարտավարությունը մեծ մասամբ կողմնորոշված էր հետևակի նկատմամբ հեծելազորի գերակշռությանը։ Գլխավոր հարվածը հասցնում էր ծանր հեծելազորը (կատաֆրակտները և կլիբանարիոսները), այնինչ նետաձիգներից բաղկացած թեթև հեծելազորի նպատակն էր հյուծել, մաշեցնել հակառայորդի ուժերը, մինչև որ ծանր հեծելազորը կհասցներ իր վճռական հարվածը։ Հետևակին տրվում էր օժանդակ դեր։ Ծանր հետևակի գործառույթների մեջ էր մտնում պաշտպանությունը։ Մարտակարգում կենտրոնը, ի տարբերություն զորաթևերի, սակավաշարժ էր։ Բացի այդ, զորապետերը առանձնացնում էին ռեզերվ՝ պահեստազոր։ Թեթև հետևակըը, որը զինված էր նետերով և աղեղներով, պարսատիկներով և տեգերով, լայնորեն կիրառվում էր թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ժամանակ։ Բյուզանդական բանակի զորահրամանատարները մարտադաշտում օգտագործում էին բարդ մարտավարական դասավորություններ։ Այնուամենայնիվ, բանակը շարունակվում էր քայքայվել, մինչև թեմային կամ բանակաթեմային բարեփոխման անցկացումը։

VII—XII դարեր

խմբագրել
 
Թեմային համակարգը Բյուզանդական կայսրությունում: Քարտեզում պարզ երևում է, որ տարածքով խոշորագույն թեմը «Հայկականը» կամ «Արմենիակոնն» էր, որը զբաղեցնում էր Փոքր Հայքի գրեթե ամբողջ տարածքը:

VII դարում բյուզանդական կայսրության ռազմական կազմակերպվածքում տեղի ունեցան հիմնարար փոփոխություններ։ Կայսրության նահանգներում հիմնադրվեցին թեմեր կամ բանակաթեմեր, որպես նահանգային բանակների զորամասերի կազմավորման բազաներ, իսկ մայրաքաղաքում կազմավորվեցին ընտրազորային կազմավորումներ՝ տաղմաներ։ Դրանք նոր, լավ սպառազինված կանոնավոր բանակի հիմքերն էին։ Թեմային աշխարհազորի միջուկը լավ սպառազինված հեծելազորային զորամասերն էին։ Չնայած նրան, որ թեմերից եկածները հաճախ բարձր պաշտոններ էին ստանում, ավագ սպայական կազմի կադրերի համալրման հիմնական աղբյուրը մնում էր գվարդիան՝ ընտրազորը։ Դոմեստիկոսները ներառվեցին սքոլաների կազմի մեջ. վերջիններս VIII դարի վերջերից սկսել էին դարձյալ մարտական գործառույթներ կատարել։ Յուրաքանչյուր տաղմա կազմված էր 300 ռազմիկից։ Տասը տաղմաներ կազմում էին մեկ զորագունդ՝ մերոս։ Մոտավորապես 2 տաղման կազմում էին մեկ մորա (moera)։ Տեսականորեն բանակը կազմված էր 3 մերոսներից։ Նիկեփոր Ա Գենիկոս կայսեր օրոք (ծնվ. 760 - վախճ. 811, կայսր՝ 802-ից) տաղմատան բաժանվեց նահանգականի և մայրաքաղաքայինի։ Տաղմատային ռազմիկներին ավելի լավ էին վարձատրում, քան սովորական ռազմիկներին, և ունեին, համապատասխանաբար, ավելի լավ սպառազինություն։ Նրանք օրենքի համաձայն ազատված էին բազում զանցանքների համար պատասխանատվություն կրելուց։

 
Նիկեփոր Ա Գենիկոս կայսեր ոսկեդրամ
 
Մավրիկիոս կայսեր ոսկեդրամ

Մորիկ կամ Մավրիկիոս (ծնվ. 539 – վախճ. 602, գահակալել է՝ 582-ից) կայսեր օրոք ստեղծվեց ռազմատեսական կարևոր աշխատություն՝ «Ստրատեգիկոնը»։ Դրանում մանրամասնորեն դիտարկվում են ռազմական կարգապահության, զինվորների բարոյական պատրաստության և ռազմական կազմակերպության հարցերը։ Զորքերի անբավարարությունը պահանջում էր մշտապես նետել բանակը մեկ ռազմաճակատից մյուսը, երբեմն՝ կայսրության մյուս ծայրը։ Բյուզանդական թեթևազեն նետաձիգներն ու տեգակիրները կիրառում էին մարտավարություն, որը բավական նման էր հայերի և սլավոնների մարտավարությանը։ Մարտում նրանց օժանդակում էր ծանր հետևակազորը։ Լավագույն մարտավարական դասավորությունը համարվում էր այնպիսինը, որի ժամանակ ծանր հեծելազորը տեղաբաշխվում էր կենտրոնում, իսկ թեթևազեն հեծյալ նետաձիգները՝ զորաթևերում։ Բյուզանդական բանակի կարգապահությունը մի աստիճան ավելի ցածր էր[փա՞ստ], քան Սասանյան Իրանի և Արաբական խալիֆայության բանակներում։ Ժամանակի ընթացքում, արաբական աշխարհի հետ երկարատև պատերազմների արդյունքում հեծյալ նետաձիգներն աստիճանաբար փոխարինվեցին հեծյալ նիզակակիրներով։ VII—VIII դարերում մարտադաշտում բյուզանդական զորքի ստանդարտ դասավորությունը հետևյալ տեսքն ուներ. կենտրոնում՝ հետևակը, նրա հետևում՝ ծանր հեծելազորը, զորաթևերում՝ թեթև հեծելազորը։ Մարտի ժամանակ ծանր հեծելազորը առաջ էր շարժվում՝ հետևակի շարքերում առկա բացվածքների միջով։ Հեծյալ նետաձիգների սեփական զորամասերը գոյություն ունեցան մինչև IX դարը և հետագայում փոխարինվեցին թյուրքալեզու վաչկատուններից հավաքագրված վարձկան հեծյալ նետաձիգներով։ Խալիֆայության կանոնավոր բանակներին բաց դաշտում դիմակայելու անկարողությունը նպաստեց նրան, որ հույների բանակում առաջացավ հատուկ պարտիզանական պատերազմի մարտավարություն։ Դա իրենից ներկայացնում էր հարձակում ավարով բեռնված հակառակորդի վրա, ընդ որում, հիմնականում՝ լեռնային տեղանքում։ Բյուզանդական այդ մարտավարությունում կարևորագույն դերը խաղում էին հաղորդակցության ուղիներն ու ճանապարհները։

Բյուզանդական բանակի պատմության դասական ժամանակաշրջանն է համարվում VII դարից մինչև Կոստանդնուպոլսի գրավումը արևմտաեվրոպական խաչակիրների կողմից 1204 թվականին։ Թեպետ այդ ժամանակաշրջանում տեղի են ունեցել տարաբնույթ փոփոխություններ բյուզանդական բանակի կազմավորման և կազմակերպման ձևերի մեջ, սակայն մնում էր բավական կայուն կազմակերպական միջուկը։ Բանակի ընդհանուր բաժանումը, մի կողմ թողնելով նավատորմը, մոտավորապես հետևյալ տեսքն ուներ.

