Պեչենեգներ
Պեչենեգներ, կիսաքոչվոր թյուրքական ցեղային միություն, առաջացել է անդրվոլգյան տափաստաններում վաչկատուն թյուրքերի, սարմատական և ուգրոֆիննական ցեղերի խառնուրդից։ Մարդաբանորեն պեչենեգները եվրոպեոիդ էին՝ մոնղոլոիդ տարրերով։ Ութերորդից իներորդ դարերում բնակվել են Վոլգա և Ուրալ գետերի միջև ընկած տարածքում, իներորդ դարում, ջախջախելով մերձսևծովյան տափաստաններում բնակվող հունգարներին, գրավել են հսկայական տարածք՝ ստորին Վոլգայից մինչև Դանուբի գետաբերանը։ Պեչենեգների հիմնական զբաղմունքը վաչկատուն անասնապահությունն էր։ Տասներորդ դարում պեչենեգները բաժանվել են երկու ճյուղի (արևմտյան և արևելյան), որոնք կազմված էին 8 ցեղից (40 տոհմ)։ Ցեղերի առաջնորդները «մեծ իշխաներն» էին, տոհմերինը՝ «փոքր իշխանները». ընտրվում էին ցեղային և տոհմական ժողովներում. գոյություն ուներ նաև ժառանգական իշխանություն։ 915-ին, 920-ին, 968-ին պեչենեգները ասպատակել են ռուսական հողերը։ 1036-ին Կիև քաղաքի մոտ Յարոսլավ Իմաստուն իշխանը ջախջախել է պեչենեգներին և վերջ տվել նրանց հարձակումներին Ռուսիայի վրա։ Տասնմեկերորդից տասներկուերորդ դարերում շատ պեչենեգներ բնակեցվել են Կիևյան Ռուսիա պետության հարավում՝ նրա սահմանները պաշտպանելու նպատակով։ Տասերորդից տասնմեկերորդ դարերում բյուզանդական կայսրերը փորձել են պեչենեգներին օգտագործել Ռուսիայի և Դանուբյան Բուլղարիայի դեմ պայքարում։ Տասներկուերորդ դարում պեչենեգները թափանցել են Հունգարիա։ Տասներեքերորդից տասնչորսերորդ դարերում, ձուլվելով ղփչաղների, հունգարների, ռուսների, մոնղոլների և այլ էթնիկական խմբերի հետ, պեչենեգները դադարել են գոյություն ունենալուց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 233)։ |