Ռազմանավ, ռազմածովային նավատորմի կազմի մեջ մտնող և որոշակի մարտական կամ հատուկ խնդիրների լուծման համար ծառայող նավ։ Ծովի վերաբերյալ 1958 թվականին Ժնևի միջազգային պայմանագրի համաձայն՝ ռազմանավը պետք է ունենա պետական պատկանելիությունն արտացոլող արտաքին նշաններ, լինի պետական ծառայության մեջ գտնվող սպայի հրամանատարության ներքո, ունենա կանոնավոր ռազմական կարգապահությանը ենթարկվող անձնակազմ[1]։

Ռազմանավերը պետության սեփականությունն են, ենթարկվում են միայն նրա օրենքներին և, պաշտոնապես օտար ջրերում գտնվելիս, օգտվում են արտերկրայնության իրավունքից։ Ըստ մարտական նշանակման՝ ռազմանավերը սարքավորված են հրթիռային, հրետանային, տորպեդային կամ ականային զենքով կամ էլ զենքի մի քանի տեսակներով[1]։

Որոշ, ռազմանավեր կրում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Մարտական խնդիրների հաջող կատարման համար ռազմանավը պետք է օժտված լինի բարձր լողունակությամբ, կանգունությամբ, անխորտակելիությամբ, արագընթացությամբ, ղեկավարելիությամբ, սահունությամբ և ճոճման որոշակի ամպլիտուդով[1]։

Այդ ռազմանավերն ունեն հզոր շոգեշարժիչային, դիզելային, գազատուրբինային, ատոմային և համակցված էներգետիկական (օրինակ, դիզել-գազատուրբինային) շարժչակայանքներ։ [1]

Ռազմանավերի տիպերը

խմբագրել
 
Գերմանիայի ռազմանավատորմի «Բրաունշվեյգ» դասի «Մագդեբուրգ» հետախուզանավը (2008 թվական)
 