Թեմերը կամ բանակաթեմերը. Themata

խմբագրել

Բյուզանդիայի թեմերը կամ բանակաթեմերը (հունարեն՝ θέματα) կայսրության վարչական միավորն էին, որտեղ որևէ զորավար (հունարեն՝ στρατηγός, strategos, ստրատեգոս) օժտված էր թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական կառավարման իրավունքներով, իսկ դատական իշխանությունը պատկանում էր տվյալ թեմի դատավորին (Κριτής του Θέματος, Krites tou thematos)։ «Թեմ» անվանումը յուրահատուկ է։ Բյուզանդագետ Ուորեն Թրեդգոլդը (Warren Treadgold) ենթադրում է, որ դա նշանակել է «ռազմակայան»։ Արդի պատմաբանները համաձայն են, որ առաջին թեմերի նախագծերը և անվանումները գալիս էին Փոքր Ասիայում և Հայաստանում տեղակայված բանակների անուններից։

Բանակաթեմերը կազմավորվեցին ի պատասխան այն վիթխարի ռազմական և տարածքային կորուստների, որոնք կրեց Բյուզանդիան մուսուլմանական ռաշիդյան խալիֆայության դեմ պատերազմների հետևանքով։ 637 թ. խալիֆաթը նվաճեց Ասորիքը կամ Սիրիան, 639-ին՝ Հայաստանը և Եգիպտոսը, 652-ին՝ Հյուսիսային Աֆրիկան և 654-ին Կիպրոսը։ Արդյունքում կայսրության բնակչությունը 19,5 միլիոնից (560 թ.) նվազեց մինչև 10,5 միլիոնի (641 թ.)։ Միաժամանակ Բյուզանդական զինված ուժերի թվաքանակն էլ կրճատվեց՝ 379 հազար 300 զինծառայողից իջնելով մինչև 129 հազարի[1]։

662 թ. Բյուզանդական կայսրությունը կորցրել էր իր տարածքի ավելի քան կեսը (30 տարվա ընթացքում)։ Արդյունքում կայսրությանը մնացած տարածքներում կազմվեցին թեմեր, զորավարների կամ ստրատեգոսների գլխավորությամբ, որոնցում նախկին շարժուն բանակների մնացորդները այժմ սկսեցին տեղակայվել սահմանված կետերում։ Հետագայում, երբ զորքի վարձատրությունը կանխիկ գումարով դժվարացել էր, զինվորներին, իրենց ռազմական շրջանների սահմաններում, տրվեցին հողամասեր՝ ապրուստի ապահովման համար[2]։

 
Կոստանդ Բ կայսեր արծաթե դրամ

Այս գործընթացի կոնկրետ տարեթվերն անհայտ են, սակայն բյուզանդագետ Թրեդգոլդը նշում է 659-662 թթ. որպես առավել ընդունելի ժամանակաշրջան, քանզի այդ ժամանակ էր, որ հայազգի Հերակլ Ա կայսեր թոռանը՝ Կոնստանս Բ կայսերը (ծնվ. 630 — վախճ. 668, գահակալել է 641-ից) հաջողվեց զինադադար կնքել արաբների հետ։ Դա բյուզանդական բանակին ժամանակ տվեց վերախմբավորվելու։ Կառավարությունը գումարներ գտավ վճարելու զորքերին։ Դադարեցին կայսրության վիթխարի տարածքային կորուստները։ Ձևավորված բանակաթեմերը պատնեշ դարձան արաբների զանգվածային ներխուժման և մշտական ավազակային արշավանքների դեմ, որոնք տևեցին մինչև 11-րդ դարը։ Բանակաթեմեր կազմվեցին նաև Բյուզանդական կայսրության արևմտյան նահանգներում՝ ի պատասխան սերբերի և բուլղարների ներխուժումների, որոնց պատճառով կայսրության սահմանները Դանուբ գետից հետ էին քաշվել դեպի հարավ՝ Թրակիա և Պելոպոնես[3]։

 
Ճակատամարտ բյուզանդացիների և արաբների միջև. Հովհաննես Սկիլիցես, Ժամանակագրություն, 13-րդ դարի վերջ

Սկզբնական բոլոր հինգ բանակաթեմերը Փոքր Ասիայում և Հայաստանում էին և ծագում էին ավելի վաղ գոյություն ունեցած շարժուն դաշտային բանակներից։ Դրանցից ամենահինը «Արմենիակների», այսինքն Հայկական բանակաթեմն էր։ Այն նաև տարածքով առավել մեծն էր և ուներ ամենաերկար սահմանագիծը, ըստ էության՝ ռազմաճակատի գիծը հակառակորդի՝ Արաբական խալիֆայության հետ։

Ստորև թվարկված են Բյուզանդական կայսրության առաջին հինգ բանակաթեմերը՝ համառոտ բնութագրմամբ։

  • Արմենիակների բանակաթեմը (Θέμα Άρμενιάκων, լատիներեն՝ Thema Armeniakōn), որն առաջին անգամ հիշատակվում է 667 թ., և հանդիսանում էր Հայաստանի Բանակի ժառանգորդն ու հաջորդը։ Այն զբաղեցնում էր Պոնտոսի, Փոքր Հայքի և Հյուսիսային Կապադովկիայի հին մարզերը, մայրաքաղաք ունենալով Ամասիա քաղաքը։
  • Անատոլիկոն բանակաթեմը (հունարեն՝ Θέμα Άνατολικῶν, լատիներեն՝ Thema Anatolikōn), որն առաջին անգամ հիշատակվում է 669 թ., և հանդիսանում էր Արևելքի Բանակի հաջորդը՝ Արևելյան Դիոցեզ կամ Diocese of Oriens (Άνατολῆ)։ Այս թեմն ընդգրկում էր Փոքր Ասիայի կենտրոնական մասը, իսկ իր մայրաքաղաքն էր Ամորիոն կամ Amorium քաղաքը։
  • Օպսիկիան բանակաթեմը (հունարեն՝ Θέμα Ὀψικίου, լատիներեն՝ Thema Opsikiou), առաջին անգամ հիշատակվում է 680 թ., հիմնադրվել է այնտեղ, որտեղ գտնվել է կայսերական շքախումբը կամ անձնական կալվածքը (լատիներեն՝ Obsequium)։ Ընդգրկում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքը (Բյութանիա, Պափլագոնիա և մասամբ՝ Գալատիա) նահանգները, իսկ կենտրոնն էր Նիկիա քաղաքը։ Այս բանակաթեմի զորահրամանատարն ուներ komēs (այսինքն "կոմս") տիտղոսը։
  • the Թրակիական բանակաթեմը (հունարեն՝ Θέμα Θρακησίων, Thema Thrakēsiōn), առաջին անգամ հիշատակվում է 680-ին, և հանդիսանում էր Թրակիա Դիոցեզի բանակի հաջորդը։ Ընդգրկում էր Փոքր Ասիայի արևմտյան ափի կենտրոնը (Հոնիա, Լյուդիա և Կարիա), կենտրոն ունենալով Եփեսոս քաղաքը։
  • Կարաբիսիանի զորաբանակը (հունարեն՝ Kαραβησιάνοι, Karabēsianoi), առաջին անգամ հիշատակվում է 680-ին, հավանաբար կազմվել է Իլիրիայի կամ հին բանակի մնացորդներից quaestura exercitus. ընդգրկում էր Փոքր Ասիայի հարավային ափը և Էգեյան կղզիները, կենտրոն ունենալով Ատալիա կամ ներկայիս անվամբ՝ Անթալիա քաղաքը. այն ծովային նավատորմի զորաբանակ էր (հունարեն՝ κάραβις նշանակում է "նավ"), և նրա հրամանատարը կրում էր դրունգարիոս տիտղոսը. 8-րդ դարի սկզբին այն փոխարինվեց Կիբյուռհեոտ բանակաթեմով՝ Cibyrrhaeot Theme:

Յուրաքանչյուր թեմի սահմաններում որոշակի լիազորված անձինք արտոնվում էին հողեր ստանալու պետությունից և ապահովելու իրենց ու իրենց ընտանիքների ապրուստը, նաև՝ ձեռք բերելու սպառազինություն և հանդերձանք։ Հետագայում, հաշվի առնելով ապստամբությունները, որոնք ուժեղանում էին բանակաթեմերի՝ այդ ռազմավարչական միավորների մեծ չափերի պատճառով, մի շարք կայսրեր, մասնավորապես Լևոն III Իսավրիացին, Թեոփիլոսը և Լևոն VI Իմաստունը պատասխանեցին բանակաթեմերի չափերի նվազեցմամբ, կոտորակելով դրանք և յուրաքանչյուր թեմի ներսում բանակների նկատմամբ վերահսկողությունը բաժանելով տարբեր տուրմաների (tourmai) միջև։ Վաղ շրջանի ընդարձակ բանակաթեմերը 8-րդից մինչև 9-րդ դարերի ընթացքում գնալով մասնատվեցին։ Դրանով իսկ կրճատվեց նրանց կատավարիչների ռազմական հզորությունը։ 10-րդ դարում, Բյուզանդիայից Արևելք գտնվող նվաճված Մեծ Հայքի տարածքներում նոր և ավելի փոքր բանակաթեմեր կազմվեցին, որոնք կոչվում էին "Հայկական բանակաթեմեր", քանզի հայապատկան էին և գերակշիռ մեծամասնությամբ հայաբնակ։ Եթե մոտ 842 թ. այսպես կոչված Ուսպենսկի Տակտիկոնը՝ Taktikon Uspensky թվարկում է բանակաթեմերի 18 զորավարների՝ strategoi, ապա մոտ 940 թ. գրված Թեմերի մասին երկը՝ De Thematibusը թվարկում է բանակաթեմերի 28 զորավար, և, վերջապես, 971-975 թթ. գրված Էսկորիալ Տակտիկոնը՝ Escorial Taktikon, թվարկում է բանակաթեմերի և այլ ռազմական հրամանատարությունների գրեթե 90 զորավարի՝ strategoi[4]:

X դարում զորահավաքի հիմքը կազմում էին ստրատիոտների աշխարհազորը և թեմական կամ բանակաթեմային համակարգը։ Զորքի հավաքագրման թեմական համակարգին անցնելը Բյուզանդական կայսրությանն ապահովեց 150 տարվա հաջողություններ պատերազմներում, սակայն գյուղացիության հյուծումը և ավատատերերից՝ ֆեոդալներից նրա կախվածության մեջ ընկնելը հանգեցրին զորքերի որակի աստիճանական իջեցման։ Զորքերի համալրման համակարգը փոխվեց. անցան արևմտյան համալրման համակարգին։ Այսինքն՝ տիպիկ ավատատիրական ձևին, երբ ազնվատոհմիկները պարտավոր էին ռազմական զորակազմեր տրամադրել՝ հողի տիրապետության իրավունքի դիմաց։ Կայսրության բանակում առաջին դերերին անցնում են ծանր կատաֆրակտներին (թեպետ, իհարկե, հեծելազարը միշտ էլ հիմնական դեր էր խաղում բյուզանդացիների զորքերում)։ Ծանր կատաֆրակտների սպառազինության համար պահանջվում էին անհամեմատ ավելի շատ միջոցներ։ Ի վերջո՝ աստիճանաբար (XII դարում) ձևավորվում է պրոնիարական համակարգը։ «Պրոնիարիոսը«» («պրոնիոսի» տերը), որպես կանոն, ծանրազեն հեծյալ էր։ Մեկնելով ծառայության, «պրոնիարիոսը» իր հետ վերցնւմ էր հարազատներից, բարեկամներից և ծառաներից կազմված շքախումբը։ Որոշ «պրոնիոսներ»՝ կալվածքներ, շատ եկամուտ չէին տալիս, ուստի դրանց տերերը ծառայում էին հետևակում կամ թեթև հեծելազորում։ Աստիճանաբար պրոնիարոսների դերն ընկավ։

Զորավարի կամ ստրատեգոսի հրամանատարությամբ գործող բանակաթեմը՝ բաժանվում էր 3 «տուրմայի», որոնցից յուրաքանչյուրի գլուխ կանգնած էր իր տուրմարքոսը։ Յուրաքանչյուր տուրմայի կազմում կար մի քանի բանդա, որոնց հրամանատարները կոչվում էին դրունգարիոսներ։ «Բանդաները» կազմված էին հարյուրյակներից (հեկտատոնտարքիաներ, կենտարքիաներ կամ կենտուրիաներ), լոխոսներից, կիսալոխոսներից և տասնյակներից (դեկարխիաներ)։ Ստորև ներկայացված է Թրակիական ռազմական օկրուգի կամ բանակաթեմի կազմակերպական և հրամանատարական կազմը (902—936 թթ.)[5]:

Անվանումը Թվաքանակը Կազմը Հրամանատարը
Թեմ 9 600 4 մերոսա Ստրատեգոս
Տուրմա, Մերոս 2 400 6 դրունգարիոսներ Տուրմարքոս
Դրունգարիոս 400 2 բանդաներ Դրունգարիոսներ
Բանդա 200 2 ցենտուրիաներ Կոմս
Ցենտուրիա 100 10 Կոնտուբերնիոս Հեկատոնտարքոս (կենտարքոս)
50 5 Կոնտուբերնիոս Պենտեկոնտարքոս
Կոնտուբերնիա 10 1 Առաջապահ + 1 Վերջապահ Դեկարքոս
Առաջապահ 5 - Պենտարքոս
Վերջապահ 4 - Տետրարքոս

Բյուզանդական կայսրության բանակի հիմնական կազմակերպչական միավորը տաղման էր, որի թվաքանակը տատանվում էր՝ 300—ից մինչև 1000 մարդ։ Աստիճանաբար (XII դարից) գնալով առավել մեծ դեր են խաղում էսկադրոնները կամ հեծելավաշտերը, որոնք բյուզանդական բանակում կոչվում էին ալլագիոններ։ Վերջիններիս գլուխ կանգնած հրամանատարները կոչվում էին ալագատորներ։ Ալագիոնի կազմում կար շուրջ 50 հեծյալ։ Ալագիոնների ռազմիկների թիվը ժամանակի ընթացքում աճեց, հասնելով մինչև 300-ի։ Ալագիոնը բաժանվում էր ավելի փոքր մասերի։ Մարտում ալագիոնները միավորվում էին, կազմելով տաքսիսներ, սինտաքսիսներ կամ լոխոսներ։ Հաճախ նման միավորումը կոչում էին տաղմատա, դրանով իսկ մեծ շփոթ առաջացնելով ստորաբաժանումների անվանումների մեջ։

