Արմենիակների բանակաթեմ (հանդիպում է ’Άρμενιαχων և ’Άρμενιαχόν ձևերով, առաջինը նշանակում է «հայերի», երկրորդը՝ «հայկական» բանակաթեմ), տարածությամբ և կարևորությամբ Բյուզանդական կայսրության երկրորդ բանակաթեմը։ Արմենիակների բանակաթեմի անվանումը, ըստ Կոստանդին Ծիրանածնի, ծագել է «տեղում և հարևանությամբ ապրող հայերի» (Բյուզանդական կայսրության և նրա սահմաններից դուրս՝ Արևելյան Հայաստանում ապրող հայերի) անունից։ Բանակաթեմն ստեղծվել է Հերակլիոս կայսեր ժամանակ (610-641)։ Արմենիակներից բանակաթեմի առաջին զորավարն էր Մժեժ Բ Գնունին։ Սկզբնապես Արմենիակների բանակաթեմի տարածքը եղեք է ավելի ընդարձակ։ Թեոփիլոս կայսեր ժամանակ (829-842) այն բաժանվել է Արմենիակոն, Խարսիանոն և Կապադովկիա բանակաթեմերի, և Ա․ բ–ի մեջ մնացել են Հելենոպոնտոս, Պողեմոնյան Պոնտոս և Առաջին ու Երկրորդ Հայք երկրամասերը։ X դ․ նրա կազմի մեջ մնացել է միայն Հելենոպոնտոսը, քանի որ Պողեմոնյան Պոնտոսի մեծ մասից կազմվել է Խաղտիք բանակաթեմը, Առաջին Հայքից՝ Կոլոնիայի բանակաթեմը, Երկրորդ Հայքից՝ Սեբաստիայի բանակաթեմը։ Կոստանդին Ծիրանածինը Արմենիակների բանակաթեմի կազմում հիշում է յոթ քաղաք Ամասիա, Աբորա (այժմ՝ Թուրհալ), Զալիքոս (այժմ՝ Ալաչամ), Անդրապա (այժմ՝ Վեգիր–Քյոփրու), Ամիսոս (Սամսոն), Նեոկեսարիա (Նիկսար) և Սինոպ։ Արաբ մատենագիր Իբն ալ–Ֆաքիհի վկայությամբ Ա․ բ–ի զորավարն իր տրամադրության տակ ունեցել է 9000 զինվոր, նստավայրը Ամիսոս ամրոցն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 95