Հնդկաստանի ռազմանավատորմի «Ռանջիթ» (Դ53) էսկադրային ականակիրը
 
Գերմանիայի ռազմանավատորմի «Սախսեն» դասի ֆրեգատներից մեկը (2006 թվական)
  • «Ամֆիբիա» գրոհանավ կամ «Երկկենցաղ» գրոհանավ (անգլ.՝ Amphibious assault ship),
  • Ավիզո (անգլ.՝ Aviso), հրամաններ և նամակներ փոխանցող նավակ,
  • Գլխավոր նավ (անգլ.՝ Capital ship), պետությունների նավատորմների խոշորագույն և կարևորագույն ռազմանավերը․ սկզբնապես դրանք եղել են մարտական նավեր, մարտական հածանավեր, ավիակիրներ, սակայն այդ երեք թվարկվածներից առաջին երկուսը դուրս են եկել կամ դուրս են գալիս գործածությունից.
    • Ավիակիր (անգլ.՝ Aircraft carrier), ռազմանավ, որը հիմնականում զինված է ավիակրի վրա բազավորված ինքնաթիռներով
    • Մարտական հածանավ կամ հածանավ (անգլ.՝ Battlecruiser), ռազմանավ, որն ունի մարտանավի մակարդակի սպառազինություն և հածանավի մակարդակի զրահավորում․ սովորաբար մարտական հածանավն առավել արագընթաց է, քան մարտանավը, քանզի զրահավորման նվազեցումը հնարավորություն է տալիս տեղակայելու առավել հզոր շարժիչակայանք, կամ ունենալու ավելի սլացիկ ու ցածր նավիրան.
    • Մարտանավ կամ Գծանավ (անգլ.՝ Battleship), խոշոր, ծանրազրահ ռազմանավ, զինված բազում հզոր հրանոթներով.[2]
      • Զրահակիր մարտանավ կամ Զրահակիր գծանավ (անգլ.՝ Ironclad battleship), մարտանավերի տեսակ, որոնք կառուցվում էին մինչև նախադրեդնոթները՝ 1870–ականներին և 1880–ականներին,
      • Նախադրեդնոթ մարտանավ (անգլ.՝ Pre-dreadnought battleship), բաց ծովերում նավարկող մարտանավեր, որոնք կառուցվել են մինչև Դրեդնոթների ստեղծումը, 1880–ականների կեսերից մինչև 1905 թվականը. Նախադրեդնոթներին բնորոշ էր խառը տրամաչափի հրանոթներից բաղկացած գլխավոր հրետանային մարտկոցը,
      • Դրեդնոթ (անգլ.՝ Dreadnought), 20–րդ դարի սկզբների մարտանավ, որը հիմք հանդիսացավ հետագա բոլոր տեսակի մարտանավերի կառուցման համար. Դրեդնոթները հիմնականում տարբերվում էին նախադրեդնոթներից իրենց՝ միայն խոշոր տրամաչափի գլխավոր մարտկոցով. առավելությունը կայանում էր նրանում, որ եթե բոլոր խոշոր տրամաչափի հրանոթներն ունենային միատեսակ բնութագրեր, ապա նշանառության համար կպահանջվեր սոսկ մեկ կրակային հաշվարկային լուծում.
  • Բիրեմա կամ երկշարք (անգլ.՝ Bireme), հնադարյան նավ, որը շարժվում էր թիերի երկու շարքի աշխատանքի միջոցով,
  • Առափնյա պաշտպանության նավ (անգլ.՝ Coastal defence ship), ռազմանավ, որը կառուցված է առափնյա պաշտպանության համար.
  • Առևտրական ռեյդեր (անգլ.՝ Commerce raider), ցանկացած զինված նավ, որը պատկանում է մասնավոր անձի կամ կառավարությանը և վերջինիս կողմից թույլտվություն ունի հարձակումներ գործելու այլ երկրի առևտրանավատորմի նավերի վրա.
  • Հետախուզանավ (անգլ.՝ Corvette), առագաստանավատորմի դարաշրջանում հետախուզանավ էին անվանում XVII—XIX դարերի եռակայմ ռազմանավերը, որոնք ունեին ուղիղ առագաստներ, 18 — 30 փոքր և միջին տրաչափի հրանոթներ՝ տեղակայված վերին տախտակամածին՝ բաց վիճակում․ կորվետները օգտագործվում էին հետախուզական և սուրհանդակային ծառայություն կատարելու համար, որտեղից էլ ծագում է նրանց հայերեն «հետախուզանավ» անվանումը․ ջրատարողությունը 460 տոննայից մինչև 2․000 տոննա. 20–րդ դարի 40–ականներին արդիական հետախուզանավերը սկզբնապես սկզբնապես փոքր, թեթև զինված ռազմանավեր էին, որոնք պատվիրել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը․ դրանք օգտագործվել են Բրիտանական արքայական նավատորմի և Կանադական արքայական նավատորմի կողմից, ապա՝ տարածվել այլ երկրների նավատորմներում․
  • Հածանավ (անգլ.՝ Cruiser), արագընթաց, «անկախ» ռազմանավ, անհրաժեշտության դեպքում՝ ընդունակ միայնակ վարելու ռազմական գործողություններ.[3]
  • Էսկադրային ականակիր (անգլ.՝ Destroyer), արագընթաց և հույժ շարժունակ ռազմանավ, որը սովորաբար անկախորեն ռազմագործողություններ վարելու ունակ չէր. սկզբնապես մշակվել էին տորպեդանավերի սպառնալիքին դիմակայելու համար, իսկ այժմ խոշորագույն անկախ գործող ռազմանավերն են համաշխարհայաին օվկիանոսում.
  • Արագընթաց գրոհանավակ (անգլ.՝ Fast attack craft),
  • Հրդեհանավ (անգլ.՝ Fire ship), ցանկացած տեսակի նավ, որը նախատեսված է հրդեհվելու և դեպի հակառակորդի խարսխակայններն ու նավահանգիստները ուղարկվելու համար՝ ավերածություն ու քաոս առաջացնելու նկատառմամբ. պայթող հրդեհանավերն անվանում են դժոխային հրդեհանավեր (անգլ.՝ hellburners).