Ուշ կայսրության բանակը

խմբագրել
 
Միքայել 8-րդ Պալելոգոս կայսեր դիմանկարը. միջնադարյան ձեռագրի մանրանկար

Հետագայում բանակում և նավատորմում տեղի ունեցավ ավելի մեծ անկում։ Իրենց գոյության վերջում դրանք դարձան գլխավորապես վարձու կազմավորումներ։ 1453 թվականին, երբ վճռվում էր հազարամյա կայսրության լինել-չլինելու հարցը, Կոստանդնուպոլիսը, որ 200 հազար մարդուց կազմված բնակչությամբ մեծ քաղաք էր, կարող էր Բյուզանդիայի ոխերիմ թշնամու՝ օսմանյան 300-հազարանոց զինված ամբոխների դեմ հանել ընդամենը 5-հազարանոց բանակ (և 4 հազար վարձկաններ)։ IX դարից Կոստանդնուպոլսի կայսրերը իրենց բանակի համալրման համար վարձում էին ռուսներին և մյուս վարյագներին։

Վարյագական գվարդիան Բյուզանդիայի երեք խոշոր «բարբարոսական» (այսինքն՝ օտարերկրյա) ռազմական զորամիավորումներից էր։ Վարյագական գվարդիան այն քիչ ստորաբաժանումներից էր որը բյուզանդական կայսեր դրոշի ներքո կռվեց ընդհուպ մինչև կայսրության անկումը։ Նահանգական (թեմական համակարգով կազմակերպված) բանակը սկզբում իր թվաքանակով զիջում էր տաղմատային, բայց, սկսած XII դարից, այդ հարաբերակցությունն աստիճանաբար հավասարվում է։ Տաղմատան պահելու ծախսերը դուրս հանելու համար ամեն ձմեռ այն փոխադրվում էր մի նահանգից մյուսը։ Այդ կերպ նահանգական և մայրաքաղաքային բանակի միջև տարբերություններն աստիճանաբար ջնջվում էին։ Նահանգական զորքերի շատ ջոկատներ մտան տաղմատայի կազմի մեջ։ Միքայել VIII Պալելոլոգոս կայսեր օրոք (ծնվ. 1224/1225 - վախճ. 1282, գահակալել է՝ որպես Նիկիական կայսր՝ 1259-ից, որպես համաբյուզանդական կայսր՝ 1261-ից) Բյուզանդիան դարձյալ սկսեց զանգվածաբար զինծառայության ներգրավել վարձկաններին և նրանցից կազմավորեց բանակ։ Դա հանգեցրեց կայսերական գանձարանի դատարկմանը։ Անդրոնիկոս II կայսրը (ծնվ. 1259 - վախճ. 1332, գահակալել է 1282-ից) այդ կապակցությամբ ստիպված էր կտրուկ կրճատել բանակի պահման ծախսերը։ Բանակի ազգային տարրը դադարեց որևէ դեր խաղալ։ Պրոնիարային համակարգն իրեն սպառեց XIV դարի սկզբին և գործնականում դադարեցրեց իր գոյությունը։

Հրամանատարությունը

խմբագրել

Բյուզանդական զորքերի գերագույն գլխավոր հրամանատարը կայսրն էր, որն անձամբ էր գլխավորում բոլոր կարևորագույն պատերազմները, ռազմարշավները, ռազմական գործողությունները։ Գոյություն ուներ աստիճանակարգության բավական բարդ համակարգ, որը նկարագրված է Կեղծ Կոդինի «Սպաների գրքում» (1355 թվական)։ Կայսեր հետևից այդ գրքում գալիս են դեսպոտեսը, սեբաստոկրատորը, կեսարը, մեգաս դոմեստիկոսը («մեծ դոմեստիկոսը»՝ վարչապետին համանման մի պաշտոն), մեգաս դուքսը (այսինքն՝ «մեծ հերցոգ»՝ մոտավորապես համապատասխանում է գեներալիսիմուսի կարգավիճակին), դրոմա լոգոֆետոսը (բառացի՝ «ուղիների մասին ամեն ինչ իմացողը», այսինքն՝ հաղորդակցության ճանապարհների և փոստի նախարարը), մեգաս ստրատոպեդարքոսը (աշխարհազորի պրեֆեկտը, որը պատասխանատու էր կոմիսարիատային ծառայության համար), մեգաս պրիմմիկերիոսը (կայսերական կորտեժի հրամանատարը), մեգաս կոնոստավլոսը (բառացի՝ «մեծ ձիապետը» կամ ախոռապետը, լրիվ համանման է ֆրանսիական կոնետաբլին. ձևականորեն կամ պաշտոնապես նա ամբողջ հեծելազորի պետն էր, իսկ փաստացի՝ ֆելդմարշալն էր, այսինքն սպարապետը. գերեագույն գլխավոր հրամանատարի՝ կայսեր բացակայության դեպքում մեգաս կոնոստավլոսը կայսրության բոլոր զորքերի հրամանատարն էր), մեգաս դրունգարիոս (նավատորմի ծովակալ՝ բոլոր ծովային ուժերի հրամանատարը), և այլն։

Բյուզանդիայի զորամասերի և ռազմական կոչումների հատուկ և առավել մանրամասն սահմանումը հայտնվում է VII—VIII դարերում՝ բանակաթեմային համակարգը ներմուծելուց հետո։ Կայսրության ընդարձակ վարչական տարածքները, որոնք մնացել էին հռոմեական ժամանակներից՝ «դիոցեզերը», այժմ բաժանվում են առավել մանր տարածքների, որոնք կոչվեցին «թեմեր»։ Թեմը գլխավորում էր զորավարը՝ ստրատեգոսը, որն իր պաշտոնի մեջ միավորում էր թեմի տարածքի ամբողջ ռազմական և վարչա-տնտեսական իշխանությունը։ Ընդ որում՝ թեմի ստրատեգոսի պարտականությունների մեջ մտնում էին թեմի զորքերի հանձնարարված քանակության և տիպերի զորքերի նախապատրաստումը և կազմավորումը, ինչը սահմանված էր գերագույն ղեկավարության կողմից։ Այդ իսկ պատճառով տարբեր թեմերի զորքերը հույժ տարբերվում էին թե՛ կազմով, թե՛ կառուցվածքով։ Այսպես, օրինակ՝ ծանր զրահակիր հեծելազորը և ծանր հետևակն ավանդաբար տալիս էին եվրոպական թեմերը (Թրակիա և Մակեդոնիա), իսկ թեթև հեծելազորն ու նետաձիգներին՝ ասիական թեմերը (Արմենիակոսը, Օպսիկիոսը և այլք), այնինչ Կիվերրիոտական թեմը (Փոքր Ասիայի հարավային ափը) մասնագիտացած էր բացառապես նավատորմի և նավաստիների պատրաստմամբ։ Թեմական զորքերի շրջանակներում ստրատեգոսից հետո միջին հրամանատարական պաշտոնները զբաղեցնում էին մերարքոսները և տուրմարքոսները, դրունգարիոսները, կոմիտասները և կենտարքոսները, իսկ ստորին հրամանատարական կազմը՝ «ենթապայական աստիճանները». լոխագոսները, դեկարխոսները, պենտարխոսները և տետրարխոսները։

Հարկ է նշել, որ բացի զուտ պաշտոնական աստիճաններից, Բյուզանդիայում երկար և կայուն պահպանվում էին նաև անձնական, այսպես կոչված «սպայական աստիճանները»։ Հիմնական «սպայական կոչումը», որն ունեցողը ինքնաբերաբար դասվում էր ազնվականության շարքը, «սպաթարիոսն» էր, որը կարելի է թարգմանել որպես «սուսերակիր» կամ «սրի, սուսերի տեր» («սպաթոս»՝ հունարեն սուր կամ սուսեր)։ Կար նաև «սպաթարիոսի» ստորին աստիճանը՝ «պրոտոսպաթարիոս»՝ (բառացի՝ «փոխսուսերակիր»), որը սովորաբար շնորհվում էր ոչ ազնվատոհմիկ ծագման անձանց՝ հետագայում «սպաթարիոսի» լրիվ աստիճանի շնորհման հեռանկարով։ Սպաթարիոսի կոչումով անձինք որպես կանոն զբաղեցնում էին ռազմական միջին հրամանատարական պաշտոնները (ջոկատի հրամանատար, ամրոցի կայազորի պետ, բանակի զորամիավորումների փոքր ստորաբաժանումների հրամանատար)։ Բայց սպաթարիոսի անձնական սպայական աստիճանը, որը շնորհվում էր կայսեր, այսինքն՝ բասիլևսի կողմից, կարող էր դեր խաղալ սպաթարիոսին հատուկ պատասխանատու գործերում ներգրավելիս, ինչպես օրինակ՝ դիվանագիտական առաքելությունը, բանակցությունների վարումը, առավել բարձր աստիճանների պաշտոնների ժամանակավոր զբաղեցումը։ Արքոնտների (այսինքն՝ սպաների համարժեքների) ընդհանուր թվաքանակը թեմական զորքում, որն ուներ միջինը շուրջ 4 հազար մարդ (հասարակ զինվորներից մինչև բանակի հրամանատար զորապետը), կազմում էր 1346 մարդ։ Սակայն հրամանատարական կազմի թվաքանակը մշտակական չէր։ Զորահրամանատարները պաշտոնի էին նշանակվում ամեն պատերազմաշրջանից առաջ։ Կային բազմազան հատուկ պաշտոններ ու կոչումներ. օրինակ՝ բանդոփորոսներ (դրոշակիրներ), բուկինատորներ (շեփորահարներ կամ փողհարներ) և այլն։ Հրամանատարական պաշտոնների համակարգը բավական բարդ ու խառն էր, պաշտոնների մեծամասնությունը հրամանատարներին շնորհվում էր կայսեր ողորմածութեամբ, ընդ որում, պատասխանատու անձի ընդունակությունը՝ զբաղեցելու այդ պաշտոնը, հաշվի չէր առնվում։ Որոշակի պաշտոն զբաղեցնելու մարդու հնարավորությունը որոշվում էր բյուզանդական հասարակության սոցիալական կառուցվածքում նրա ունեցած աստիճանով։ Ահա ինչու բազում ՚զինվորականներ զբաղեցնում էին նաև քաղաքացիական պաշտոններ ու դիրքեր։ Այդ կապակցությամբ, ցամաքային բանակների սպանեը հաճախ գլխավորում էին նավատորմը, իսկ տորմիղի հրամանատարական կազմից ոմանք էլ՝ ցամաքային զորքերը։

Բացի ռազմական հրամանատարությունից, իր պաշտոնյաներն ուներ նաև թեմական գրասենյակը։ Դրանք էին կոհորտային կոմիտասը, թեմայի դոմեստիկոսը, պրոտոնոտարիոսը, քարտուղարիոսը և պերտորիոսը։ Պրետորիոսը, որպես դատավոր, իրավունք ուներ, վերանայման բողոքով դիմելու անձամբ կայսերը։

Թվաքանակը և կազմը

խմբագրել
Տարեթիվ Թվաքանակ
3001 343 000
457 335 000
518 301 000
540 374 000
559 150 000[6]
641 129 000
668 129 000
773 80 000[7]
842 155 000
959 179 000
1025 250 000[8]
1143 50 000
1261 10 000
1320 7 000

Ուշբյուզանդական բանակը բաղկացած էր 4 գլխավոր մասից.

  • ոչ մեծ կենտրոնական բանակից (տաղմատա, կազմված գերազանցապես օտարերկրյա վարձկաններից և ներառելով կայսերական գվարդիան), որը տեղակայված էր մայրաքաղաք Կոստանդնուպոլսում,
  • նահանգական բանակներից, որոնք տեղակայված էին կայսրության տարբեր մասերում՝ գերազանցապես ամրոցների կայազորներում,
  • օտարերկրյա վարձկաններից
  • օժանդակ ուժերից, որոնք տալիս էին դաշնակիցները և կախյալ պետությունները։

Այնուամենայնիվ, դաշտային բանակի թիվը ծայրահեղ փոքր էր. մասնավորապես XIV դ. կեսին այն կազմում էր ընդամենը շուրջ 2 000 ռազմիկ։ Հազվադեպ այն կարող էր հասնել նաև 10 000 ռազմիկի։

Հրազենը

խմբագրել

Բյուզանդացիները համեմատաբար ուշ սկսեցին օգտագործել հրազենը։ Հրանոթների մեծամասնությունը ներմուծվում էին Վենետիկից և Ճենովայից, քանզի աղբյուրներում վկայություններ չկան կայսրությունում հրետանու ինքնուրույն կազմակերպված արտադրության մասին։ Այնուամենայնիվ, բյուզանդացիներն ունեին հրազենի սեփական անվանումներ, այդ թվում՝ ձեռքի հրազենի համար, որոնք ծագում էին իտալերեն կամ թուրքերեն տերմիններից։ Չնայած դրան, վկայություններ չկան նաև, որ բյուզանդացիներն օգնագործել են ձեռքի հրազեն։ Բյուզանդացիները երբեք չեն օգտագործել հրետանին մարտադաշտում, սակայն գործուն կերպով օգտագործել են դրանք մայրաքաղաքի պաշտպանության համար՝ ճակատագրական 1453 թվականին։

Վարձկանները

խմբագրել

Փոքր Ասիան կորցնելուց հետո՝ բյուզանդական բանակում սկսեցին առաջատար դեր խաղալ օտարերկրյա վարձկանները և օտարերկրացիներից բաղկացած օժանդակ զորքեր, սակայն կայսրերը մշտապես դժվարություններ էին ունենում այդ կատեգորիայի զինվորներին վճարելու հարցում։ Ըստ բյուզանդացիների՝ վարձկաններն առավել հուսալի էին և խռովություններին ու ընդվզումներին ավելի քիչ ենթակա։ Այդ ռազմիկների մի մասը մնում էր ծառայելու կայսրության զորքերում մշտական հիմունքներով, մյուսները՝ միայն ժամանակավոր էին ծառայում կայսերական զորքերում։ Օտարերկրյա ռազմիկների վարձումը կատարվում էր կենտրոնական կառավարության սանկցիայով։ Վարձկանները ծառայում էին, գլխավորապես, կենտրոնական զորքերում։ Ալանները Բյուզանդիային տալիս էին բարձրակարգ թեթևազեն հեծյալ նետաձիգներ։ Նրանց մի մասը բնակեցվել էր Թրակիայում 1301 թվականին։ Ալբանացիները ծառայում էին, գլխավորապես, հեծելազորում և պատերազմում էին սահմանամերձ տարածքներում և սահմաններին՝ իրենց սեփական հրամանատարների հրամանատարության ներքո։ Հայերը, վրացիները և բուլղարները նույնպես կազմում էին վարձու և դաշնակից օժանդակ ուժերի որոշակի տոկոսը։ Պակաս նշանակալի, սակայն նկատելի դեր էին խաղում նաև բուրգունդացիները, կատալոնացիները և կրետացիները։ Բյուզանդական զորքերում ընդհուպ մինչև XIV դարի սկիզբը զգալի դեր էին խաղում պելովեցյան ռազմիկները (կումանները), որոնք պատերազմում էին որպես հեծյալ ռազմիկներ։