  • Ֆրեգատ, ռազմանավ, պահականավ կամ առաջամարտիկ մարտանավ (անգլ.՝ Frigate), նավ, որը լայնորեն օգտագործվում է արդիական նավատորմներում․ թեպետ ֆրեգատների պատմությունը սկսվում է 17–րդ դարում․ հիմնականում օգտագործվել են առևտրանավերին, ինչպես նաև այլ ռազմանավերին պաշտպանելու նպատակով.
  • Գալեաս (անգլ.՝ Galleass), առագաստանավ և թիանավ, որը հավասարապես լավ էր հարմարեցված թե՛ քամու ուժով, թե՛ թիավարությամբ նավարկելուն.
  • Գալեոն (անգլ.՝ Galleon), 16–րդ դարի առագաստավոր ռազմանավ.
  • Գալերա, Թիանավ (անգլ.՝ Galley), ռազմանավ, որը շարժվում էր հիմնականում թիավարման միջոցով, իսկ համընթաց քամու դեպքում՝ նաև առագաստի օգնությամբ.
  • Կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիր՝ ԿՀԶ–ով էսկադրային ականակիր (անգլ.՝ Guided missile destroyer)․
  • Հրետանավակ, Գանբոթ (անգլ.՝ Gunboat),
  • Ուղղաթիռակիր (անգլ.՝ Helicopter carrier), ավիակիր նավ, որը հատուկ հարմարեցված է ուղղաթիռներով և ամֆիբիաներով հարձակում գործելուն.
  • Զրահակիր (անգլ.՝ Ironclad), փայտե նավ, որն ունի արտաքին երկաթյա զրահաթերթեր.
  • Երկայնավ, Երկայն նավ Երկարանավ (անգլ.՝ Longship), վիկինգների հարձակողական նավ.
  • Ռազմիկ կամ Պատերազմիկ (անգլ.՝ Man-of-war), Բրիտանական նավատորմում օգտագործվող արտահայտություն, որով նշում էին առագաստներով նավարկող ռազմանավը.
  • Ականազերծիչ (անգլ.՝ Minesweeper (ship)),
  • Ականորսիչ (անգլ.՝ Minehunter), ականորս նավ,
  • Ականապատող նավ, Ականադիր (անգլ.՝ Minelayer),
  • Հրթիռանավ (անգլ.՝ Missile boat),
  • Մոնիտոր տիպի ռազմանավ (անգլ.՝ Monitor warship type), փոքր, ուժեղ սպառազինված նավ, ծանծաղ ջրերում գործելու հնարավորությամբ, որը նախատեսված է ցամաքային տարածքները հրետակոծելու և գնդակոծելու համար.
  • Ծովային թրաուլեր ծովային ձկնորսանավեր (անգլ.՝ Naval trawler),
  • Ծովային ձկնորսամոտորանավակ (անգլ.՝ Naval drifter),
  • Ափահեռու պարեկանավ (անգլ.՝ Offshore patrol vessel), սովորաբար 80–90 մետր երկարությամբ նավեր՝ ծովի ափամերձ շրջաններում պարեկության և առափնյա պաշտպանության համար․ հետախուզանավից չափերով փոքր են․ լինում են արագընթաց գրոհանավակներ, հրթիռանավակներ, հրետանավակներ․ թեպետ երբեմն հասնում են ֆրեգատի չափերի և այնքան մեծ են, որ կարող են պարեկություն անել բաց օվկիանոսում․
  • Քվինքվերեմա կամ հնգաշարք (անգլ.՝ Quinquereme), հնագույն ռազմանավ, որը շարժվում էր թիակների հինգ շարքի (հնգահարկ դասավորված շարքերի) օգտագործման շնորհիվ.
  • Գծանավ (անգլ.՝ Ship of the line), ռազմական առագաստանավ, որը ունակ էր մարտ մղելու՝ կանգնելով մարտական գծում. հետագայի «մարտանավերի», որոնց նաև «գծանավեր» են անվանում «նախնին».[2]
  • Շլյուպ (անգլ.՝ Sloop-of-war, (անգլ.՝ Sloop),
  • Սուզանավ, սուբմարինա ստորջրյա նավ (անգլ.՝ Submarine), նավի տեսակ, որը ունակ է տևական ժամանակ մնալու ջրի տակ. Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ սուզանավերը ստորջրյա վիճակում կարողանում էին մնալ մեկ օրից պակաս ժամանակի ընթացքում, սակայն միջուկային ռեակտորների և օդի առկայությունից անկախ գործող շարժիչների ստեղծումը թույլ տվեցին սուզանավերին առանց ընդհատման շաբաթներով և անգամ ամիսներով մնալ ստորջրյա վիճակում․ միակ սահմանափակող գործոնը մնաց սննդի մատակարարումը.[4]
  • Տորպեդանավակ (անգլ.՝ Torpedo boat), փոքր, արագընթաց վերջրյա նավ, որը նախատեսված է տորպեդոներ արձակելու համար.
  • Եռաշարք, Տրիրեմա (անգլ.՝ Trireme), հնագույն ռազմանավ, որը շարժվում էր թիերի երեք շարքի (եռահարկ դասավորված շարքերի) օգտագործման միջոցով։

Ռազմանավերի դասակարգումը

խմբագրել

1․ Ըստ ֆիզիկական միջավայրի, որում ռազմանավերը գործում են, լինում են՝

  • ստորջրյա ռազմանավեր,
  • վերջրյա ռազմանավեր[1]։

2. Ըստ լուծվող խնդիրների բնույթի՝

  • նավատորմի հիմքը հանդիսացող մարտական և օժանդակ նավեր,
  • խարսխակայանային և բազային նավեր,
  • լողացող միջոցներ[1]։

3.Ըստ լուծվող խնդիրների նշանակության՝

  • ռազմավարական (ստրատեգիական) նշանակման նավեր,
  • օպերատիվ–մարտավարական (օպերատիվ–տակտիկական) նշանակման նավեր[1]։

Ռազմանավերի խմբավորումները (զորամիավորումները)

խմբագրել

Ռազմանավերը կարող են մտնել հետևյալ խմբավորումների, ռազմական միավորումների, զորամիավորումների կազմի մեջ․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 9, էջ 587։
  2. 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 106.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 6, էջ 55.
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11, էջ 183.