Հեծելազորը

խմբագրել
 
Հայկական հեծելազորը՝ այրուձին՝ Իրանի բանակի դեմ մարտնչելիս

Հայտնի է, որ Հին Հռոմի զինված ուժը գերազանցապես հետևակային բանակ էր։ Դրան հակառակ՝ Հռոմեական կայսրության ժառանգորդի՝ Բյուզանդական կայսրության զինված ուժը շեշտված կերպով հեծելազորային բանակ էր։ Պատճառը Մերձավոր Արևելքի պետությունների, հատկապես Մեծ Հայքի և Իրանի հետ բազմադարյան ռազմական բախումներն էին։ Դրանք փոխեցին բյուզանդական բանակի սպառազինությունը, մարտավարությունը և կառուցվածքը։ Այդ մասին համապատասխան կարծիքներ են հայտնել հայ պատմաբանները, մասնավորապես պրոֆեսոր Ռուբեն Մանասերյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Հայկ Հակոբյանը[9]։ «Հռոմեական բանակների դիվանագիտական հաղթանակներին ուղեկցող հաճախակի ռազմական անհաջողությունները մի քանի դարերի րնթացքում նույն հայկական ու հարևան իրանական բանակների ազդեցությամբ լիովին փոխեցին ուշ հռոմեական — վաղ բյուզանդական բանակների նկարագիրը։»[10] «Մ. թ. IV-֊VI դդ. բանակները անցյալ դարաշրջանի դասական հետևակի և հեծելազորի համեմատությամբ լիովին կերպարանափոխված էին։ Զորքի հարվածային ուժն այժմ ծանրազեն հեծելազորն էր զինված նիզակներով, որին օժանդակում էին թեթև աղեղնավորներր («առանց զենքի լոկ աղեղնավոր»). հետևակը նախկին բանակների պարծանքն ու գրոհային ուժը, ոչ մի հարձակողական դեր չէր խաղում, այլ նմանվում էր մեծ դռների պես վահանների ետևում կանգնած անզեն մարդկանց («վահանավոր հետևակ»)։ Հետևակայինները համապատասխան հրամանով բացում էին, ինչսլես դռներր, իրենց վահանները, ստեղծելով սեփական շարքերում յուրահատուկ միջանցքներ ելումուտ անող հեծյալ զորամիավորումների համար, կամ էլ փակում էին վահան-դռները, ինչսլես մի հոծ պարիսպ»[10]։ «Դարեր շարունակ միմյանց դեմ կռվող բանակները կամա թե ակամա ձեռք էին բերում միանման դիմագծեր ու պայքարի ձեռագիր։ Ուստի, օրինաչափ կլինի Առաջավոր Ասիայի վաղ միջնադարյան և վաղ բյուզանդական անտիկ ռազմական արվեստի այս հետնորդ բանակների համեմատությունը»[10]։

Կատաֆրակտները

խմբագրել
 
Մերձավորարևելյան ծանրազեն զրահապատ հեծյալ ասպետ. Սասանյան Իրանի այրուձիու կատաֆրակտոսի արդիական վերակազմություն

Կատաֆրակտներ (հունարեն՝ κατάφρακτος) բյուզանդական բանակում անվանում էին ծանրազեն հեծյալ ռազմիկներին, որոնք, ի հայտ էին եկել արևելյան, մեծ մասամբ՝ հայկական և պարթևական ծանր հեծելազորի ազդեցությամբ, և իրենց ծագումը բխեցնում էին ուշհռոմեական կլիբանարիոսներից։ Կատաֆրակտները բաժանվում էին նոմերաների (երբեմն՝ արիթմաների կամ բանդաների). դրանք 300—400 հեծյալից բաղկացած ստորաբաժանումներ էին, որոնք արդիական գումարտակի համարժեքն էին։ Շարքի ստանդարտ տեսակն էր բյուզանդական փաղանգը, որում կատաֆրակտները շարվում էին 8-10 տողան խորությամբ, կամ էլ, եթե բանակը բավական ուժեղ էր, ապա՝ չորս տողանով։ Նման շարային մարտավարությունը թույլատրում էր հակառակորդին համոզել, թե բյուզանդական զորքը մեծաքանակ է, թեպետ այդ շարատեսակն առավելապես նախատեսված էր հետևակի մարտական գործողությունների համար։ Կատաֆրակտների շարվելու մեկ այլ եղանակ էր սեպը, որն օգտագործվու էր ճակատային գրոհի ժամանակ։ Տողանների թիվն այդպիսի շարքում նույնն էր, ինչ փաղանգում, սակայն ռազմիկների թիվը պետք է աճեր յուրաքանչյուր նոր տողանում. այսպես՝ եթե առաջին՝ ամենաառջևի տողանում 25 կատաֆրակտ էր, ապա հաջորդ՝ երկրորդ տողանում՝ 30, երրորդում՝ 35, չորրորդում՝ 40, իսկ յուրաքանչյուր հաջորդում՝ 10-ով ավելին, քան նախորդում։ Առաջին երեք տողանը զինված էին նետերով ու աղեղներով, ինչպես նաև երկար նիզակներով, իսկ հաջորդ բոլորը՝ նիզակներով ու վահաններով։

Թեթև հեծելազորը

խմբագրել

Բյուզանդական բանակի թեթևազեն հեծյալները կոչվում էին տրապեզիտներ։ Նրանք զրահներ և ասպազեն չէին կրում, այլ սոսկ ոմանք կրում էին կնգուղներ՝ կապյուշոններ, որոնք ամրացված էին ոսկրե թիթեղներով, գլուխը պաշտպանելու համար։ Տրապեզիտը զինված էր սրով, կոնտարիոնով և երկու-երեք նետելու նիզակներով (յուրաքանչյուրի երկարությունը ոչ ավելի, քան 90 սմ)։ Բացի այդ, տրապեզիտն ուներ մեծ կլոր վահան։

Այնուամենայնիվ, տրապեզիտների մեծամասնությունը թյուրքալեզու վաչկատուն ցեղերից հավաքագրված վարձկաններ էին, որոնք իրենց սեփական ռազմական կազմակերպությունն ունեին։ XI դարի կեսից թեթև հեծելազորի վարձկանների մեծ մասը կազմում էին պեչենեգները, այսինքն՝ պածինակները։ Նրանցից շատերը ծառայում էին կայսրության նահանգական զորքերում։ Նրանց հիմնական զենքը աղեղն էր։ Բայց մարտնչում էին նաև տեգերով, թրերով, նիզակներով և ոչ մեծ տապարներով։ Բացի այդ, նրանք ունեին արկաններ՝ հակառակորդին թամբից քաշելու համար։ Մարտում տրապեզիտին ծածկում-պաշտպանում էր ոչ մեծ կլոր վահանը։ Հարուստ ռազմիկները կրում էին թիթեղներից կազմված ասպազեն-զրահ։

Պածինակներից բացի, բյուզանդական թեթևազեն հեծելազորում ծառայում էին նաև սելջուկները։ Վերջիններիս զենքը նույնպես նետ ու աղեղն էր, նաև՝ դրոտիկները, սրերը, արկաններ (օղապարաններ)։ Ռազմիկների մեծամասնությունը ասպազենից, զրահից զուրկ էին, սակայն սելջուկներից ոմանք ունեին նաև օղազրահ։

Հետևակը

խմբագրել

Զորակոչիկները

խմբագրել

Բյուզանդական կայսրության ամբողջ պատմության ընթացքում հետևակազորի որակական կազմի նկատմամբ պահանջները փոխվել են։ Ռազմական տրակտատները տալիս էին սոսկ ընդհանուր ցուցումներ։ Այսպես, հետևակ զինվորը պետք է ունենար լավ ֆիզիկական տվյալներ և հնազանդ լիներ հրամանատարությանը, իսկ նրա տարիքը չպետք է գերազանցեր 40-ը։ X դարի սկզբին ստանդարտ թեմական բանակի համար համալրման, այսինքն՝ զորակոչիկների հիմնական աղբյուրները հանդիսանում էին ստրատիոտական ընտանիքները։ Իրենց ստացած ոչ մեծ հողամասերի՝ «ստրատիա»-ների ժառանգական տիրապետության դիմաց, այդ ռազմիկները պարտավոր էին ծառայելու բանակում։ Մարտական պատրաստության մշտական պահպանման համար Բյուզանդական կայսրության նահանգներում կանոնավորապես անցկացվում էին «ստրատիոտ»-ների զորատեսներ։ «Ստրատիոտ»-մարտիկի ոնհուսալիության դեպքում նրա տեղը կարող էր զբաղեցնել իր ընտանիքի այլ անդամ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ «ստրատիա»-հողաբաժինը կարող էր ժամանակավորապես կամ մշտապես փոխանցվել այլ մարտիկի, որը դառնում էր «ստրատիոտ»։

Մշտական բանակի հետևակային ստորաբաժանումների՝ «տաղմատա»-ների համալրման համար ներգրավվում էին ռազմական մարդուժի զանազան աղբյուրներ։ Մասնավորապես դրանք կարող էին լինել ոչ հարուստ երիտասարդ տղամարդիկ, ում համար բանակում ծառայելը բացում էր կյանքի գրավիչ հեռանկարներ։

Մշտական հետևակային զորքերում ներգրավվում էին նաև օտարերկրյա ռազմիկները, որոնցից ոչ բոլորն էին վարձկաններ, այդ բառի ճշգրիտ իմաստով, քանզի կայսրության սահմաններում տևական բնակությունը թույլ էր տալիս նրանց օրգանապես և ամուր մտնելու Բյուզանդական կայսրության ռազմական համակարգի մեջ։ Նման վարձկանների շարքում էին հայեր, իբերները (վրացիները), բուլղարները, ինչպես նաև ռուսները։

«Պսիլոի»-ի՝ թեթև հետևակի ստորաբաժանումների (նետաձիգներ, պարսավորներ, դրոտիկ նետողներ) համալրման համար ռազմիկներ հավաքագրելիս պահանջները համեմատաբար քիչ էին։ Այդ զորքերում ծառայելու համար պահանջվում էին սոսկ նվազագույն մասնագիտական կարողություններ։ Չնայած այդպիսի զինվորների որոշակի մասնաբաժին միշտ առկա էր մշտական բանակի զորամասերում, այդ մարդկանց, անհրաժեշտության դեպքում, գլխավորապես հավաքագրում էին բյուզանդական հասարակության ստորին խավերից։ Խաղաղ կյանքում այդ ռազմիկները զբաղվում էին ցածր վարձատրվող և ցածրորակ աշխատանքներով։ Ոչ մարտական խնդիրներ կատարող օժանդակ զորքերի գործառույթների մի մասը (օրինակ՝ գումակի պահպանությունն ու ուղեկցումը), իրականացվում էր ստրատիոտների ընտանիքների պատանիների կողմից, որոնց դեռ չէին կարող բանակ զորակոչել և մարտական ծառայության ներգրավել իրենց տարիքի պատճառով։ Բացի այդ, շատ ստրատիոտական ընտանիքներ հատուկ մասնագիտացել էին օժանդակ զորքերում ծառայություն կրելու գծով։

Կազմակերպվածքը և մարտավարությունը

խմբագրել
 
Սուրբ Մերկուրիոս: Որմնանկար

Հետևակի կազմակերպման ստանդարտ միավորը «խիլիարխիան» էր, մի ստորաբաժանում, որը կազմված էր 1000 ռազմիկից (650 սկուտատներ և 350 տոքսատներ)։ Մարտի ժամանակ հետևակը շարվում էր հոծ փաղանգով՝ 15—20 տողան խտությամբ։ Առաջին գծի ռազմիկները զինված էին նիզակներով։ Առաջին չորս տողանները բաղկացած էին «սկուտատներից», վերջին երեքը՝ «տոքսատներից»։ Ուշ կայսրությունում 3—4 «խիլիարխիան» կազմում էին մեկ «տաղմա»։ Խիլիարխիաները պահպանվեցին ընդհուպ մինչև կայսրության անկումը։ «Խիլիարխիաները» տեղաբաշխվում էին մարտակարգի կենտրոնում և զորաթևերից ծածկվում-պաշտպանվում էին այրուձիով։ Մարտի ժամանակ հետևակի պարտականություններից էր հակառակորդի ճակատային հարվածների հետ մղումը, այնինչ հեծելազորը պետք է շրջապատեր թշնամուն զորաթևերից։

Հետևակի ստանդարտ շարվածքները հետևյալ տեսքն ունեին.

  • Փաղանգ (սովորաբար 8 տողան խտությամբ), որն օգտագործվում էր հակառակորդի հեծելազորի կամ հետևակի հարվածի հետ մղման համար.
  • «Սեպ» (օգտագործվում էր հակառակորդի շարվածքը կամ զորաշարը ճեղքելու համար).
  • «Կրիա» (համանման զորաշարվածքն օգտագործվում էին նաև հռոմեական լեգեոներները), կիրառվում էր հակառակորդի նետողական զենքերից պաշտպանվելու համար.
  • Շարվածք, որի դեպքում առջևում և հետևում գտնվում էին ծանր հետևակի 4-ական տողաններ, իսկ դրանց մեջտեղում շարված էին 4 տողան նետաձիգներ։

Ծանր հետևակը

խմբագրել

Տես Սկուտատները

Թեթև հետևակը

խմբագրել

Բյուզանդական բանակի թեթև հետևակը ներկայացված էր տոքսոտներով՝ նետաձիգներով և փսիլներով («պսիլոի»)՝ դրոտիկ նետողներով։ Յուրաքանչյուր «խիլարխիայում» (1000 ռազմիկից կազմված ստորաբաժանում) նրանք կազմում էին մարտաշարվածքի 3 վերջին տողանները։ Այդ զինվորները բարձրակարգ նետաձիգներ էին։ Թեթև հետևակի զորամասերը համալրված էին Փոքր Ասիայի բնակիչներով։ Նրանց սպառազինությունը կազմված էր «բարդ» աղեղից, կավադիոնից (բամբակե ներդիրով կտավե բաճկոն), սպաթայից կամ ոչ մեծ կացնից (ձիկուրիոնից) մերձամարտից։

Վարձու կանոնավոր զորքերը

խմբագրել
 
Բարսեղ II-ի՝ վարյագական գվարդիայի հիմնադրամի մետաղադրամ

IX դարից Բյուզանդական կայսրերն իրենց բանակում ծառայելու համար վարձում էին թե՛ «ռուսներին» (ռոսեր), թե՛ «վարյագներին»։ Բյուզանդական վարյագները սկանդինավներ էին։ Վարյագական գվարդիան Բյուզանդիայի երեք խոշոր «բարբարոսական» (օտարերկրյա) զորամիավորումներից մեկն էր։ Այն բանից հետո, ինչ ռուս իշխանները սկսեցին արգելել Ռուսիայի տարածքով նոր վարյագների անցումը դեպի Բյուզանդիա, վարձկանները սկսեցին Սկանդինավիայից (ինչպես նաև վիկինգների ժամանակավորապես նվաճած Նորմանդիայից և Անգլիայից) ժամանել Բյուզանդիա Միջերկրական ծովով։ նորվեգական թագավորներից մեկը՝ Հարալդ III Հարդոդեն երիտասարդ տարիքում ծառայել էր վարյագական գվարդիայում և հասել է ակոլիտոսի աստիճանին։ Վարյագական գվարդիան 1204 թվականին խիզախորեն պաշտպանում էր Կոստանդնուպոլիսը խաչակիրներից և ջախջախվեց քաղաքը վերցնելիս։

Նավատորմը

խմբագրել
 
Հունական կրակի կիրառումը. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի «Ժամանակագրության» Մադրիդյան ցուցակից:

Ի տարբերություն հին հռոմեական զինված ուժերից, բյուզանդական բանակում ուժգնորեն աճեց նավատորմի նշանակությունը։ «Հունական կրակի գյուտը» օգնեց բյուզանդական նավատորմին՝ նվաճել գերիշխանությունը ծովում։ Սակայն բյուզանդական նավատորմն աստիճանաբար անկում ապրեց, ինչն սկսվեց X դարում։ Որոշ վերելքի շրջան նավատորմն ապրեց Ալեքսեոս I Կոմնենոս կայսեր բարեփոխումների ժամանակ։ Բյուզանդական կայսրության հիմնական ռազմածովային բազան Կիբարտական թեմն էր։ Նավերի և նավաստիների հիմնական մատակարարը Փոքր Ասիան էր, իսկ ավելի կոնկրետ՝ այդ թերակղզու հարավային մասը։ VII դարում նավի հիմնական տիպը ոչ մեծ, արագընթաց թիանավն էր, այսինքն գալերան, որն ուներ երկու կայմ և երկու առագաստ։ Նավի առավել հզոր զենքը հունական կրակն էր։ Տախտակամածի վրա, բացի նավաստիներից՝ նավի բուն անձնակազմից, տեղակայվում էր նաև հետևակային մի ջոկատ, որի կազմում կային 200—300 ռազմիկներ։ Այսինքն՝ բյուզանդական բանակում ստեղծվել էր ծովային հետևակի նախատիպը։ Ծանր մարտական նավի հիմնական տեսակն էր դրոմոնը։ Բյուզանդիային հետագայում նավեր և նավաստիներ էին «մատակարարում» նաև իտալական ծովային հանրապետությունները, մասնավորապես Վենետիկը և Ճենովան։ Բյուզանդիայի Մանուել I Կոմնենոս կայսեր օրոք նավատորմը սկսեց վերածնվել։ Նավատորմի կազմում առկա էին 12 մեծ ռազմանավ, 150 թիանավ և 60 փոխադրանավ։ Հետագայում նավատորմը դարձյալ աստիճանաբար քայքայման ենթարկվեց։ Մասնավորապես՝ 12-րդ դարի վերջին, կոնկրետ 1196 թվականին Բյուզանդիան ուներ ընդամենը 30 գործող թիանավ՝ գալերա։ Սակայն 13-րդ դարի երկրորդ կեսին նավատորմը դարձյալ վերածնվեց։ Մասնավորապես 1261 թվականին, երբ արևմտաեվրապական խաչակիրների այսպես կոչված [[Լատինական կայսրությունից ազատագրվեց Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և մայրաքաղաքը Նիկիայից տեղափոխվեց Կոստանդնուպոլիս, իսկ Նիկիական կայսրությունը վերածվեց Բյուզանդական կայսրության, Միքայել VIII Պալեոլոգոս կայսեր կարգադրությամբ սկսեցին դարձյալ կառուցել ռազմական նավատորմի նավեր, այնպես, որ 1283 թվականին կայսրությունն արդեն ուներ 80 ռազմանավ։ Սակայն հետագայում բյուզանդական ռազմանավատորմը հիմնականում բաղկացած էր իտալական ծովային հանրապետություններից վարձված նավերից։

Ֆորտիդա ռազմանավի տեսակը իրենից ներկայացնում էր ռազմափոխադրական նավ, որը հիմնականում ռազմական բեռների փոխադրմամբ էր զբաղվում, մասնավորապես փոխադրում էր սնունդ, ռազմական հանդերձանք, զենք ու զրահ։

Բյուզանդական կայսրության նավատորմի նավերում ծառայում էին նավաստիների մի քանի կատեգորիաներ. գազմուլներ (խառը հունա-լատինական ընտանիքներից ծագողներ), ինչպես նաև ցակոններ և պրոսալենտներ (տեղական բնակիչներ)։ Ցակոնները նավաստիներ էին, իսկ պրոսալենտները՝ թիավարներ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Treadgold, Warren, (1995), Byzantium and Its Army, 284–1081. Stanford University Press. ISBN 0-8047-3163-2., page 162.
  2. Treadgold, Warren. (1995), Byzantium and Its Army, 284–1081. Stanford University Press. ISBN 0-8047-3163-2. pages 23-24.
  3. «Byzantium and Its Armies, 284—1081», Warren Treadgold, 1995
  4. Каждан А. П., Византийская армия в IX-X вв // Ученые записки Великолукского государственного пединститута. — 1954.
  5. «Byzantium and Its Armies, 284—1081», Warren Treadgold,1995
  6. Treadgold, Byzantium and Its Army, 74
  7. Treadgold, loc. cit.
  8. Treadgold, 85
  9. Հայկ Պիոնի Հակոբյան. Հռոմեա-Արևելյան առնչություններ ռազմական տակտիկայի բնագավառում.— «Բանբեր Երևանի Համալսարանի», 1983, Nօ 3, էջ 49—70:
  10. 10,0 10,1 10,2 Հայկ Պիոնի Հակոբյան, Ավարայրի ճակատամարտը (Պատմաքննական տեսություն), Պատմա-Բանասիրական հանդես, 2003, No 1, էջ 40-67

Գրականություն

խմբագրել
  • «Византия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Баранов Г. В. Три вида λωρικια Константина Багрянородного и доспехи святых воинов на стеатитовых иконах из раскопок средневекового Херсонеса (к постановке вопроса) // Материалы по археологии и истории античного и средневекового Крыма. Вып. II. — 2010. — С. 199-203.
  • Каждан А. П. Византийская армия в IX-X вв // Ученые записки Великолукского государственного пединститута. — 1954.
  • Кучма В. В. Военная организация Византийской империи. — СПб.: Алетейя, 2001. — 426 с. — ISBN 5-89329-393-2
  • Серен Е. А. Эволюция вооружения норманов на византийской службе (середина X − конец ΧΙ в.) // История Византии и византийская археология. Тезисы докладов X научных Сюзюмовских чтений 25-27 марта 1998 г. — Екатеринбург, 1998. — С. 32-33.
  • Банников А. В., Морозов М. А. Византийская армия (IV—XII вв.). — СПб.: Евразия, 2013. — 688 с. — 2000 экз. — ISBN 978-5-91852-066-6 (в пер.)
այլ լեզուներով
  • Aleksić M. Some typological features of Byzantine spatha // Зборник радова Византолошког института. — 2010. — Т. XLVII. — С. 121-136. — doi:10.2298/ZRVI1047121A
  • Kolias T. G. Byzantinische Waffen: Ein Beitrag zur Byzantinischen Waffenkunde von den Anfangen bis zur Lateinischen Eroberung. — Wien, 1988.
  • McGeer E. Sowing the Dragon's Teeth : Byzantine Warfare in the Tenth Century. — Washington: Dumbarton Oaks Research Library & Collection, 1995. — ISBN 0-88402-224-2